ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
Ժամանակների հետ փոխվում են նաեւ դաշնակիցներ ձեռք բերելու ռազմավարության կանոնները: Հեղինակի դիտարկումներն այս հարցում խիստ ուսանելի են, հակառակ այն բանի, որ վերլուծաբանն այս պարագայում հանդես է գալիս հակահայկական դիրքերից, ավելի շուտՙ իր երկրիՙ Մ. Նահանգների շահերից:
Ադրբեջան հասա այն օրը, երբ նախկին Խորհրդային Միության երկրները տոնում են Հաղթանակի օրը, Բ. աշխարհամարտում Գերմանիայի պարտության օրը: Ոչ ոք չգիտի, թե խորհրդային քաղաքացիներից քանիսը զոհվեցին այդ պատերազմում: Գուցե 22 միլիոնը: Թվաքանակը տատանողական է, եւ խոսում է ինչպես Ռուսաստանի հզորության, այնպես էլ նրա անձեռնհասության մասին:
Այս տողերը գրելիս, հրավառության ձայներն են լսվում: Դրանք այնքան երկար եւ կատարելագործված են, որ հիշեցնում են, թե Բաքուն գուցե ամենակարեւոր օղակն էր նացիստների դեմ մղված պատերազմում: Այնտեղ էր արտադրվում Խորհրդային Միությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ նավթը: Գերմանացիները ձգտում էին տիրանալ դրան: Գերմանիայի մարտավարությունը 1942-ից հետո, Ստալինգրադի ճակատամարտը ներառյալ, Բաքվի նավթի շուրջն էր պտտվում: Վերջում նրանք (գերմանացիները) հատուկ բանակ ուղարկեցին Կովկասՙ Բաքուն գրավելու համար: Բայց Կովկասում կազմված հակադիր մի բանակ կռվեց ու պարտության մատնեց գերմանացիներին: Խորհրդային Միությունը հաղթեց պատերազմում: Չէր հաղթի, եթե գերմանացիները Բաքու մտած լինեին: Խորհրդանշական է, առնվազն ինձ համար, որ այս տոնակատարությունները միաձուլվում են Հեյդար Ալիեւի ծննդյան տարեդարձի հետ: Նա 91 տարեկան կդառնար մայիսի 10-ին:
Բաքուն այսօր էլ ռազմավարական նշանակություն ունի, մասամբ դարձյալ նավթի շնորհիվ: Այստեղից եմ սկսել ճանապարհորդությունս, որովհետեւ նախ հարմար էր, եւ երկրորդ, որովհետեւ Ադրբեջանն է «բանալին» սպասվող որեւէ հակառուսական մարտավարության: Նպատակս է հասկանալ, թե որքանով են եվրոպական առանձին երկրներ իրենց Ռուսաստանի սպառնալիքի տակ զգում, եւ որքանով են նրանք պատրաստ դիմակայելու այն: Որովհետեւ Եվրոպան լոկ աշխարհագրական արտահայտություն է, եւ այն կազմող առանձին երկրների ջանքերն են, որ որոշելու են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետագա ընթացքը: Յուրաքանչյուր երկիր տարբեր է անշուշտ, եւ շարժվում է համապատասխան իր շահերի:
Նպատակս է հասկանալ նրանց մտածելակերպը: Ոչ միայն Ռուսաստանի հարցի վերաբերյալ, այլեւ ընդհանրապես Եվրոմիության, Միացյալ Նահանգների եւ, ինչու չէ, նաեւ իրենց մասին:
Որոշ մարդիկ հարցականի տակ են դնում այն, որ Կովկասն ու հարեւան Թուրքիան աշխարհագրականորեն մաս են կազմում Եվրոպայի: Հարցին մի քանի ակադեմիական մոտեցումներ կան: Իմ մոտեցումը համեստ է: Գտնում եմ, որ եվրոպական արդի պատմությունը հնարավոր չէ լիուլի հասկանալ առանց հասկանալու Օսմանյան կայսրությունը եւ այն փաստը, որ նա նվաճել էր եվրոպական մայրցամաքի հարավարեւելյան տարածքի մեծ մասը: Ռուսաստանը նվաճեց երեք կովկասյան պետությունները (Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան) եւ այսօր նրանց ինստիտուտներից շատերը ռուսական են, այսինքնՙ եվրոպական:
Բայց առավել կարեւորն այն է, որ դժվար է պատկերացնել Ռուսաստանին շրջափակելու մի մարտավարություն, առանց դրանում ընդգրկելու նրա հարավային գործընկերներին: Վերջերս շատ է խոսվում Ռուսաստանի դեմ կիրառելի պատժամիջոցների մասին: Բայց եկեք չմոռանանք, որ պատժամիջոցները կարող են փոխադարձվել եւ այն, որ չնայած Ռուսաստանի տնտեսությունը միշտ էլ եղել է պատշաճ մակարդակից ցածր, երկիրը, այնուամենայնիվ, կարողացել է ստեղծել հզոր կայսրություն, պարտության մատնել ինչպես Նապոլեոնին, այնպես էլ Հիտլերին: Այնպես որ, տնտեսությունը թուլացնելը դեռ չի նշանակում թուլացնել նրա ռազմական հզորությունը: Դրա վառ ապացույցը այն է, որ այդ հզորությունը մինչեւ օրս կայուն էՙ հակառակ Խորհրդային Միության տնտեսական փլուզման: Իսկ ներկայիս, հարցը հիմնականում ռազմական է:
Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը պարփակելու (containment) միջոցով էին կարողանում հարցերը լուծել: Այդ մարտավարության «ճարտարապետը» դիվանագետ Ջորջ Քենանն էր, որի ռեալիստական մոտեցումը գուցե կորցրել է որոշ հետեւորդների, բայց չի կորցրել իր այժմեականությունը: Դաշնակիցների միջնորդությամբ Խորհրդային Միության շուրջ «սանիտարական կորդոն» (Cordon sanitaire) կամ շրջափակման գոտի էր կառուցված, որի հետեւանքում, սովետները չկարողացան տարածվել եւ շնչահեղձ եղան: Արտասահմանում տարօրինակ մի տեսակետ կա, որ 21-րդ դարը հիմնովին տարբեր է նախորդ բոլոր դարերից, եւ նման մտածողությունը ժամանակավրեպ է: Չեմ կարծում, որ այդպես է: 21-րդ դարը մեկ ուրիշ, սովորական դար է, եւ հավանական է, որ պարփակման քաղաքականությունը դարձյալ կիրառվի, եթե անշուշտ Ադրբեջանի նման երկրները համագործակցեն:
Նավթը եւ իսլամը
Ադրբեջանին հասկանալու համար երկու հարց պետք է հաշվի առնել. նավթը եւ իսլամը: 20-րդ դարի սկզբներին նավթի համաշխարհային արտադրության կեսը Բաքուն էր տալիս: 1942-ից հետո Հիտլերի մարտավարությունը դրան էր ուղղված: Այսօր, Ադրբեջանի էներգաարտադրողականությունը հսկայական է, բայց չի կարող համեմատվել Ռուսաստանի կարողության հետ: Եվրոպական շատ երկրներ կախված են ռուսական էներգիայից, հատկապես բնական գազից: Նրանք քիչ այլընտրանքային տարբերակներ ունեն: Խոսք կա ամերիկյան էներգիայի Եվրոպա փոխադրման մասին, բայց դրա իրականացման համար (նույնիսկ եթե բավարար պաշարներ կան) անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը երկար տարիներ կպահանջի:
Այնպես որ, էներգամատակարարման դադարեցումը ռուսական կողմի հակադարձ քայլն է լինելու արեւմտյան ճնշումների դեմն առնելու համար: Ռուսաստանի դեմ որեւէ մարտավարություն պետք է հաշվի առնի այս հանգամանքը: Ադրբեջանը գազի գլխավոր արտադրողներից չէ: Բայց Կասպից ծովի մյուս կողմում գտնվող Թուրքմենստանըՙ է, եւ Ադրբեջանի կարողության հետ զուգահեռ հնարավոր է այլընտրանքային տարբերակ դառնալ: Թուրքմենստանին ձեռք է տալիս իր գազը վաճառել շրջանցելով Ռուսաստանին, այնպես որ նա շահագրգռված պետք է լինի անդրկասպիական խողովակաշարի շինարարությամբ, որը կանցնի Ադրբեջանի միջով եւ կմիանա թուրքական համապատասխան ենթակառույցներին: Սա, ինչ խոսք, այլընտրանքային տարբերակ լինելով կնվազեցնի Ռուսաստանի լծակները, բայց սա, անշուշտ, կախված է Բաքվի ցանկությունից եւ նրա կարողությունից դիմադրելու բոլոր տեսակի ճնշումները:
Ադրբեջան եւ Իրան
Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Ռուսաստանը ավանդական նվաճողն է եղել այդ երկրի, եւ Բաքուն այժմ դրա կրկնողությունից է ամենից շատ վախենում: Իրանը մասամբ ազերիների երկիր է: Նրա բնակչության մոտ մեկ չորրորդը, ներառյալ Այաթոլլահ Ալի Խամենեյը, ազերի է: Բայց չնայած երկու երկրներն էլ (Ադրբեջանը եւ Իրանը) շիա են դավանում, Ադրբեջանը մարտականորեն աշխարհիկ պետություն է: Մասամբ խորհրդային փորձառության եւ մասամբ էլ 19-րդ դարում ազերի ինքնության էվոլյուցիայի շնորհիվ Ադրբեջանը իսլամին դավանելը տարանջատել է հասարակական կյանքից: Եթե Իրանում որեւէ հանդուրժողականություն հենվում է կրոնական դոգմաների վրա, ապա Ադրբեջանում այն բխում է երկրի սահմանադրությունից, որն ավելի հստակորեն աշխարհիկ է, քան Եվրոմիության որեւէ երկրի, բացառյալ Ֆրանսիայի, սահմանադրությունը:
Սա բացահայտ մի սեպ է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Թեհրանը ջանքեր գործադրել է ազդելու ազերի բնակչության վրա: Ներկայիս հարաբերությունները մի փոքր լավացել են, բայց լարվածությունը միշտ գոյություն ունի, եւ Իրանը վախենում է, որ որեւէ հարձակում կարող է գալ միայն Ադրբեջանից: Այս սեպը էլ ավելի է խորանում, երբ հաշվի ենք առնում Ադրբեջանի սերտ հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգները ներկայիս կասեցրել է զենքերի վաճառքը Ադրբեջանին: Իսրայելն է, Մ. Նահանգների համաձայնությամբ, մատակարարում անհրաժեշտ զենքերը Ադրբեջանին: Սա մեզ տալիս է հարաբերությունների բարդության զգացումը, որը կարող է թուլացնել դաշնակցությունը երկրների միջեւ:
Դաշնակցային բարդություններ
Դաշնակցային բարդությամբ կարելի է բնորոշել նաեւ Ռուսաստանի իրականությունը: Այն զբաղեցնում է վերին Կովկասի տարածքը: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, կապված մի պայմանագորվ, որը թույլ է տալիս մինչեւ 2044 թվականը ռուսական բազաներ տեղակայել երկրում: Երեւանը նաեւ ծրագրում է միանալ Մաքսային միությանը: Ավելին, Հայաստանի տնտեսության մեջ մեծ բաժին ունեն ռուսական առեւտրաարդյունաբերական ֆիրմաները: Բայց Հայաստանը մեկուսացված է զգում իրեն: Թշնամական հարաբերություն ունի Թուրքիայի հետ, որովհետեւ Անկարան չի ցանկանում մեկ դար առաջ կատարված դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն: Անկախացումից քիչ հետո, 1990-ականներին, Հայաստանը նաեւ պատերազմեց Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի շրջանի համար, որը մի ժամանակ Ադրբեջանի մաս էր կազմում: Թուրքիայի եւ հետզհետե հզորացող Ադրբեջանի արանքում մնալով Հայաստանը Ռուսաստանին է տեսնում որպես իր ազգային անվտանգության երաշխավորի:
Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է կրիտիկական: Ադրբեջանը գտնում է, որ ՄԱԿ-ի որոշման մեջ հստակ ասված է, որ Հայաստանի հարձակումը միջազգային իրավունքի խախտում է: Հարցի լուծման համար Մինսկում ձեւավորված դիվանագիտական գործընթացը ցարդ անարդյունավետ է դրսեւորում իրեն: Այս հարցում Ադրբեջանը երկու ուղղությամբ է գործում: Հետեւողականորեն առաջ է տանում ազգային զարգացման ուղին, ինչպես կարելի է նկատել Բաքվում, որն արտացոլում է երկրի նավթային հարստությունը: Երկիրը վտանգի չի ենթարկի այդ զարգացումը, բայց նաեւ չի մոռանա Լեռնային Ղարաբաղի հարցը: Որեւէ երկիր, որ դաշնակցելու է Ադրբեջանի հետ, ստիպված է լինելու որոշակի մի կետում հստակ կողմնորոշվել այս սառեցված հակամարտության հարցում եւ դա շատերի վրա թանկ է նստելու:
Այս խնդիրն էլ ինձ առաջնորդում է Մ. Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող անհասկացողության երեւույթին: Մ. Նահանգները չի ցանկանում անմիջականորեն զենք վաճառել Ադրբեջանին, հաշվի առնելով այդ երկրի կառավարության կողմից իրագործվող մարդու իրավունքների խախտումները: Ամերիկացիները չեն հասկանում, թե ինչու Ռուսաստանի եւ Իրանի դեմ կանգնած Բաքուն չի կարող բավարարել ամերիկյան նրբազգացությունը եւ խուսափել ճնշումներից: Ադրբեջանը գտնում է, որ հենց Իրանից եւ Ռուսաստանից եկող սպառնալիքների պատճառով է, որ ինքը ցանկանում է անվտանգության, ապահովության իրավիճակ ստեղծել: Երկու երկրներն էլ գաղտնի գործակալներ են ուղարկում Ադրբեջան երկիրը ապակայունացնելու համար: Նրանց, ում ամերիկացիները համարում են այլախոհներ, ադրբեջանցիները որակում են օտարազգի գործակալներ: Վաշինգտոնը վիճարկում է այս մոտեցումը եւ շարունակ խարազանում Բաքվին: Ադրբեջանցիներն, իրենց հերթին, խարազանում են ամերիկացիներին:
Ղարաբաղյան թնջուկը, Ադրբեջանը եւ մյուսները
Նույնն է խնդիրը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Ամերիկացիներից շատերը չեն էլ լսել դրա մասին, եւ իրենց համար միեւնույն է, թե ում կպատկանի այդ տարածքը: Ադրբեջանցիների համար պատմական կարեւորության հիմնահարց է: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե Աֆղանստանում Մ. Նահանգներին օժանդակելուց, Իսրայելի հետ մոտիկ հարաբերություններ մշակելուց, իսլամական աշխարհիկ պետություն ստեղծելուց հետո, ինչպե՞ս է որ Մ. Նահանգները ոչ միայն չի օգնում Բաքվինՙ լուծելու Ղարաբաղի հարցը, այլեւ շարունակում է քննադատել Ադրբեջանին:
Իսկ մարդու իրավունքների խախտումների հարցը պտտվում էՙ «ո՞վ ձերբակալվեց եւ ի՞նչ պատճառով» մեկնաբանությանց շուրջը: Երկար ժամանակ այս հարցը լուծում չէր ստանում, բայց Ուկրաինայի իրադարձություններից հետո, Մ. Նահանգներ-Ադրբեջան հարաբերությունները դարձան կրիտիկական: Խնդիրը միայն էներգիային չի վերաբերում: Պարփակման դաշնություն ստեղծելու դեպքում Ադրբեջանն է լինելու հենարան-խարիսխը Կասպից ծովի հարավարեւելյան թեւում: Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ Վրաստանն էլ անհրաժեշտ տարածք է խողովակաշարի շինարարության համար, Ադրբեջանի պաշտպանությունը Վրաստանի անկախությանը պարզապես անխուսափելի է: Այնպես որ, Ադրբեջանը հիմնաքարն է լինելու Ամերիկայի հովանավորությամբ ստեծվելիք որեւէ մարտավարության:
Ես չեմ ցանկանում խորանալ ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերի մեջ: Բայց բացառության կարգով պետք է անդրադառնամ պետքարտուղարության մի սկզբունքի, որն է համեմատական վերլուծություն կատարելու չկամությունը: Այլ կերպ ասած, պետքարտուղարությունը հավասարապես դատապարտում է բոլոր տեսակի խախտումները, գործադրված լինեն դրանք բարեկա՞մ, թե՞ թշնամի երկրների կողմից, մե՞ծ չափսերի խախտումներ լինեն դրանք, թե՞ փոքր, սահմանափակ քանակի: Նաեւ երբ պետքարտուղարությունը դատափետում է, կողմնակալություն է զգացվում իր արարքում: Հայաստանն ու Վրաստանը ավելի քիչ են քննադատվում, քան Ադրբեջանը, չնայած երեք երկրներն էլ ունեն թերություններ:
Նույնիսկ եթե պետքարտուղարության քննադատությունները հիմնավորված են, ոչ ոք չի կարող պնդել, որ ադրբեջանական ներքին ճնշամիջոցները հասնում են ստալինյան բռնությունների աստիճանին: Ես հատուկ նշում եմ Ստալինի անունը, որովհետեւ Մ. Նահանգների Ֆրանկլին Ռուզվելտը դաշնակցեց նրա հետ պարտության մատնելու համար Հիտլերին, առանց անհրաժեշտ համարելու քննադատել նրան, քանի որ Խորհրդային Միությունը իր ուսերի վրա էր վերցրել պատերազմի ծանր բեռը, դրանով իսկ պաշտպանելով Ամերիկայի շահերը: Այդ նույն աշխարհաքաղաքական ռեալիզմը քաջալերեց Քենանին եւ ի վերջո ստեղծեց դաշնության մարտավարությունը, որը ծառայեց Մ. Նահանգներին սառը պատերազմի ամբողջ ժամանակահատվածում: Կարիք կա՞ դատափետելու մեկին, որի կարիքը դու ունես քո շահերի համար եւ հաստատ գիտես, որ չի փոխելու իր վարքագիծը քո քննադատությունների հետեւանքում: Վաղ ժամանակաշրջանի պետքարտուղարությունը այս հարցին կպատասխաներՙ «ոչ»:
Բաքու այցելությունից առաջ Վաշինգտոնում մասնակցել էի Մ. Նահանգներ-Ադրբեջան հարաբերություններին նվիրված մի տոնակատարության, որին կոնգրեսի շատ անդամներ եւս ներկա էին: Նրանցից հատկապես երկուսին կուզենայի առանձնացնել. Չարլզ Շումերին (Նյու Յորքից), ով հայտարարեց, որ Ամերիկան եւ Ադրբեջանը մեծապես ժողովրդավարական երկրներ են, եւ Նենսի Փելոսիին, ով երկար ժամանակ Հայաստանի շահերն էր պաշտպանում: Պարզ է, որ Ուկրաինայի ճգնաժամը փոփոխություն էր առաջացրել նրա դիրքորոշման մեջ: Պարզ է նաեւ, որ կոնգրեսի որոշ անդամներ հասկանում են Ադրբեջանի կարեւորությունը: Եվ վերջապես պարզ է, որ հետագայում կվերանայվի մարդու իրավունքների ոտնահարման քննադատությունների քաղաքականությունը այն երկրների հանդեպ, որոնք կարեւոր են Ամերիկայի ռազմավարությանը:
Եվ հարցը միայն Ադրբեջանով չի սահմանափակվում: Մ. Նահանգները պարտավորված է լինելու համագործակցելու նաեւ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի հետ: Քննադատությունները ոչինչ չեն փոխում: Անընդհատ նույն բանը կրկնելը անարդյունավետության նշան է: Դա անարդյունավետ է դարձնելու որեւէ ռազմավարություն, որ Ամերիկան ցանկանում է իրագործել Եվրոպայում: Արժե համեմատել Ռուսաստանը այս մյուս երկրների հետ: Կատարյալ բարեկամներ գտնելը դժվար է: Զենք չվաճառելը մի երկրի, որի կարիքն ունես, դաշնակից ձեռք բերելու ճիշտ ձեւը չէ:
Իսկ դաշնակիցներ ձեռք բերելը անհրաժեշտ է: Եվ այդ դեպքում Ռուզվելտի վերաբերմունքը Ստալինի հանդեպ ուսանելի է:
Geopolitical Weekly, Stratfor, 12.05.2014, Թարգմ. Հ. Ծ.