Նախորդիվՙ այս սյունակի տակ անդրադարձել էի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությանը, թե ժամանակն է փոխելու Երուսաղեմի կարգավիճակը: Ասել էի, որ այդ հայտարարությունը անմիջականորեն սպառնում է մերՙ հայության շահերին: Քանզի կարգավիճակի որեւէ փոփոխություն, վստահ կարելի է պնդել, սպառնում է հայության ներկայությանը Սուրբ քաղաքում, որի մեկ-հինգերորդ մասը հայապատկան է, առարկայացված վաղ քրիստոնեական ժամանակներից ի վեր այնտեղՙ Սիոնի բարձունքին տեղակայված Սբ.Հակոբ վանք-բերդամրոցով ու հարակից եկեղեցիներով, տարբեր կալվածքներով եւ հոգեւոր-մշակութային անգին հարստություններով: Նրա կարգավիճակը հաստատվել է դեռեւս 7-րդ դարի առաջին կեսինՙ Մուհամեդ մարգարեի անմիջական հաջորդներից Օմար իբն ալ Խաթթաբ խալիֆի հրովարտակով եւ այնուհետեւ պարբերաբար վերահաստատվել խաչակիր թագավորների, ապաՙ Սալահեդդին ալ Այուբիի, Եգիպտոսի սուլթանների, օսմանյան սուլթաններ Սելիմի (Եավուզ), Սուլեյման Քանունիի, Մեջիդի, եւ ապա բրիտանական «հոգատար» իշխանության, ընդհուպ Հորդանանի հաշեմական թագավորության կողմից:
Իրականում Նաթանյահուի հայտարարությունը Երուսաղեմի նկատմամբ իսրայելական հին ծրագրի նոր բարձրաձայնումն է, որն իր հերթին արձագանքն է դեռեւս 1967 թ.ի Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանիՙ իր ժողովրդին ուղղած «ավետիսի»ՙ «Աուրաշալիմ բի-յադինու» («Երուսաղեմը մեր ձեռքերում է»): Այո, իսրայելական բանակըՙ ցահալը գրավել էր Երուսաղեմը, եւ կառավարությունը այն հայտարարել էր «Իսրայելի հավիտենական մայրաքաղաք», ինչը չէր ընդունվել եւ առայսօր, 47 տարի անց, չի ընդունվում ՄԱԿ-ի անդամ երկրների բացարձակ մեծամասնության կողմից: Եվ դաՙ ոչ միայն արաբ-իսրայելական հակամարտության համապատկերում, այլեւ քրիստոնեական եկեղեցիներիՙ մասնավորապես Վատիկանի, Հույն-ուղղափառ եւ Հայ եկեղեցիների կողմից, որոնց դիրքորոշումը գոնե այս հարցում միասնական էՙ Երուսաղեմը հայտարարել միջազգային ազատ քաղաք, որպես երեք կրոններիՙ քրիստոնեության, մահմեդականության եւ հուդայականության կենտրոն:
Ինչ վերաբերում է Հայկական Երուսաղեմին, ի տարբերություն արաբ-մահմեդականների նկատմամբ Թել Ավիվի բացահայտ թշնամական քաղաքականությանը, իսրայելական իշխանությունները Հայոց պատրիարքության դեմ աշխատում ենՙ այսպես կոչված «մաշումի» տարբերակով, հանդես բերելով աննախադեպ անհանդուրժողականություն: Դատական քաշքշուկներով, խաբեություններով, կաշառքի (ոչ առանց ներքին գործակալների մեղսակցության) եւ վերջերս էլ նորանոր ծանր հարկերի ու տուրքերի միջոցով կրծում-մաշեցնում են Հայկական Երուսաղեմը, միաժամանակ խթանում տեղի հայ երիտասարդության արտագաղթելու ձգտումները:
Իրերի այս կացության մեջ իրոք տարօրինակ, անբացատրելի է թվում Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարքի պահվածքը հանդեպ Մայր աթոռի ու նրա գահակալի: Նուրհան պատրիարք Մանուկյանը առաջին օրից սկսեց եւ օրերս սաստկացրեց անհնազանդության իր բացահայտ ելույթները Սբ. Էջմիածնի դեմ, անընդհատ ցուցադրելով իր չունեցած մկանները: Այնինչ հատկապես այժմ պատրիարքությունը կարիք ունի Մայր աթոռի պաշտպանությանը, վերջինիս միջազգային կապերին ու հեղինակությանը: Այստեղ են ասելՙ «խրախճանքՙ ժանտախտի պահին»….
Առայժմ մի կողմ թողնելով Երուսաղեմ-Սբ. Էջմիածին միակողմանիորեն սրված հարաբերությունների հարցը, ուզում եմ ընդգծել` ՀՀ իշխանությունների համար ժամանակն է ազդու կերպով գործի լծվելու: Երուսաղեմի եւ այնտեղ հայկական շահերի եւ իրավունքների հարցը ոչ այնքան եկեղեցական, որքան քաղաքական է, ոչ միայն տեղական, այլեւ միջազգային մակարդակի խնդիր, որը պետք է ջանալ կարգավորել պետական մակարդակով, անմիջականորեն, եւ ոչ թե Կահիրեից, այլ հենց Թել Ավիվից, այնտեղ հաստատելով մեր դեսպանությունըՙ ձեռնհաս մարդկանցով, առանց նկատի ունենալու Իսրայելի կառավարության առարկությունները, կամ բարեկամ մահմեդական որոշ երկրների չկամությունը:
Դա՛ է պահանջում մեր ազգային շահը: