Կառավարությունը երեկ հաստատեց մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման կազմակերպման լիցենզավորման նոր կարգը, ըստ որի, բացի անհատ ձեռնարկատերերից եւ կազմակերպություններից, այդ գործունեությամբ կարող են զբաղվել նաեւ ֆիզիկական անձինք: Ըստ հարցը ներկայացնող տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, դրա նպատակն է պարզեցնել լիցեզնավորման գործընթացը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
«Հստակեցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաեւ գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը, հանվել են ավտոմոբիլների կայանատեղերի առկայության, մարդատար տաքսի ավտոմոբիլների ամենօրյա տեխնիկական վիճակի եւ վարորդների բուժզննման պահանջները, որոնք իրականում չէին իրականացվում, կրճատվել են լիցենզիայի եւ ներդիրի տրամադրման ժամկետներըՙ գործող 30 օրվա փոխարեն 10 աշխատանքային, հանվել է նաեւ դեղին համարանիշների պահանջը», նշեց նախարարը:
Միաժամանակ, այս որոշմամբ ոչ մի կերպ չի լուծվում տաքսի փոխադրումների ոլորտում տիրող խայտառակ սպասարկումն ու բացահայտ խաբեությունը, ինչի մասին առիթ ենք ունեցել անդրադառնալու: Մասնավորապես, չեն խստացվում հաշվիչի պարտադիր առկայությունը, նրա տեղադրման պահանջը տեսանելի վայրում, ինչպես նաեւ նրա ստուգաչափումը կապարակնքմամբ: Ներկա կացությամբ նույն ճանապարհահատվածը տարբեր տաքսիներ փոխադրում են միմյանցից էապես, ընդհուպ կրկնակի տարբերվող գներով, առանց հաշվիչների առկայության կամ դրանց ցուցմունքը երեւալու: Չենք խոսում տաքսիների կողմից հասարակական տրանսպորտի կանգառների փաստացի զավթման, որոշ վարորդների գռեհիկ պահվածքի եւ այլ «մանր» հարցերի մասին: Եթե կառավարությունը հեշտացնում է տաքսի փոխադրողների գործունեությունը, ապա պետք է նաեւ պարտադրի նրանց զերծ մնալ խարդախություններից եւ մարդկանց «գցելուց», ինչը, ցավոք, այս նախագծով չի երեւում: