ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ.
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆ.
ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(գիտնականը, դասախոսն ու քաղաքացին)
Պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկարամյա դասախոս, վաստակաշատ գիտնական, հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի 90-ամյակը լրացավ այս տարի, սակայն շատ ափսոս, որ նա չի զգալու իր հոբելյանական տարելիցի բերկրանքը: Նրա ապրած կյանքի իմաստավորված 74 տարիները դեռ երկար են զգացնել տալու բեղմնավոր վաստակի արգասիքը:
Ստեփան Մելիք-Բախշյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 15-ին Նախիջեւանի Շահկերտ (Ղազանչի) գյուղում: Այդ նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը խախտելով 1921թ. Մոսկվայի մարտի 16-ի համաձայնագիրը, Կենտրոնի թույլտվությամբ, Նախիջեւանը հայտարարել էր ինքնավար հանրապետություն եւ բռնակցելՙ ոտնահարելով հայ ժողովրդի ազգային շահերը: Կարճ ժամանակում Նախիջեւանի ամբողջ հայությունը, այդ թվում Մելիք-Բախշյանների ընտանիքը, ենթարկվեց հալածանքների եւ սոցիալ-տնտեսական բռնաճնշումների, որի հետեւանքով երկրամասը ամբողջովին հայաթափվեց:
1945 թվականին Ստ. Մելիք-Բախշյանը գերազանց առաջադիմությամբ ավարտելով Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետըՙ ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրանՙ աշակերտելով անվանի պատմաբաններ Սուրեն Երեմյանին եւ Աշոտ Աբրահամյանին: Ուսման ընթացքում նա դրսեւորել է գիտահետազոտական աշխատանք կատարելու ակնհայտ հակումներ, ուստի պատահական չէ , որ 1949թ. պաշտպանել է «Պավլիկյան շարժումը Հայաստանում» թեմայով թեկնածուական թեզ եւ աշխատանքի անցել համալսարանի Հայոց պատմության ամբիոնումՙ դոցենտի պաշտոնով: Միջնադարյան Հայաստանի պատմության առանցքային հիմնախնդիրներից մեկը հանդիսացող վերոնշյալ թեմայի ուսումնասիրությունը վկայում է, որ երիտասարդ հետազոտողը բռնել է չտրորված արահետներով ընթանալու եւ գիտության մեջ իր ինքնուրույն խոսքն ասելու դժվարին, բայց շնորհակալ ուղին: Ուսումնասիրությունը Ստ. Մելիք-Բախշյանը իրականացրել է սկզբնաղբյուրների վերլուծության, երկրի սոցիալ-տնտեսական եւ հասարակական զարգացման խոր ու բազմակողմանի հետազոտության, հարակից երկրների տարաբնույթ շարժումների հետ զուգահեռներ անցկացնելու հիման վրա, որը եւ մեծապես նպաստել է նրա լայն աշխարհայացքի ձեւավորմանը: Սույն ատենախոսությունը իբրեւ մենագրություն լույս է տեսել 1953թ. հայերեն, իսկ 1955թ. ռուսերենՙ մեծ ճանաչում բերելով պատմաբանին: Մենագրության մեջ տրված է պավլիկյան շարժման ամբողջական, ընդհանրացնող պատմությունըՙ սկզբնավորումը, ընթացքը, գաղափարախոսությունը: Տարաբնույթ աղբյուրների հիմնավոր իմացությունը եւ մասնագիտական գրականության քաջատեղյակությունը զուգորդելով քննական ու վերլուծական կարողությունների հետՙ գիտնականը պատմագիտության մեջ առաջիններից է, որ ուսումնասիրության նյութ դարձրեց նաեւ վաղ ավատատիրական պատմաշրջանում (V դար) աղանդավորական շարժումներիՙ մանիքեության, բորբորիտների եւ մծղնեության պատմությունը («Սոցիալական շարժումները Հայաստանում V դարում», 1950թ.):
Ստ. Մելիք-Բախշյանը ծավալել է բուռն գիտական գործունեությունՙ հաջողությամբ զբաղվել միջնադարյան Հայաստանի ամենատարբեր հարցերի ու խնդիրների գիտական հետազոտությամբ: Հայ ժողովրդի միջնադարյան պատմության ուսումնասիրության ասպարեզում լուրջ ներդրում է նրա «Հայաստանը VII-IX դարերում» ստվարածավալ մենագրությունը (1968թ.), որտեղ քննարկված է դեպի Հայաստան արաբների կատարած արշավանքների, նրանց տիրապետության, հակաարաբական ազատագրական պայքարի պատմությունը: Այս նույն թեմայով դեռեւս 1965թ. նա պաշտպանել էր դոկտորական թեզՙ ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Ստ. Մելիք-Բախշյանի գիտական հետաքրքրությունների հիմնական առանցքը միջնադարյան Հայաստանի պատմությունն էր, որի հետազոտությամբ նա շարունակեց Ն. Ադոնցի, Հ. Մանանդյանի ու մյուս մեծերի գործը: Խոր եւ բազմակողմանի գիտելիքները, միանգամայն ինքնուրույն դատողությունները, տրամաբանական եզրակացություններ անելու ունակությունները հնարավորություն են տվել նշանավոր հայագետին քննվող հարցերին մոտենալ նորովիՙ նոր հարցադրումներով: Նրա կողմից հայոց միջնադարյան պատմության մեջ մշակված շատ դրույթներ կա՛մ հիմնովին փաստարկվել են, կա՛մ էլ լուսաբանվել ու բացահայտվել են պատմագիտության նվաճումների լույսով:
Ստ. Մելիք-Բախշյանը նշանակալից վաստակ ունի նաեւ միջնադարյան հայ մշակույթի պատմության ու նրա առանձին գործիչների գործունեության ուսումնասիրության ուղղությամբ: Լայն ճանաչման են արժանացել « Ղազար Փարպեցի» (1958), «Անանիա Շիրակացի» (1958, հեղինակակից), «Մեսրոպ Մաշտոց» (1959, ռուսերենՙ 1962, հեղինակակից) փոքրածավալ, սակայն բովանդակալից գիտահանրամատչելի ուսումնասիրությունները, Ակների գրչության դպրոցին նվիրված ակնարկը (1968) եւ բազմաթիվ այլ աշխատություններ: Համապարփակ բնույթի, հիրավի մեկ շնչով ընթերցվող, պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այս գործերում Ստ. Մելիք-Բախշյանը զգալի տեղ է հատկացրել միջնադարյան նշանավոր գործիչների պատմագիտական ու աշխարհագրական բնույթի աշխատությունների քննական վերլուծությանը: Աշխատություններում առաջին անգամ շրջանառվում են բազմաթիվ նորահայտ փաստաթղթեր եւ նյութեր, որոնք նոր խոսք են հայոց պատմագրության մեջ:
Հայագիտության համար չափազանց մեծ, մնայուն ու կոթողային արժեք ունի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը» հինգհատորյակը, որը նշանավոր գիտնականը կազմել է պրոֆեսորներ Թ. Խ. Հակոբյանի եւ Հ. Խ. Բարսեղյանի հետ: Բազմակողմանի հետազոտությունների արդյունքում ամփոփված ու տրված են յուրաքանչյուր տեղանվան բոլոր տարբերակները, տեղանքի բնույթը, աշխարհագրական դիրքը, վայրի պատմության ազգային, տնտեսական ու մշակութային հակիրճ տվյալները: Պատահական չէ, որ այս արժեքավոր աշխատության հինգհատորյակը 2003 թ. արժանացել է ՀՀ նախագահի, ինչպես նաեւ ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին: Հայագիտական մնայուն եւ բարձրարժեք գործ է նաեւ Ստ. Մելիք-Բախշյանի «Հայոց պաշտամունքային վայրեր» (Եր., 2009) հանրագիտարանային բառարանը: Պրոֆ. Ստ. Մելիք-Բախշյանը լուրջ վաստակ ունի նաեւ ուսումնական ծրագրերի գիտական մշակման, բուհական դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների ստեղծման գործում: Նա հեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն» 12 պրականոց ձեռնարկի երրորդ պրակի (1958), հեղինակակիցՙ «Հայ ժողովրդի պատմություն» քառահատոր դասագրքի առաջին հատորի (1963), երկհատոր դասագրքի առաջին հատորի (1975) համապատասխան բաժինների: Վերջինս մինչեւ այժմ էլ օգտագործվում է ուսանողության կողմից իբրեւ հայոց պատմության բուհական դասագրքի լավագույն օրինակ: 1993թ նա հրատարակեց «Հայոց պատմություն. բուհ ընդունվողների համար» (սկզբից մինչեւ XVIII դարի վերջը) օգտակար ձեռնարկը: Հատկապես բարձր գնահատականի է արժանի նրա «Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական դասագիրքը, որը ունեցավ երեք հրատարակություն (1979,1989 եւ 1996): Այստեղ ըստ ժամանակաշրջանների (Խեթական թագավորությունից մինչեւ XVIII դարի վերջը) ներկայացված եւ դասակարգված են Հայաստանի պատմությանը վերաբերող հայ եւ օտար սկզբնաղբյուրները, տրված է դրանց աղբյուրագիտական արժեւորումը: Հայոց գրերի եւ գրչության զարգացման պատմությանն է նվիրված պրոֆեսորի հեղինակած «Հայկական հնագրություն» դասագիրքը (1978), որտեղ մանրամասն քննարկվել են հայոց այբուբենի, գրչարվեստի, տոմարի եւ հայկական հնագրության հետ առնչվող բազմաթիվ հարցեր: Նրան բնորոշ էին արգասավոր աշխատասիրությունը, գիտական բարեխղճությունը, մշտական գիտական որոնումների ձգտումը: Նրա հմուտ ղեկավարությամբ մի քանի ասպիրանտներ, հայցորդներ ու գիտական աշխատողներ պաշտպանել են ատենախոսություններ:
Ինչպես տեսնում ենք, նշանավոր գիտնականի կեսդարյա վաստակը ծանրակշիռ է եւ ուսանելի: Մասնագիտական բարձր որակը, պահանջկոտությունը իր եւ շրջապատի նկատմամբ, սուր հումորը բնորոշ էին Ստ. Մելիք-Բախշյան անհատականությանը:
Ստ. Մելիք-Բախշյանը լինելով լայնախոհ, սկզբունքային, քաղաքացիական բարձր նկարագիր ունեցող հայրենասեր մտավորականՙ միաժամանակ սիրված դասախոս էր ուսանողության շրջանում: Բավականին հետաքրքրական ու բովանդակալի էին, փաստերով հագեցած, տրամաբանական կուռ հիմքի վրա կառուցված նրա դասախոսությունները, որոնց բնորոշ էին բարձր գիտական մակարդակն ու մատչելիությունը: Հարուստ եւ բազմակողմանի գիտելիքներով օժտված գիտնականը շուրջ հիսուն տարի «Հայոց պատմություն», «Անդրկովկասյան ժողովուրդների հին եւ միջնադարյան պատմություն», «Հայոց պատմության, հնագրություն ու աղբյուրագիտություն» եւ այլ առարկաներ է դասավանդել Երեւանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում: Պրոֆեսոր Ստ. Մելիք-Բախշյանը անմնացորդ նվիրումով իր գիտելիքներն է հաղորդել բազմաթիվ ուսանողների: Նրա հարյուրավոր սաներ աշխատում են հանրապետության գիտակրթական ու մշակութային բազմաբնույթ ոլորտներում, հաջողությամբ ղեկավարելով հանրապետության սոցիալ-տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքի բազմաթիվ հանգուցային բնագավառներ:
Գիտությունն իր մեջ ամբարած Ստ. Մելիք-Բախշյանին գիտական անաչառության հետ մեկտեղ բնորոշ էր ազգային շահի գիտակցումն ու պետական մտածողությունը: Այդ որակներն էին, որ իբրեւ դասախոս եւ մանկավարժ նա ջանում էր ներարկել երիտասարդ բազմաթիվ սերունդների մեջ: Տասնամյակներ շարունակ կատարած գիտամանկավարժական հայրենանվեր աշխատանքով ու անմնացորդ նվիրումով Ստ. Մելիք-Բախշյանը մեծ հեղինակություն էր վայելում հանրապետության մտավորականության եւ ժողովրդի լայն շրջանակներում:
Ստ. Մելիք-Բախշյանը վախճանվել է 1998թ. մարտի 28-ին Երեւանում: Նա մինչեւ իր կյանքի վերջը երիտասարդական եռանդով ու ավյունով ծառայում էր իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Նա բացառիկ ունակություններով օժտված անհատականություն էր, պարզ, անկեղծ ու բարյացկամ: Նրա մարդկային բարձր ու առինքնող հատկանիշներն էին համեստությունը, բարությունը, ազնվությունն ու գործին նվիրվածությունը, որի շնորհիվ վայելում էր ողջ կոլեկտիվի եւ ուսանողության սերն ու համակրանքը: Ստեփան Մելիք-Բախշյանի գիտա-կրթական բեղուն գործունեությունը հայագիտությանը անմնացորդ նվիրվելու դաստիարակչական փայլուն օրինակ է բոլորին, առավելապես երիտասարդության համար:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ.