Պետք է սկսել «միլիոնատերերից» եւ չունեւորներից
Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդման, այսօր Հայաստանում հաշվվում են 373 մարդ, որոնք ամեն ամիս ստանում են 1 միլիոն դրամ եւ ավելի կենսաթոշակ: Ափսոս, իհարկե, որ չի ասվում, թե մեր թոշակառուներից քանիսն են ստանում 500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ: Այդժամ պատկերն ավելի ամբողջական կլիներ:
Բայց եկեք խորհենք ընտրյալ թոշակառուների կենսաթոշակի չափի մասին` 1 միլիոն դրամ: Ու այն համեմատենք անցյալ տարի 30,000 դրամ կազմող միջին կենսաթոշակի հետ: Ի դեպ, առանց այդ 373 «հարվածային թոշակառուների» եւ նրանց մերձավոր «առաջավորների», միջին կենսաթոշակն է՛լ ավելի չնչին կլիներ: Քանզի այն հաշվարկում են` գումարելով բոլոր թոշակները եւ ստացված գումարը հավասարապես բաժանելով բոլորի վրա: Նույն կերպ կարելի է հիվանդանոցում ստանալ առողջ մարդու ջերմաստիճանը (36.6՛), եթե միագումարենք հիվանդների ջերմաստիճանը հիվանդության ճգնաժամային պահին, երբ նրանցից ոմանք արդեն սառչում են, իսկ մյուսներն էլ 42՛-ը «տվել-անցել» են:
Ժամանակին հհշականները գրչի մեկ հարվածով բարձրացրին կենսաթոշակային տարիքը, տղամարդկանցը ավելացնելով 3 տարի (60-63), իսկ կանանցն էլ «իրավահավասարեցնելով» տղամարդկանց` ավելացրին ոչ ավել, ոչ պակաս 8 տարի (55-63): Ռուսաստանում անընդհատ փորձում են ամենատարբեր կողմերից մոտենալ կենսաթոշակային տարիքի բարձրացման խնդրին, սակայն դանդաղում են, ելնելով նաեւ այն բանից, որ մեր հյուսիսային հարեւանների կյանքի միջին տեւողությունն այնպես չի ավելանում, ինչպես կկամենային իրենք բոլորը…
Հայաստանում «ժողովրդավարական» հովերի տենդագին դողէրոցքում չմտածեցին կյանքի տեւողության ու այլեւայլ «երկրորդական» գործոնների մասին` փողը չէր հերիքում: Ահա եւ բարձրացրին տարիքային սանդղակը, ընդսմին հավասարեցնելով բոլորին եւ ի չիք դարձնելով այն մարդկանց վաստակը, ովքեր ունեին աշխատանքային բարձր թոշակ: Ու ճիշտ էլ արեցին, նրանք հո՜ չէին ծառայել նոր` «ժողովրդավարական» իշխանությանը, այլ մի ի՜նչ-ի՜նչ խորհրդային Հայաստանին:
Գոյության ու քննարկման իրավունք ունի նաեւ այն տեսակետը, որ ցածր որակավորման աշխատավորուհին (եթե առանց ավելորդաբանության` հավաքարարուհին) եւ նախարարը պետք է ստանան նույն թոշակը: Սակայն նախկին իշխանությունների օրոք համենայն դեպս հաշվի էին առնում, տարբերակում էին մարդկանց ներդրումը երկրի զարգացման գործում եւ նշանակում էին անհատական կենսաթոշակներ` տեղական, հանրապետական եւ միութենական: Տեղական կենսաթոշակի վերին սանդղակը կազմում էր 120 ռուբլի, հանրապետականը` 140 ռուբլի, միութենականը` 150-200 ռուբլի: Կենսաթոշակի անցնելիս այն ստանում էին նախարարները, կուսակցական եւ տնտեսական ակնառու գործիչները: Հայաստանում միութենական նշանակության թոշակառուների թիվը շատ ավելի քիչ էր մերօրյա 373 միլիոնատերերի քանակից, թեեւ այն ժամանակ Հայաստանում անհամեմատ շատ մարդ էր ապրում, քան այսօր, եւ նրանց ներդրումն էլ երկրի ու հանրապետության զարգացման գործում շատ ավելի էական էր:
Հենց այդպիսի միութենական կենսաթոշակ` 160ռ. էր ստանում իմ բարեկամ Գուրգեն Արտաշեսի Փահլեւանյանը` կուսակցության Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարը, իսկ հետագայում` մայրաքաղաքի քաղխորհրդի եւ գործկոմի նախագահը (քաղաքապետը): Այսինքն նա ընդամենը 40 ռուբլի էր ավել ստանում իր հասակակիցներից, հասարակ մահկանացուներից` ամսական 120 ռուբլի ստացող բանվորներից, ինժեներներից: Իսկ միջին կենսաթոշակն այն ժամանակ կազմում էր մոտ 80 ռուբլի: Այսինքն քաղաքապետն ընդամենը երկու անգամ էր ավել ստանում հասարակ երեւանցուց: Եվ դա այն ժամանակ համարվում էր լրջագույն տարբերություն, առիթ տալով «նոմենկլատուրայի» մասին տարաբնույթ խոսակցությունների…
Ընկերոջս հայրը` Վուլեն Հմայակի Մեհրաբյանը, այսօր 87 տարեկան է: Նախկինում Հայաստանի Կոմկուսի կենտկոմի արդյունաբերության բաժնի վարիչ, Հայաստանի վաստակավոր ինժեներ, բազմաթիվ շքանշանների ասպետ այդ պատկառելի մարդը մեր նոր ժամանակաշրջանում կորցրեց իր միութենական կենսաթոշակը եւ այսօր ստանում է 50.000 դրամից պակաս: Դարձյա՞լ օրինակներ բերեմ: Տարիներ առաջ մամուլում կարդացի այն մասին, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհում ամբիոնի վարիչ Սարգիս Ղանթարջյանը ստանում է մոտ 40.000 դրամ թոշակ: Համացանցից իմացա, որ Ղանթարջյանը հայտնի մարդ է ո՛չ միայն գիտական միջավայրում եւ ո՛չ միայն մեզ մոտ: Նա նաեւ գրքերի հեղինակ է…
Վերադառնանք մեր միլիոնատերերին եւ նրանց մերձավորներին, որոնց կենսաթոշակը մի քանի տասնյակ անգամ բարձր է միջինից: Եվ այս ամենը տեղի է ունենում խորհրդային նոմենկլատուրայի արտոնություների մասին հուշերը շահարկելու հենքի վրա: Իսկ ի՞նչ ասենք հիմա:
Միջին կենսաթոշակը հասցնելով 34,500 դրամի (բարձրացրել են «ամբողջ» 15%-ով)` մեզ հանգստացրին լրացուցիչ հայտնելով, որ միլիոնատերերի կենսաթոշակն ավելացել է սոսկ 3%-ով: Սա արդեն պարզապես չի տեղավորվում մարդու ուղեղում: Ինչպե՞ս կարելի է բարձրացնել նրանց կենսաթոշակը, ով միանգամից ավելի շատ է ստանում, քան երկրի նախագահի աշխատավարձն է:
Հիմա էլ կարծես մյուս ծայրահեղության մեջ են ընկել եւ ցանկանում են արտոնություններից զրկել այն բարձրաստիճան շերտերին (դատավոր, դատախազ, քննիչ) ում բարձր կենսաթոշակ էր նշանակվում: Ուստի նրանցից շատերը շտապում են կենսաթոշակը ձեւակերպել «հին մոդայով»: Միանգամայն ակնհայտ է, որ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը պրոֆեսիոնալների զանգվածային ելքը բացասաբար կազդի վերոհիշյալ ոլորտների աշխատանքի վրա, ոլորտներ, որոնք անկախության այս բոլոր տարիներին դոփդոփում էին դատաիրավական պերմանենտ բարեփոխումների ճահճում: Լավատեսները կասեն` դե՜հ ոչինչ: Խնայված փողերը կարելի է ուղղել ցածր վարձատրվողների թոշակների եւ նպաստների բարձրացմանը: Հոռետեսները կնկատեն, որ իրավապահ ոլորտում պրոֆեսիոնալների պակասը կհակադարձվի այնպիսի հնարավոր դատական սխալներով, որ Եվրոդատարանից հետո մենք ստիպված կլինենք տուգանքներ վճարել հենց այն պետբյուջեից, որտեղ ձեւավորվում են միջին կենսաթոշակները: Աստվա՜ծ գիտի, թե ով է ճիշտ…
Իսկ ահա կենսաթոշակային բարեփոխման (որն աններելի ուշացումով են բացատրում հասարակայնությանը) շուրջ կրքերի բորբոքման այս թեժ պահին կուզենայի ուշադրություն դարձնել մի նրբին խնդրի վրա: Կարելի՞ է արդյոք պահումներ կատարել աշխատավարձից, որը չի տեղավորվում սպառողական զամբյուղի մեջ: Չէ որ խնդիրը բնավ էլ այն չէ, վստահո՞ւմ են իշխանություններին, թե չեն վստահում, եւ թէ ինչ կլինի մեզ հետ 30-40 տարի հետո: Կարծում եմ, ո՛չ մի սարսափելի բան չի լինի: Ու եթե մարդիկ իսպառ չվստահեին իշխանություններին, ապա լուրջ գումարներ պահ չէին տա բանկերին: Բայց միթե կարելի է կրճատել այն մարդկանց բյուջեն, ովքեր ստանում են 60-70-100 հազար դրամ (երբեմն լինելով ընտանիքի միակ կերակրողը): Չէ որ յուրաքանչյուր 100 դրամը իրոք հաշվված է նրանց մոտ: Ես կռահում եմ չհաշվարկված աշխատավարձի եւ այլ խարդախությունների մասին, բայց այդժամ կենսաթոշակային բարեփոխումը էլ ավելի կահագնացնի ստվերը…
Ինձ թվում է, ճիշտ կլիներ կենսաթոշակային բարեփոխումն իրականացնել երկու փուլով: Սկսել նրանցից, ովքեր բավականին բարձր են վարձատրվում: Այսպես ասածՙ մերօրյա «նոմենկլատուրայից»: Իսկ հետո չունեւոր շերտերին մի կերպ մոտեցնելով համեմատաբար տանելի, ծայրը ծայրին հասցնող աշխատավարձին, անդրադառնալ նաեւ նրանց: Թե չէ ոմանք պարզապես չեն հասնի կենսաթոշակային տարիքի: Թեկուզեւ այն պատճառով, որ պահումներից հետո դեղի փող չի մնա…