ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ՀՀ գյուղոլորտն ու այն կառավարելու կոչված հարկատուներիս միջոցներով պահվող կառույցըՙ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաճախ է ոլորտի շահառուների, մեր հանրության որոշակի հատվածի ու մամուլի միջոցների կողմից քննադատության ենթարկվում: Եթե ընդունենք, որ քննադատությունը մի սուր է, որն ինքն է իր հասցրած վերքերն ապաքինում, ցավոք այս մոտեցումը ՀՀ գյուղոլորտը կառավարողի վրա դժվար է տարածել: Ապացույցըՙ երկրի պարենային անվտանգության ու ապահովվածության էապես խաթարված վիճակն է, երբ աշխարհի չորս կողմերից ներմուծվում է թե միս ու մսամթերք, թե կենդանական ու բուսական ծագման յուղեր, թե հատիկաընդեղեններ ու չոր կաթ, անգամՙ սոխ ու սխտոր: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը 1 բնակչի հաշվով թե գյուղատնտեսական նշանակության հողերով, թե առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար նպաստավոր վարելահողերով Երկիր- մոլորակի միջինից բարձր, հետն էլ ջերմային, ջրային ու մարդկային կարողունակություն ունի: Ուրեմն ի՞նչն է մեզանում պակասում:
Պակասում է ունեցածը համաշխարհային զարգացումների համաձայն կառավարելու ցանկությունն ասեմ, թե ունակությունը: Այլապես ինչ է տալիս ՀՀ տնտեսությանը, ասենք, կարտոֆիլի 600-800 հազար տոննա գերարտադրությունը, մրգերի ու բանջարեղենի 100 հազարավոր տոննաների բերքը, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների արտահանումը, երբ հումք ու բարիք արարողը չի կարողանում ոչ միայն տնամերձի ցանկապատն ու փլուզվող կացարանի տանիքը վերանորոգել, այլեւ անզոր է ամուսնանալու պատրաստվող տղայի համար անգամ մի փոքրիկ ննջարան կառուցել, որին արտերկիր է ուղարկում բանկից վերցված գումարի տոկոսները փակելու ակնկալիքով: Կամ զավեշտ չէ՞, երբ երկրում 100 մլն դոլար արժեցող շաքարի գերհզոր գործարան կա, իսկ շաքար ու դրա հումք արտերկրից է բերվում: Սյունիքում էլ իրանցի գործարարը 1 մլն դոլար արժողությամբ ոչխարի մորթի սպանդանոց կառուցեց, որը գրեթե չի գործում: Խոշոր եղջերավորի աննշան սպանդի պատճառով նույն վիճակն է կաշվի վերամշակման ոլորտում:
Այսուհանդերձ վերադառնանք կառավարելու խնդրին: Համաշխարհային փորձը, թե մեծ ու փոքր, թե սակավահող ու հողառատ երկրների վիճակագրությունը նախանշում են գյուղոլորտի հետեւյալ հիմնախնդիրները. 1-ինՙ սնունդ մարդկանց համար, 2-րդՙ լավագույնս կերակրել անասնագլխաքանակը եւ 3-րդՙ հումք մատակարարել արտադրությանը:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կփաստի, որ հիմնական համարվող առաջին երկու խնդիրները մեր գյուղոլորտն այնքան աննշան է լուծում, որ կարելի է այն չլուծված որակել, իսկ ահա երրորդում կարող ենք անգամ նվաճումներով հպարտանալ, որը տողերիս հեղինակը գնահատում է այլոց բանջարա-բոստանային ու ծխախոտա-ալկոհոլային կցորդ դառնալու գործելաձեւ:
ՀՀ գյուղոլորտի պաշտոնյաները, երկրի պարենապահովության ու անվտանգության պատասխանատու բարձրագույն այրերը զարմանալիորեն չունեն զավեշտալի այն իրողության բացատրությունը, թե ինչու է դրախտավայր որակվող մեր բնությունից օգտվող խոշոր եղջերավորը տարին հազիվ 2000 լիտր կաթ տալիս, խոզի մսի 1 կիլոգրամը 4000 դրամի է մոտենում, հավինըՙ 2000 դրամի, երբ հեռավոր երկրներից Հայաստան ներմուծված նույն ապրանքները նշվածի կես գնով են վաճառում: Զավեշտ ու զարմանք որակումները թերեւս շատ մեղմ են ասված: Մինչդեռ միակուսակցական Չինաստանը, լուծելով այսօրինակ հիմնախնդիրները, իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում բավարար ու բարերար բարոյա-հոգեբանական միջավայր է ապահովել:
Հեղինակիս ահազանգումները ՀՀ համապատասխան կառույցներ, առաջիկա տարիներին հատկապես անասնապահության ոլորտում դրական արդյունքներ ունենալու նպատակով երկրում ապահովել 300-400 հազարական տոննա եգիպտացորենի հատիկի արտադրություն, որպես լիարժեք անասնակերի հիմնական բաղադրիչ, ներմուծվող անասնակերի դիմաց, ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի կողմից գործնականության չի արժանանում: Խնդիրը նվազագույնս լուծելուց հետո է, որ պահանջ կծագի արտադրել 1 մլն տոննա եւ ավելի եգիպտացորենի հատիկ, որը կօգտակործվի ինչպես բուսական յուղ, այնպես էլ սպիրտ ստանալու նպատակով, որի ահռելի քանակներ տարբեր երկրներում փոխարինում են նավթին ու գազին:
Գյուղոլորտի հիմնական խնդիրներ համարվող մոտեցումները դիտարկենք փոքր երկիր Դանիայի ու գերհզոր ԱՄՆ-ի օրինակներով: Առաջինը 5 մլն-ից մի փոքր ավելի բնակչություն ունի, հայերիս զբաղեցրած տարածքի չափ տարածք, բայց յուրաքանչյուր տարի 5 մլն տոննա ցորեն է արտադրում, վստահեցնում եմ, ոչ իր բնակչությանը հաց ու մակարոնով կշտացնելու համար, այլՙ երկրում պահվող 1,6 մլն խոշորին, 13 մլն խոզերին, 15 մլն հավերին լիարժեք կերակրելու նպատակով: ՀՀ գյուղոլորտում անասնագլխաքանակը նվազագույն է, դրանց մթերատվությունն աննշան, գները… ինքներդ գիտեք: Իդեպ, դանիացիներն ափսոսանքով են նշում, որ իրենց հողերում ջերմասեր եգիպտացորեն չի աճում: Այս մշակաբույսը լավագույնս աճում է ջերմառատ ԱՄՆ-ում, ուր յուրաքանչյուր տարի 50-60 մլն տոննա ցորենի կողքին 300-350 մլն տոննա եգիպտացորենի հատիկ են արտադրում իրենց 160 մլն խոշորին ու խոզերին, 2 մլրդ հավերին լիարժեք կերակրելու համար: Երկիր մոլորակի գերհզոր տնտեսություն ունեցող այս երկիրը մենաշնորհ է հաստատում եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրության ու արտահանումների 40-ական տոկոսներին տիրապետելու առումով: Հայերիս կրկնակի տարածքն ունեցող Սերբիայում եգիպտացորենի հատիկի արտադրությունը վերջին տարիներին մոտենում է 7 մլն տոննայի: Եվ խնդրեմ. երկիրը սկսել է ՌԴ արտահանել կենդանական ծագման սննդատեսակների զգալի քանակներ:
Քառորդ դար արդեն եգիպտացորենի հատիկը աշխարհի թիվ 1 մշակաբույսն է, որի ծավալները մոտենում են 900 մլն տոննայի, երբ ցորենը հազիվ 700 մլն տոննա է: Եվրոպայում 2000-2011 թթ այս մշակաբույսի բերքը 63 մլն տոննայից հասել է 109 մլն տոննայի, այն աճեցնում են անգամ քաղաքների վարչական տարածքներում, մինչդեռ ՀՀ-ում գրեթե 0-ական վիճակ է: Ուրիշ ինչ գնահատական տալ, երբ 5 հազար տոննա հավի միս ենք արտադրում, 35 հազար տոննա ներմուծում, ինչ է թե խեղճ թռչունների լիարժեք կերը ներմուծվող է: Նույնն է խոզի մսի պարագայում, իսկ խոշոր եղջերավորների կաթնատվությունն ու մսաճը արտերկրի այծերի հետ կարելի է համեմատել: Ավելին. մեզանում գերադասում են բարեբեր հողերն օգտագործել առավել սակավ կերամիավոր պարունակող կերեր աճեցնելու նպատակով, որի դեմ, հեղինակիս բնորոշմամբ, բնությունն արձագանքում է երկնային նախազգուշացումներով, բնական աղետների տեսքով: Երկիր մոլորակի մարդիկ, սպիտակ, սեւ թե դեղնամաշկ, քրիստոնյա, մուսուլման թե բուդդիստ, բացարձակ մեծամասնությամբ գերադասում են կենդանական ծագման մատչելի գնի ու որակյալ սնունդ արտադրել ու սպառել, երբ մեր գյուղոլորտը հայաստանաբնակներիս պարտադրում է կարտոֆիլ, կարտոֆիլ ու դարձյալ կարտոֆիլ ուտել, քանզի այն ի հակադրություն այլ բուսատեսակների, կարելի է նաեւ առանց կենդանական ու բուսական ծագման յուղերի սպառել: Նաեւ հենց այս պատճառով են մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, որոնք երբեւէ որեւէ առնչություն չեն ունեցել հայրենի պաշտոնյաների կամ իրավապահների հետ, տրվում են արտագաղթի տրամադրության: Ասենք, Ավստրիա, ուր 1 բնակչի հաշվով վարելահողը նույնն է ինչ ՀՀ-ում, 1700 քառակուսի մետր, սակայն նախընտրում են 1,5-ական մլն տոննա ցորեն ու եգիպտացորեն աճեցնել, խոզի մսի արտադրությունը 600 հազար տոննայի հասցնել, այն նաեւ էապես զեղչված գնով վաճառել, որպիսին ցուցադրող լուսանկարը վերցրել ենք գովազդային թերթիկից (2.99 եվրոն ՀՀ արժույթով մոտ 1600 դրամ է): Այնպես որ ասվածն ու չասվածը մերոնց արածի ու չարածի հանդեպ քննադատություն չէ, այլ իրողություն, որը ցավալիորեն տեղավորվում է զավեշտի ու զարմանքի արանքում:
Այսպես էլ ապրում ենք:
25.08.2014 թ