ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Եվրոպայում մեծ քաղաքականության համապատկերին ֆրանսիական լրատվամիջոցները կարծես թե սկսեցին մոռանալ Մուխտար Աբլիազովի մասին, որը Լիոն-Կորբա բանտի «կենվորն» է: Այնինչ մի քանի առիթ կա հիշելու այդ ոչ այնքան սովորական բանտարկյալին:
Մինչ ֆրանսիական Ֆեմիդան իր համար լուծում է Աբլիազովին Ռուսաստանին արտահանձնելու մասին հարցը, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք փաստորեն կարելի է դատավճիռ համարել ստվերային օլիգարխի համար:
Առաջին, խայտառակ ձեւով ցաքուցրիվ եղավ Աբլիազովի «պաշտպանության» համադրույթը, որը կառուցված էր քրեական գործընթացի քաղաքականացման վրա: Այդ մարդը պնդում էր, որ Ղազախստանի Հանրապետությունը համարյա ռեյդերային հարձակումով խլել է իրենից «Բանկ Տուրան Ալեմը», որը հանրապետության առաջատար ֆինանսական հաստատություններից մեկն է: Ղազախստանն իր հերթին մեղադրում էր Աբլիազովին մի քանի միլիարդ դոլարի գողության համար եւ, որ հատկանշական է, հենց նույն բանկից: Ո՞ւմ հավատալ: Հասկանալի է, որ առաջացած եվրոպական հանրությունը հակված էր օլիգարխի տարբերակին: Առավել եւս, որ որոշ ժամանակ առաջ նա երեւում էր իբրեւ ոչնչով չպղտորված քաղաքական գործիչ, որը տուժել է հանուն արդարության եւ ստիպված է եղել փախչել հայրենիքից: Մարդ, որը թշնամիների ոտնձգությունների հետեւանքով կորցրել է շահութաբեր բիզնեսը:
Ժամանակի հետ, իհարկե, օլիգարխի գագաթին սկսեցին երեւալ տարբեր չափի բծեր: Լոնդոնի դատարանը, խորանալով այս խճճված գործի հետաքննության մեջ, բացահայտորեն նրան ավազակ է անվանում: Աբլիազովը պարտք չի մնում: Նա նույնպես բացիեբաց մեղադրում է դատական կորպուսին ծախվածության մեջ:
Անգլիական Ֆեմիդան այս լկտիությունից կատաղության մեջ ընկավ: Ինչպես ասել է ետնաբեմերում մի իրավաբան, եթե հնարավորություն լիներ Աբլիազովին անգլիական բանտ նստեցնել երկար ժամկետով, ապա նրան անպայման կնստեցնեին: Բայց, ցավոք, քաղաքացիական դատավարության շրջանակներում ազատազրկման հնարավոր առավելագույն ժամկետը կազմել էր բանտարկության քսաներկու ամիս: Փոխարենը դա Աբլիազովի կողմից ազնվորեն վաստակած ամիսներ էին: Մառախլապատ Ալբիոնի ափերին գտնվող բանտում նրա համար արդեն վաղուց պատրաստված է մի հյուրընկալ բանտախուց:
Աբլիազովը, երբ նրան ուզում էին ձերբակալել, Անգլիայից փախավ: Երբ բռնեցին եւ բանտ նստեցրեցին Ֆրանսիայում, նա շարունակեց պայքարը անգլոսաքսերի դեմ: Նրանք, ի միջի այլոց, նրան մեծ վատություն արեցին: Արտահանձնման մասին հարցի լուծման ամենաթեժ պահին Անգլիան զրկեց նրան փախստականի կարգավիճակից:
Այնինչ կարգավիճակը ուժ է: Բազմապատկած խոսքի ուժին, այն ակտիվորեն օգտագործվում էր Աբլիազովի կողմից տեղեկատվական պայքարումՙ փորձելով Մյունհաուզենի նման սեփական մազերից բռնած դուրս քաշել ճահճից, որում հայտնվել էր: Նա իրավիճակն աբսուրդի հասցրեց: Անգլիացիները նրան ասում են. «Ո՛չ, դու փախստական չես, դու գո՛ղ ես»: Աբլիազովը պատասխանում է դատական հայցով, որում պնդում է, որ փախստականի կարգավիճակից զրկվել է անօրեն: Այնինչ, օլիգարխի կողմից կերակրվող ԶԼՄ-ները սկսում են ձեւավորել հասարակական կարծիք, որի էությունը հանգում է հետեւյալին. «Նույնիսկ եթե կարգավիճակը չվերադարձնեն, դա չպետք է ազդի Ֆրանսիայում արտահանձնման մասին դատական գործընթացի վրա»: Հարցՙ իսկ ի՞նչը պետք է ազդի: Այն, որ Աբլիազովը երբեւէ զբաղվել է քաղաքականությա՞մբ: Բայց մի՞թե քաղաքական գործիչներին չեն դատում գողության համար: Այն էլ ինչպես են դատում: Ինչ վերաբերում է բոլորին համոզելուն, որ հատկապես ինքն է հանդիսանում տուժած կողմ եւ կորցրել է բիզնեսն իր քաղաքական գործունեության հետեւանքով, ապա դա բավական անհեթեթ է թվում: Բանկը, որը գլխավորում էր Աբլիազովն, ազգայնացրեցին, որովհետեւ օլիգարխը հետեւողականորեն տանում էր այն սնանկացմանՙ յուրացնելով ակտիվները, անցկացնելով դրանք օֆշորներով եւ սեփական գրպանը դնելով բազմաթիվ միլիարդ դոլարներ: Այո, եթե նայենք այս տեսանկյունից, իսկապես կոտրել են Աբլիազովի անօրինական ստվերային բիզնեսը:
Այստեղ արժե հիշեցնել մի կարեւոր դեպքի մասին, որն անցավ բավական աննկատ: Անցյալ տարվա նոյեմբերին Միջազգային արբիտրաժային դատարանն ամբողջապես մերժեց հոլանդական «KT Asia Investment Group BV» ընկերությանը, որը հանդիսանում է «ԲՏԱ Բանկ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 9,99 տոկոսի բաժնետերը եւ որը պատկանում էր Մուխտար Աբլիազովին, Ղազախստանի Հանրապետության դեմ հայցում: Գործը ձգձգվում էր 2009թ.-ից: Դա մի պահանջ էր, որով Աբլիազովը հույս ուներ Ղազախստանից ստանալ 1,5 միլիարդ դոլարՙ պնդելով, որ «ԲՏԱ Բանկի» հետ միասին ազգայնացման տակ է ընկել նաեւ մասնավոր մինորիտարիի բաժնետոմսերի փաթեթը: Բայց այստեղ էլ օլիգարխին հիասթափություն էր սպասում: Դատական հետաքննության ընթացքում ի հայտ եկան հետաքրքրական մանրամասներ, որոնցից կարելի է նշել այն փաստը, որ «KT Asia» ընկերությունը մտնում էր Աբլիազովի ընկերությունների շարքը, որոնք օգտագործվում էին փող լվանալու համար: Ավելին, «ԲՏԱ Բանկի» բաժնետոմսերը ձեռք էին բերվել «KT Asia» ընկերության կողմից շուկայական գնից յոթ անգամ էժան արժեքով: Երկու վաճառող ընկերություններից փոխառության հաշվին, որոնք ավելի վաղ նույնպես պատկանել էին Աբլիազովին: Փոխառության գումարը, ինչպես նաեւ դրա տոկոսները, հետագայում այդպես էլ չէին վճարվել, իսկ դրա փոխարեն պարտքն ամբողջապես դուրս էր գրվել, ինչից հետո Աբլիազովը հաջողությամբ լիկվիդացրել էր այդ երկու ընկերությունները, այս անգամ արդեն «KT Asia» ընկերության պարտքից ազատվելու նպատակով: Նման նուրբ մանրամասների բացահայտումից հետո Ղազախստանի նկատմամբ որեւէ հայցային պահանջ, իհարկե, մերժվել էր: Իսկ Միջազգային արբիտրաժային դատարանի դատավորները կարողացան անձամբ համոզվել, թե ով է իրականում Աբլիազովը:
Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի Հատուկ կոմիտեն վերջնական վճիռ արձակեց 2014թ. նոյեմբերի 20-ին: Այդ իրադարձությունը վերջնականապես սասանեց Աբլիազովի կողմնակիցներին: Պատասխան տալու ճար չկար: Չէ՞ որ անհեթեթ էր ծախվածության մեջ մեղադրել Արբիտրաժային դատարանը: Դա, ինչպես Ֆրանսիացիներն են ասում, «մովետոն» է: Աբլիազովն առանց այդ էլ չափազանց ջանք գործադրեցՙ բոլորի վրա ցեխ շպրտելով: Ահա եւ ֆրանսիական Ֆեմիդային նրա կողմնակիցները չեն խնայումՙ բոլորին ապացուցելով, որ Ֆրանսիան պառկել է Աստանայի տակ:
Իր դիրքորոշումը փաստարկված պաշտպանել Աբլիազովն արդեն ի վիճակի չէ եւ գուցե այդ պատճառով է, որ նրա գրական «ստեղծագործությունները» ավելի ու ավելի են նմանվում գրագող հիշատակագիրների ծերունական մրթմրթոցների: Իր վերջին հրատարակություններում նա պատմում էր այն մասին, որ ստեղծել է … քաղաքական կուսակցություն Ղազախստանում: Ինչի՞ համար: Գուցե փորձում է առաջ տանել իր գի՞ծըՙ բոլորին հիշեցնելով, որ ինքը քաղաքական գործիչ է եւ ընդդիմադիր: Բայց այդ մասին առանց այդ էլ բոլորը գիտեն: Դու ասա առաջադրված մեղադրանքների էության մասին: Բայց ասելու բան էլ չկա:
Աբլիազովի պաշտպանության հղկված գիծը քայքայված է: Արտահանձնման մասին հարցը քաղաքականացնել չի հաջողվում: Նորանոր փաստեր վկայում են սովորական քրեական գործի մասին:
Այս աղմկոտ եւ խճճված գործի վառ դրվագներից մեկը կապված է «ԲՏԱ Բանկի» կորպորատիվ բիզնեսի վարչության նախկին պետ Վերոնիկա Եֆիմովայի անվան հետ: Նա մեղադրվում է որպես հանցակից 3,3 միլիոն դոլարի վատնման գործում:
Խնդրում եմ ուշադրություն դարձնել տարեգրության վրա, որովհետեւ դա շատ կարեւոր է: Աբլիազովը փորձում է բոլորին համոզել, որ սկսել է ակտիվները բանկից դուրս բերել այն բանից հետո, երբ սկսվել է ռեյդերային հարձակումը: Բայց, փաստորեն, սկսել է միջոցները գողանալ «Բանկ Թուրան Ալեմ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին օրերից: Օլիգարխը բանկը կառավարում էր 2005թ. մայիսից մինչեւ 2009թ. փետրվարը եւ Վերոնիկա Եֆիմովայի կողմից ղեկավարվող «ԲՏԱ Բանկի» կորպորատիվ բիզնեսի վարչությունը հենց 2005-2009 թվականներին ձեւակերպում էր վարկեր այն կառույցներին, որոնք վերահսկվում էին Աբլիազովի կողմից: Այդ միջոցները բանկ, իհարկե, այդպես էլ չէին վերադառնում, իսկ գրավները, որոնցով վարկեր էին տրվում, բարեհաջող կերպով դուրս էին բերվում արտասահման: Այս օրինակը հետաքրքրական է ստեղծված նախադեպի տեսանկյունից: Բանն այն է, որ Եֆիմովան Ղազախստանից փախել է Ռուսաստան: Այնտեղ նրան, բնականաբար, շատ արագ գտան եւ փորձեցին արտահանձնել Ղազախստան: Սակայն, գործին խառնվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանըՙ առաջնահերթություն տալով այն բողոքին, որը ստացվեց Եֆիմովայի փաստաբանից: Արդյունքում 2010թ. հունիսին արտահանձնման հետ կապված բոլոր գործողությունների վրա արգելանք դրվեց մինչեւ հարցի հետաքննությունը: Եֆիմովայի պաշտպանությունը, ինչպես եւ Աբլիազովի դեպքում, առաջին հերթին պնդում էր քրեական հետապնդման քաղաքական մոտիվացման վրա: Եվրոպական դատարանը բողոքի դիտարկման վրա մի քանի տարի ծախսեց: Սակայն, որեւէ քաղաքական ենթատեքստ այս գործում այդպես էլ չգտավ: Այդ նախադեպը վերջնականապես պարզություն մտցրեց Աբլիազովի հանցագործ խմբավորման քաղաքական մոտիվների մասին հարցում:
Փաստորեն, այսօր արդեն կարելի է խոսել ստվերային օլիգարխի կայսրության ավարտի մասին: Ինչպես օղակները ջրումՙ կենտրոնից ցրվում են ազդանշաններ խոշորագույն հանցագործ խմբավորման փլուզման մասին:
2014թ. դեկտեմբերի 27-ին Մադրիդում Ինտերպոլի աշխատակիցները ձերբակալել են եւ հետագայում իսպանական դատարանի որոշմամբ կալանավորել են քրեական օլիգարխի մերձավորագույն գործակից Մուրատբեկ Կետեբաեւին: Նա, առանց չափազանցության, ամենամտերիմ զինակիցներից մեկն է: Աբլիազովը նրան աշխատանքի է ընդունել դեռեւս 1992թ.:
Աբլիազովի կայսրության շվեյցարական մասնաճյուղը նույնպես դժվարին ժամանակներ է ապրում: Վիկտոր Խրապունովի եւ նրա կնոջՙ Լեյլայի ազգակցական կլանը համարյա ամբողջ կազմով փնտրվում է Ինտերպոլի կողմից: Վիկտորիՙ Ղազախստանից նախկին խոշոր պաշտոնյայի դեմ հարուցված են քրեական գործեր այդ երկրում: Ընտանիքով հետաքրքրվել են շվեյցարական իրավապահ մարմինները: Ինտերպոլը փնտրում է նաեւ նրա որդի Իլյասին, որն ամուսնացած է Աբլիազովի դստեր հետ: Շատ խորհրդանշական է դարձել Խրապունովների ընտանիքի բաժանությունը, որն ի ցույց էր դնում իր ընտանեկանությունը: Առավել հավանական է, որ իրավապահ մարմիններին կհանձնեն կլանի անդամներից մեկին, որն այդ պահին աղքատ կլինի սոված դաշտամկան նման, որպեսզի չվերադարձնի գողացված կապիտալները: Ըստ երեւույթին դա կլինի թոշակառու Վիտյան: