ԵՄ հետ ասոցիացման առասպելներն ու իրականությունը
Նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող երեք երկրներ` Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հանդիսավորությամբ ստորագրեցին Եվրոմիության (ԵՄ) հետ ասոցիացման համաձայնագիրը: Հիշեցնենք, որն նմանատիպ համաձայնագիր պետք է նախաստորագրվեր նաեւ Հայաստանի հետ: Սակայն, այն բանից հետո, երբ Հայաստանը որոշեց Մաքսային Միություն մտնել, ԵՄ պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը չի կարող լինել եւ Մաքսային Միության մեջ, եւ ԵՄ հետ ասոցիացվել: Հետագայում, նրանց վերջնագրային տոնը փոքր-ինչ մեղմացավ:
Այդուհանդերձ, Հայաստանի պարագայում ԵՄ հետ ասոցիացման հիմնական արդյունքը, հակառակ իշխանությունների կողմից պարբերաբար արվող լավատեսական հայտարարություններին, ոչ միայն չնչին նշանակություն էր ունենալու մեր տնտեսության համար, այլեւ քիչ իրատեսական էր դրան հասնելը: Խոսքը 4-5 տարի հետո ասոցիացման շնորհիվ հավելյալ 2,3 տոկոս տնտեսական աճ ունենալու մասին էր: Ասոցիացման արդյունավետության դեմ բերվող հակափաստարկները բազմաթիվ էին` սկսած ԵՄ հետ ազատ տեղաշարժի բացակայությունից մինչեւ հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում տեղ զբաղեցնելու անհավանականությունը: Պարզ է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ վերոնշյալ երեք երկրների հետ ԵՄ հետ ասոցիացման բուն նպատակը քաղաքական է` սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Ինչ մնում է տնտեսական բաղադրիչին, ապա այն չի արդարացնելու այդ երկրներում այդ համաձայնագրին հավատացողների ակնկալիքները: Ընդ որում, անգամ եթե հաշվի չառնենք Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սկիզբ առած «արգելքների պատերազմը»:
Հավելյալ վճար արտահանման ենթակա վրացական 28 ապրանքների համար
Վրաստանի հետ «խորը եւ համապարփակ» համաձայնագրում, եվրոչինովնիկները Վրաստանից Եվրոմիության երկրներ արտահանելու դեպքում 28 ապրանքների համար սահմանել են լրացուցիչ վճարներ: Դրանք պատահական ապրանքներ չեն` բոլոր ցիտրուսային եւ մնացած մրգերը (խաղող, տանձ, խնձոր, մանդարին եւ այլն), բանջարեղենը, ընդ որում ինչպես թարմ վիճակով, այնպես էլ վերամշակված: Փաստորեն, բոլոր այն ապրանքները, որոնք Վրաստանը գոնե տեսականորեն կարող էր արտահանել դեպի ԵՄ երկրներ: Եվրոպական շուկա մտնելն ինքնին մեծ ծախսեր է պահանջում` ստանդարտներին համապատասխանեցման, մարկետինգի, գովազդի համար, դրանով բավականին բարձացնում ինքնարժեքը եւ քիչ հավանական դարձնում արտահանումը, էլ չենք խոսում փաթեթավորման եվրոպական չափանիշների մասին, որոնք համեմատության ոչ մի եզր չունեն վրացական ավանդական շուկաների պահանջների հետ: Պարզ է, որ լրացուցիչ վճար սահմանելու դեպքում այդ հավանականությունը շատ ավելի է նվազելու:
Մինչդեռ, Վրաստանից արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ եւ հիմնականում Ռուսաստան կազմել է այդ երկրի ընդհանուր արտահանման 52 տոկոսը, այն պարագայում, երբ դեպի ԵՄ երկրներ` 22 տոկոս: Մեկ հետաքրքրական փաստ: Երբ Ռուսատանը բացեց իր շուկան վրացական գինիների, հանքային ջրերի եւ մասամբ նաեւ գյուղմթերքների առաջ, այս ապրանքների արտահանման ցուցանիշը 45 մլն դոլարից դարձավ 190 մլն դոլար: ԵՄ հետ ասոցիացման ջատագովները ոչ մի կերպ չեն բացատրում, թե ինչո՞վ էր պայմանավորված այս ապրանքների արտահանման անկումը Ռուսաստանի կողմից դրանց ներմուծումն արգելելուց եւ կտրուկ աճը` թույլատրելուց հետո, ինչո՞ւ վրացական ապրանքներն այդ ընթացքում չկարողացան հաստատվել ԵՄ շուկայում: Չեն բացատրում, որովհետեւ հարկ կլինի նաեւ բացատրել, թե ինչպե՞ս են դրանք արտահանվելու դեպի ԵՄ շուկա ասոցիացումից հետո, անգամ եթե չավելանար լրացուցիչ վճարը:
Ե՞րբ, քանի՞ տարիների ընթացքում վրացական եւ ոչ միայն վրացական արտադրողները պետք է վերազինեն իրենց արտադրությունները, սեփական բրենդը ճանաչելի դարձնեն ԵՄ երկրներում, ի՞նչ միջոցներով դա պետք է անեն եւ այդ տարիների ընթացքում որտե՞ղ պետք է սպառեն իրենց արտադրանքը, եթե ավանդական ռուսական շուկան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դարձյալ փակվի: Ի՞նչ երաշխիք, որ այդ ամենից հետո, ԵՄ անդամ երկրների (Հունաստան, Կիպրոս, Իսպանիա, Իտալիա, Բուլղարիա, նաեւ Իսրայել) համանման ապրանք արտադրողները չեն սկսի «նեղվել» իրենց նոր մրցակիցներից եւ չեն պահանջի նոր ստանդարտներ սահմանել նրանց արտադրանքի համար:
Այլ բան է մարդու իրավունքների պահպանման, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսելը եւ անգամ գումարներ տրամադրելը, այլ բան, երբ բախվում ես տնտեսական իրողությունների հետ: Վերոնշյալ նպատակների համար դրամաշնորհները ներդրումներ չեն եւ ոչ մի կերպ չեն կարող նպաստել տարեկան 4,3 տոկոս հավելյալ տնտեսական աճին, ինչը խոստանում է ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիրը Վրաստանին:
Չմոռանանք նաեւ, որ Վրաստանն ունի քաղաքական հակամարտություններ Ռուսաստանի հետ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի առնչությամբ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը միայն տնտեսական լծակները չէ, որ կարող է օգտագործել իր շահերը պաշտպանելու համար:
Մոլդովա` քվորտաներն ավելացնելու ԵՄ-ն խոստումը մինչ իր նկատմամբ Ռուսաստանի պատասխան արգելքն էր
Մոլդովայի համար ԵՄ ասոցիացումը խոստացել է 5,4 տոկոս հավելյալ տնտեսական աճ, բնականաբար այս բարեփոխումների, ստանդարտների համապատասխանեցման, արտադրությունների վերազինման եւ այլ պահանջների բավարարման դեպքում: Մոլդովային խոստանում են առանց վճարների գյուղմթերքների արտահանում դեպի ԵՄ շուկա, իսկ որոշ` առավել զգայուն մթերքների համար` որոշակի անցումային ժամկետ: Այդուհանդերձ, այս երկրի համար նույնպես կառաջանան նույն բարդությունները եվրոպական շուկա մուտք գործելիս` մասնավորապես գյուղմթերքների առումով: Արդյունաբերական արտադրության մասին խոսելն իսկ անիմաստ է, քանի որ մոլդովական արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է այդ երկրից իրեն անկախ հայտարարած Մերձդնեստրյան Հանրապետութունում: Ի դեպ, այն եւս մեկ խաղաթուղթ է Ռուսաստանի ձեռքին: Չնայած այս պահին Ռուսաստանը կիրառում է միայն տնտեսական լծակները:
Հուլիսից «Ռոսպետհսկողությունը» արգելել է մոլդովական մսի, մրգերի եւ բանջարեղենի եւ դրանց պահածոների ներմուծումը իր երկիր` անվտանգության չափանիշներին անհամապատասխանելու պատճառաբանությամբ: Անցյալ տարվա սեպտեմբերին նման սահմանափակում Ռուսաստանը մտցրել էր մոլդովական ալկոհոլի ներմուծման համար: Այս քայլերը, բնականաբար, ծանր վիճակ են ստեղծել Մոլդովայի համար, քանի որ միայն մրգերի արտահանումը Ռուսաստան կազմում է այդ երկրի ամբողջ արտահանման 15 տոկոսը: Ի՞նչ է անում Եվրոմիությունը:
ԵՄ-ն խոստանում է ավելացնել մոլդովական գյուղմթերքների` առանց վճարների դեպի ԵՄ արտահանման քվոտաները` հոկտեմբերի 1-ին, բայց մոլդովական կողմի խնդրանքով` օգոստոսի 1-ից: ԵՄ-ն խոստանում է, բայց դա անելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ ոչ միայն բավականին ծախսեր ու հավելյալ բարդություններ է ենթադրում , այլեւ, որ այդ խոստումը տվել է մինչեւ Ռուսաստանի կողմից ԵՄ-ում արտադրվող մթերքների ներմուծման արգելքը, ինչը փաստացի նշանակում է, որ ստեղծված իրավիճակում դժվար թե այդ քվոտաները հատկացնեն Մոլդովային:
Այնուամենայնիվ, Մոլդովան ունի մի առավելություն` «ավագ եղբայր», ԵՄ անդամ Ռումինիան: Երբ նշվում է, որ 2013-ին մոլդովական ապրանքերի արտահանումը դեպի ԵՄ ավելացել է, հարկ է ընդգծել, որ դա տեղի է ունեցել առավելապես դեպի Ռումինիա արտահանման որոշ ավելացման շնորհիվ: Սակայն, դեռեւս անհասկանալի է, թե որքանո՞վ Ռումինիայի առկայությունը կնպաստի Մոլդովայի ինտեգրմանը ԵՄ-ին: Մանավանդ, որ ԵՄ մտնելուց հետո, ռումինական տնտեսությունը նույնպես ծանր ժամանակներ է ապրում: Ակնհայտ է մեկ բան, որ մոլդովական ապրանքները ԵՄ շուկայում հաստատվելու համար ունեն նույն խնդիրները, ինչ վրացական եւ նախկին խորհրդային տարածքի որեւէ այլ երկրի ապրանքները:
Միաժամանակ, առանց մաքսերի առեւտրի պարագայում, եվրոպական ապրանքներն ավելի հեշտությամբ կգրավեն Մոլդովան: Այդ երկրի բնակչության համար կարճաժամկետ հատվածում դրական կլինի, բայց տեղական արտադրողների, այդ թվում գյուղմթերքներ արտադրողների համար դա կլինի քաշային կարգերի անհավասար պայքար` ենթադրելի ելքով:
ԵՄ հետ Ուկրաինայի ասոցիացումը մեկ տարում արժենում է 37 մլրդ դոլար` չհաշվածի պատերազմի կորուստները
Ուկրանինայի համար ԵՄ ասոցիացումը ամենածանր հետեւանքներն է ունենալու` անկախ այդ երկրի հարավ-արեւելքում շարունակվող եւ հսկայական նյութական ու մարդկային ռեսուրսներ խլող պատերազմից եւ Ղրիմի անջատումից: Երբ Վիկտոր Յանուկովիչը հետաձգեց այդ համաձայնագրի ստորագրումը, դրա հետեւում առավելապես տնտեսական պատճառներն էին: Ասոցիացումը, ըստ ուկրաինական կառավարության այն ժամանակվա հաշվարկների, երկրի տնտեսության վրա կարժենար 37 մլրդ դոլար, քանի որ Մաքսային Միության երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի առեւտուրը կրճատվելու էր երեք անգամ, իսկ դրա փոխհատուցման մասին ԵՄ-ն ոչինչ չէր ասում: Դրա համար էլ ԵՄ-ն նախընտրեց պայմանագրի ստորագրման այլ տարբերակ` հեղաշրջմամբ փոխելով քաղաքական իշխանությունը Ուկրաինայում:
Սակայն դառնանք ԵՄ հետ ասոցիացման ուկրաինական կորուստներին, որոնց համարժեք փոխհատուցում ԵՄ-ն ցանկության դեպքում անգամ չի կարող տալ: Ուկրաինական վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Օխրիմենկոյի տեղեկացմամբ, ԵՄ հետ ասոցիացման ստորագրումից հետո Ուկրաինայի ՀՆԱ-ն առաջին իսկ տարում կկրճատվի 11 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը գրեթե նույն` 10 տոկոս անկում է կանխատեսում այս տարի Ուկրաինայի տնտեսության համար:
ՀՆԱ-ի անկումը առաջիկա հինգ տարիներին կկազմի 25 տոկոս, քանի որ այդքան է կազմում Ուկրաինայից Ռուսաստան արտահանման ծավալը: Կորուստները ավելի մեծ կլինեն, քանի որ ԵՄ հետ համաձայնագիրը սահմանում է մետաղագործական, քիմիական գործարանների, ջերմաէլեկտրակայանների եւ ընդհանրապես բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների վերազինման խիստ պահանջներ: Այդ ամենի իրականացումը գնահատվում է 150-160 մլրդ դոլար առաջիկա 10 տարվա ընթացքում: Թեեւ ուկրաինական իշխող քաղաքական ուժի քարոզչությունն առասպել է համարում այդ թիվը, բայց իրականությունն այն է, որ իրականում դրանից ավելի մեծ գումար կպահանջվի :
Վերոնշյալ թիվը այս պահի հաշվարկներով է արված, սակայն ուկրաինական անկայուն տնտեսությունում այս նպատակով խոշոր ներդրումներ անել ցանկացողներ չկան: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից խոստացված 13 մլրդ դոլարը գնալու է միայն վարկերով հստակ սահմանված միջոցառումների ֆինանսավորմանը: Հետեւաբար, որքան ավելի հետաձգվեն ներդրումները խոշոր ձեռնարկություններում, այնքան դրանց վիճակն ավելի կվատանա, իսկ պահանջվող ներդրումների ծավալը կավելանա: Այս պարագայում նախատեսված 10 տարի անցումային ժամկետը կարող է ձգվել տասնամյակներ: Դժվար է երեւակայել, որ դա առանց ցնցումների տեղի կունենա:
Ասվածին եթե ավելացնենք Ուկրաինայի արդյունաբերական կենտրոն Դոնբասի ավերումը պատերազմական գործողությունների հետեւանքով, ապա այդ երկրի տնտեսութայն հեռանկարները առավել քան մռայլ են դառնում:
ԵՄ ասոցիացման համաձայնագիրը Ուկրաինային պառակտումից, տնտեսական անկումից, պատերազմից եւ սոցիալական վիճակի վատթարացումից բացի ոչինչ չի տվել առայժմ: Իսկ ապագայի վերաբերյալ կանխատեսումներին ու դրանց հիմնավորումներին արդեն անդրադարձանք:
Ի՞նչ կփոխեն Ռուսաստանի պատասխան արգելքները Արեւմուտքին
Ռուսաստանի կողմից` ԱՄՆ-ից, Կանադայից, ԵՄ երկրներից սննդամթերքի ներմուծման արգելքները առաջին հերթին հարվածելու են հենց հետխորհրդային երեք երկրներին: ԵՄ երկրների գյուղմթերքներ արտադրողներն իրենք չգիտեն, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են սպառելու իրենց ապրանքը, իսկ կառավարությունները, թե որքա՞ն եւ ինչպե՞ս են փոխհատուցելու նրանց կորուստները: Արեւմտյան ճնշումներին Ռուսաստանի պատասխան քայլերի հետեւանքով, միայն ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը նվազելու է 12 մլրդ եվրոյով: ԵՄ ղեկավարները խոսում են միայն 400 մլն եվրո փոխհատուցման հնարավորության մասին: Բնական է, որ այդ փոխհատուցումը չի տրվելու Մոլդովային, Վրաստանին կամ Ուկրաինային, քանի որ որպես փոխհատուցում անգամ ԵՄ երկրների գյուղմթերք արտադրողների համար դա չնչին գումար է: Վերջիններս հարկադրված են լինելու ԵՄ շուկայում ավելի ցածր գներով վաճառել իրենց մթերքները, կրկնակի կորուստներ ունենալով: Նման պայմաններում հազիվ թե ԵՄ ղեկավարությունը քվոտաներ ավելացնի մոլդովական ապրանքների կամ լրացուցիչ վճարները հանի վրացական ապրանքների համար:
Վերոնշյալը հաստատում է փաստարկը, որ ԵՄ հետ ասոցիացումը` ԵՄ եւ հետխորհրդային երկրների քաղաքական որոշակի շրջանակների շահերին համապատասխանող, բայց տնտեսական իրողություններին եւ տրամաբանությանը դեմ գնացող, քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր էին: Հայաստանը գուցե ակամայից եւ բարեբախտաբար չգնաց այդ ճանապարհով, իսկ երկրի իշխանություները կարողացան ճիշտ կողմնորոշվել առկա իրողությունների եւ ոչ իրատեսական հեռանկարների միջեւ: