Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԱՄՈԹԱԼԻ ՓՈՐՁ Է ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՀՈԼՈՔՈՍԹԸ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Ապրիլին, երբ թուրք կառավարության հրավերով աշխարհի առաջնորդները, ներառյալ արքայազն Չարլզը եւ Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի վարչապետները, հավաքվեն Գալիպոլիում ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտը, մեկուկես միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ուրվականները քայլելու են նրանց հետ:

Որպես քաղաքական աննախադեպ քմահաճույքի դրսեւորում, Թուրքիան ծրագրել է օգտագործել 1915-ին դաշնակից պետությունների Թուրքիա ներխուժելու փորձի հարյուրամյակը, կոծկելու համար Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններիՙ 20-րդ դարի առաջին Հոլոքոսթի հիշատակը: Թուրքերն արդեն 102 պետությունների առաջնորդներին հրավերներ են ուղարկել մասնակցելու Գալիպոլիի տարեդարձինՙ ապրիլի 24-ին, այն նույն օրը, երբ Հայաստանը ավանդաբար հարգում է օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանության զոհերի հիշատակը: Քաջ գիտակցելով, որ իր նախաձեռնությունը մերժելու է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հրավեր ուղարկել ներկա գտնվելու Գալիպոլիի տոնակատարություններին, այն բանից հետո, երբ նախագահ Սարգսյանն էր նրան հրավիրել մասնակցելու նույն օրը կայանալիք հայերի Ցեղասպանության հիշատակի արարողություններին:

Սա սոսկ դիվանագիտական չարություն չէ: Թուրքերը քաջ գիտեն, որ դաշնակիցները Գալիպոլի ցամաքահանում կատարեցին ապրիլի 25-ին, այսինքն այդ ժամանակվա թուրք կառավարության հրամանով իրականացված հայերի Ցեղասպանությունից մեկ օր անց: Նրանք գիտեն, որ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան «Անզակի օրը» (Anzac Day) նշում են 25-ին: Ընդամենը երկու տարի առաջ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այդ ճակատամարտի 98-րդ տարեդարձը նշեց մարտի 18-ին, այն օրը, երբ Ուինստոն Չերչիլի հրամանով բրիտանական նավատորմը սկսեց ռմբակոծել Դարդանելի թերակղզին: Այդ ժամանակՙ 2013-ին, ոչ ոք Թուրքիայում չառաջարկեց, որ Գալիպոլին (թուրքերենՙ Չանաքկալե) հիշատակվի ապրիլի 24-ին:

Թուրքերն անշուշտ վախենում են, որ 1915-ը կհիշատակվի որպես հայերի բնաջնջման, մարդկության դեմ իրենց երկրի գործած ահավոր ոճրագործությունների տարելիցը, երբ տասնյակ հազարավոր տղամարդիկ սպանվեցին հրացաններով ու դանակներով, իսկ կանայք ենթարկվեցին բռնաբարությունների եւ դատապարտվեցին իրենց երեխաների հետ սովամահ լինելու դեպի Միջագետք մահվան ճանապարհներին: Ճակատագրի հեգնանքով սպանությունների այս նույն տարածքներն այժմ գտնվում են «ցեղասպանական» իսլամիստ ծայրահեղականներիՙ «Իզիսի» բանակային ուժերի ձեռքերում, որոնք ավերեցին Ցեղասպանության հիշատակին կառուցված Դեր Զորի հայկական եկեղեցին: Հայերն իրենց Ցեղասպանության զոհերի հիշատակը ապրիլի 24-ին են նշում, որովհետեւ այդ օրն էր, որ թուրքական ոստիկանությունը Կոնստանդնուպոլսում առաջինը հավաքեց հայ մտավորականներին, իրավաբաններին, բժիշկներին, ուսուցիչներին եւ լրագրողներին:

Ինչպես Գերմանիայի աջթեւային, ռեվիզիոնիստ պատմաբանները, որոնք ժխտում են հրեական Հոլոքոսթը, Թուրքիան էլ միշտ մերժել է ընդունել Օսմանյան Թուրքիայի կայսրության պատասխանատվությունը 1914-18 պատերազմի ընթացքում մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործության եւ արյունահեղության հանդեպ, որն այդ ժամանակ հուզել էր նույնիսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիային: Հայերի 1915 թվի Հոլոքոսթը, որը տեւեց մինչեւ 1917 թիվը(*), ճանաչել են հարյուրավոր միջազգային համբավ ձեռք բերած գիտնականներ, ներառյալ հրեա եւ իսրայելցի պատմաբաններ եւ եվրոպական շատ երկրներ: Միայն Թոնի Բլերի կառավարությունը փորձեց նսեմացնել հայերի տառապանքները, երբ մերժեց ցեղասպանական արարք որակել բռնությունները եւ փորձեց չընդգրկել վերապրողներին Լոնդոնում կայացող Հոլոքոսթի հիշատակի ամենամյա արարողություններին: Թուրքիայի պնդումները, որ հայերը սոսկ դժբախտ զոհերն էին պատերազմի խորը սոցիալական փոփոխությունների, արդեն վաղուց արժեզրկվել են:

Որոշ թուրք խիզախ գիտնականներ, պարսավանքի ենթարկվելով իրենց գործընկերների կողմից իրենց անկեղծության համար, հետազոտել են օսմանյան փաստաթղթերը եւ ապացուցել, որ իրոք Կոնստանդնուպոլսից (այժմ Ստամբուլ) կարգադրություններ են ուղարկվել շրջանային պաշտոնյաներինՙ բնաջնջելու իրենց հայկական համայնքները: Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարն, օրինակ, ծավալուն հոդվածներ է գրել քաջարի հայերի մասին, ովքեր մարտնչել են Թուրքիայի համար Գալիպոլիում, հատկապես առանձնացնելով հրամանատար Սարգիս Թորոսյանի անունը, ով իր արիության համար պարգեւատրվել էր Օսմանյան կառավարության կողմից, բայց որի ծնողներն ու քույրը սպանվել էին Ցեղասպանության ժամանակ: Որոշ թուրք պատմաբաններ եւ բանակի սպաներ քննադատեցին Աքթարին, ասելով, որ հայերը ոչ էլ կռվել են թուրքերի կողքին: Թուրք գեներալներ պաշտոնապես հերքել են, որ նման հայ զինվոր գոյություն ունեցել է, հակառակ բազում փաստերիՙ ներառյալ Թորոսյանի օսմանյան համազգեստով լուսանկարի առկայությանը:

Բայց Թուրքիան այժմ փոխել է իր դիրքորոշումը: Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն հաստատեց, որ այլ էթնիկական խմբավորումներ, այդ թվում բազմաթիվ արաբներ եւ հայեր, նույնպես կռվել են Գալիպոլիում: «Մենք (թուրքեր եւ հայեր) միասին կռվեցինք Գալիպոլիում: Դրա համար էլ մենք հրավեր ենք ուղարկել նաեւ նախագահ Սարգսյանին», ասել է նա: Էրդողանին հասցեագրված պատասխանում Հայաստանի նախագահը նույնիսկ նշել էր հրետանավոր կապիտան Թորոսյանի անունը (պնդելով ցավոք, որ հայ զինվորը նույնպես սպանվել էր Ցեղասպանության ժամանակ, մինչդեռ իրականում նա մահացել էր 1954 թվին Նյու Յորքում իր հուշերը գրելուց հետո)(**) եւ հիշեցրել Թուրքիայի նախագահին, որ «խաղաղությունը եւ բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաեւ համամարդկային հիշողության վրա»: «Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունըՙ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարեւան ազգերի միջեւ մերձեցման եւ հետագա համագործակցության համար», գրել էր ՀՀ նախագահը:

Հայերն իրենց հիշատակի արարողություններն անցկացնում են ապրիլի 24-ին (երբ ոչինչ տեղի չէր ունենում Գալիպոլիում), որովհետեւ այդ օրն էր, որ հայ մտավորականներին հավաքագրեցին եւ բանտարկեցին Կոնստանդնուպոլսի ոստիկանական շտաբի ներքնահարկում, նախքան նրանց տեղահանությունը եւ որոշ դեպքերում նրանց մահվան դատապարտելը: Նրանք առաջին «նահատակներն» էին հայերի Ցեղասպանության: Պատմության դաժան շրջադարձի բերումով նրանց բանտարկության վայրն այժմ դարձել է իսլամական արվեստի թանգարան, զբոսաշրջիկների համար տեսարժան վայր, ուր արքայազն Չարլզն ու մյուս հարգարժան հյուրերը հավանաբար չեն այցելելու ապրիլի 24-ին: Այդ սպանություններն սկիզբն էին հայ ժողովրդի հետապնդումների եւ տարագրությունների դեպի աշխարհի չորս ծագերը:

Պրոֆեսոր Աքթարի ներդրումը (նաեւ Մ. Նահանգներում Թաներ Աքչամի ներդրումը) թուրք-հայկական պատմության ճշմարտությանը, համարյա եզակի երեւույթ է: Միայն նրանց նման մարդիկ, իրենց ակադեմիական ուսումնասիրությունների միջոցով եւ քաղաքական հսկայական ճնշումների մթնոլորտում, ստիպեցին հազարավոր թուրքերի վիճարկելու 1915-ի ահավոր դեպքերի պետական մոտեցումը: Այդ օրվանից շատ թուրքեր (իրենց ընտանիքներում) հայտնաբերել են հայ տատիկների, որոնց թուրք ոստիկաններն ու զինվորները «իսլամացրել էին» կամ բռնի տիրել երիտասարդ տարիքում: Աքթարը նաեւ նշում է, որ ուրիշ հայ զինվորներ էլ (ինչպես օրինակ առաջին լեյտենանտ Սյուրմելյանը, որի հիշողությունների գիրքը Բեյրութում լույս տեսավ Թորոսյանի մահվանից 13 տարի հետո) կռվել են թուրքական բանակում:

Նա շատ ժամանակ չի տրամադրում թուրքական կառավարությանը կամ Հայաստանի նախագահ Սարգսյանին, բայց նշում է ինձ հետ զրուցելիս, որ «եթե ուզում են պատվել հայ սպաներին եւ զինվորներին… որոնք զոհվել են հանուն հայրենիքի (Թուրքիայի) 1915-ին, ուրեմն պետք է հրավիրեն Ստամբուլի հայոց պատրիարքին, եւ ոչ թե նախագահ Սարգսյանին, որի նախնիները 1915-ին հավանաբար կռվում էին ռուսական կայսերական բանակում: Նա Ղարաբաղից է (թուրքական Ադրբեջանի մաս, որ գտնվում է հայերի ձեռքում)(***) ինչքան գիտեմ: Դա պարզապես անվայել առաջարկ է նախագահ Սարգսյանին… ավելի շուտ վիրավորական առաջարկ»:

Շատ հայեր գուցե համամիտ լինեն այս տեսակետին: Երկար ամիսներ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել մի պայմանագիր Թուրքիայի հետ բացելու հայ-թուրքական սահմանը, ցեղասպանագետների կողմից սոսկ ձեւական ուսումնասիրությունների դիմաց: Այդ ժամանակվա Մ. Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այլեւայլ քաղաքագետներ եւ Թուրքիայում հանգրվանած որոշ արեւմտյան լրագրողներ պաշտպանում էին նրան: Բայց հայկական սփյուռքը զայրույթով արձագանքեց դրան հարցնելով, թե ի՞նչ կզգային հրեաները, եթե Գերմանիայի հետ բարեկամությունը պայմանավորված լիներ մի հետաքննությամբ, թե արդյոք իրականում տեղի ունեցե՞լ էր հրեական Հոլոքոսթը:

Առաջին համաշխարհային պատերազմի օրերին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ թերթեր մեծ հրապարակայնություն հաղորդեցին հայերին բաժին ընկած գազանություններին, իսկ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրատարակեց «Սեւ գիրքը» թուրքական բանակում ծառայող հայերի դեմ գործված ոճրագործությունների մասին: «Ցեղասպանություն» բառը ստեղծվեց հայկական Հոլոքոսթի առնչությամբ, ծագումով լեհ-հրեա ամերիկացի փաստաբան Ռաֆայել Լեմկինի կողմից: Իսրայելցիները «Շոա» («Հոլոքոսթ») բառն են օգտագործում, երբ խոսում են հայերին պատուհասած տառապանքների մասին:

Գալիպոլիի թուրք հերոսը անշուշտ փոխգնդապետ Մուսթաֆա Քեմալն էր (հետագայում Աթաթուրքըՙ արդի թուրքական պետության հիմնադիրը) եւ իր հրամանատարության տակ գործող 19-րդ դիվիզիան ճանաչված էր որպես «Հալեպի դիվիզիա», որովհետեւ այնտեղ շատ արաբներ էին ծառայում: Աթաթուրքը ինքը չմասնակցեց 1915-ի հայերի զանգվածային սպանդին, բայց նրա գործընկերներից ոմանք ներգրավված էին դրանում, մի փաստ, որ ստվեր է գցում թուրքական պետության պատմության վրա: Գալիպոլիում դաշնակիցների արյունալի պարտությունը ստվեր գցեց նաեւ Ուինստոն Չերչիլի հետագա կարիերայի վրա: Այս փաստը քաջ ծանոթ է տասնյակ հազարավոր ավստրալացիներին եւ նոր զելանդացիներին, որոնք ծրագրում են այցելել հին մարտադաշտը ապրիլին: Թե ինչքան են նրանք իրազեկ դառնալու այդ օրը մեկ այլ` առավել սարսափելի տարելիցին, բոլորովին այլ հարց է:

Թարգմ. Հ.Ծ., “The Independent”

Խմբագրության կողմից

(*) Իրականում ցեղասպանական գործողությունները հայերի դեմ շարունակվել են մինչեւ 1923 թվականը, Արեւելյան Հայաստանում ու Կիլիկիայում:

(**) Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխան նամակում նման բան չկա: Բառացիորեն, ՀՀ նախագահը գրել է. «… ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»:

(***) Ղարաբաղը երբեք «թուրքական Ադրբեջանի» մաս չի կազմել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Հաջորդ գրառումը

«ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՕՐԸ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՆՇԵԼ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՕՐԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՕՐԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական