Սկիզբըՙ «Ազգի» հունվարի 30-ի, փետրվարի 6-ի, 13-ի համարներում
Նիստը սկսվեց
Հայցվոր Փերինչեքը սկսեց կարդալ իր թուրքերեն ելույթը: «Ես վստահում եմ Ձեր դատարանին»: «Եվրոպացու ազատության համար ենք այստեղ»…Կողքիս նստած լրագրողը արագ-արագ գրի էր առնում նրա մտքերըՙ առանց թարգմանությունից օգտվելու: Մինչ փնտրում էի համաժամանակյա թարգմանության անգլերեն տարբերակը, նա պատրաստակամ արագ գտավ տեղն ու մի տեսակ արդարացավՙ «կարծում էիՙ թուրքերեն գիտեք»: Չպատասխանեցի: Ծանր էր լսել, թե ոճրագործն ինչպես էր առանց հատուկ ջանքի դատարանի առջեւ ծաղրում արդարադատությունըՙ վկայակոչելով պատմությունից հայտնի ազատ խոսքի ասպետներից Ջորդանո Բրունոյին: Ձեռքս դժվար է սղագրում: Նրա փաստաբան խորհրդատուները լավ են աշխատել: Կարդում էՙ համոզված:Լսել եմ հենց փորձառու թարգմանիչներիցՙ որքան էլ պրոֆեսիոնալ, միեւնույն է հնչերանգի մեջ երբեմն իրենց վերաբերմունքն են արտահայտում, ծանր է ունկնդրել, որ նրանք էլ թուրք ժխտողի ասածները կարդում ենՙ առանց հույզի: Փերինչեքը գծագրում է Թուրքիայի նոր բառապաշարըՙ ընդհանուր ողբերգությունը տեղը զիջել է Massaker կոտորած բառին, դատալսման ընդմիջումից հետո նոր մի «եզրույթ» էլ է շրջանառումՙ Voelkerschlacht (բառացիՙ ազգերի ջարդ, կոտորած- Ան. Հ.) գերմաներեն ասում է Փերինչեքըՙ հավասարեցնելով ոճրագործին եւ անմեղին, դահիճին ու զոհին:«Փերինչեքը չի ժխտել հայերի կոտորածները, այլ միայն կասկածի տակ է դրել Շվեյցարիայի «անհաջող» օրենքը, Փերինչեքը հայերի հանդեպ խտրական մոտեցում չի ցուցաբերել, նա սիրում եւ ճանաչում է հայերին», հայցվորի փաստաբան Ստեֆան Թելմոնի խոսքից:
Բացի «Les Nouvelles dArmenie» գլխավոր խմբագիր Արա Թորանյանից, որ ինձ հետ միասին դահլիճում է, հայրենակից մյուս գործընկերներսՙ «Ֆրանս Արմենի» հանդեսից Վահե Տեր- Մինասյանը, հայաստանյանՙ Հ1, «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», Հ2 հեռուստաընկերությունների, «Պանորամա» կայքի մեկնաբանները նիստին հետեւում են լրագրողների համար նախատեսված սրահիցՙ հեռասփռմամբ:
Իմ լսած անգլերենից վիրավորվեցիՙ ժխտողի ասածներն են կարդում առա՞նց կասկածելու:Ըստ կանոնակարգի խոսքը պատասխանող կողմինն էՙ Շվեյցարիայինը: Փաստերը շարադրվում են չոր, առանց հարձակողական հնչերանգի: Երկրի օրենքի պաշտպանները երբեմն նաեւ հուզվում են, կմկմում, Շվեյցարիայի ձայնը տեղ-տեղ կերկերուն է դառնում: Թուրքիայի բառերի հրետանի՞ն, թե՞ ժխտող ոճրագործների «կուռ» ներկայությունը դատարանի դահլիճում մթնոլորը զրկել են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարությունից: Բայց հստակ ձեւակերպում ենՙ Փերինչեքի հայտարարությունները ունեցել են ցեղատյաց միտում, եւ Շվեյցարիան իր երկրի տարածքում կիրառել է իր օրենքը: Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչ Ֆրանկ Շտուրմանն ընդգծում է, թե օրենքը պայքարում է մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դեմ: «Միջազգային մակարդակով սուտը» չի կարող միայն իրավաբանական հարցերով սահմանափակվել, հայցվորը մեղադրում է հայերին պատմությունը կեղծելու մեջՙ հայտարարում, թե հայերն են սպանել թուրքերին, նշում, որ երբեք չի զղջա», ասում է Շտուրմանը:
Մտածում եմՙ եթե դատավորները մի պահ հայացք գցեն դիմացի մայթին, պարզից էլ պարզ է դառնալու, որ Բելգիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից ավտոբուսներով իրենց համերաշխությունը փաստող այլատյացների զանգվածը, ոչ այլ ինչ է, քան գունավոր ժամանակակից 3D տպիչից դուրս եկած Փերինչեք, որ այսօր չէ, վաղը քանակապես բազմանալով Եվրոպայի օրենսդրությունն են հանրաքվեի միջոցով իրենց ըմբռնմամբ «ազատ կարծիքին» հագուկապ սարքելու:
Ժամը 10 անց 39-ին խոսքը տրվում է ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին: Կարճ է խոսում: Այնուհետ դահլիճը համակ ականջ է դառնում: Ջեֆրի Ռոբերտսոնի ելույթով հիանալու առիթ էր եղել դեռեւս 2014-ի հոկտեմբերինՙABC հեռուստաընկերության եթերից: Բայց այն, ինչ լսում ես կենդանի, որեւէ ձայնատեսագրություն չի կարող փոխանցել: Նրա բրիտանական շեշտն ու առոգանությունն այնքան տպավորիչ է, հռետորի նրա ձիրքն այնքան ազդու, որ ինչ էլ ասի, թվում էՙ լսարանը հնազանդվելու է: Ձայնն ասես Վերեւից է հնչումՙ որպես դատավճիռ, ու թվում է, թե ոճրագործին, ավելի ճիշտ դատարանի սրահում ներկա բոլոր ոճրագործներին ելույթի ավարտին ձեռնաշղթա են հագցնելու, ու 17 դատավորներից կազմված մարմինը սկսելու է հատուցման մասին խոսել:
«Անհարմար ցեղասպանություն» (An Inconvenient Genocide) գրքի հեղինակ, մարդու իրավունքների ականավոր պաշտպան, արքայական բարձրագույն QC տիտղոսին արժանացած Ջեֆրի Ռոբերտսոնը, որ ժամանակին Սիերա Լեոնեում եղել է ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների դատարանի առաջին նախագահը, դեռեւս ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտում էՙ երբ Թուրքիայի կատարածը ողբերգություն բառով ենք բնորոշում, շեղվում ենք ճշմարտությունից, դա ոճիր է:
Ռոբերտսոնին լսենք. 1915-ին Օսմանյան կառավարության նպատակը, ինչպես Բեռլինին ներկայացրել էր Գերմանիայի դեսպան Վոլֆ Մետտերնիխը, «հայկական հարցի վերացումն էրՙ հայ ժողովրդի ոչնչացման միջոցով»:Հայերի, իսկ այնուհետ Գերմանիայում հրեաների հետ կատարվածն էր, որ հիմք տվեց Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» բառեզրըՙ բնորոշելու համար մարդկության դեմ հանցագործություններից ամենածանրը:Հանցագործություն, որի դեմ այսօր բոլոր պետությունները պարտավորվել են պայքարել միջազգային իրավունքի ուժով: Պարտավորություն, որն ըստ միջազգային կոնվենցիայի 20-րդ հոդվածի, ներառում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն հրահրող ռասայական ատելություն քարոզելու արգելքը: Տվյալ դեպքումՙ հարցն այն է, թե շվեյցարական օրենքըՙ Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը, որով դատապարտվել էր Փերինչեքը, համատեղելի է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված խոսքի ազատության հետ:Այս հոդվածը սահմանում է կանխավարկած մի կոնվենցիայում, որը պաշտպանում է առանց խոշտանգումների, խտրականության ապրելուՙ «Ես հրեա եմ», «Ես մահմեդական եմ», «Ես հայ եմ», «Ես եզդի եմ» ասելու իրավունքն ու արժանապատվությունըՙ չվախենալով, որ կքննադատվի կամ կստորացվի:Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքն այն դեպքում, երբ կարող է կամ մտադիր է որոշակի վնաս պատճառել, բռնություն, հանրային անկարգություն հրահրել, ռասայական ատելություն սերմանել: Շվեյցարական դատարանները վճռեցին, որ Փերինչեքի մտադրությունները ռասիստական էին, որ նրա թուրքերեն արտասանած խոսքերը նպատակ ունեն ոգեւորել Թուրքիայում իր աջակիցներին եւ ուղղված էին հայերի դեմՙ որպես ագրեսորների, ի պաշտպանություն իր հերոս Թալեաթ փաշայիՙ օսմանյան Հիտլերի: Ռոբերտսոնը նշեց, որ սխալ է դատարանի այն պնդումը, թե Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը դատապարտել էր նացիստներին, իսկ երիտթուրքերի պարագայում դա չի եղել: Թուրքիայի ռազմական տրիբունալը 1919-ին կիրառելով միջազգային ռազմական իրավունքըՙ դատապարտել էր Թալեաթ փաշային եւ նրա բանդային:Բայց դատարանն ակնհայտ ասում է, թե չես կարող ոճրագործությունն անվանել ցեղասպանություն, քանի դեռ դրա վերաբերյալ չկա միջազգային դատարանի վճիռ, մի բան, որ անհեթեթ է:Ըստ այս չափանիշի, նույնիսկ Հոլոքոստը չէր կարող որակվել ցեղասպանություն, քանի որ Նյուրնբերգի1946-ի վճիռն այս հանցագործության մասին որեւէ նշում չի պարունակում: Այն ստեղծվեց 1948-ի կոնվենցիայով», նշեց Ռոբերտսոնըՙ կոչ անելով Վերին պալատին չկրկնել նախորդի սխալները:Նա շեշտեց, թե դրանք ընդգծում են այն գաղափարը, թե Հոլոքոստը միակ «իրական» ցեղասպանությունն է, մնացածին հավետ մղելով տեսության ու բանավեճի տիրույթ:«Փորձելով արտոնություն տալ Հոլոքոստինՙ նկատելով այն որպես միակ ցեղասպանություն, այս վճռի տրամաբանությունը վտանգում է ցեղասպանության կանխարգելման կենսական պատճառը: Աշխարհը չպետք է տարբերություն դնի Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ», ասաց իրավապաշտպանըՙ ամբիոնի մոտ հրավիրելով Ամալ Քլունիին, որն էլ մանրամասն ներկայացրեց մահվան քայլերթերի ու կոտորածների կոնկրետ ապացույցներ:Նա անդրադարձավ Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին, մարդու իրավունքների խախտումներին, Հրանտ Դինքի սպանությանըՙ շեշտելով, թե սա թուրք ազգայնականների ձեռագիրն է:Ոչ ՄԻԵԴ-ն է այն հարթակը, ոչ էլ Փերինչեքի գործը, որի շրջանակներում կարող է որոշվել պետության պատասխանատվությունը ցեղասպանության հանցանքի մեջ: Բայց եթե անգամ եվրոպական դատարանի իրավասությունների մեջ լիներ այդ հարցը, ապա վկայություններն ու ապացույցները բավարար են այդ իրադարձությունները Ցեղասպանություն բառեզրով ամրագրելու համար, իր հիմնավորումը ներկայացրեց Քլունինՙ նաեւ բրիտանական անգլերենի գեղեցիկ առոգանությամբ տպավորելով:
Նախապես չէին հայտարարել, բայց ժամը 11-ին նիստն ընդմիջում ունեցավՙ 30 րոպե: Ես համառորենհայտնվում եմ Փերինչեքի առջեւ: Ոչ միայն Ռոբերտսոնի, Ամալ Քլունիի ասածները մոռացած, այլեւ իր կարդացած «կիրթ» տեքստն էլ ծալել, եվրոպական լրատվամիջոցների համար հին նվագարկիչն է միացրել, որի ասեղը մաշվելՙ անընդհատ նույն տեղն է խզխզումՙ ցաքուցրիվ խոսում է ՀՅԴ-ին արգելափակելու Տեր-Պետրոսյանի իրավացիությունից, Եվրոպայի քավության նոխազ դարձած իսլամիստներից… Պարտության վտանգը չի զգում ուրեմն:
Նիստի շարունակությանը Փերինչեքը, հին ձայնագրությունը չանջատած, ոգեւորությունը չկարողացավ զսպելՙ դատարանին սկսեց ներկայացնել ազատագրության պայքարի մարտիկ Թալեաթ փաշային ու… ընկավ ծուղակը: (Փերինչեքի հետ հարցազրույցը տե՛ս «Ազգի» հունվարի 30-ի համարում-խմբ.) Շվեյցարական կողմը վարպետորեն օգտագործեց հայցվորի շարադրանքըՙ փաստելու իր վճռի օրինականությունը: Դատարանը գրավոր մասնակցության մեջ ներկայացված փաստարկներին ականջալուր եղավ նաեւ ժխտողի բանավոր ելույթում:Փերինչեքն ըստ էության ինքն օգնեց «ապակողմնորոշված» կողմին արագ ճանաչելու թուրքական ժխտողականության իրական դեմքը:
Դատավարության ավարտն գոնե ինձ համար շատ անակնկալ եղավ: Քլունին, Ռոբերտսոնը, մերոնք հեռացանՙ առանց ներկա 40-50 թղթակիցներին հայկական, Հայաստանի Հանրապետության տեսակերտները մամլո ասուլիսով ներկայացնելու:Անկախ այն բանից, թե ի՛նչ վճիռ կհրապարակի դատարանը ամիսներ հետո, անընդհատ բողոքում ենք, թե տեղեկատվական «պատերազմում» տանուլ ենք տալիս: Ահաՙ աշխարհն ականջը ձայնագրիչ արած Քլունիին տեսել, մեզ ունկն է անում, իսկ մենք… բարեհաճ ժպտում, նկարվում ենք: Կունենա՞նք նման առիթ:
***
Փողոց դուրս եկանք: Թալեաթին երկրպագող զանգվածը թուրքականից բացի նոր դրոշներ էլ ունիՙ ադրբեջանական, միջինասիական հանրապետությունների: Նրանց դեմ հանդիման հայկական 50-60 հոգանոց երիտասարդների մի խումբ է «դիմակայում», Էլզասի շրջանից են, հայերեն բարձր երգում են: Ուրեմն Շահան Շահնուրն էլ իրավունք կտա, եթե Եվրոպայի կենտրոնում, թեկուզ ռոմանտիկ այսպես վերաձեւակերպեմՙ «Առաջՙ երգով»:
Ստրասբուրգ