100 տարի հետո էլՙ պատմության թանգարանում
Ինչպես արդեն հաղորդել էինք, մարտի 1-3-ը Բեռլինի պատմության թանգարանում, հիշյալ հաստատության եւ Պոտսդամում գտնվող Լեփսիուսի հիշատակի տան կազմակերպությամբ տեղի ունեցավ «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովՙ հրավիրյալ 23 բանախոսների լուրջ, առանձին հարցերի վերաբերյալ նոր մանրամասներ պարունակող զեկուցումներով: Ներկա գիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ մեզ հետ զրույցում հաստատեցին, թե այդ մանրամասներն էական փոփոխության չեն ենթարկում արդեն մշակված, տարբեր գիտաժողովներում շրջանառված այն կարծիքը, թե գերմանական ռայխն ունեցել է լուրջ ներդրում օսմանյան դաշնակցիՙ ազգային պետություն կերտելու ճանապարհին դրան խոչընդոտող բնիկներիՙառանձնահատուկ ջանասիրությամբ հայերին բնաջնջելու քաղաքականությանը:
Պատմաբան Ռոլֆ Հոսֆելդի նորՙ «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի նկարագրող վերնագիրը գիտաժողովից ստացած տպավորության մի շերտն է ընդգծում միայն, մյուսը կարելի է փոխանցել գերմանական մամուլին, հատկապես taz-ին Ստամբուլից թղթակցող Յուրգեն Գոթթշլիխի ՙ լրագրողին հատուկ համարձակ վերնագրովՙ «Նպաստ ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերին բնաջնջելու գործում» : Իսկ ավելի պատկերավոր ձեւակերպում է Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Հանս Լուկա Քիիզերը , որ պատասխանատվության ու համապատասխանատվության մասին խոսելով, իր բառեզրն է շրջանառումՙ qualifizierte Mitverantwortung: Այս բառեզրն իհարկե նոր չէ, համենայնդեպս «Ազգում» սրա մասին գրել ենք դեռեւս 2011-ի հոկտեմբերի15-ի համարում Բեռլինում կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողովի առիթովՙ ներկայացնելով դրան համարժեք հայերեն ձեւակերպումըՙ ըստ Ռայմոն Գեւորգյանի ՙ վավերացված, ըստ Միհրան Դաբաղիՙ նշանակալի համապատասխանատվություն տարբերակներով: Գերմանացի միսիոներները, դիվանագետներն ու զինուժը աներկբա վկան դարձան դարի անպարագիծ ոճրագործությանը, Գերմանիան իր դաշնակցիՙ Թուրքիայի հետ իրագործել է ցեղասպանություն, հետեւաբար պատասխանատվություն է կրում:
Միջազգային գիտաժողովը, ինչպես նախատեսել էին կազմակերպիչները, կայացավՙ խոշորացույցի տակ առնելով մի շարք կարեւոր հարցերՙ մասնավորապես ինչ դերակատարում ուներ գերմանական ռայխը, ինչ կապ կար ռազմական դաշնակիցների միջեւ, մարդասիրական օգնությունն ինչ ուղիներով էր իրականացվում եւ այլն:
Բայց գիտաժողովից գիտաժողով պատմության ծանր նյութը հարստանում է դաժան մանրամասներովՙ առանց ձեռնոց նետելու ներկա քաղաքականությանը, եվրոպական Հիշողության մշակույթի մեջ հոլովույթ չգտնելով: Պատմության թանգարանում չհանդիպեցինք գերմանացի քաղաքական ակտիվ գործիչների, Բունդեսթագի պատգամավորների, Գերմանիայիՙ Եվրոպայի այսօրվա պատմության գնացքի մեքենավարներին:
Մարտի 1-ին գիտաժողովի հանդիսավոր բացման ելույթի պատիվը տրվել էր Սաութեմփթոնի համալսարանից Մարկ Լեվենին (Mark Levene), հաջորդ երկու օրերին իրենց ելույթներով գիտաժողովը հարստացրեցին Քլարկ համալսարանից Թաներ Աքչամը , Ցյուրիխի համալսարանից Թոմաս Շմուցը (Thomas Schmutz), Լայդենի համալսարանից էրիկ Յան Ցյուրխերը (Erik Jan Zuercher), Միչիգանի համալսարանից Ռոնալդ Սյունին , Բեռլինի արտգործնախարարության քաղաքական արխիվի ներկայացուցիչ Մարտին Քրյոգերը (Martin Kroeger), Ցյուրիխի համալսարանից Հանս Լուկա Քիիզերը (Hans -Lukas Kieser), Պոտսդամի համալսարանից Քրիստին Փշիհհոլցը (Christin Pschichholz), Երեւանի համալսարանից Աշոտ Հայրունին , Մարբուրգի Ֆիլիպս համալսարանից Ուլրիխ Զիիգը (Ulrich Sieg), Բեռնի համալսարանից Ալեքսանդր Կրետլովը (Alexander Kretlow), լրագրող Յուրգեն Գոթթշլիխը , Իզմիրի տնտեսագիտական համալսարանից Օզան Արսլանը (Ozan Arslan), կամբոջական Պնոմպենից Հիլմար Կայզերը (Hilmar Kaiser), Բեռլինի Ազատ համալսարանից Օլիվեր Շթայնը (Oliver Stein), Ռոլֆ Հոսֆելդը (Rolf Hosfeld), Մայնցի համալսարանից Յուդիթ Փերիզիչը (Judith Perisic), Էհրիգհաուզենի Միգրացիայի եւ փախստականների դաշնային վարչությունից Ֆաբիան Շթրեմմելը (Fabian Stremmel), Հռոմից Զիգուրդ Սվերրե Շտանգելանդը (Sigurd Sverre Stangeland, Collegium Hungaricum et Germanicum), Բոխումի համալսարանից Ռոյ Քնոքեն (Roy Knocke), Էսսենի գիտամշակութային ինստիտուտից Ալեքսանդրա Պրցիրեմբելը (Alexandra Przyrembel) , Փարիզի գիտահետազոտական ազգային կենտրոնից Քլեր Մուրադյանը (Claire Mouradian), Փարիզից պատմաբան Ռայմոն Գեւորգյանը :
Բեռլինի ողնաշարըՙ Ունթեր դեն Լինդեն փողոցը դեռ հիշում էՙանցյալ դարասկզբին իր մայթերին դրոշմվում էր նաեւ Սողոմոն Սողոմոնյանիՙ Կոմիտասի ոտնահետքը, եւ քիչ հեռուՙ Հումբոլտ համալսարանի նրա անունը կրող հուշատախտակը լուռ վկայումՙ քաղաքի կենտրոնը պահպանել է այդ հիշողությունը: 1921-ի մարտի15-ին Հարդենբերգշտրասսեից դեպի Շթայնփլաց ուղեւորվելիս Թալեաթն ընկնում է Սողոմոն Թեհլիրյանի կրակոցից: Բեռլինը, աշխարհը գրում ու խոսում է աննախադեպ մի դատավարության մասին, ու… մոռանում: Թալեաթի սպանության վայրում հայերս մտովի մեր հուշարձանը կանգնեցրել ենք վաղուցՙ գերմանական դատարանի արդար վճռի արտոնությամբ, ու մեր միտքը, հավաքական կամքից լքված, այն թողել է անպաշտպան հեռուներումՙ քվե չունենքՙ ինչպե՞ս ստիպենքՙ բացատրությամբ:Կոմիտասի ոտնահետքը գրանցած փողոցումՙ Ունթեր դեն Լինդեն 2 հասցեում տպավորիչ ճարտարապետությամբ աչքի ընկնող պատմության թանգարանն այնքան հյուրընկալ է, որ ապաստանել է Լենինի հսկա արձանին, իսկ «Դարի ոճրագործության վկաները» գիտաժողովի անցկացման համար, ասում են, այս հասցեն տեւական բանակցությունների արդյունքում է իրականացել: Իմ դպրոցական դստեր առօրյայից գիտեմ, պատմության ուսուցչի հանձնարարած վստահելի աղբյուրը հենց թանգարանն է, բայց առաջին համաշխարհային պատմությանը սեւեռվածՙ նույն ուսուցիչը Հայոց ցեղասպանության թեման իր ծրագրում չի ներառում: Գերմանիայի պատմության մաս է, կարծես հաստատում է ներկա միջազգային գիտական հանրությունը, նաեւ պատմության թանգարանի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Կոխը, բայց պատասխանատվություն կրելու, ավելինՙ մեղսակցությունը ճանաչելով ներում հայցելու, 2005-ի Բունդեսթագի բանաձեւը «ցեղասպանություն» եզրով վերաձեւակերպելու, 2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բարձրաստիճան պատվիրակությամբ ներկա գտնվելու գերմանացիների հրապարակ նետված կարծիք-առաջարկները հանձնառության կարոտ են մնում: Բացատրությունը գտնենք ուշադիր ընթերցելովՙ մարտի 3-ի երեկոյան, թանգարանի ապակեծածկ բակում, ցուցանմուշ թնդանոթների լուռ հսկումով կազմակերպված բանավեճի վերնագրում գիտաժողովի հաստատական նախադասությունը հարցականով է ձեւակերպվածՙ «Հայոց ցեղասպանության100 տարին. գերմանակա՞ն պատմության մի գլուխ» («100 JahreVoelkermord an den Armeniern- Ein Kapitel deutscher Geschichte?»): Հարցական նշանը հուշում է, թե պաշտոնական Բեռլինը լոբբի չունեցող հայության ակնկալիքը փարատում է նմանօրինակ գիտաժողովով, որ ինչքան էլ կարեւոր, բայց թանգարանից, անցյալից ձեռք չի մեկնում այսօրվան, դպրոց չի մտնում, Բունդեսթագ չի մտնումՙ ՀՀ-ին, Սփյուռքին զրկում այսօրվա պայթունավտանգ աշխարհում անվտանգության երաշխիքներից:
Ափսոս, Գերմանիան բաց թողեց 100-ամյակի շեմին բարոյական լավագույն օրինակն իր երբեմնի ռազմավարական, այսօր նաեւ տնտեսական դաշինքով կապված Թուրքիային ցույց տալու հնարավորությունից, ավելի հեռուն էլ գնամՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու լավագույն առիթը «կտակելով» ապագային:
Բայց, ինչպես ընդունված է լրագրության մեջ, եզրակացությունս ապահովագրեմ բանավեճի հակիրճ արձանագրությամբ: Կազմակերպիչների ողջույնի խոսքից հետո հայտարարվեց, թե Կանաչների կուսակցության նախագահ, Բունդեսթագի պատգամավոր Չեմ Էոզդեմիրը չի հաստատել իր ներկայությունը եւ բանավեճը պիտի ծավալվի Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնի կառավարիչ Շերմին Լանգհոֆֆի , 2005-ին «Հայոց կոտորածների » վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւի համահեղինակներից Մարկուս Մեկելի , Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղի մասնակցությամբ:
2011-ին Կանաչների Բյոլ հիմնադրամի կազմակերպած բանավեճին Չեմ Էոզդեմիրն իհարկե ներկա գտնվեց (դրա մասին տե՛ս «Ազգի» 2011 թվականի հոկտեմբերի 15-ի համարում-խմբ.), ելույթ ունեցավ, բայց հարցերից խուսափեցՙ անհետաձգելի ժամադրությունները պատճառաբանելով: Հիմա չի էլ եկելՙ ազդանշանն իհարկե պարզ է, եւ առավել քան զարմանալի է, որ գիտաժողովի բոլոր մանրամասները մշակելու համբերությունն ու տաղանդն ունեցող գերմանացիներն այս անգամ բանավեճ մատուցելու դժվարությունն են ունեցել կամՙ որ ավելի հավանական էՙ այս վերաբերմունքով հստակ ձեւակերպում ենՙ Հայոց հարցը մեզ համար ապառնի չունի: Այլապես ինչպե՞ս հասկանալ 2009-ին Բունդեսթագին հրաժեշտ տված ու հիմա գերմանացի ռազմագերիների շիրիմների պահպանության հարցերով զբաղվող Մարկուս Մեկելի ներկայությունն այս բանավեճին, երբ նրա կենսագրությունը միգուցե զարդարում է Բունդեսթագիՙ հայերիս համար ապագա չունեցող բանաձեւը, բայց նոր դերակատարում այս հարցում չունի:
Միհրան Դաբաղն այդուհանդերձ հարգելով ներկա հանրությանը, հիշեցրեց, թե տարիներ առաջ Գերմանիայում բանավեճ կարՙ բարոյականությու՞ն, թե՞ քաղաքականություն: «Աղետը խլեց մեր պատմությունը: Աղետի պատմությունն էլ մեզանից են խլում, մեր պատմության հանդեպ մեզ դիտորդ դարձնելով», ասաց Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրենըՙ շեշտելով, թե Հայոց ցեղասպանության մեջ գերմանացիներն արձանագրողի դերն են ստանձնել: Գերմանիան արեւի տակ տեղ էր որոնում, օսմանցիների հետ դաշինքն արդարացնելով, «արձանագրող» բնորոշումը չհանդուրժելով, նկատել տվեց Մեկելը: Հայերը հզոր լոբբի չունեն, ասաց Բունդեսթագի նախկին պատգամավորըՙ հիշեցնելով, թե ՄԱԿ-ի 1948-ի ցեղասպանության կոնվենցիան, որ ստեղծվել էր ըստ Լեմկինիՙ հայերի ցեղասպանությունը նկատի ունենալով, Գերմանիայում կիրառություն գտավ Հոլոքոստի առիթով, Ամերիկայում հրեական լոբբիի ճնշման տակ: Շոան ճանաչվեց Գերմանիայում, բայց գնչուների (սինտի, ռոմա) ողբերգությունը դեռ չի ճանաչվել , ասաց Մեկելը: 2005-ին ընդունած բանաձեւի մասին հիշատակելով էլ ցավ հայտնեց, որ գիտական հանրության կողմից վաղուց ընդունված ցեղասպանություն եզրույթը տեղ չի գտել վերնագրումՙ Թուրքիայի, կանցլերի գրասենյակի ճնշումների պատճառով ու նաեւՙ մեծամասնության քվեն ստանալու ակնկալիքով: Մի քանի տարի առաջ հավատում էի, թե Թուրքիայում ժողովրդավարացում կլինի, հետեւաբար փոփոխություն, ասաց Մեկելըՙ անակնկալ առաջարկովՙ աքսորում ապրող հայերը չե՞ն կարող ժողովրդավարացմանը նպաստել: Սփյուռքում, աքսոր բառն ուղղեց Միհրան Դաբաղը ու պատմության թանգարանում ծավալվող զրույցը փորձեց կյանքի աղմուկին խառնելՙ Եվրոպան խոսում է հայերի մասին գաղութատիրոջ տեսանկյունից, խոսենքՙ ինչ ապագա ունի հայը, սփյուռքը: Նա հիշեցրեց, թե Բրյուսելում կառուցվող Եվրոպայի պատմության տունը իր պատմությունն ամրագրում է ոչ թե 1914-ից, այլՙ 1917 թվականից:Կամ հայերս չկանք, կամՙ եթե կանք էլ, Հիշողության հոլովույթի մեջ չենք, իսկ մենք, մանավանդ սփյուռքը դրաՙ պատմելով փոխանցված հիշողության կրողն է, ասաց նա:
Մեկելի ծանուցմամբՙ ապրիլի 24-ին Բունդեսթագը հիշելու է Հայոց ցեղասպանությունը, իսկ Ծիծեռնակաբերդ կուզենար, որ Դաշնային նախագահ Գաուքը գնար: Բանավեճը վարող լրագրողի հարցին, թե Բունդեսթագի նիստից ի՞նչ են ակնկալում, Միհրան Դաբաղն ասացՙ զգում եմ, որ ոչինչ չի փոխվելու, առաջին շարքը չի շարժվում, հայոց հարցը դարձյալ կմնա 2-րդ, 3-րդ շարքերում, մեր ձայնն ուրացման մեջ չի լսվում, չկա»: Գորկի թատրոնի կառավարիչն էլ կոչ արեց մինչեւ Զատիկ հետեւել իրենց բեմում Հայոց ցեղասպանության թեմայով 44 օր տեւող միջոցառումների բազմաշերտ ծրագրինՙ շեշտելով հանրային իրազեկման դերի մասին:
Բանավեճի ավարտին Երեւանում 2009 – 2012-ին պաշտոնավարած Հանս Յոխեն Շմիդտըմեր զրույցում փոխանցեց, թե ուրախությամբ է մասնակից դարձել միջազգային գիտաժողովի 3-օրյա աշխատանքին, ափսոսանք հայտնելով, որ 2005-ի բանաձեւում ցեղասպանության եզրույթը քաղաքական նկատառումներից ելնելով բացակայում է եւ գերմանական սերտ մասնակցության, համապատասխանատվության տեսանկյունից ելնելով ճիշտ է համարում առաջիկայում դրա վերանայումը:
Մեր մյուս խոսակիցըՙ Ավստրիայում ՀՀ դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Աշոտ Ալեքսանյանը, որ հետաքրքրությամբ հետեւել է գիտաժողովի եռօրյա աշխատանքին, հատուկ շեշտեց իր հավանած հեղինակիՙ «մեր խոշորագույն ցեղասպանագետներից» Ռայմոն Հարություն Գեւորգյանի ներկայությունը գիտաժողովին: Ալեքսանյանը նկատել տվեց, թե գիտաժողովում մեղսակցություն բառի փոխարեն ավելի մեղմՙ պատասխանատվություն բառի կիրառումն էր հաճախ լսելի: «Սպասում էի, որ գոնե Բունդեսթագից մեկ-երկու պատգամավոր կլինեին, քաղաքական, կուսակցական ներկայության բացակայությունը հիասթափեցրեց, անկեղծ ասած: Թե ինչ է սպասվումՙ ոչ ոք չգիտի, կամ չեն ասում, ինչպես Բունդեսթագում տեղի ունենալիք նիստի մասին, այնպես էլ Ծիծեռնակաբերդ, Գալիպոլի ուղեւորվող պատվիրակությունների մասին», ասաց դեսպանորդ Ալեքսանյանը:
Բեռլին
Նկար 1. Գերմանիայի կայզեր Վիլհելմ II-ը Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հետ Բոսֆորի ափին, հոկտեմբեր, 1917: