Կապիտալիզմի արշալույսին` մանուֆակտուրաների բուռն ծաղկման շրջանում, Եվրոպայի անկյուններից մեկում ի հայտ եկավ մի արտահայտություն. «Ոչխարները կերան մարդկանց»: Շատերին հայտնի անգլիական այս թեւավոր խոսքն այսօր` առավել քան երբեւէ, մի փոքր վերապահությամբ արդիական է մեզ` երեւանցիներիս համար. ոչ թե ոչխարները, այլ ավտոմեքենաներն են ուտում մարդկանց: Թող տպավորություն չստացվի, թե ընդհանրապես դեմ եմ ավտոմեքենաներին ու մարդկությանն ու քաղաքակրթությանը նրա պարգեւած բարիքներին:
Հենց վերջին հանգամանքի մասին էլ ուզում եմ խոսել: Տարիներ առաջ, երբ կառուցեցին Օղակաձեւ զբոսայգու ճեմուղիներն ու շատրվան-ջրավազանների հոյակերտ համակցություն համալիրը, հպարտանում էինք: Հնչեցին նույնիսկ ներբողներ եւ, ոչ ավել ոչ պակաս, դրանք անվանվեցին «քարե սիմֆոնիաներ»: Ամենօրյա ճանապարհս անցնում է այդ այգու «Վերնիսաժ» անունն ստացած հատվածով: Ասել է թե ամեն օր ականատես եմ լինում մի երեւույթի, որն համատարած է դարձել ու խեղդում, ճնշում ու թեւաթափ է անում: Այգու գրեթե բոլոր հատվածներում ավտոմեքենաներ են կայանված: Փորձեք անցնել այգու ճեմուղիներով եւ յուրաքանչյուր վայրկյան կարող եք վտանգել ձեր կյանքը: «Քաղաքի կենտրոնն է, մարդաշատ, պետական ու գերատեսչական մեծաքանակ շենքեր են գտնվում մոտակայքում եւ հավանաբար այդ պատճառով է վիճակն այդպիսին»,- հաճախ մտորում ու հանգստացնում էի ինքս ինձ: Բայց արի ու տես, որ նույն պատկերն է քաղաքիս գրեթե բոլոր մասերում: Իսկ ամենացավալին այն է, որ ավտոմեքենաների այդ գրոհն օրեցօր ուժգնանում է, նոր թափ հավաքում, նորանոր զարգացումներ ու ձեւեր ստանում:
Այսպես` դեռեւս 90-ականներին ավտոմեքենաների ծավալած ավտոտնակային տեսքով շարժումն առանց որեւէ լուրջ դիմադրության հանդիպելու` նվաճեց բակային ազատ տարածքներն ու երեխաներին խցկեց փոքրիկ «միկրո» խաղահրապարակները: Դեռ լավ է, որ քաղաքապետարանը վերջերս ուշադրությամբ բարեկարգում, հարդարում ու գեղեցկացնում է դրանք, թե չէ մեր բակերից իսպառ կդադարեին լսվել մանկական խաղն ու ծիծաղը:
Ավտոմեքենաների թվաքանակի աննախադեպ ավելացման ու նոր` ավելի լայնածավալ գրոհի արդյունքում աստիճանաբար պակասեցին կանաչ տարածքներն ու թփերը: Ուշ երեկոյան ժամերին մտեք որեւէ բակ եւ կհամոզվեք, որ մեքենաները կայանված են նախկինում կանաչ ու ծառահարուստ հատվածներում, որոնց հետեւանքով այդ կանաչի ու թփերի հետքերն են միայն հիշեցնում իրենց երբեմնի գոյության մասին: Այսինքն` աստիճանաբար պակասում ու անհետանում են մեր քաղաքի թոքերը, մեզ թթվածին պարգեւողները:
Հաջորդ փուլում ավտոմեքենաներն ավելի քաղաքակիրթ ու նորաձեւ գրոհ կազմակերպեցին: Այս անգամ` դեպի քաղաքի ընդերքը: Կառուցվեցին ստորգետնյա կայանատեղիներ: Ամեն ինչ կոկիկ է ու գեղեցիկ, բայց արի ու տես, որ ժողովրդի մեծ մասի գրպանին` ոչ հասու: Այսինքն` այս անգամ էլ նրանք շեշտակի հարվածեցին մեր ինքնասիրությանը, ստիպեցին ընկճվել ու մի ավելորդ անգամ եւս հաշտվել այն տխուր իրողության հետ, որ այնտեղ կայանելը միայն հարուստների մենաշնորհն է:
Ավելորդ չեմ համարում խոսել նաեւ պարտադիր ապահովագրության, կարմիր գծերի ու արագաչափերի մասին, որոնց հետեւանքով ամեն օր ականջալուր ենք լինում մահվան ելքով վթարների մասին տեղեկատվության: Այդ գործում ամենահայտնին Գագիկ Շամշյանն է ու նրա էլեկտրոնային կայքը: Այո, մի զարմացեք, վթարների զգալի մասը հետեւանք են պարտադիր ապահովագրության: Դրանց հետեւանքով վարորդն իրեն ավելի «ապահով» ու ազատ զգաց ղեկին, քանի որ վթարվելու դեպքում փոխհատուցում կստանա, որի չափը` հատկապես հին մեքենաների դեպքում, երբեմն ձեռնտու է դառնում: Իսկ արագաչափերն ու այլ զանազան արգելանքները վթարներին նպաստում են այնքանով, որ արագաչափերի մոտակայքում մի քանի վայրկյան կորցնելով, շատերը փորձում են ճանապարհի հաջորդ հատվածում ավելի արագ ընթանալ, կորցնում են ինքնակառավարումը, եւ վթարն անխուսափելի է դառնում: Դիտարկեք վթարների ընդհանուր պատկերը եւ կհամոզվեք, որ արագաչափերին մոտիկ հատվածներում վթարներն անհամեմատ քիչ են տեղի ունենում, իսկ այ դրանց հաջորդող մասերում տխուր վիճակագրություն է առկա:
Մեր թվարկած իրար հաջորդող պատմափուլերն, անկասկած, արդեն արել են իրենց ոչ ցանկալի գործը: Կարծում եմ, այլեւս չի օգնի անգամ դալար վայրերին մարդահովվելու հեռանկարը: Խեղճ երեւանցին, որ այսօր լուռ փորձում է հասկանալ, թե մեքենաների խոյաձեռնարկներից որ մեկին դիմակայի, շվարել է: Հիմա Հայաստանը, կարծես, դառնում է ավտոկռվի, խոյահարման ու խոյամարտի ասպարեզ:
Արդ` ի՞նչ է հարկավոր անել, որ «մեքենաները չուտեն մարդկանց»: Հստակ է մեկ բան, որ մեր երկիրը որքան էլ փոքր լինի ու համեստ, չի կարող խուսափել համաշխարհային զարգացման գործընթացներից, այդ թվում մեքենաների հաղթարշավից: Հստակ է նաեւ այն, որ կարելի է ու հնարավոր քաղաքակիրթ ձեւերով դիմակայել այդ հաղթարշավին: Նախ` հարկավոր է առանձնացնել հատուկ անվճար կամ ցածրագին կայանատեղեր: Ապա` ստորգետնյա կայանատեղերի սարսափազդու գներն ու նրանց տերերի ախորժակը չափավորել: Այնուհետեւ անհրաժեշտ է կառուցել մի քանի հարկանի կայանատեղեր: Վերջապես` ակնդետ հետեւել համաշխարհային փորձին ու նորարարություններին եւ դրանք կիրառել մեզ մոտ: Թե չէ ամենժամյա վթարներով ու մեզանից բոլոր հնարավոր տարածքները նվաճելով` իսկապես ավտոմեքենաները «կուտեն» մարդկանց: