ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Իմ լրագրողական պրակտիկայում հաճախ չեն եղել դեպքերը, երբ հերթական հրապարակման հերոս եմ ընտրել զուտ անձնական գործով ինձ հանդիպած մարդուն: Այս դեպքը այդ եզակիներից էր:
Դպրոցական որդուս տարել էի Մոսկվայի մեր տեղամասային բժշկի մոտ: Երեխային զննելուց հետո նա խորհուրդ տվեց դիմել նաեւ առավել պրոֆեսիոնալ բուժհաստատություն` Սպերանսկու անվան մանկական հիվանդանոց, իմունոլոգիայի բաժին: Գնացինք, ըստ սահմանված կարգի գրանցվեցինք, հերթ կանգնեցինք, եւ քիչ հետո, երբ մտանք սենյակ` մի պահ անակնկալի եկա: Անակնկալն, իհարկե, հաճելի էր. բժշկի աշխատասենյակում էր նաեւ նույն ինքը` այն բարի եւ հոգատար դեմքով մանկաբույժը, ում ես տարիներ շարունակ տեսել էի միայն հեռուստաէկրանից` իմ սիրած «Ապրել առողջ» հաղորդաշարի թողարկումների ընթացքում: Անդրեյ Պետրովիչ Պրոդեուսն էր` այդ հաղորդման մշտական հյուրն ու հենց եթերից` մանուկների եւ նրանց ծնողների անկրկնելի խորհրդատուն, որի խորհուրդներից շատ էինք օգտվել: Ու մինչ դռան մոտ կանգնած եւ զարմացած նայում էինք նրան` ասես, մեր հարյուր տարվա ծանոթին, մանկաբույժը ամեն բան կռահելով` ժպտադեմ ասաց. «Այո, չեք սխալվում, ես եմ` «Բժիշկ Այբոլիտը», առաջ եկեք եւ նստեք, հիմա բժշկուհուն կասեմ` երեխային կզննի…՚:
Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, բժիշկ-իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Պրոդեուսը, ով նաեւ ղեկավարում է Մոսկվայի Սպերանսկու անվան մանկական հիվանդանոցի իմունոլոգիայի բաժինը, փոքրիկ այցելուների հետ շփվելու յուրօրինակ աշխատաոճ է մշակել, որը սերմանում է նաեւ ոչ միայն իր ղեկավարած բաժնի բուժանձնակազմին, այլեւ բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ուսանողներին, ովքեր իրենց պրակտիկան անցկացնում են նույն հիվանդանոցի հենց նույն բաժնում: Մանկաբուժության բնագավառում լուրջ հաջողությունների հասած պրոֆեսորը իր այդ մեթոդով սկզբից եւեթ երեխաների միջից վանում է վախն ու լարվածությունը: Որդուս վերաբերյալ խորհրդատվության հարցով նրա հետ առնչվելուց ես նաեւ համոզվեցի, որ մանուկների համար նրա կիրառած հոգեբանական արգելքի հաղթահարման եղանակը ոչ թե վաղուց մշակված եւ քարացած աշխատաոճ է, այլ ստեղծագործական աշխատանք, որ ամեն պահի կարող է ամենատարբեր դրսեւորումն ունենալ երեխաների հետ շփվելիս: Մեր հանդիպման ժամանակ նայելով տղայիս ոչ սլավոնական դեմքին եւ թախծոտ աչքերին` հարցրեց անուն-ազգանունը: Բժիշկն այնքան ոգեւորվեց` իմանալով, որ հայ ենք, որդուս այնպիսի հարցեր տվեց` մեկումեջ արտաբերելով նաեւ ռուսական առոգանությամբ հայերեն բառեր, որ տղայիս տրամադրությունն անմիջապես բարձրացավ, վերացավ կաշկանդվածությունը եւ նա սկսեց լիաթոք ժպտալ` հիվանդից փոխակերպվելով կայտառ եւ առույգ մանկան…
Պարզվեց, որ 47-ամյա պրոֆեսորը հայ ընկերներ շատ ունի` եւ ուսանողական, եւ աշխատանքային եւ մոսկովյան հեռուստաընկերությունում, որտեղ պարբերաբար այցելում է «Ապրել առողջ» հաղորդաշարի նկարահանումներին մասնակցելու: Եվ քանի որ գրականության մեծ սիրահար է` հայ ընկերների միջոցով ծանոթացել է նաեւ հայ գրականության որոշ գործերի, կարդացել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններն ու ինքն իր հերթին հայտնաբերել, որ Թումանյանն ու Պուշկինը նույն մեծության բանաստեղծներ են…
Ազգությամբ հրեա Անդրեյ Պրոդեուսը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, բժիշկների ընտանիքում: Հիպոկրատի աշակերտ դառնալը Անդրեյի մանկության երազանքն էր: Դեռ դպրոցական տարիներին հաճախում էր «Պատանի բժիշկ» խմբակը եւ հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ հատկապես մանկական բժիշկ է դառնալու: «Ես մեծ բավականություն եմ ստանում, երբ բուժում եմ մանուկներին եւ տեսնում նրանց ուրախ աչքերը, որոնք այնքան անկեղծ են՚,- մեր զրույցի ժամանակ ասաց պրոֆեսորը: Հետո հիշեց, որ երեխաներին օգնություն ցուցաբերելու գիտելիքները առավել խորացնելու մտահոգությամբ նախկին կնոջ հետ, ով նույնպես բժիշկ է, 5 տարի ապրել են Ամերիկայում, աշխատել աշխարհահռչակ Հարվարդի բժշկական դպրոցում: «Մեր պայմանագրի ժամկետը լրանալուց հետո շատ էին խնդրում, որ մնանք Ամերիկայում, լավ պայմաններ էին ստեղծել, վարձատրությունն անհամեմատ բարձր էր, բայց վերադարձանք Ռուսաստան…՚:
«Աշխատանքային գրաֆիկս շատ ծանրաբեռնված է, օրվա 24 ժամը չի բավականացնում՚,- ասում է բժիշկը: «Բայց ես կարգուկանոնի կողմնակից եմ, ամեն ինչ անում եմ, որ իմ ղեկավարությամբ աշխատող մանկաբույժները գոհացնեն փոքրիկ այցելուներին ու նրանց ծնողներին, չէ որ հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է՚:
Մանուկների սիրելի բժիշկը, որը հայտնի է նաեւ «Բժիշկ Այբոլիտ» անվամբ, հիվանդ եւ կարիքավոր երեխաներին աջակցելու նպատակով մի շարք բարեգործական ծրագրեր է կյանքի կոչել: Ամենանշանակալիցը, թերեւս, Սպերանսկու մանկական հիվանդանոցի իմունոլոգիայի բաժնում գործող «Բարի օր» ծրագիրն է, որի նախատիպը աշխարհի շատ երկրներում գործող «Child-Friendly Hospitalե (բարեկամական մթնոլորտով հիվանդանոց մանուկների համար) միջազգային բարեգործական նախաձեռնությունն է: Պրոֆեսոր Պրոդեուսի ներդրած ծրագրի ամենակարեւոր պայմաններից մեկն այն է, որ երեխան իրեն հարմարավետ եւ պաշտպանված զգա թե հիվանդանոց ընդունվելիս, եւ թե բուժման լիարժեք կուրս անցնելիս: «Ես ամեն օր մանրակրկիտ հետեւում եմ, որ բուժանձնակազմը բարեխիղճ եւ հոգատար վերաբերմունք դրսեւորի յուրաքաչյուր հիվանդի նկատմամբ: Չէ որ խոսքը երեխաների մասին է, ովքեր առժամանակ կտրվում են ծնողներից եւ ապավինում մեր օգնությանը՚:
Բժշկական եւ դասախոսական գործունեության հետ մեկտեղ, ինչպես արդեն ասացի, Անդրեյ Պրոդեուսը ակտիվորեն մասնակցում է հեռուստադիտողի կողմից վստահություն վայելող «Ապրել առողջ» հաղորդմանը, որի ընթացքում բարձրակարգ բժիշկ-մասնագետները հեռուստադիտողին զանազան օգտակար խորհուրդներ են տալիս: Մանկաբույժը խոստովանում է, որ անգամ իրենք` հաղորդմանը մասնակցող բժիշկները, շատ բան են սովորում հենց իրենց կոլեգաների` եթերից տված խորհուրդներից: Օրինակ, երբ տարիներ առաջ իրեն հրավիրեցին մասնակցելու հաղորդմանը` ինքը 108 կգ էր, իսկ հետագա հաղորդումների ընթացքում հետեւելով մի շարք խորհուրդների` 4 ամսում նիհարեց 20 կգ-ով…
Սիրված մանկաբույժի կարծիքով, երեխաները նախ հոգեբանական մի շարք արգելքներ հաղթահարելու խնդիրներ ունեն, եւ եթե ծնողները ժամանակին գլխի ընկնեն եւ կանխվեն այդ արգելքները, ապա յուրաքանչյուր հիվանդություն տեղի կտա եւ ընտանիքում երբեք չի պակասի մանկան ուրախությունն ու անհոգ քրքիջը: Օրինակ, առաջին հայացքից ամենահասարակ եւ շատ ընտանիքներում տարածում գտած խնդիրը. բոլոր երեխաներն էլ այս կամ այն չափով վախենում են սպիտակ խալաթով մարդկանցից: Դեռ փոքր տարիքից նրանց մոտ ասես պայմանական ռեֆլեքս է ձեւավորվում. եթե տեսադաշտում հայտնվում է սպիտակ խալաթով մարդ, նշանակում է` ոչ մի լավ բան չպետք է սպասել: Նույնիսկ մայրիկը, ով մյուս բոլոր իրավիճակներում օգնության է շտապում, այս դեպքում ոչ միայն չի փրկում, այլ ընդհակառակը, երբ երեխան բժշկի մոտ տեսնում է ներարկիչը եւ փորձում է փախչել` մայրիկը թույլ չի տալիս շարժվել, սաստում է երեխային: Նման «դավաճանությունն՚ ավելի է վախեցնում մանկանը եւ ավելի մեծացնում նաեւ բժշկի հանդեպ ունեցած վախը: Շատ ծնողներ էլ աշխատում են մինչեւ վերջին պահը չասել երեխային, որ բժշկի մոտ են գնալու, որպեսզի նախապես չվշտացնեն նրան: Նման լռությունն արդեն իսկ խաբել է նշանակում. երեխան կարծում է, որ զբոսնելու է գնում, իսկ դուք խաբելով նրան պոլիկլինիկա եք տանում: «Մենք մի րոպեով կմտնենք հիվանդանոց, թուղթ կվերցնենք ու դուրս կգանք: Բժիշկը քեզ նույնիսկ ձեռք չի տա»: Բայց իրականում` պետք է մատից արյուն վերցնել, պատվաստում անել, ստուգվել, ընդ որում` մի քանի մասնագետի մոտ… Իսկ ինչպե՞ս սովորեցնել երեխային չվախենալ բժիշկներից: Նրան նախապես տեղյակ պահեք, որ բժշկի մոտ եք գնալու. նույնիսկ դա պետք է անել օրեր առաջ: Երեխային ժամանակ է պետք, որպեսզի հոգեպես նախապատրաստվի նման այցելությանը: Ընդ որում, պատմեք այնպես, ինչպես կա, ոչինչ մի թաքցրեք: Մի խոստացեք. «Ցավոտ չի լինի»: Երեխային խնդրեք, որ պարզապես մի քիչ դիմանա եւ բացատրեք, թե ինչի համար է այդ ամենը: Հետո` քաջալերեք նրան` «Բժիշկը գովեց քեզ, ասաց, որ դու հերոս ես, իսկ ես ու հայրիկդ այնքան հպարտացանք քեզանով, բոլորին պատմեցինք»: Ոգեւորեք, գովեք երեխային, երբ նա կարողանում է հաղթահարել ինքն իրեն: Նա բժշկի մոտ պետք է գնա առանց վախի: Երեխային որեւէ բան խոսք տվեք բժշկին այցելելուց հետո: Նրա համար խաղալիք գնեք, հետաքրքրական ժամանց կազմակերպեք: Բժիշկը եւս պետք է փորձի շահել երեխայի համակրանքը: Բայց եթե նկատում եք, որ նա այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում, ուրեմն մեկ այլ մանկաբույժի մոտ գրանցեք փոքրիկին:
Եվ երկրորդ կարեւոր հանգամանքը, որ առանձնացնում է Անդրեյ Պրոդեուսը. առողջ երեխա ունենալու համար պետք է լավացնել հայր եւ երեխա հարաբերությունները: Ըստ նրա` հաճախ հայրերը իրենց զերծ են պահում երեխայի հետ շփումներից, նրանց հետ կապված հոգսերից, խուսափում երեխայի հետ հոգեկան կապ հաստատելուց` չմտածելով, որ դրանով իսկ մեծ հարված են հասցնում իրենց զգայուն զավակին եւ տարեցտարի նրան ծանր կացության առաջ կանգնեցնում: Հորը պետք է ամեն կերպ մասնակից դարձնել երեխայի կյանքին ու առօրյա գործերին, ստեղծել համատեղ զբաղմունք: Հոր եւ երեխայի ամենօրյա շփումը գրեթե օդ ու ջրի պես անհրաժեշտ է երեխային:
Ծնողերի ամուսնալուծությունը նույնպես լուրջ փոփոխություններ է առաջացնում երեխայի հոգեկան աշխարհում եւ մի շարք բացասական հույզերի տեղիք տալիսՙ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ եւ այլն: Որեւէ երեխայի նորմալ աճի համար անհրաժեշտ են եւ հայր, եւ մայր: Ծնողների բաժանման փաստը երեխաները շատ դժվար են ընդունում: Երեխաների մոտ առաջանում է մենակության զգացում, վախ, խանգարվում է քունը: Նրանք վախենում են գիշերը մենակ մնալուց: Երեխան վախենում է, ինքը էլ երբեք չի տեսնի հորը, եթե մնա մոր մոտ, կամ` հակառակը: Երեխային թվում է, որ ինքը կարող է այնպես անել, որ ծնողները չբաժանվեն, վերականգնեն հարաբերությունները: Հարկավոր է մեղմել եւ վերացնել ծնողների ամուսնալուծության պատճառով երեխայի կրած տառապանքները: Դա պետք է անի ծնողներից յուրաքանչյուրը:
– Հայաստանից նույնպես երեխաներ են գալիս մեր հիվանդանոցում բուժվելու,- հրաժեշտի պահին ինձ ասաց Անդրեյ Պրոդեուսը: Ապաքինված շատ հայ մանուկների ենք Հայաստան ճանապարհել: Ես կցանկանայի, որ հայ բժիշկներ նույնպես գործուղվեին մեզ մոտ, կարծում եմ, փորձի փոխանակման եւ մանկաբուժության ժամանակակից մեթոդներին ծանոթացնելու առումով մենք կարող ենք օգտակար լինել երիտասարդ հայ մանկաբույժներին, մասնավորապեսՙ բժիշկ-իմունոլոգներին: Անկեղծորեն հրավիրում եմ իմ երիտասարդ հայ կոլեգաներին, բոլորովին անվճար: Իսկ հայ մանուկներին առողջություն եմ ցանկանում, թող ժպիտը երբեք չպակասի նրանց դեմքից…
Նկար 1. Բժիշկ Անդրեյ Պրոդեուսըՙ Անրիի հետ