Արդեն երկրորդ տարին է, որ ամառն անակնկալ է մատուցում մեր իրականությանը` գնում ենք ամառային արձակուրդ մեկ, սեպտեմբերին վերադառնում բոլորովին այլ իրավիճակում: Անցած տարի սեպտեմբերի 3-ի` Եվրասիական տարածքին Հայաստանի անդամակցության ցանկության բարձրաձայնմամբ ամեն բան փոխվեց 360 աստիճանով , այս տարի օգոստոսյան սահմանային լարումները ոտնիգլուխ շուռ տվեցին մեր կյանքը, ակտուալ դարձնելով լրիվ այլ օրակարգ: Ընդ որում` տարբեր մակարդակի մանր -մունր սադրանքները (ասենք` ինքնաթիռի չնախատեսված վայրեջք Երեւանում հարբած ադրբեջանցու պատճառով, ում ուզել էին հանձնել հայկական կողմին, կամ կեղծ դիվերսանտի մասին լուրը ադրբեջանական կողմից եւ այլն) ցույց են տալիս, որ նոր օրակարգը դեռ թելադրելու բավական ներուժ եւ դրդիչներ ունի, որքան էլ զարմանալի` փրկություն որպես անգործության մատնված մեր քաղաքական դաշտի համար, իսկ իրականում որպես բալաստ` աշխարհաքաղաքական փոփոխությունների հայկական մասին:
Ամառվա սկզբին Հայաստանի խորհրդարանական չորս ուժերին թվում էր, թե իրենք ակտուալ են եւ օրակարգ են թելադրում` վարչապետափոխություն, միասնական հանրահավաքի եւ թեժ աշնան հերթական խոստումներ սեպտեմբերի համար: Հիմա, չնայած նրան, որ այդ ուժերն էլի հանդիպում են, խոստանում միասին վճիռներ կայացնել, բայց այս օգոստոսի վերջին առավել, քան երբեւէ պարզ է դարձել, որ նրանք արդիական խնդիրներից կիլոմետրերով հեռու լինեն կարծես, քանզի այլ իրողություններ են դարձել օրվա տերը:
Անցնող ամառվա ընթաքում ցանցային մեդիայի ստեղծած արհեստական, հորինածին իրականությանն ու հերոսներին մի պահ փոխարինեցին ռեալ իրականությունն ու ռեալ հերոսներն` ի դեմս երկրին բազկի զորությունն ու կյանքը տված մեր զինվորների:
Օգոստոսի սկզբին «Ադրբեջան եւ ընկ.» հրահրած բլից-քռիգը մեծ հակահարված ստացավ հայկական կողմից, շփոթ բաժին հանելով ոչ միայն բերանը բացուխուփ անող եւ հոդաբաշխ բացատրություն չարտաբերող «Ադրբեջան եւ ընկ.»-ին, այլեւ` այսպես կոչված հայկական քաղաքական էլիտային, ով միանգամից ոչ ակտուալ դարձավ, ու մինչ գլխի կընկներ իրեն գցել սահման` դիրքերի ֆոնին նկարվելու, բանը բանից անցել էր. հասարակությունը ցույց էր տվել բանակի թիկունքին կանգնելու անսպասելի հաստատակամություն, իսկ օրվա հրամանատարությունն անցել էր սահմանին հրաշքներ գործող հայ զինվորին նախ, ապա եւ` Սեյրան Օհանյանին, ստվերելով ասֆալտի քաղաքական գործիչներին: Օհանյանն այլեւս գործոն է` ուզեն, թե չուզեն մեր գործարար-քաղաքականները, նրա հետ գուցե ստիպված կլինեն արդեն հաշվի նստել նաեւ քաղաքական որոշումներ կայացնելիս: Ասենք` Արցախ խաղաղարարներ մտցնելու դեմ հայտարարությունը Օհանյանն էր անում ու ոչ թե այլ պաշտոնյա, սա այլեւս փոխել չի լինի, իսկ դա ամենից կարեւոր քաղաքական հայտարարությունն էր օգոստոսի առաջին կեսին, երեք նախագահների Սոչիի հանդիպումից առաջ: Ու այս խորապատկերում հանկարծ ու պարզվեց` մեր պատգամավորները, պաշտոնյաները սահմանում նկարվելու մանկությունից չբավարարված սեր ունեն, ու քանի որ բանակ չեն գնացել, որ դիրքերում նկար ունենան, էս լարված պահին գլխապատառ իրենց գցեցին սահման ու մի մրցակցություն էր` դիրքում ով ավելի լավ նկար կունենա: Կամ` սկսեցին հանկարծ մտահոգվել սահմանամերձ գյուղի բնակիչների կյանքով` մինչեւ հիմա էլ կարծես չգիտեին, որ սահմանի գյուղացին արտոնության կարիք ունի, սահմանային համայնքի կարգավիճակի կարիք ունի: Աբսուրդ է, չէ՞, պատգամավորները հիմա նախաձեռնում են սահմանային համայնքին սահմանային համայնքի կարգավիճակ տալու նախագիծ: Ոնց որ ասես` խնձորի անունը խնձոր է: Բա էս քսան տարի ինչ էիք անում, թե՞ սահման ու սահմանի համայնք մինչեւ հիմա չունեինք:
Դուրս ու ներսից բոլորն էին փորձում օգտվել սահմանային իրավիճակից` Պուտինը նախաձեռնություն էր խլում` Սարգսյան-Ալիեւ հանդիպեցնելու, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայի դեսպանատնից հնչում էին ձայներ` թե իրենք զենք չեն վաճառում Ադրբեջանին, Հայաստանին բան էին հասկացնում, բայց էֆեկտը փոքր էր: Հարկ եղավ սահմանային լարվածության հետ կապված սովորաբար հնչող երկուստեք հավասարապես դատապարտումների պարիտետ խախտել անգամ, թե` Ադրբեջանն է մեղավոր սահմանային միջադեպերի համար: Դե, ԱՄՆ-ին էլ կարելի է հասկանալ. Ուորլիքը ճղվի, Օլանդն իրեն կոտորի` հանդիպեցնելու թեմայով, բայց Պուտինը հանդիպի ու հանդիպեցնի (թեեւ` զրո արդյունքով, ցուցափեղկ ընդամենը), անարդար է ի վերջո:
Դե իսկ «փլուզում», գազատարի «վթար», Հայաստան մտնող ճանապարհների պայթեցում անցած իննսունականներին տեսածներիս չես զարմացնի էս նոր «փլուզումներով» ու Վերին Լարսի ճանապարհի փակմամբ, դրանք գործիքներ են, որոնք մեր հանդեպ միշտ կիրառում են տարբեր ժամանակներում եւ զանազան հարցեր լուծելիս: Մանավանդ` զուգահեռաբար հայտնի է դարձել, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցը լուծվելու է (եթե, իհարկե, լուծվի) հոկտեմբերի 10-ին: Ու մնում է Հայաստանի արտադրանքը ռուսական կամ եվրասիական անծայրածիր շուկա արտահանելով երկիր զարգացնելու հույս ունեցողներին հարցնել` եթե Վրաստանն այլ տնտեսական տարածքում է, որտեղից փորձում են Ռուսաստանին պատժել, զրկելով եվրոպական ապրանքներից, ու մեր` ռուսական շուկա դուրս գալու միակ ճանապարհը Վրաստանով է անցնում, մեր հույսերը քանի՞ տոկոսանոց են, ու արդյո՞ք ռոմանտիզմի տարրերով չեն շաղախված դրանք: Վերին Լարսի ճամփին օրեր կանգնած ու փչացած գյուղատնտեսական արտադրանքը` փաստ:
Վերադառնալով մեր խորհրդարանական քառյակի օրակարգի երկրորդ կարգի թարմությանը, նշենք որ այստեղ անհամաձայնությունների նոր թեմա կա` սահմանադրական փոփոխությունների հետ կապված:
Ընդհանրապես` եթե մամուլը չկարդաս, չես իմանա, որ երկրին սահմանադրական փոփոխություններ են պետք, ու միայն դրանց ընդունմամբ, ախ, համակարգային փոփոխություններ կլինեն: Այսինքն` որ սահմանադրությունը փոխենք, լֆիկներն ու մյուսները ստվերից դուրս կգան, ու վարչապետը, ով էլ որ նա լինի, լրագրողներին չի ասի, որ միանգամից բոլորին ստվերից դուրս բերել հնարավոր չէ: Պարզվում է` քառյակի ներքին հակադրություններից մեկը հենց այս փոփոխությունների հետ կապված տարաձայնություններն են թելադրում. ՀՅԴ-ն կողմ է փոփոխություններին ու խորհրդարանական համակարգի անցնելուն, մյուսները, այդ թվում հատկապես քառյակի դոմինանտ համարվող ԲՀԿ-ն, գտնում են, որ այս պահին դրա ժամանակը չէ, չնայած` այս բոլորը տեսական խոսակցություն է, դեռ սահմանադրական փոփոխությունների նախագիծ սեղանին չկա: Բայց դա չի խանգարում քառյակին տարաձայնություններ ունենալ այս թեմայով: Իսկ ո՞վ անկեղծ չէ, եւ ո՞վ է ուզում իշխանության հետ իշխանություն կիսել, սա բացահայտելու համար շատ ժամանակ պետք չի լինի. ասացին` Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության ճակատագիրը կորոշվի հոկտեմբերի 10-ին, Մինսկի վեհաժողովում, ու հենց այս ամսաթվին են սպասելու, վստահ եմ, մեր քառագլուխ ընդդիմադիրները, ըստ այդմ վերադասավորելու համար իրենց ուժերն ու մինչ այս անորոշ տեսակետները: Կամ որ` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ուզում են դիմել ՍԴ` կենսաթոշակային ոլորտի նոր օրենքը վիճարկելու, մյուս երկուսը` «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, դա ժամանակի անիմաստ կորուստ են համարում, սա էլ մյուս տարակարծությունը. որովհետեւ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո համակարգը միեւնույն է վերանայվելու է՞, թե՞ որովհետեւ վարչապետը նաեւ ԲՀԿ-ի ցանկալի մարդն է, իսկ նա հանձն է առել կենսաթոշակային բարեփոխումները` կուտակայինով հանդերձ:
Ճիշտն ասած` մեզ համար զարմանալի երկար ձգվեց ընդդմադիրների` քառագլուխ ֆորմատով ընդդիմադիրություն անելը: Ընդհանրապես` խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո մեր ընդդիմադիրները միայն այն են անում, որ խաբս են տալիս` տարբեր թղթեր դեմ անելով հանրությանը, տարբեր պահանջներ ներկայացնելով ու կեղծ հույսերով կերակրելով իրենց կյանքը փոխել ցանկացողներին: Ավելի ազնիվ կլինի, որ որպես համակարգի մասն, նրանք, կամ նրանց մեծ մասը (ասենք` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն), ստանձնեն տարբեր պաշտոններ, ազնվորեն ներկայանան որպես իշխանության թեւ եւ դաշտն ազատեն` այն թողնելով իրական փոփոխություններ ցանկացող նոր խմբերի ու մարդկանց : Թե չէ` այս մղձավանջը, քառյակ անունով, դեռ երկար կլցնի ոչ իր տարածքը ու մարդկանց կզրկի իրենց երկրում ապագա ունենալու հույսից ավելի հաջողությամբ, քան դա անում են իշխանավորների չհաջողված առանձնյակները:
Քառյակի տարաձայնությունները խոսելու, թեժից գլուխ ազատելու մի թեմա` դեռ մոտակա օրերին ու ԱԺ առաջին նիստերին կձգի: Մյուս թեման մոտակա օրերի համար` Կալիֆոռնիայի սեենատի կողմից ԼՂՀ անկախության եւ նրա ժողովրդի ինքնորոշման ճանաչման որոշումն է` տասից տասին խփելու թեմա իսկական: Հետո էլ` Մոսկվան ի գիտություն ընդունել է Եվրասիական միությանն անդամակցելու Հայաստանի պայմանագիրը, Հայասատանը դեռ մտածում է դժվար կետերի մասին, ու Մեդվեդեւը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կգա, կասի իր ասելիքը: Սա էլ խոսելու թեմա, ու էլ կձգի մինչեւ հոկտեմբերի տասը, որպեսզի ըստ էության որեւէ վճռորոշ բան անելու պատասխանատվություն չստանձնի քառագագաթ կոնգլեոմերատը: Իսկ դե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու անխելք արարքները սահմանին մշտապես խոսելու թեմա են: Այնպես որ քառյակը, ինչպես , ի դեպ, եւ իշխանական քաղաքական էլիտան, մինչեւ հոկտեմբերի 10-ն անելիք կգտնեն: Դժվարը հետո է լինելու` ե՛ւ Հայաստանի մտնելու, ե՛ւ չմտնելու պարագայում: Բայց սա հետո վերլուծելու նյութ է:
Իսկ ընդհանրապես` ազգովին նոր «կուտ էինք կերել» ու լուրջ-լուրջ քննարկոււմ էինք` Թուրքիայի նախագահը կգա՞ Ցեղասպանության հարյուրամյակին Երեւան` արձագանքելով նախագահ Սարգսյանի հրավերին, թե՞ չի գա: Էրդողանը, է, որ առիթ-անառիթ արձանագրությունները կապում էր ղարաբաղյան կարգավորման հետ եւ ժխտելով ժխտում Հայոց ցեղասպանությունը, եւ վերջին շրջանի Թուրքիո ղեկավարներից ամենաագրեսիվն է հայկական խնդիրների հետ կապված: Է, «ջհանդամին» գա, բա դրա եկածն ու խոսածը մեզ պե՞տք են: Զուգահեռ վերջին թոփ թեման էր` թե Նալբանդյանը կմասնակցի՞ Էրդողանի երդման արարողությանը, թե չէ. ու կհանձնի՞ Էրդողանին նախագահ Սարգսյանի` 2015-ի ապրիլի քսանչորսին Հայաստան այցելելու գրավորր հրավերը: Տակից ուրիշ բան դուրս չգա՞ : Մանավանդ մեր դաշնակից Ֆրանսիայի արտգործնախարարը, պատասխանելով «Եվրոպա եւ Արեւելք» հանդեսի խմբագիր Վարուժան Սիրապյանին, հայտարարում է, որ Թուրքիան Ֆրանսիայի դաշնակիցն է: Ռուսներն էլ կավ դաշնակցություն են անում Թուրքիայի հետ: Էլ ո՞վ մնաց: