Սրտի անհուն ցավով եմ գրում այս տողերը իմ սիրելի ընկերոջՙ ԱՇՈՏ ՇԱԲՈՅԱՆԻ մասին: Ձեռքս դողում է, գրիչս, իմ ձեռքին սովոր գրիչս չի ենթարկվում ինձ, եւ «հիշատակին» ողբերգական բառը թվում է անիրական, ուղղակի անտեղի ու անիմաստ: Փետրվարի 7-ին Աշոտը մեկնեց հեռավոր ճամփորդության, փետրվարի 12-ին փողոցային անհեթեթ պատահարը այդ ճամփորդությունը վերածեց անդարձության: Առեղծվածային, խորհրդավոր, անիմանալի որքան բան կա մարդկային կյանքում: Մեկնելու նախորդ օրը երկար զրուցում էինք: Հրաժեշտ տվեցինք իրար: Ես ասի` լավ ման արի այդ երկրում, որ գաս մանրամասն պատմես: Ասաց` մի տես, թե ողջ կվերադառնամ: Աստված կանչիր, որ կենդանի հետ գամ:
Առօրեական զրույցի սովորական անփույթ խոսքը դարձավ դաժան իրողություն:
Չեկավ: Բերեցին:
Մենք հաճախ բացառիկ հատկություններ ու գծեր ենք որոնում նշանավոր մարդկանցՙ գրողների, արվեստագետների մեջ, մինչդեռ երբեմն տիպար մարդիկ լինում են մեր մեջ, մեզ հետ, մեր կողքին, մեր առօրեական կյանքում:
Աշոտ Շաբոյանը ազնիվ հոգի էր ու հրաշալի անձնավորություն: Մարդը միշտ առավել հստակ երեւում է ընտանիքում, ընտանեկան հարաբերությունների մեջ եւ աշխատանքումՙ հանրային միջավայրում:
Աշոտ Շաբոյանը հոգատար հայր էր եւ հրաշալի ծնող, լի ընտանիքի հանդեպ ջերմագին սիրով, խանդաղատանքով ու անպատմելի նվիրվածությամբ:
Հանրային միջավայրում Աշոտը իսկական քաղաքացի էր եւ օրինակելի մարդ: Շատ էր սիրում իր երկիրը եւ շատ խորն էր ապրում մեր կյանքի եւ իրականության ամեն մի իրադարձությունը: Անհաշտ թշնամի էր բանավոր ու գրավոր քծնանքի ու շողոքորթության, ստորաքարշության եւ ստրկամտության: Աչքը շատ բան էր տեսնում, սիրտը շատ բան չէր տանում: Պուշկինի փողոցում մի ցայտաղբյուր կա, որ փականով է: Իր տան ճանապարհին է: Ամեն անգամ անցնելիս, եթե տեսնում էր, որ բաց է, ծորակը փակում էրՙ ափսոս է, ասում էր, ջուրը թող զուր չհոսի, ինչքան մարդ հիմա խմելու ջուր չունի: Հաճույքով ու հպարտությամբ էր ցույց տալիս ֆրանսիացի զբոսաշրջիկներից ստացած շնորհակալական նամակը, թեՙ նորից եկանք այս գորշ, տխուր, տաղտկալի քաղաքը, հիմա անհամբեր պիտի սպասենք, թե երբ ենք նորից գալու Հայաստանՙ ձեր սքանչելի երկիրը: Ուրախ հումորով ասում էրՙ գիտես ո՞րն է այդ «գորշ, տխուր, տաղտկալի քաղաքը». Փարի՛զը:
Բարոյական բարձր նկարագրի տեր մարդ էր Աշոտ Շաբոյանը: Հատկություններ ուներ, որ այսօր ճրագով ման գաս, չես գտնի: Իր շրջապատի ու միջավայրի հանդեպ սրտացավ էր ու կարեկից, իր հոգին լի էր խղճմտանքով ու գթասրտությամբ: Մարդկային բոլոր տեսակի հարաբերությունների մեջ կատարելապես ազնիվ էր. իր աշխատանքային ընկերները, իրեն ճանաչող մարդիկ, հավատացած եմ, կհաստատեն դա:
Աշոտը բարձրաճաշակ մարդ էր, նուրբ ու զգայուն ներաշխարհի տեր անձնավորություն: Շատ էր սիրում լավ գրականությունը: Երիտասարդ տարիներին անգլերենից ահագին բան էր թարգմանել, որոնց մի մասը մնացել է ժամանակի մամուլի էջերում: Երաժշտության ընտիր ճաշակ ուներ, եւ երաժշտությունն էլ ոչ թե լսում էր, այլ, կարելի է ասել, ապրում էր հոգով: Բայց իր է՛ն միակ սերն ու կիրքը նկարն էր ու նկարչությունը, եւ ինքն էլ հրաշալի գիտեր համաշխարհային արվեստի պատմություն: Կերպարվեստի իր սերը սահմաններ չուներ, դրանով էր լցնում իր կյանքի պարապ ժամանակը, դրանով էր իմաստավորում իր հոգեկան աշխարհը:
Միասին հաճախ եղել ենք օտար քաղաքներում: Օրինակ, Փարիզում, ինքը օրերով, առավոտից իրիկուն, կորչում էր թանգարաններում, պատկերասրահներում եւ զանազան ցուցահանդեսներում:
Կյանքի պահանջմունքների մեջ շատ չափավոր էր, մարդկային հարաբերությունների մեջՙ մեղմ, պարկեշտ ու նրբավար: Միշտ խուսափում էր մեծ աղմուկներից, խրախճանային սեղաններից ու խնջույքներից: Ընտանեկան տոնական սեղանների շուրջ էլ չափազանց ժուժկալ էր եւ չափավոր, փոխարենը շատ էր սիրում հյուրասիրել ընկերներին, վայելել նրանց ներկայությունը: Հնարավորությունների տեր մարդ լինելովՙ կենցաղում շատ համեստ էր, հագնում էր պարզ ու հասարակ, բայց միշտ ճաշակով, եւ այդ պարզության եւ հասարակ արտաքինի մեջ մեծ ճաշակ ու բարձր արժանապատվություն կար: Թշնամի էր ամեն տեսակ ցուցադրականության, քաղքենիության, գավառական սնափառության, ծիծաղելի ցուցամոլության: Այլ խոսքովՙ իր սեփական անձի արժանավորությունը գիտցող, բարոյական ու կենսական բարձր ըմբռնումների տեր մարդ էր: Քմծիծաղով ու հեգնանքով էր նայում իրենց նյութական բարեկեցությունը ցուցադրող, նյութականը կյանքի իմաստ դարձրած մարդկանց:
Աշոտ Շաբոյանի նման մարդիկ են կազմում ամեն մի հանրության որակը, հանրության հավաքական գիտակցության մակարդակը: Եվ այդ նրա՛նց հեռացումով է աղոտում եւ աղքատանում հանրությունը, իսկ նրանց չգոյությունն ու բացակայությունը մարդկանց անգամ հոծ հավաքականությունը վերածում է խառնամբոխի, խաժամուժի եւ խուժանի:
Աշոտը կենսասիրությամբ ու հումորով լեցուն մարդ էր, կյանքին միշտ նայում էր վճիտ հայացքով: Նուրբ հումորը միշտ լուսավոր էր պահում իր ներքին էությունը: Կյանքը հորդում էր իր մեջ, ապրում էր` իր պայծառ կենսականությունը տարածելով իր շուրջը, փոխանցելով ուրիշներին:
Վաղնջական ժամանակների իմաստուն խորհողը Հին Մեծ Գրքում ասում է, թե ամենայն մարմին խոտ է եւ իր վայելչություններըՙ ծաղիկ: Խոտը չորանում է, ծաղիկըՙ թառամում: Եվ մարդուց ոչինչ չի մնում, թերեւս միայն հիշատակը, «…հիշատակը, այն զրույցը անգին, / Որ մնում է սրտերում մարդկանց եւ լցնում է սրտերը կարոտով…»:
Մեծ մի բանաստեղծ իր կյանքի դրաման այսպես է չափաբերելՙ «Ես ոչ ընկեր ունեմ, ոչ քույր…», նվիրյալ ընկերոջ գոյությունը դնելով քրոջական սիրո ու խանդաղատանքի կողքին, եւ դրանից էլ առաջ:
Աշոտ Շաբոյանի անժամանակ հեռացումով ես այդպիսի ընկեր կորցրի, մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի եւ հարազատ մարդու:
Ես իմ ընկերոջ համար եղբայրական սիրո ի՜նչ բառեր ունեի պահած, ի՜նչ խոսքեր ունեի ամբարած, որ իրեն պիտի ասեի իր ընտանեկան տոնախմբությունների ժամանակ, մեր ընդհանուր տոնական սեղանների շուրջ: Բայց, ավա՜ղ, մի չար պահի ամեն ինչ տակնուվրա եղավ, ամեն ինչ դարձավ իզուր ու անիմաստ: Ես կորցրի իր համար պահված եղբայրական ջերմ զգացումների բոլոր բառերը, բոլոր խոսքերը: Ես կորցրի դրանք անվերադարձ…
«…Հիշատակը մշուշ է, / Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը – անմեռ»:
Հիշատակը…
Եվ քանի որ ես այլեւս կորցրի բոլոր նվիրական խոսքերը, ուրեմն թող կոտրված սրտով գրած այս մի քանի անզարդ տողերը մնան իբրեւ իր հրաշալի գոյության ու ինձ հետ իր եղբայրության հիշատակ եւ մշտամնա վկայություն…