ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
Հայ ժողովուրդն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: Այդ ժամանակամիջոցում ծավալված պայքարի արդյունքում տարբեր երկրների խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձեւեր, որոնք չափազանց կարեւոր են, քանզի դրանցով սկզբունքային գնահատական է տրվել կատարվածին, այն որակելով իբրեւ Ցեղասպանություն: Սակայն, չնայած այդ ամենին, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտել հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը: Տվյալ պայմաններում ակնհայտ է դառնում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծմանը եւ վաղուց հասունացել է ժամանակը պայքարելու այդ հանցագործության հետեւանքների հաղթահարման ու հատուցման համար, ինչն ինքնին իր մեջ ներառում է այդ հանցագործության ճանաչումն ու դատապարտումը: Այս ուղղությամբ արդեն իսկ կատարվեց առաջին լուրջ քայլը, երբ 2015 թ. հունվարի 29-ին հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ Հայաստանի նախագահը պաշտոնապես հրապարակեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»: Այդ փաստաթղթով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը, հանդես գալով համայն հայության անունից, հայտարարեց, որ այդ պահից ի վեր մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը հասնելու, այլեւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար:
Օրերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» շահեկան աշխատությունը: Որով փորձ է կատարվում պատմական փաստերը համադրելով միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների հետ, վեր հանել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հնարավորությունները: Ընդգծենք, որ սույն մենագրությունը նորովի մոտեցումներով եւ իրավական պատճառահետեւանքային կապերի օբյեկտիվ բացահայտման ուղղությամբ լուրջ ներդրում է ու թարմ խոսք ցեղասպանագիտության ասպարեզում:
Անհրաժեշտ է սակայն հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք հասկանում Հայոց ցեղասպանության հետեւանքներ ասելով եւ ինչպես կամ ինչ չափով ենք պատկերացնում այդ հետեւանքների հաղթահարումը, քանզի կան այնպիսի հետեւանքներ, որոնք ուղղակիորեն անվերականգնելի են: Այս առումով պետք է նշել, որ մեզանում հաճախ կատարվում է Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասած վնասների ու կորուստների նույնականացումը այդ հանցագործության հետեւանքների հետ, մինչդեռ դրանք տարբեր բաներ են: Հայոց ցեղասպանության վնասներն ու կորուստները հայությունը զգաց այդ հանցագործության ընթացքում ու դրանից անմիջապես հետո: Հայոց ցեղասպանության չդատապարտման ու այդ հանցագործությամբ հայությանը հասցված վնասների չհատուցումը բազմապատկեց դրանքՙ վերածելով հետեւանքների, որոնք հայ ժողովուրդն արդեն մեկ դար է շարունակում է կրել իր ուսերին Հայաստանում եւ Սփյուռքում: Սրա հիման վրա է, որ որոշ հետազոտողներ միանգամայն իրավացիորեն պնդում են, թե քանի դեռ հանցագործ պետությունըՙ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չեն հաղթահարվել այդ հանցագործության հետեւանքները, ուստի գործ ունենք շարունակվող ցեղասպանության հետ:
Հայոց ցեղասպանության հետեւանքները եւ առավել եւս դրանց հատուցումն ու ծավալները յուրաքնչյուր հայ յուրովի է պատկերացնում, ուստի կարծում ենք, որ Համահայկական հռչակագրից տրամաբանորեն բխող հաջորդ քայլը պետք է լինի «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք հիմնավոր պատմա-իրավական պահանջների փաթեթ-փաստաթղթի» ընդունումը: Հռչակագրի 6-րդ կետն, ըստ էության, հենց դրան է վերաբերում, արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պահանջների թղթածրարՙ դիտելով այն որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ընդունումով Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ Թուրքիային ներկայացվելիք պահանջների հարցում կձեւավորվի համազգային միասնական մոտեցում, որից այլեւս չի կարող լինել որեւէ շեղում: Հարկավոր է քաջ գիտակցել, որ այս հարցում յուրաքանչյուր ինքնագործունեություն կամ մոտեցումների տարբերություններ անպայման օգտագործվելու են մեր դեմՙ նպատակ հետապնդելով տարաձայնություններ մտցնել հայ ժողովրդի հատվածների միջեւ եւ շեղել ճիշտ ճանապարհից:
Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասներն ու կորուստները եւ դրանց չվերացման պատճառով առաջացած հետեւանքները պայմանականորեն կարելի է բաժանել հետեւյալ խմբերիՙ ա) հայրենազրկում, բ) մարդկային կորուստներ, գ) մշակութային ժառանգության կորուստ, դ) նյութական կորուստներ, ե) հոգեկան խեղումներ ու հոգեբանական բարդույթներ:
ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄ. հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելը Հայոց ցեղասպանության գլխավոր կորուստն է: Միաժամանակՙ այն ցեղասպանության կազմակերպիչների համար հանդիսացել է այդ հանցագործությունը կատարելու կարեւորագույն շարժառիթը եւ նպատակը: Քանի որ խոսքը հայրենիքի մեծ մասիՙ 9/10-ի կորստի մասին է, ուստի պետք է հստակեցնել, թե դա ինչ հետեւանքներ է ունեցել եւ ինչպես է անդրադարձել հայ ժողովրդի հետագա կենսագործունեության ու զարգացման վրա:
Մի կողմիցՙ հայրենիքի կորստի հետեւանք պետք է համարել Սփյուռքի գոյավորումը, որովհետեւ այդ գործընթացում ցեղասպանությունից հրաշքով փրկված արեւմտահայերը, կորցնելով իրենց հայրենի օջախները, ստիպված էին հայրենիքից դուրս ամեն ինչ սկսել զրոյիցՙ օտար միջավայրում անցնելով համակերպման դժվարին ճանապարհ: Մյուս կողմիցՙ հայրենիքի մեծ մասի կորուստը եւ արեւմտահայության ողջ մնացած հատվածի դուրսմղումը Արեւմտյան Հայաստանից երկփեղկեց հայ ժողովրդին, խաթարեց նրա միասնականությունը, ջլատեց ուժերն ու կասեցրեց բնականոն զարգացման հեռանկարները: Ցեղասպանության հետեւանքով աշխարհագրորեն միմյանցից հեռացվել են հայ ժողովրդի երկու հիմնական հատվածները, ինչը լուրջ խզում է առաջացրել նրանց միջեւ: Արդյունքումՙ արեւմտահայերը դարձել են սփյուռքահայեր, իսկ արեւելահայերն ու Արեւելյան Հայաստանում հաստատված արեւմտահայ գաղթականության մի հատվածըՙ հայաստանցիներ, ապրելով տարբեր վարչակարգերի պայմաններումՙ ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել միմյանցից տարբերվող մտածողություն, ինչն էականորեն բարդացնում է համահայկական հարցերի լուծման գործընթացը:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի մարդկային կորուստները կազմեցին շուրջ 1,5 միլիոն մարդ: Սակայն, մարդկային կորուստների թիվը հստակեցնելիս, անպայմանորեն պետք է հաշվի առնվի նաեւ ցեղասպանության քաղաքականության ընթացքում իսլամացած հայերի թիվը, որոնք ցեղասպանության զոհ-ժողովրդի համար նույնպես մարդկային կորուստ են, քանզի ուծացման այդ գործընթացի հետեւանքով նրանք դադարել են իրենց հայ համարել:
Մարդկային կորուստների թվի հստակեցումից հետո անհրաժեշտ է պարզել, թե այդ կորուստներն ի՞նչ հետեւանքներ են ունեցել եւ ինչպե՞ս են անդրադարձել հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա եւ որքան կկազմեր հայերի թիվն այսօրՙ հանցագործությունից մեկ դար անց, եթե հանցագործության զոհերը ողջ լինեին: Այս առումով պետք է հաշվի առնել այն, որ արեւմտահայերի ընտանիքները, որպես կանոն, բազմազավակ էին: Բացի այդ, 25 տարին մեկ կատարվում է բնակչության վերարտադրություն (ռեգեներացիա), այսինքնՙ անցած մեկ դարի ընթացքում առնվազն չորս անգամ կկատարվեր նաեւ սպանված արեւմտահայերի վերարտադրությունը, եթե նրանք ողջ մնային:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ. Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցվել են վիթխարի մշակութային կորուստներ: 1914 թ. թուրքական-պաշտոնական տեղեկությունների համաձայնՙ արեւմտահայերն ունեին 83 առաջնորդարան, 1860 հայկական եկեղեցիներ ու մատուռներ, 451 վանքեր եւ շուրջ 2000 վարժարաններ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալների համաձայնՙ Արեւմտյան Հայաստանի վանքերից ու եկեղեցիներից 1915 թ. հետո կանգուն է մնացել 913 շինություն, որոնցից հետագա տարիների ընթացքում 464-ը լիովին ոչնչացվել են, 252-ըՙ վերածվել փլատակների, իսկ 197-ըՙ վերականգնման լուրջ կարիք ունի: Ակնհայտ է, որ նույն ճակատագրին են արժանացել նաեւ հայկական առաջնորդարաններն ու վարժարանները: Պետք է նշել, որ երբ խոսում ենք «շարունակվող ցեղասպանության» մասին, նկատի ունենք նաեւ Թուրքիայի կողմից հայկական պատմաճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների ու վանքերի նկատմամբ պետականորեն շարունակվողՙ ոչնչացման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում Արեւմտյան Հայաստանում վերացնել այն ամենն, ինչն ապացուցում կամ վկայում է այդ տարածքի իրական տիրոջՙ հայերի մասին:
Մշակութային ժառանգության կորուստ ասելով, սակայն, չպետք է սահմանափակվել միայն պատմաճարտարապետական կառույցների ոչնչացումով: «Գենոցիդ» եզրույթի հեղինակ եւ ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 9-ին «Ցեղասպանության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի համահեղինակներից մեկըՙ Ռաֆայել Լեմկինը, դեռեւս 1933 թ. Մադրիդում կայացած միջազգային քրեական իրավունքի կանոնակարգման հինգերորդ կոնֆերանսում ունեցած իր հատուկ զեկույցում առաջին անգամ բավականին հստակորեն տվել է ազգային-մշակութային ցեղասպանության սահմանումը: Մանրամասն ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը, Լեմկինը դա անվանում էր «անանուն հանցագործություն» եւ դրա դրսեւորումներից էր համարում նաեւ «վանդալզիմի այն գործողությունները, որոնք ուղղված են ազգային, կրոնական, ռասսայական կամ էթնիկ խմբի մշակութային արժեքների ոչնչացմանըՙ մայրենի լեզուն արգելելու, տպագիր գրքերը, դպրոցները, պատմական հուշարձանները, պաշտամունքային օջախները ոչնչացնելու կամ դրանցից օգտվելու արգելքի միջոցով:
Ուրեմնՙ հայերի նկատմամբ մշակութային եղեռնի դրսեւորում պետք է համարել նաեւ հազարավոր հայկական ձեռագրերի ոչնչացումը, որոնցում ամփոփված էր հայ ժողովրդի հազարամյա գիտական միտքն ու հանճարը: Այդպիսով ցեղասպանության կազմակերպիչները մեզ մասնակիորեն կտրել են մեր նախնիների մտքից ու ոգուց, այն անգին գիտելիքներից, որոնք նրանք մեզ փորձում էին փոխանցել այդ ձեռագրերի միջոցով: Մշակութային ցեղասպանության այս հետեւանքները չեն կարող վերականգնվել որեւէ նյութական փոխհատուցմամբ:
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. Հայոց ցեղասպանության նյութական կորուստների հետ կապված հիմնականում հիշատակվում է 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին Պողոս Նուբար փաշայի գլխավորած Ազգային պատվիրակության ներկայացրած հուշագիրը, որի համաձայն 1915-1919 թթ. հայերի ունեցած նյութական կորուստները հաշվվում են 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ: Սակայն հաշվի առնելով այն, թե ինչ պայմաններում է կազմվել ու վեհաժողովին ներկայացվել այդ փաստաթուղթը, ակնհայտ է դառնում, որ նշված թիվը ամենեւին էլ չի կարող մեկնակետ համարվել, քանզի Ազգային պատվիրակությունն այդ լուրջ եւ պատասխանատու աշխատանքի համար ունեցել է չափազանց կարճ ժամանակ, որի ընթացքում ուղղակի անհնար է ամբողջական տվյալներ հավաքել ու համակողմանիորեն համակարգել դրանք: Պողոս Նուբարի հուշագրում չեն հաշվառվել այն նյութական վնասները, որոնք թուրք-ադրբեջանական զորքերի կողմից հասցվել են Բաքվի հայությանը 1918 թ. եւ, բնականաբար, չէին կարող հաշվառվել փաստաթուղթը ներկայացնելուց հետո արդեն քեմալականների կողմից 1920 թ. արեւելահայությանը, 1921 թ. կիլիկիահայությանը եւ 1922 թ. Զմյուռնիայի հայությանը հասցված նյութական վնասները: Ուստիՙ որոշ հեղինակների կարծիքով, Ցեղասպանության շարունակականության քաղաքականության արդյունքում հայերին հասցված նյութական վնասի նշված թիվը պետք է ավելանա առնվազն 20%-ի չափով: Որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի, թե ինչ տնտեսական օգուտներ է քաղել թուրքական պետությունը հայերի զանգվածային կոտորածներից ու տեղահանությունից, բավական է նշել, որ, հակառակ պատերազմական ծանր պայմաններին եւ կայսրության տնտեսության կաթվածահար վիճակին, երկրի պետական բյուջեն արձանագրեց աննախադեպ աճ: Այսպեսՙ եթե 1914-1916 թթ. այն կազմում էր 35 մլն օսմանյան ոսկի, ապա 1915-1916 թթ.ՙ 38 մլն, իսկ 1917-1918 թթ.ՙ 85 մլն: Ակնհայտ է, որ տվյալ պայմաններում թուրքական բյուջեի նման աճը կարող էր ապահովվել միայն հայերի գույքի եւ ունեցվածքի բռնագրավման հաշվին: Այստեղ տեղին է արձանագրել դատապարտելի այն փաստը, որ թուրքական պետությունը, փաստորեն, օգտվում էր իր իսկ կողմից կազմակերպված ու իրագործված հանցագործությանՙ Հայոց ցեղասպանության պտուղներից, ինչը նույնպես հանցագործություն է:
Պողոս Նուբարի հուշագիրը պետք է ճշգրտվի նաեւ ըստ Հոլոքոստի հետեւանքով Գերմանիայի կողմից հրեաներին հասցված վնասների հատուցման փաստաթղթերի, մասնավորապես ըստ 1952 թ. սեպտեմբերի 10-ին կնքված Լյուքսեմբուրգյան համաձայնագրի, որով Գերմանիան պարտավորվում էր սկսել Հոլոքոստի հետեւանքով հրեա ժողովրդին հասցված նյութական վնասների հատուցումը:
Բացի դրանիցՙ նման հաշվարկներ կատարելիս պետք է անպայմանորեն հաշվի առնել Թուրքիայի կողմից Լոզանի պայմանագրի դրույթները կոպտորեն խախտելու միջոցով հայկական համայնքի կալվածքների ապօրինի բռնագրավման հանգամանքը: Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի զանգվածային ունեզրկումը կանխեց այդ նյութական հարստության բազմապատկման հնարավորությունը: Ցեղասպանությունից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայեր, կորցնելով իրենց ունեցվածքը, ստիպված էին արտասահմանում ամեն ինչ սկսել զրոյիցՙ կրելով անասելի սոցիալական զրկանքներ: Այդ իսկ պատճառով, Հայոց ցեղասպանության նյութական հետեւանքները հաշվարկելիս չպետք է մոռանալ նաեւ բաց թողնված շահույթի մասին: Նյութական կորուստների հետեւանքների հետ կապված պետք է հաշվարկվեն նաեւ անցած տասնամյակների ընթացքում այդ գումարի վրա ավելացած թե՛ սղաճը եւ թե՛ բանկային տոկոսները, որով միայն կամբողջացվի հայերին հասցված նյութական կորուստների վերջնական թիվը:
ՀՈԳԵԿԱՆ ԽԵՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ. Ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված հոգեբանական սթրեսները նույնպես անհետեւանք չեն մնացել եւ անդրադարձել են նրա հետագա կենսագործունեութան վրա: Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ հոգեբանական բարդույթներ ու վախեր, որոնք ուղղակի եւ անուղղակի կերպով ազդել ու շարունակում են ազդել ոչ միայն Եղեռնը անմիջականորեն վերապրածների, այլ նաեւ հաջորդ սերունդների վրա: Ընդ որումՙ խոսքը ոչ միայն Ցեղասպանությունից վերապրածների ու նրանց սերունդների, այլեւ ողջ հայ ժողովրդի մասին է, որի մոտ առաջացել են թերարժեքության բարդույթներ: Չի վերացել այն վախը, որ կատարվածը մի օր կարող է կրկնվել, քանի դեռ մեղավոր կողմը ոչ միայն չի ընդունել իր մեղքը եւ չի ապաշխարել, այլեւ շարունակում է ժխտել պատմական իրողությունըՙ դեռեւս մնալով անպատիժ: Իր հայրենիքի մեծագույն մասը կորցնելովՙ հայ ժողովուրդը զրկվել է սեփական կենսատարածքի եւ նախնիների կերտած ազգային արժեքների հետ շփվելու հնարավորությունից: Դրա հետեւանքով առաջացած թերարժեքության բարդույթներից մեկն էլ պետք է համարել այն, որ ոմանց մոտ առաջացել է թերահավատություն ու անվստահություն ազգի ապագայի, սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ եւ օտար արժեքներին ապավինելու հակում: Ուստիՙ հայ ժողովրդի մոտ զարգացման ու առաջադիմության ձգտումների փոխարեն Սփյուռքում ու Հայաստանում տասնամյակներ շարունակ տիրապետել եւ այսօր էլ մասամբ իշխում է գոյատեւման հոգեբանությունը:
Հոգեբանական լուրջ հարված է հասցվել նաեւ Ցեղասպանության ընթացքում բռնի մահմեդականացված հայերին, որոնք մահվան սպառնալիքի տակ ստիպված հրաժարվել են իրենց ազգային պատկանելությունից եւ ընդունել օտարի կրոնը եւ հատկանիշները: Տասնամյակներ շարունակ նրանք Թուրքիայում ապրել ու ապրում են վախի մթնոլորտումՙ ստիպված թաքցնելով իրենց իրական ինքնությունը: Ներկայումս, այսպես կոչված, «թաքուն հայերի» շրջանում դրական միտում նկատվում քանզի նրանցից ոմանք արդեն խոսում ենիրենց հայկական արմատների մասին եւ նույնիսկ փորձում են վերադառնալ առաքելական կրոնին, սակայն պետք է խոստովանել, որ դա կատարվում է լուրջ հոգեբանական բարդույթների, առաջին հերթին վախի հաղթահարման դժվարին ճանապարհով:
Թուրքիայի Հանրապետության կողմից ներկայումս պետականորեն իրականացվողՙ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում կատարված հանցագործությունը եւ, այդպիսովՙ անարգում է անմեղ նահատակների հիշատակը, վիրավորում ոչ միայն նրանց ժառանգների, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը: Ուստիՙ տվյալ քաղաքականությունը պետք է դիտարկել իբրեւ Ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովրդին հասցվող լրացուցիչ հոգեբանական հարված:
Հայոց ցեղասպանության կորուստներից ու դրանց հաջորդած հետեւանքներից յուրաքանչյուրը հստակեցնելուց հետո «Պահանջների փաթեթում» կամ «թղթածրարում» պետք է իրավական տեսակետից հիմնավորվեն ու ձեւակերպվեն Թուրքիային ներկայացվելիք այն պահանջները, որոնց իրագործումը կհանգեցնի Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանը:
Սակայն «Պահանջների փաթեթի» կամ «թղթածրարի» ստեղծումից հետո անհրաժեշտ է ստեղծել նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարումն ապահովող մարտավարական, կիրառական փաստաթուղթՙ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործողությունների ծրագիրը», որում մատնանշվելու են այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով հնարավոր է լինելու հասնել վերը նշված հետեւանքների հաղթահարմանը: Գործողությունների ծրագրի կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը պետք է դառնա կատարվելիք աշխատանքների բաժանումըՙ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, ելնելով նրանց իրավասություններից, կարողություններից ու փորձառությունից: Ծրագրում նաեւ պետք է հստակեցվեն այն ուղղությունները, որոնցով պետք է տարվեն աշխատանքները: Մեր կարծիոքվ, դրանք զուգահեռաբար պետք է ընթանան թե՛ իրավական եւ թե՛ քաղաքական հարթությունների վրա:
Միջազգային իրավական առումով Հայաստանն իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ, հիմնվելով թե՛ ՄԱԿ-ի կանոնադրության եւ թե՛ անմիջականորենՙ Ցեղասպանության կոնվենցիայի դրույթների վրա հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատական ատյաններ դիմելու լայն հնարավորություններ ունի: Սակայն, գաղտնիք չէ, որ միջազգային իրավունքի եւ հատկապես նրա նորմերի կիրառման վրա լուրջ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային գործընթացները, միջազգային հարաբերություններում ուժերի վերադասավորումները եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման միջազգային իրավական գործընթացը պետք է լրջորեն նախապատրաստված ու ապահովագրված լինի դրան նախորդող ու դրա հետ զուգահեռ տարվողՙ քաղաքական գործընթացով: