ՍԵՅՄՈՒՐ Մ. ՀԵՐՇ
Սկիզբըՙ նախորդ համարում
Բենգազիի (Լիբիա) ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակումից հետո Վաշինգտոնն անմիջապես դադարեցրեց ԿՀՎ-ի ընդգրկվածությունը Լիբիայից Սիրիա զենքի առաքման գործողություններին: Բայց «առնետի ուղին» շարունակեց գործել: Մ. Նահանգներն այլեւս հսկողություն չունեին այն ամենի վրա, ինչ այդ ուղիով փոխանցվում էր ջիհադիստներին: Մի քանի շաբաթների ընթացքում քառասուն դյուրակիր հրթիռարձակ մեքենաներ (manpads) գտնվում էին արդեն ապստամբների ձեռքերում: 2012-ի նոյեմբերի 28-ին Ջոբի Ուորիքը «Վաշինգտոն փոստում» գրում էր, որ նախորդ օրը ապստամբները «համարյա վստահաբար» օգտագործելով նման սարք վայր էին գցել սիրիական տրանսպորտային մի ուղղաթիռ: Հոդվածը հիշեցնում էր «Օբամայի վարչակազմի զգուշացումներն այն մասին, որ չպետք է զինել ապստամբներին, որովհետեւ զենքերը կարող էին հայտնվել ահաբեկիչների ձեռքերում:
2012-ի վերջերին ամերիկյան հետախուզության համար պարզ էր դարձել, որ ապստամբները տանուլ են տալիս պատերազմը: Էրդողանը պարտվում էր: Իր ֆինանսավորմամբ էր կատարվում ամեն ինչ եւ ամերիկյան կողմի դուրս գալը պարզապես դավադրություն էր համարում: 2013-ի գարնանը ամերիկյան հետախուզությունը տեղեկացավ, որ թուրքական կառավարությունը անմիջականորեն համագործակցում է «Ան-Նուսրայի» եւ նրա դաշնակիցների հետ ստեղծելու համար «Քիմիական պատերազմ վարելու հարմարություններ»: Թուրքիայի ազգային անվտանգության գործակալությունը քաղաքական կապ էր հաստատել ապստամբների հետ, ըստ հետախուզության նախկին պաշտոնյայի տվյալների: Էրդողանի հույսը ջիհադիստներն էին, պետք էր ամեն կերպ մի միջադեպ հրահրել, որպեսզի Ամերիկան համոզվեր, որ Ասադը անցնում է «կարմիր գիծը»: Բայց Օբաման մարտ եւ ապրիլ ամիսներին չարձագանքեց այդ նկրտումներին:
Երբ 2013-ի մայիսի 16-ին Սպիտակ տանը հանդիպեցին Էրդողանն ու Օբաման, տարաձայնությունների հրապարակային նշույլն անգամ չկար: Հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման հայտարարեց, որ նրանք համաձայնել էին այն հարցի շուրջը, որ Ասադը «պետք է հեռանա»: Այն հարցին, թե Ասադը անցե՞լ էր «կարմիր գիծը», Օբաման պատասխանեց, որ վկայություններ կային քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ, բայց «անհրաժեշտ էր վստահ լինել, թե ինչ է կատարվում այնտեղ իրականում»: Սա նշանակում էր, որ Ասադը դեռ չէր անցել «կարմիր գիծը»:
***
Ամերիկացի արտաքին քաղաքականության մի մասնագետ ինձ հետագայում ասաց, որ մայիսյան այցելության օրերին Էրդողանի պատվին տրված աշխատանքային ճաշկերույթի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները պնդում էին, որ Սիրիան անցել է «կարմիր գիծը» եւ դժգոհում էին, որ Օբաման դանդաղում է գործել: Օբամայի հետ ճաշկերույթին մասնակցում էին Ջոն Քերրին եւ Թոմ Դոնիլոնը, ազգային անվտանգության խորհրդատուն: Իսկ Էրդողանին ընկերակցում էին Ահմետ Դավութօղլուն եւ Հաքան Ֆիդանըՙ ազգային հետախուզության վարչության տնօրենը, ով շատ հավատարիմ է Էրդողանին: Ըստ արտաքին քաղաքականության վերոնշյալ մասնագետի, Էրդողանը Ֆիդանին բերել էր պարզապես հաստատելու Ասադի «կարմիր գիծն» անցնելու վերաբերյալ իր ասածները: Խոսքի մեջ մտնելու Ֆիդանի մի քանի անհաջող փորձերից հետո (Օբաման ամեն անգամ նրան ընդմիջել է, ասելովՙ «մենք գիտենք») էրդողանը, զայրացած եւ սրտնեղած, մատ թափ տալով նախագահին ասել էՙ «Բայց նա (Ասադն) իրոք անցել է ձեր նշած կարմիր գիծը»: Օբաման այդ ժամանակ դառնալով Ֆիդանին, նշել է. «Մենք գիտենք, թե ինչ եք անում դուք Սիրիայում արմատականների հետ»:
Թուրքիայի արտգործնախարարը ճաշկերույթի վերաբերյալ հարցերին հետագայում չի պատասխանել:
***
Բայց Էրդողանը դատարկաձեռն չվերադարձավ այդ հանդիպումից: Օբաման նրան թույլ էր տվել օգտվել դեպի Իրան ոսկու առաքումները դադարեցնելու վերաբերյալ իր նախագահական հրամանագրի «սողանցքից»: Նախագահական հրամանագիրը Իրանի դեմ իրագործված պատժամիջոցների մի մասն էր կազմում: Եվրոմիության սահմանած 2012-ի մարտյան պատժամիջոցների արդյունքում, «SWIFT» միջսահմանային էլեկտրոնիկական վճարման համակարգը դադարեցրել էր իրանյան տասնյակ ֆինանսական կառույցներին մատուցած իր ծառայությունները, սահմանափակելով միջազգային առեւտուր իրականացնելու Իրանի հնարավորությունները: Դրան հետեւել էր Օբամայի հուլիսյան հրամանագիրը: Սակայն վերջինիս մեջ մի «սողանցք» բաց էր թողնված: Դրան տրվել էր «ոսկու սողանցք» անվանումը: Դա թույլ էր տալիս ոսկու առաքումները շարունակել իրանական մասնավոր հատվածի միավորումներին կամ կառույցներին: Լինելով իրանական գազի եւ նավթի գլխավոր գնորդՙ Թուրքիան օգտվեց այդ «սողանցքից» եւ գազի ու նավթի դիմաց սկսեց Թուրքիայում իրանական հաշվեհամարին վճարումներ կատարել թուրքական լիրայով: Հետո այդ գումարներով Թուրքիան ոսկի գնեց արտահանելու համար իրանական կոնֆեդերացիաներին: Ըստ հաշվարկների, 2012-ի մարտից 2013-ի հուլիսը ընկած ժամանակահատվածում 13 միլիարդ դոլարի ոսկի այդ ձեւով մուտք գործեց Իրան: Գործարքը «կթան կով» դարձավ Թուրքիայում, Իրանում եւ Արաբական էմիրություններում կոռումպացված քաղաքական գործիչների եւ առեւտրականների համար: Միջնորդները 15 տոկոս էին վերցնում եւ այդպիսով, ըստ ԿՀՎ-ի, մոտ 2 միլիարդ դոլար պետք է որ նրանք կուտակած լինեին: Այս անօրինական շահույթն էլ դարձավ դեկտեմբերին Թուրքիայում ծագած «ոսկու դիմաց գազ» սկանդալի պատճառը, որի հետեւանքում երկու տասնյակ մարդիկ ձերբակալվեցին եւ երեք նախարարներ հրաժարական տվեցին: Վերջիններից մեկը Էրդողանին էլ կոչ արեց հրաժարական տալ:
Ըստ «Foreign Policy» պարբերականում Ջոնաթան Շենզերի եւ Մարկ Դուբովիցի հոդվածի, չնայած Օբաման հրամանագրել էր փակել վերոնշյալ «ոսկու սողանցքը» 2013-ի հունվարին, նա համենայնդեպս ներքին կարգով կարգադրել էր, որ հրամանը ուժի մեջ մտնի վեց ամիս հետո միայն, որպեսզի, ըստ պարբերականի մեկնաբանների, մի կողմից դրդի Իրանին նստելու բանակցությունների սեղանի շուրջ, եւ մյուս կողմից հաճոյանա Թուրքիային: Հետաձգումը թույլ տվեց Իրանին միլիարդավոր դոլարի արժողությամբ հավելյալ ոսկի կուտակել, ինչը թուլացրեց պատժամիջոցների ազդեցությունը:
***
Սիրիայի ապստամբներին զենքով ապահովելու գործում ԿՀՎ-ի պաշտպանության վերացումը ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումներով խոցելի դարձրեց Էրդողանին: Մայիսին գումարված գագաթաժողովին, ըստ հետախուզության նախկին աշխատակցի, քննարկման թեմաներից մեկն այն էր, որ ապստամբներին (զենք) մատակարարելու միակ ուղին Թուրքիան էր մնացել: Հորդանանից չէր կարելի, որովհետեւ երկրի հարավային մասը ամբողջովին բաց էր եւ սիրիացիներով շրջապատված: Լիբանանի հովիտներից եւ լեռնային շրջաններից նույնպես չէր կարելի, որովհետեւ երբեք չէիր կարող վստահ լինել, թե ում կհանդիպես մյուս կողմում: «Առանց մեր օգնության Էրդողանի երազը հօդս էր ցնդում: Եթե Սիրիան հաղթեր պատերազմում, ապստամբները շրջվելու էին իր կողմը: Գնալու այլ վայր չունենալով, հազարավոր արմատականներ լցվելու էին իր շուրջը»: Էրդողանի վարչակազմը «խիստ անհանգստացած էր»: Պետք էր մի բան ձեռնարկել, որպեսզի Ամերիկան ռազմական միջամտություն գործադրեր:
Նման ենթադրություններ հիմք էին տալիս ամերիկյան հետախուզությանը եզրակացնելու, որ զարին գազի օգտագործման միակ անմիջական կասկածյալը Թուրքիան կարող էր լինել: Նրա մոտ էին գործողությունը ամբողջացնելու բոլոր «մասնիկները»:
Օգոստոսի 21-ի հարձակումների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծածուկ գործողությունը ծրագրված էր Էրդողանի մարդկանց կողմիցՙ համոզելու համար Օբամային, որ Ասադը անցել է «կարմիր գիծը»: ՄԱԿ-ի փորձագետները այնտեղ էին, եւ նրանք պետք է համոզվեին դրանում, որպեսզի իրենց հերթին կարողանային համոզել նաեւ Օբամային:
Բոլոր տեսակի «օպերացիաները» կարող են ծրագրվել խիստ գաղտնի կերպով, բայց ժամանակից շուտ արձակված «հաջողության ճիչերը» եւ դափնեպսակների արժանանալու ձգտումները մեծապես կարող են խոցելի դարձնել ծրագրողների իրական մտադրությունները: Այդպես էլ եղավ այս դեպքում եւս: Հեռախոսային զրույցների գաղտնալսումներն ու դրանց լուսաբանումը գլխավոր ապացույցները դարձան բոլոր տեսակի ենթադրությունների կամ կասկածների:
***
Բայց Սպիտակ տունը ի՛նքը դժվար կացության առաջ հայտնվեց: Ասադին երկար ժամանակ մեղադրելուց հետո հետդարձ կատարելն ու նրա փոխարեն Էրդողանին մեղադրելը դյուրին չէր: Ըստ հավաստի աղբյուրների «ոչ ոք չէր ցանկանում այդ մասին խոսել»:
Թուրքիայում վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ «YouTube»-ում հայտնվեց ենթադրաբար ազգային անվտանգության խորհրդի նիստին առնչվող մի նյութ, որը ցույց էր տալիս Սիրիայի դեպքերը ի շահ իրեն նենգափոխելու Թուրքիայի ցանկությունը: Այնտեղ քննարկվում էր մի «օպերացիա» կազմակերպելու հարցը, որը կարդարացներ թուրք զինվորականների ներխուժումը Սիրիա: «Օպերացիայի» կենտրոնական վայրը Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման առաջինի պապիՙ Սուլեյման Շահի դամբարանն էր, որը Հալեպի մոտ գտնվող, բայց 1921-ին (երբ Սիրիան գտնվում էր ֆրանսիացիների իշխանության ներքո) Թուրքիային կցված շրջանում է: Ապստամբ իսլամիստ խմբավորումներից մեկը սպառնում էր ավերել դամբարանը որպես պաշտամունքի վայր, իսկ Էրդողանի վարչակազմը սպառնում էր վրեժ լուծել, եթե որեւէ վնաս հասցվեր դրան: Ըստ «Ռոյթեր» գործակալության, վերոնշյալ քննարկման ընթացքում մի ձայն, որը ենթադրաբար վերագրվում է Ֆիդանին, խոսում էր սադրանք հրահրելու մասին. «Խնդիր չկա: Արդարացումը միշտ էլ կարելի է ստեղծել: Ես չորս հոգի կուղարկեմ այն կողմը, հրամայելով գերեզմանի մոտ դատարկ տարածության վրա ութ հրթիռ արձակել եւ վերջ»: Թուրքական կառավարությունը հաստատեց, որ ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվել է եւ այնտեղ քննարկվել է Սիրիայից եկող սպառնալիքների հարցը, բայց ավելացրեց, որ տեսանյութը նենգափոխված է: Այդուհանդերձ կառավարության հրամանով «Youtube»-ը անհասանելի դարձավ հասարակության համար:
Եթե Օբամայի քաղաքականության մեջ հիմնական փոփոխություն չկատարվի, Սիրիայի պատերազմում Թուրքիայի դերակատարությունները շարունակվելու են: Ես իմ գործընկերներին հարցրի, թե հնարավո՞ր է արդյոք կասեցնել Էրդողանին: Հետախուզության նախկին պաշտոնյան պատասխանեց. «Էրդողանից բացի ուրիշ որեւէ անձի պարագայում մենք կարող էինք ինչ-որ բան անել: Բայց Թուրքիան «հատուկ դեպք է»: ՆԱՏՕ-ի դաշնակից է: Նրանք չեն կարող համատեղել իրենց գոյությունը մեզ հետ, եթե մենք ինչ-որ բան ձեռնարկենք նրանց դեմ, նրանց շահերի դեմ: Աղետալի կլինի եթե Էրդողանի մասին մեր իմացած տեղեկությունները հանրության սեփականությունը դարձնենք: Թուրքերը մեզ ասելու են. «Ատում ենք ձեզ այն բանի համար, որ դուք եք մեզ թելադրում ինչ կարող ենք եւ ինչ չենք կարող անել»:
Թարգմանեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ