Գրեթե ամեն տարի, Ցեղասպանության տարելիցին նախորդած օրերին, աշխարհով մեկ սփռված հայերը հոգեբանական միեւնույն գործընթացների միջով են անցնում: Բորբոքվում են երեւակայությունները, մեծանում հույսերը, եւ քաղաքական ռեալիզմն էլ փոխզիջման ենթարկվում, երբեմն լավ պատճառաբանությամբ:
Այս տարի էլ նույնն է իրավիճակը, հատկապես հաշվի առնելով Մ. Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նպաստավոր դիրքորոշումը, որին կարելի է գումարել պետքարտուղարության դժկամ արտահայտությունները: Այդուհանդերձ, մոտիկ լինելով հանդերձ, նպատակին չհասնելու իրավիճակը ստիպում է մեզ առավել անաչառ եւ առարկայական գնահատական տալ այդ ամենին:
Դեռեւս թարմ է մեր հիշողություններում այն, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հեստերտը նախագահ Քլինթոնի պահանջով մերժեց օրակարգ մտցնել հայերի ցեղասպանության բանաձեւը: Նա հաշվարկել էր, որ կողմ քվեարկողները շատ են լինելու, եւ բանաձեւը ընդունվելու էր: Հանրապետական Հեստերտը, ճիշտ է, շատ կարեւոր հարցերում էր տարակարծիք պետության դեմոկրատ առաջնորդի հետ, բայց այդ հարցում կարծես կար նաեւ երկկուսակցական լռելյայն համաձայնություն: Հետագայում նախկին խոսնակը եկամտաբեր լավ աշխատանքի անցավ թուրքական կառավարության ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Մեկ այլ խոսնակՙ Նենսի Փելոսին, որը շատ անգամներ արտահայտվել էր հօգուտ ցեղասպանության բանաձեւի, նույնպես քվեարկության չդրեց բանաձեւը կրկնելով «հարմար ժամանակը չէ» քաղաքական հնացած հանգերգը:
Երբ պատճառաբանություններն սպառվում են, քաղաքագետները դիմում են այս հանգերգին, առանց սակայն ճշտելու, թե ե՞րբ է ի վերջո գալու այդ «հարմար ժամանակը»: Այս վերջին քվեարկության ժամանակ էլ սենատոր Բոբ Քորքերը (հանրապետականՙ Թենեսիից) նշեց. «Չեմ կարծում, որ հարմար ժամանակն է նման բանաձեւ քննարկելու, (չնայած) համաձայն եմ գիտնականների հետ, որ ցեղասպանություն կատարվել է: Ահավոր ողբերգություն է»:
Հաշվի առնելով այն, որ ցեղասպանությունը կատարվել էր մարդկության աչքի առաջ, որ մենք կորցրել էինք 3000-ամյա մեր հայրենիքը, եւ 1,5 միլիոն զոհեր տվել, որոնք հետագայում կարող էին բազմապատկվելով դառնալ 20-25 միլիոն, ինչպես քուրդերը, մենք միշտ այն պատրանքն ենք ունեցել, որ աշխարհի հզորագույն պետությունները մեր թիկունքին են կանգնելու եւ պաշտպանելու են մեր դատը: Բայց պատմությունը ապացուցում է, որ քաղաքականությունն այդ սկզբունքով չի շարժվում: Որեւէ էթնիկական խմբավորմանն առնչվող դատ, ինչքան էլ արդար լինի, հզոր պետությունների կողմից օգտագործվում է որպես քաղաքական ֆուտբոլային գնդակի, ծառայելու իրենց իսկ շահերին: Ոչ մի դատ լրջորեն չի ընկալվում, չի գնահատվում ըստ արժանվույն:
Մենք պարտավոր ենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու երկու կարեւոր գործողությունների վրա, որոնք լրացնում են մեկը մյուսին: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբում վերոնշյալ բանաձեւի ընդունումից մոտ մեկ ժամ առաջ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին մամուլի ճեպազրույցի ժամանակ ասել էր հետեւյալը. «Մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք վաղուց ճանաչել ենք, հստակորեն ճանաչել ենք որպես պատմական փաստ եւ սգում ենք կորուստը 1,5 միլիոն հայերի, որոնք կոտորվեցին կամ դեպի մահ առաջնորդվեցին օսմանյան կայսրության վերջին օրերին»:
Իսկ նախագահության թեկնածու Օբամայի արտահայտությունների վերաբերյալ Պսակին ասել էր, որ ապագա նախագահն այդ ժամանակ «իր անձնական կարծիքն ուներ այդ հարցի վերաբերյալ»:
Վերոնշյալ հայտարարությունը ճիշտ գնահատելու համար մենք պարտավոր ենք հաշվի առնել հետեւյալը.
– որ նախագահ Օբամայի անձնական տեսակետները որպես թեկնածուի կապ չունեն երկրի քաղաքականության հետ,
– որ չնայած Պսակին «սգում է կորուստը 1,5 միլիոն հայերի», նա հմտորեն խուսափում է «Ց» (ցեղասպանություն) եզրը օգտագործելուց,
– որ հայտարարության մեջ չի նշվում, թե ով գործադրեց այդ հանցագործությունը,
– որ հայտարարության վերջում նշվում է. «մեր մեծագույն շահագրգռվածությունն այս հարցում այն է, որ ցանկանում ենք տեսնել Հայաստանին եւ Թուրքիային իրենց անցյալի վերքերը բուժելիս եւ առաջ շարժվելիս դեպի բարգավաճ եւ անվտանգ ապագա տարածաշրջանում եւ, իհարկե, մեր քաղաքականությունը այդ նպատակի իրագործմանն է ուղղված»:
Նշենք անմիջապես, որ այդ քաղաքականությունը որեւէ արդյունք չի տալու մինչեւ Մ. Նահանգները ճնշում չգործադրեն Թուրքիայի վրա, վերացնելու Հայաստանի անօրինական շրջափակումը, մինչեւ Մ. Նահանգները աներկմիտ չճանաչի հայերի ցեղասպանությունը եւ դրանով ճանապարհը հարթի Թուրքիայի համար առերեսվելու իր պատմության սեւ էջերի հետ, ինչպես նախագահ Օբաման հիշեցրեց թուրքական խորհրդարանին այդ երկիր իր առաջին այցելության ժամանակ:
Ինչպես տեսնում ենք, պետքարտուղարության քաղաքականությունը ընդամենը որպես վիրակապ կարող է ծառայել մեր Ցեղասպանության վերքին: Արձագանքները տարբեր են: Բանաձեւ 410-ը ընդունվեց ձայների 12:5 հարաբերակցությամբ: Քվեարկության ավարտին Ռոբերտ Մենենդեսի խոսքերը զայրացրին Անկարային եւ խանդավառեցին Երեւանին: Նա ասաց. «Կարծում եմ, որ հայերի Ցեղասպանությունը այնպիսի զարհուրելի իրականություն է, որ երբեք չի կարելի ժխտել: Չեմ կարծում, որ հնարավոր է ցեղասպանությունների միջից ընտրել քո՛ ուզած ցեղասպանությունը: Ցեղասպանությունը ցեղասպանություն է եւ վերջ»: Մինչ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը գնահատանքի խոսքեր ուղղեց այդ առթիվ, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգահարելով պետքարտուղար Ջոն Քերրիին նախազգուշացրեց նրան, որ Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կվատթարանան, եթե Ցեղասպանության հարցում Թուրքիայի շահերը հաշվի չառնվեն:
Լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի թուրք թղթակից Ամբերին Զամանը «Ալ Մոնիտոր» պարբերականում գրեց. «Թուրքիան ժխտում է, որ ցեղասպանություն կատարվել է եւ միլիոնավոր դոլարներ է ծախսում առաջ տանելու իր անհաջող վարկածն այն մասին, որ Օսմանյան կայսրության անկմանը նախորդած քաոսի պայմաններում հայերն առավելապես կոտորվեցին սովի ու հիվանդությունների հետեւանքում»:
Բանաձեւ 410-ը դեռ դրվելու է Սենատի լիագումար նիստի քվեարկությանը եւ, իհարկե, թուրքական քարոզչությունն ու հայկական շահերը մի անգամ եւս բախվելու են իրարՙ փորձելով ազդել վերջնական արդյունքի վրա:
Իր հերթին Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերը (դեմոկրատՙ Նյու Ջերսիից) նշեց, որ արտաքին հարաբերությունների հանձնախմբի քվեարկության արդյունքը «կարեւոր փուլ է Մ. Նահանգների կողմից հայերի Ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված ջանքերում… Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատը առաջ տանի իր 227 բանաձեւըՙ կոչ անելով նախագահին ճանաչելու հայերի Ցեղասպանության փաստն ու նրա հետեւանքները»:
Քեսաբի վրա Թուրքիայի կազմակերպած հարձակումները մի անգամ եւս հիշեցրին աշխարհին, թե ինչպես են թուրքերը վերաբերվել հայերին անցած մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում: Դրանք նաեւ հակադրվեցին Անկարայի «լավ յուղոտված» PR քարոզչություններին: Շերի եւ Քիմ Քարդաշյանի նման մեծահռչակ դեմքեր խթան հանդիսացան հայկական կողմի բողոքի արշավին: Ճակատագրի հեգնանքն այն է, որ քարոզչական ասպարեզում Քարդաշյանի սեքսուալ գրավչությունն ավելի մեծ ազդեցություն է գործում, քան, ասենք, Թաներ Աքչամի «Ամոթալի արարք» գրքի գիտական լուրջ ուսումնասիրությունը:
Հարցն այն է, թե ինչո՞ւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը քառորդ դար անտեսելուց հետո նման նախաձեռնությամբ հանդես եկավ այժմ: Ենթադրությունները շատ են, բայց մի բան հստակ է: Գոյություն ունի շեշտակի վատթարացում Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում: Հայերս կարող ենք պարծենալ դրանում մեր ունեցած դերակատարման համար, բայց դա այնքան էլ ճիշտ չի լինի: Մ. Նահանգները դժգոհ է էրդողանի բռնակալական գործողություններից, բայց նույնիսկ դրանք այնքան կարեւորության չէին արժանանա, եթե նրա արտաքին քաղաքականության կոպիտ սխալները չվնասեին տարածաշրջանում Ամերիկայի շահերին:
Հակառակ թուրք-իսրայելական հարաբերություններում նկատվող որոշ առաջխաղացումներին, Էրդողանն ու Դավութօղլուն շատ հաստատակամ են իրենց դիրքորոշումներում, եւ դա կարեւոր պատճառ է, որ Ամերիկան ձգտի ճնշում բանեցնել Անկարայի վրա: Ցեղասպանության հարցը Դամոկլյան սուր է մշտապես կախված Թուրքիայի գլխավերեւում եւ այն այսօր օգտագործվում է ծառայելու իր նպատակին: Իսրայելն էլ ժամանակ առ ժամանակ օգտագործել է այդ հարցը առանց լուրջ մտադրություն ունենալու ճանաչելու հայերի ցեղասպանությունը: Մյուս կողմից, մոլեռանդ իսլամիստ Էրդողանի եւ իսրայելամետ Գյուլենի միջեւ ծագած հասարակական կատաղի հակամարտությունը նույնպես միջոց է Էրդողանին պատին սեղմելու համար:
Եթե հավատ ընծայենք անօրինականությունների մասին բարձրաձայնող Սիբիլ Էդմոնդսի խոսքերին, ժամանակը հասել է, որ Մ. Նահանգները ձերբազատվի Էրդողանից, որն արդեն գերապրել է իր պիտանիության ժամկետը:
Երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, Վաշինգտոնը զարմանալի զսպվածություն դրսեւորեց եւ դիմեց «բլիթի ու մտրակի» քաղաքականությանը: Հայաստանի տնտեսությունում կատարված ամերիկյան որոշակի ներդրումները ողջունելի էին: Ցեղասպանության վերաբերյալ նախաձեռնությունը նույնպես կարող է այդ քաղաքականության մասը կազմել: Թվում է, թե Հայաստանին ամբողջովին մեկուսացնելն ու օտարելը այնքան էլ նպաստավոր չէ արեւմուտքի համար եւ չի բխում նրա շահերից:
Ուստի առայժմ մենք պարտավոր ենք գնահատել այն սենատորների նախաձեռնությունը, որոնք համապատասխան քայլերով իրերն իրենց անուններով կոչեցին: Երբ քվեարկությունն իր ավարտին հասնի եւ բանաձեւի ճակատագիրը որոշվի, մենք կհասկանանք, թե այդ ամենը քաղաքական խա՞ղ էր, թե՞ պատմական սխալի ուղղում: Եթե նորից խաբվենք, ապա այն մխիթարանքն ենք ունենալու, որ գոնե մի վիրակապ ունենք մեր համընդհանուր վիրավորված ինքնասիրության համար:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ