Երբ ես տեղեկացա, որ միջազգային Amnesty International կազմակերպության կողմից ադրբեջանական իշխանությունները ճանաչվել են Եվրոպայում ամենաշատ բռնաճնշումներ կատարողներից մեկը, մի հարց առաջացավ` հայտնե՞լ այս լուրը ընթերցողներին, թե՞ ոչ: Եւ եթե այո, ապա ինչո՞ւ, կամ եթե ոչ, ապա ինչո՞ւ: Միանգամից հարմար տեղավորվելով տեղեկատվական պատերազմ մղող քաջարի մարտիկների հարմարավետ բազմոցին` որոշեցի, որ այս լուրը անպայման պետք է տալ, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ երկիր է Ադրբեջանը եւ ինչ իշխանություններ ունի, եւ որպեսզի ադրբեջանցիներն իրենք իմանան, թե ինչ իշխանություններ ունեն, գուցե դա նրանց մոտ առաջացնի իշխանությունների դեմ ընդվզելու ցանկություն, սրանից ածանցյալ գործողություններով: Այս մտքին գալուց անմիջապես հետո, սակայն, ես հանկարծ հայտնաբերեցի, ինչպես ասում են` դառը ճշմարտությունը: Նախ այն, որ լուրը տալու իմ առաջին պատճառը ամբողջովին անհիմն է, քանի որ եթե միջազգային հիշյալ հայտնի կազմակերպությունն է Ադրբեջանի բռնաճնշող իշխանությունների մասին հայտնում, կնշանակի աշխարհն արդեն իսկ գիտի այդ իշխանությունների որակի մասին, համենայն դեպս աշխարհի այն հատվածը, որը պետք է իմանա: Բացի սրանից, հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցիների մոտ մեր կողմից անցյալում եւ հիմա տրված այս եւ նման այլ բազմաթիվ լուրերը` ընդվզման հիմք հանդիսացող կուտակումներ չեն առաջացրել, ուրեմն դրանք չեն էլ առաջացնելու, հետեւաբար անհիմն է իմ նաեւ երկրորդ պատճառը, թե ինչու ես պետք է այս լուրը հաղորդեմ:
Այս մտքերից հետո հասկացա, որ տեղ չունեմ տեղեկատվական պատերազմ մղող մեր քաջարի մարտիկների հարմարավետ բազմոցին, քանի որ, փաստորեն, հրաժարվում եմ պատերազմ մղելուց: Անմիջապես հետո սակայն հասկացա, որ այս տեղեկությունը չտալը եւս տեղեկատվական պատերազմ մղել է, եւ ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ որեւէ պատերազմում դրա մասնակիցները մեկ նպատակ ունեն, լավ` երկու: Նախ ողջ մնալ, ապա եւ հաղթել, կամ հակառակ առաջնահերթությամբ. մոտեցման հարց է: Հիմա, եթե կոնկրետ տեղեկատվական պատերազմում դրա մասնակիցները ապահովագրված են ողջ չմնալու վտանգից, ապա ստացվում է, որ պատերազմի այս ձեւում հիմնական նպատակը մեկն է` հաղթելը: Սրա համար անհրաժեշտ է ոչ միայն դիպուկ եւ ցավոտ հարվածներ հասցնել, այլեւ նախօրոք ապահովագրվել նմանատիպ փոխադարձ հարվածներից, այլ կերպ ասած` հաշվարկել սեփական քայլերը եւ հակառակորդի կողմից դրանց տրված պատասխանները, հաշվարկել` հնարավորինս ստույգ եւ ճիշտ: Հիմա, եթե մենք ի լուր աշխարհի եւ խաղաղ ու միամիտ ադրբեջանցիներին հայտնում ենք, որ միջազգային ազդեցիկ կազմակերպությունը Ադրբեջանի իշխանությունները որակել են Եվրոպայում ամենաշատը բռնաճնշումներ իրականացնող, ապա տեղեկատվական պատերազմի ադրբեջանական կողմի ոչ պակաս քաջարի մարտիկները կարող են եւ պատասխանել` «Հըլը ձեզ նայեք»: Մեծ հաշվով նրանք ճիշտ կասեն: Ո՞վ կարող է պնդել, որ Հայաստանում իշխանությունները բռնաճնումներ չեն կիրառում: Այլ հարց է, որ ոչ այնքան եւ ոչ այն ձեւերով, որոնք կիրառելի են Ադրբեջանում, բայց մի՞թե բռնաճնշումների չափի ու մակարդակի տարբերությունը ավելի շահեկան վիճակում է դնում այս առաջնության մեջ հետնապահին: Օրինակ,պատկերացրեք երկու կին բողոքում են իրար, որ իրենց ամուսիններն իրենց ծեծում են: Մեկն ասում է, թե ամեն օր, անգամ գիշերները մշտապես ծեծ է ուտում` գիտակցությունը կորցնելու աստիճանի, մյուսն ասում է` ճիշտ է, իմը ամեն օր չի ծեծում, բայց ամիսը մեկ այնպես է ծեծում, որ գիտակցությունս ժամանակավորապես կորցնում եմ: Հիմա, այս կանանցից ո՞րն է շահեկան դիրքում, կամ կա՞ արդյոք ավելի շահեկան դիրքում գտնվող:
Մի խոսքով` ես ամենեւին էլ չեմ տեղեկացնում, որ Amnesty International-ի վերջին տվյալներով Ադրբեջանի իշխանությունները Եվրոպայում ամենաշատ բռնաճնշումներ կիրառողներից են: Այնքան ժամանակ, քանի դեռ վստահ եմ, որ Ադրբեջանը կարող է նույնը մեզ ասել:
Բացի սրանից,եթե ադրբեջանական իշխանություններն իրոք առաջատար են բռնաճնշումների հարցում, բա էլ ի՞նչ ենք ուզում, թող ճնշեն էլի, մեզ լավ չի՞: Փաստորեն լավ չի, հակառակ պարագայում մենք չէինք դրդի ադրբեջանցի խաղաղ ժողովրդին ընդվզել այդ իշխանությունների դեմ եւ ազատվել նրանցից: