Ռուսաստանը ցանկանում է ստանալ Աբխազիան ամբողջությամբ ու առանց վերապահումների` բանակից մինչեւ թոշակառու
Աբխազիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել մի փաստաթուղթ` «միջպետական պայմանագիր դաշնակցության եւ ինտեգրման մասին»: Այն իրավական նոր հիմքերով ու հետաքրքրական ձեւակերպումներով փաստաթուղթ է Աբխազիայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:
Փաստաթուղթը, եթե պարզ ու հանրամատչելի ձեւակերպենք, փաստացի սոցիալական բարելավումների ու բարեփոխումների, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, նաեւ զինուժի վարժեցման ու արդիականացման դիմաց Աբխազիայի անկախության սահմանափակում է ենթադրում:
Հոկտեմբերի 13-ին աբխազական «Նուժնայա գազետան» հրապարակեց այդ փաստաթղթի նախագիծը, որը նախապատրաստվում են քննարկել աբխազական խորհրդարանում, մինչդեռ փաստաթղթի տեքստը շատ ուշագրավ է, հատկապես, որ պայմանագիրն անժամկետ է, եւ միայն գրավոր ծանուցմամբ կողմերից մեկը կարող է դուրս գալ պայմանագրից` ծանուցումից 6 ամիս անց:
Այն, ինչ իրարանցում է առաջացրել այս փաստաթղթի առնչությամբ առաջին հերթին վերաբերում է առանձին գլխի երրորդ հոդվածին, որտեղ նշվում են համագործակցության, ինտեգրման ու գործընկերության հիմնական ուղղությունները. համաձայնեցված արտաքին քաղաքականության իրականացում, պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, միասնական սոցիալական ու տնտեսական տարածքի ստեղծում` ընդհանուր մշակութային եւ մարդասիրակաան տարածքի պահպանում:
Սա արդեն իսկ լրջագույն հայտ է Աբխազիան փաստացի Ռուսաստանի սուբյեկտի իրավասությունների շրջանակ մտցնելու առումով, ու թեեւ ֆորմալ առումով Աբխազիան կարող է մնալ որպես ինքնիշխան ներկայացող պետություն, այսպիսի պայմանագրի ուժի մեջ մտնելու դեպքում փաստացի ընդլայնվում է դաշնային Ռուսաստանը:
Եվ այդ միտման մասին են վկայում փաստաթղթի ավելի մանրամասն շարադրություն ունեցող կետերը: Մասնավորապես` երկրորդ գլխի 4-11-րդ հոդվածները: Նախ, արդեն փաստաթղթային ձեւակերպում կստանա արտաքին քաղաքական հարցերում միասնական մոտեցմամբ հանդես գալու ձեւաչափը` ներառյալ Ռուսաստանի հատուկ աջակցությունը Աբխազիայի անկախության ճանաչման գործընթացում:
Միացյալ բանակ` փաստացի ռուս հրամանատարով
Հոդված 5-ում նշվում է ընդհանուր պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծումը, «ռուսաստանյան եւ աբխազական զինուժերից միասնական զինվորական խմբավորման ստեղծում`ագրեսիայի հակադարձման» համար` այդ խմբավորման կառավարման մարմինների ձեւավորմամբ: Համատեղ խմբավորման ինչպիսին լինելը պարզ կլինի այս պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, երբ կողմերը կհստակեցնեն բոլոր մանրամասները` առանձին փաստաթղթով:
Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կստեղծվի միասնական զինվորական խումբը, որը, հատկանշական է, «ագրեսիայի անմիջական վտանգի եւ ռազմական դրության դեպքում կղեկավարի Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի կողմից նշանակված հրամանատարը»: Փաստացի թեեւ միացյալ զինուժի հրամանատարությունը երկկողմնանի ներկայացված է լինելու, այդուհանդերձ վտանգի դեպքում ղեկավարվելու է Ռուսաստանի նշանակած անձով, ինչը եւս մեկ առումով աբխազական իրադրությունը դարձնում է Ռուսաստանի համար բացարձակապես կառավարելի` կրկին իրավական հիմքով:
Կա նաեւ համատեղ ջանքերով Աբխազիայի սահմանի պահպանության դրույթ, որը սակայն նորություն չէ, այլ ավելի ընդգրկուն ձեւակերպմամբ թարմացումը արդեն իսկ 2009թ.-ին կնքված ռուս-աբխազական համաձայնագրի: Այս թեմայի շարունակությունն ընդգրկված է հոդված 9-ում, որտեղ, հարկ է ընդգծել, նախատեսվում է ազատականացնել ռուս-աբխազական սահմանով շարժն ու դրա վերահսկողության եւ պահպանության ուժերը պակասեցնելով` տեղափոխել դրանք վրաց-աբխազական սահման:
Հոդված 6-ի համաձայն, պայմանագրի մի կողմի վրա հարձակման դեպքում դա կդիտվի որպես ագրեսիա մյուս կողմի նկատմամբ, որի ժամանակ կողմերը կարող են միմյանց տրամադրել օգնություն, այդ թվում` ռազմական: Այսինքն` այն, ինչ 2008թ.-ին Ռուսաստանի կողմից հարավօսական հատվածում դիտվեց որպես հարձակում Վրաստանի վրա` վերջինի ռազմական գործողություններին ի պատասխան, այս փաստաթղթով Աբխազիայի պարագայում կդառնա իրավական հիմք ունեցող գործողություն, որի դատապարտումն ավելի դժվար խնդիր կլինի զուտ իրավական դաշտում:
Հոդված 8-ը մանրամասնում է, որ աբխազական զինուժը երեք տարվա ընթացքում բերվելու է ռուսաստանյան ստանդարտների առումով համապատասխանության, աբխազական զինուժը վարժեցվելու է ռուսաստանյան նորմատիվներին համահունչ` այդ ամենի ռուսաստանյան ֆինանսավորմամբ, որի համար էլ կլինի առանձին պայմանագիր:
Այս ամենին պետք է ավելացնել, որ ըստ համաձայնագրի կստեղծվի ներքին գործերի մարմինների համատեղ կոորդինացման կենտրոն, մաքսային ու հարկային մարմինների գործունեության համապատասխանեցում, Աբխազիայի բյուջետային ու հարկային օրենսդրության համապատասխանեցում ռուսաստանյան օրենսդրությանը, ավելին, աբխազական մաքսավորները պետք է ճանաչեն ռուսաստանյան մաքսավորների մաքսային վերահսկողության արդյունքները:
Պայմանագիրը նաեւ սահմանում է, որ Աբխազիայում միջին աշխատավարձը աստիճանաբար կհասցվի Ռուսաստանի Հարավային օկրուգում ընդունված չափերին, կբարձրացվեն թոշակները Աբխազիայում ապրող ՌԴ քաղաքացիների համար, սոցիալական փաթեթի բարելավում կրկին ՌԴ քաղաքացիների պարագայում: Առողջապահության, կրթության, դեղագործության ու մի շարք այլ ոլորտներում կներդրվեն ռուսաստանյան ստանդարտներ:
Կողմեր` Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա
Հասկանալի է, որ վրացական կողմում մտահոգված են այսպիսի պայմանագրի ստորագրման հավանականությամբ, անգամ եթե ավելի հաճախ նշում են, թե պայմանագիրն իրավական ուժ չունի` լինելով «ոչ իրավասու կողմի ստորագրությամբ»: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կողմից հնչել են կոչեր միջազգային հանրությանը` համարժեք գնահատական տալու նախապատրաստվող փաստաթղթին: Վրաստանը հասցրել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել ու քննարկել սպասվող ռուս-աբխազական պայմանագիրը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Վրաստանի արտգործնախարարությունը, թե միացյալ զինուժ ստեղծելու պայմանագիրը սռանալիք է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը: Ըստ նույն հայտարարության, պայմանագրի ստորագրումը «կդիտվի որպես վրացական հողերի անեքսիա»:
Ռուսաստանյան կողմից ռուս-վրացական կապերի առնչությամբ ոչ մի վտանգ չեն տեսնում: Այդ կապերը վտանգված կարող են լինել, ըստ այս շաբաթ ՌԴ արտգործնախարարության հայտարարության, եթե «Աբխազիան անեքսիայի ենթարկելու մասին շահարկումները շարունակվեն»:
Աբխազական կողմի համար, ըստ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի, պայմանագրի ստորագրումն ակնկալվում է մինչեւ այս տարեվերջ, իսկ փաստաթուղթն ինքնին ներկայացվում է որպես «Ռուսաստանի հետ տարածաշրջանային համագործակցության մեծացման» քայլ: Աբխազական զինուժի 22-րդ տարեդարձի օրը` հոկտեմբերի 11-ին, մինչ ի հայտ կգար փաստաթղթի տեքստը, Խաջիմբան արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, թե նոր պայմանագրի նպատակներից մեկն էլ, որ Աբխազիայի համար կենսական է, Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է:
Աբխազական հասարակության առումով դիրքորոշումն այդքան միանշանակ չէ: Սոցիալական ցանցերում քննարկումներն հիմնական հենց անկախության կորստի համատեքստում են, այն հավելումներով, որ փաստաթուղթն ինքնին անակնկալ էր, եւ փաստորեն տարիներ շարունակ Ռուսաստանի աջակցության համար ներկայացված հաշիվ է:
Ակնհայտ է, որ աբխազական նախագահական վերջին ընտրություններով ձեւավորված նոր իշխանությունը մեծագույն դժվարությունների առաջ է կանգնած, երբ անկախության ճանապարհը բռնած երկրում գրեթե ամեն ինչում ռուսաստանյան օժանդակությամբ է գոյատեւումն ապահովված: Այսինքն` իրականության կախվածությունը ռուսաստանյան աջակցություն-միջամտությունից ստեղծել է մի իրավիճակ, երբ աբխազական իշխանություններին ավելի հարմար է վերցնել սոցիալական բարեմասնություններով լիքը փաթեթ հիշեցնող պայմանագիրն ու առնվազն իրենց իշխանության ժամանակահատվածի համար ապահովել սոցիալական բարեփոխումների նշանակալի հատված:
Ոչ կենսաթոշակների բարձրացման առումով, բայց մնացյալի դեպքում, մի քիչ ավել, մի քիչ պակաս` կարծես ծանոթ իրավիճակ է, այդպես չէ՞…