Հայ-թուրքական հարաբերություններ ձեւավորելու, այդ հիմքով Հայոց ցեղասպանության ճանաչման գործըթնացի վրա բացասաբար ազդելու թուրքական նկրտումների առաջն առնելու ամենագործուն տարբերակը հայ-թուրքական արձանագրությունների անցնելիք ուղու կասեցումն էր, դրանք շրջանառությունից հանելը, ինչը փաստացի փետրվարի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակով:
Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանինՙ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նախագահը նամակում նաեւ պարզաբանեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններիՙ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս լիովին պատկերացրել էինք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները:
«Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, եւ միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը եւ բաց թողնվեց հնարավորությունը», նշել էր Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:
Թերեւս նման նամակով Ազգային ժողով դիմելու առերեւույթ ներկայացված պատճառներից ամենածանրակշիռը հետեւյալ պարզաբանումն է. «Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության եւ պատմության խմբագրման քաղաքականությունը»:
Ժամանակի անսպառ չլինելու մասին եւ հորդորներին ոչ ականջալուր Թուրքիայի կեցվածքի պատճառով Հայաստանի նախագահը որոշեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչել:
Արձանագրությունների վավերացումը կասեցվել էր դեռեւս 2010-ին, սակայն դրանք մնում էին Ազգային ժողովի օրակարգում եւ փաստացի ստեղծում իրավիճակ, երբ կարելի էր, անհրաժեշտության դեպքում, շահարկել դրանց օրակարգային լինելը ու մատուցել որպես հայ-թուրքական հաշտեցման գործընթաց, ինչը եւ արվում էր: Լավ հնարավորություն էր ինչպես իրապես կարգավորելու հարաբերությունները Հայաստանի ու Թուրքիայի միջեւ` բացելով հայ-թուրքական սահմանը,այնպես էլ շահարկելու եւ փորձելու կանխել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում խորհրդարական ու այլ մակարդակի նախաձեռնությունները:
Հայաստանում թեեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով համարեցին, թե ֆուտբոլային դիվանագիտությամբ գնդակը Թուրքիայի դաշտում է, այդուհանդերձ, Թուրքիան թեեւ այդ գնդակով ֆուտբոլ չխաղաց, բայց այլ խաղեր անելու փորձեր արեց: Մասնավորապես` բոլոր պնդումներին ու կոչերին առերեսվելու սեփական պատմության ու մութ անցյալի հետՙ Թուրքիան հակադրում էր հենց հայ-թուրքակամն արձանագրությունների գոյությունը, թե իբր Հայաստանն ու Թուրքիան փորձում են լուծել իրենց հարցերը, մյուսներից միայն պահանջվում է չխառնվել:
2015թ. ապրիլի 24, Ցեղասպանության 100-ամյա տարելից, Գալիպոլիի ճակատամարտի նշանավորում… Թե ինչու հենց այս պահն ընտրվեց Հայաստանի նախագահի կողմից նման քայլ անելու համար` կարելի է անվերջ պատճառներ բերել ու դատողություններ անել, մի կողմ թողնելով պահի ընտրության նպատակահարմարությունը: Սակայն այս քայլը Սերժ Սարգսյանի կողմից երկար սպասված էր ի հակադրություն Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ վերականգնելու նրա նախաձեռնության: Հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելուն դեմ արտահայտվեցին շատերն ու տարբեր որակումներով, սակայն դրանց Ազգային ժողովից հետկանչը կարծես թե ընդհանուր համաձայնությամբ ընդունվեց:
Չանտեսելով հայ-թուրքական արձանագրություններում Ադրբեջանի բացասական դերակատարությունն ու Թուրքիայի` սեփական հայտարարություններն անհետեւանք թողնելու կամազուրկ մոտեցումը, այդուհանդերձ, կարելի է փաստել, որ անկախ Ադրբեջանի դիրքորոշումից Թուրքիայում եւս դեռ պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը, պատրաստ չեն ինչպես քաղաքական, այնպես էլ պատմության ու անցյալի առումով:
Որքան էլ հայ-թուրքական արձանագրություններում չկային անցյալի հրեշագործությունների մասին ձեւակերպումներ, Թուրքիայում այդ ամենին առանց անցյալի ստվերների չեն կարողանում մոտենալ: Ու պատահական չէր, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների նորմալացման քայլին սկզբում դրական մոտեցող Թուրքիայում այդպես էլ չգտնվեց մի ուժ, մի գործիչ, որ գործընթացը հասցներ իր տրամաբանական ավարտին: Ընդհակառակը, արձանագրությունների ստորագրումից ի վեր Թուրքիայի գործողություններն էլ ավելի հակադրվող, ժխտողական ու ամբարտավան դարձան:
Արձանագրությունները հետ կանչելու քայլով Հայաստանի նախագահը ոչ միայն փակեց թուրքական համերաշխության հայտարարությունների ճանապարհը, այլեւ այլ որակ ու կշիռ տվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, որտեղ ամրագրված դրույթները այլեւս ոչ մի բանի` ստորագրված Հայաստանի կողմից, չեն հակասում: Ավելին, հռչակագիրը փաստացի մտնում է իրականացման փուլ, ինչը թեեւ ժամանակի առումով կարող է ուշ լինել, բայց թերեւս ոչ ուշացած:
Արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելով նաեւ վերջակետ դրվեց այն խոսակցություններին, թե Արցախը կարող է պատանդ դառնալ հայ-թուրքական բաց սահմանից ակնկալվող օգուտներին կամ պատմությանը: Իրավիճակը նաեւ այնպիսի զարգացումներ ունեցավ, երբ Թուրքիայից կոչ էին անում վերադարձնել «գրավյալ տարածքները», սկզբում ինչ-որ 7 շրջանների մասին էին խոսում, Ադրբեջանում խոստումներ շռայլում, հետո 7-ը հասցվեց 1-ի: Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցը բոլոր անհնարին ուղիներով հայ-թուրքականին կապելու փորձերն այլեւս ոչ հիմք կունենան, ոչ իմաստ:
Հայաստանի խորհրդարանի օրակարգում արձանագրությունների գոյությունը վաղուց արդեն իմաստ չուներ, սակայն հիմա դրանց վավերացման հարցն էլ փակելով ստեղծվում է իրավիճակ, երբ դրանց առկայությունից օգուտներ քաղելու համար Թուրքիան եւս չունի հիմքեր: Ավելին, այդ հարցով «մեծ եղբորը» անհարմարություն պատճառելու կարողություն ու հնարավորություն չի ունենա նաեւ Ադրբեջանը, որն իր հերթին Թուրքիայից միշտ փորձում է ստանալ իր շահերի բավարարումը:
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական արձագանքը Հայաստանի նախագահի որոշմանը քիչ տարօրինակ հնչեց, այն ձեւակերպմամբ, թե արձագարությունների հետկանչը սխալ որոշում էր ու «ոչ անկեղծ»: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն էլ, թե Թուրքիան հավատարիմ կմնա արձանագրություններին, գալիս է որպես շեշտադրում այն մոտեցման, որ արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելով հարցը դեռ չի լուծվել: Թուրքիան ոչ օրակարգային, բայց Հայաստանի ստորագրությամբ գոյություն ունեցող արձանագրությունները կարող է շահարկել, եթե դրանց տակ այդպես էլ մնա Հայաստանի ստորագրությունը: