ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
Ի՞նչ քայլեր կարող են կատարել ռուսներն ու ամերիկացիները: Ի՞նչ քայլերի չեն կարող դիմել: Այս հարցերն է քննարկում հեղինակն այս անգամ:
Սառը պատերազմի ժամանակ ճգնաժամերը հաղթահարելու եւ երկրների ճակատագրերը որոշելու շուրջ Մ. Նահանգների պետքարտուղարների եւ Խ. Միության արտգործնախարարների միջեւ բանակցություններ վարելը սովորական երեւույթ էր: Բայց արդեն երկար ժամանակ է, ինչ նման բանակցություններ չէին վարվում: Վերջերս անցյալի փորձը վերականգնելու քայլ կատարվեց, երբ ամերիկացիներն ու ռուսները հաղորդակցվեցին միմյանց հետ, որպեսզի ելք գտնեն Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակին եւ միաժամանակ ձեւավորեն այդ երկրի ապագան:
Հաղորդակցման ընթացքում նախագահ Բարաք Օբաման հստակեցրեց, որ Վաշինգտոնը նպատակ չունի ՆԱՏՕ¬ն ընդարձակելու մինչեւ Ուկրաինա կամ Վրաստան: Ռուսներն էլ տեղեկացրին, որ մտադիր չեն հետագա ռազմական գործողություններ ծավալել Ուկրաինայում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի միջեւ երկխոսությունները բազմաբնույթ են եւ շարունակական: Տարբեր պատճառներով, կողմերից ոչ մեկը չի ցանկանում, որ ճգնաժամը շարունակվի, բայց կացության ըմբռնումները տարբեր են:
Ռուսական տեսանկյունից
Ռուսները համոզված են, որ կիեւյան ապստամբությունը հրահրված էր արեւմտյան հետախուզական ծառայությունների կողմից, որոնք պաշտպանում են տեղի ոչ կառավարական կազմակերպություններին: Առանց վերջիններիս միջամտության ցույցերը երկրում կհանդարտվեին, եւ կառավարությունը կշարունակեր իր աշխատանքը: Այս մոտեցումը նորություն չէ ռուսների համար: Նրանց կարծիքով «նարնջագույն հեղափոխությունն» էլ նույն հիմնավորումն ուներ: Արեւմուտքը հերքում է այս մոտեցումը, բայց կարեւորն այն է, որ ռուսները համոզված են դրանում: Իսկ դա նշանակում է, որ նրանք հավատում են, որ արեւմտյան հետախուզությունը ի վիճակի է ապակայունացնելու իրավիճակը Ուկրաինայում, ռուսական ազդեցության տակ գտնվող մյուս երկրներում եւ նույնիսկ Ռուսաստանում: Սա էլ ռուսներին դարձնում է զգուշավոր:
Ռուսները ցանկանում են, որ երկրի ռուսամետ շրջանները ընտրությունների ժամանակ ուժեղ ընդդիմություն ցույց տան Կիեւին: Արեւելյան մասերի ամբողջական կամ մասնակի մասնատումը ոչ ռացիոնալ կլիներ:
Այլ տարբերակներ ռուսները չունեն: Խոսակցություններ կան Մոլդովայում, Անդրդնեստրից սկսած որոշ գործողություններ ձեռնարկելու մասին, բայց այնտեղ գտնվող ռուսական զորքերի մատակարարումը Ուկրաինայից պետք է անցնի: Որեւէ հնարավոր ընդհարման դեպքում Ուկրաինան կփակի ճանապարհները: Ռուսները հնարավոր է բռնի ուժով փորձեն ճանապարհ բացել իրենց համար, բայց դա էլ ավելի մեծ վտանգ կառաջացնի, եւ ռուսներին կստիպի հետ քաշվել:
Նաեւ Բալթյան երկրներում հնարավոր է գործողություններ ծավալել: Կրեմլը կարող է քաջալերել տեղի ռուս փոքրամասնություններին փողոց դուրս գալ եւ ցույցեր կազմակերպել: Բայց Բալթյան երկրները ՆԱՏՕ¬ի անդամ են, եւ պատասխան հարվածը կարող է անկանխատեսելի լինել: Ռուսները ցանկանում են պահպանել իրենց ազդեցության ոլորտները Ուկրաինայում, առանց խզելու առեւտրական եւ քաղաքական կապերը Եվրոպայիՙ եւ հատկապես Գերմանիայի հետ: Ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Բալթյան երկրներ մարտահրավեր կլինի նման հարաբերություններին:
Ճգնաժամը հաղթահարելուն միտված բանակցությունները ռուսների համար պիտանի են եւ ձեռնտու, որովհետեւ դրանք ենթադրում են, որ Ուկրաինայում տնտեսական ճգնաժամի առաջացումով իրենք կկարողանան վերահաստատել իրենց ազդեցությունը երկրում, եւ կանխիկ փող ձեռք բերելովՙ մեղմել կորստի ցավը:
Ամերիկյան տեսանկյունից
Մ. Նահանգների համոզմամբ ռուսները երկու լծակ ունեն: Ռազմականորեն ռուսներն իրենց տարածքում ավելի ուժեղ են, քան ամերիկացիները: Վերջիններս ռազմական տեսակետից Ղրիմում գործողություններ ծավալելու ոչ մի տարբերակ չունեին, ճիշտ այնպես, ինչպես ոչ մի տարբերակ չունեին Վրաստանում 2008 թվականին: Մ. Նահանգներին ամիսներ կպահանջվեն համապատասխան զորք կուտակելու համար: «Անապատի փոթորիկ» գործողության նախապատրաստումը, օրինակ, տեւեց 6 ամիս: 2003-ին Իրաք ներխուժումը նույնքան ժամանակ պահանջեց:
Այդ ժամանակահատվածում ռուսները կարող են հասնել իրենց նպատակին, ամերիկացիներին թողնելով մեկ տարբերակ, որն անկարելի է իրագործելՙ ներխուժել ռուսական տարածք: Այնպես որ, ամերիկացիները չեն ցանկանում, որ ռուսները Ուկրաինայում ռազմական տարբերակը ի գործ դնեն, որովհետեւ դա կբացահայտեր ժամանակին պատշաճ հակահարված տալու իրենց անկարողությունը: Նաեւ ՆԱՏՕ¬ի ներքին թուլությունը:
Երկրորդ լծակը Գերմանիան է: Ամերիկացիները չեն կարող վստահել գերմանացիներին, որովհետեւ չգիտեն, թե Բեռլինը ինչ դիրք է բռնելու: Սկզբում նրանք (գերմանացիները) հակադրվեցին Եվրոմիության գործընթացը շարունակելու ուկրաինացիների մերժումին եւ սկսեցին պաշտպանել ապստամբության առաջնորդներից մեկին: Բայց հետո լռեցին եւ իրենց պաշտպանած անձըՙ Վիտալի Կլիչկոն, հրաժարվեց մասնակցելու նախագահական ընտրություններին:
Գերմանացիները, այսպիսով, նահանջեցին, որովհետեւ չէին ցանկանում, որ, թեկուզ փոքր ծավալով, սառը պատերազմ բռնկվի իրենց երկրից դեպի արեւելք ընկած տարածքներում: Հարատեւ կոնֆլիկտներն այդ տարածքներում է՛լ ավելի կխորացնեին Եվրոմիության անկայունությունը եւ կստիպեին Գերմանիային առավել վճռական քայլերի դիմելու, մի բան, որ նա չի ցանկանում անել: Բեռլինն այժմ գերզբաղված է Եվրոմիությունը կայունացնելու գործով, Հարավային եւ Կենտրոնական Եվրոպան միավորելու գործով, ի դեմս զանգվածային տնտեսական տեղաշարժերի եւ աջ արմատականների աշխուժացմանը: Գերմանիան պարզապես ի վիճակի չէ մենամարտելու Ռուսաստանի դեմ: Դրա անհրաժեշտությունը չի զգում: Նաեւ կա այն հանգամանքը, որ Գերմանիան իր էներգիայի պաշարների մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից: Սա երկկողմ շահավետ գործարք է, բայց որեւէ ճգնաժամի պարագայում գերմանացիները վստահ չեն, թե ինչպես կպահեն իրենց ռուսները: Նման ռիսկի գերմանացիները դիմել ուղղակի չեն կարող:
Եթե Գերմանիան է զգուշավոր, Կենտրոնական Եվրոպան էլ պետք է զգուշավոր լինի: Լեհաստանն, օրինակ, չի կարող անտեսել Գերմանիային: Մ. Նահանգները կարող է տարածաշրջանում երկկողմ հարաբերություններ ստեղծել, ինչը ես կարծում եմ տեղի կունենա պատշաճ ժամանակին, բայց առայժմ ամերիկացիները բոլորովին պատրաստ չեն որեւէ բան ձեռնարկելու, առավել եւս այնպիսի մի տեղանքում, որտեղ երկու պետություններՙ Ռուսաստանն ու Գերմանիան, կարող են ընդդիմանալ ամերիկյան որեւէ գործողության:
Ինչպես Մոսկվայի, Վաշինգտոնի գործելու տարբերակներն էլ սահմանափակ են: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ռուսների պնդումները ճիշտ են եւ ամերիկյան ոչ¬կառավարական կազմակերպությունների մատը խառն էր Ուկրաինայի իրադարձություններում, ապա պետք է նշել, որ նրանք այդ խաղաքարտը խաղացել են արդեն, եւ դժվար է վերստին խաղալ այն հետագայում, երբ տնտեսական խստություններն սկսեն գործել: Այնպես որ, վերջին իրադարձությունները տրամաբանական կարելի է համարել: Ռուսները ամերիկացիներին են դիմել ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Նրանք առաջարկում են դաշնակցային պետություն ստեղծել Ուկրաինայում եւ նույնիսկ մոնիտորներ տեղակայել այնտեղ:
Բանակցությունների նշանակությունը
Այս ամենի մեջ ամենահետաքրքրական երեւույթն այն է, որ ռուսներն ու ամերիկացիները իրար ձեռք են մեկնել: Ռուսներն անշուշտ եվրոպացիների հետ զրուցել են, բայց ապագան նախանշելու եւ տարբերակներ քննարկելու փուլում Լավրովը զանգահարում է Քերրիին, եւ Քերրին էլ պատասխանում է:
Սա ինչ¬որ բան ասում է այն մասին, թե ինչպես է աշխարհը կառավարվում: Ես երկու պետությունների թույլ կողմերը շարադրել եմ, բայց նույնիսկ այդ թուլությունների առկայության դեպքում ռուսները գիտակցում են, որ ճգնաժամից դուրս գալ չեն կարող առանց ամերիկացիների հետ համագործակցության, իսկ ամերիկացիներն էլ հասկանում են, որ այլեւս 1990-ականների նման չեն կարող իրենց ցանկացած ելքը պարտադրել ռուսներին:
Երեւույթի հիմքում հավանաբար սառը պատերազմից քաղած դասերն են: Բայց կան նաեւ այլ հանգամանքներ: Եթե ռուսները ցանկանում են ելք գտնել եւ պաշտպանել իրենց շահերը, միակ երկիրը, որի հետ կարող են բանակցելՙ Մ. Նահանգներն է: Եվրոպայում չկա մի ակնառու ղեկավար, որը կարողանա նման կարեւոր խնդրի շուրջ խոսել եվրոպական բոլոր պետությունների անունից: Բրիտանացիները հանդես են գալիս հօգուտ բրիտանացիների, ֆրանսիացիներըՙ հօգուտ ֆրանսիացիների, գերմանացիներըՙ հօգուտ գերմանացիների, իսկ լեհերըՙ հօգուտ լեհերի: Նրանք առաջին հերթին պետք է միմյանց հետ բանակցեն: Բանակցություններից հետո առանձին երկրներ կարող են լավագույն դեպքում դիտորդներ ուղարկել, բայց երբ խոսքը ուժային քաղաքականության մասին է, Եվրոպան վերացական հասկացողություն է:
Ռուսները զանգահարեցին ամերիկացիներին, որովհետեւ հասկանում են, որ թուլություններով հանդերձ, ներկայիս Մ. Նահանգների ուժային կարողությունները զգալիորեն ավելի մեծ են, քան իրենցը: Չբանակցել Մ. Նահանգների հետ, վտանգավոր կլիներ: Բանակցելըՙ լավագույն ճանապարհը դեպի խնդրի լուծումը:
Եվ վերջապես Մ. Նահանգներն ունի նաեւ գլոբալ շահեր, որոնց վրա կարող է ազդել Ռուսաստանը: Դրանցից ամենաերեւելին Իրանն է: Ռուսները Ուկրաինայի եւ Իրանի խնդիրներն իրար կապակցելով կարող են ավելի լավ արդյունքների հասնել ամերիկացիների հետ իրենց բանակցություններում, որոնք նվազագույն տնտեսական եւ առավելագույն քաղաքական¬ռազմական բաղադրիչ են պարունակում իրենց մեջ: Կան բնագավառներ, որոնցում Մ. Նահանգները օժանդակություն է ակնկալում Ռուսաստանից: Այնպես որ, նրանք կարող են բանակցել:
Տարամետ ամերիկյան մտահոգություններ
Ամենակարեւորն այն է, որ Մ. Նահանգները հստակ չգիտի, թե ինչ է ուզում ռուսներից: Մասամբ նա ցանկանում է սահմանադրական ժողովրդավարություն հաստատել Ուկրաինայում: Ռուսները դրան դեմ չեն, պայմանով, որ Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ¬ին կամ Եվրոմիությանը: Բայց ռուսները գիտեն նաեւ, որ սահմանադրական ժողովրդավարություն հաստատելը Ուկրաինայում հսկայական եւ համարյա անօգուտ աշխատանք է: Նրանք գիտեն, որ այնտեղ կառավարությունը հարափոփոխ է, «կառուցված»ՙ տնտեսական եւ սոցիալական վտանգավոր «սողանքային ավազի» վրա:
Ամերիկյան կառավարությունում դիրքորոշումները Ռուսաստանի հանդեպ խիստ տարբեր են: Ոմանք մտահոգ են տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու նրա ձգտումներով, ուրիշներ Միջին Արեւելքում նրա ազդեցությամբ են մտահոգ, իսկ մի երրորդ խումբ էլ հնարավոր գործընկեր է տեսնում Ռուսաստանին: Գաղափարախոսական եւ ինստիտուցիոն առումներով բարդ, իրարամերժ խնդիր կա: Պաշտպանության դեպարտամենտն ու պետքարտուղարությունը հազվադեպ է, որ միեւնույն կարծիքն ունենան: Նրանց տարբեր բաժանմունքներում էլ կարծիքները միանման չեն: Եվ հետո կա նաեւ կոնգրեսը: Այս բոլորը Մ. Նահանգների հետ գործ ունենալը դարձնում են նույնքան խրթին ու դժվարին, որքան եվրոպացիների հետ առնչվելը: Բայց դա միաժամանակ խուսանավելու առիթ է տալիս բանակցությունների ընթացքում:
Այդուհանդերձ, ազգային բարձրագույն նշանակության հարցերի դեպքում նախագահի կամ մեկ այլ ազդեցիկ անձնավորության կշռադատված խոսքն է հնչում: Այս պարագայում Քերրին է այդ անձնավորությունը:
Ուկրաինայում Յանուկովիչի կառավարության անկումից հետո, Ռուսաստանը ձգտեց ոչ թե հետ շրջել կատարվածը, այլ վերաձեւավորել իր իշխանությունը: Ռուսաստանը իշխանություն ունի, բայց այն բավարար չէ հետ շրջելու իրադարձությունները: Նա ժամանակի կարիքն ունի կարողանալ օգտվելու համար Ուկրաինայի տնտեսական թուլությունից եւ քաղաքական մասնատվածությունից: Նա նաեւ բանակցությունների միջոցով ձեռք բերված լուծումի կարիքն ունի: Եվ իհարկե նշանակալից մի գործընկերոջ, որի հետ կարելի լինի բանակցել: Տվյալ դեպքում Մ. Նահանգները միակ պիտանի «պլատֆորմն» է, որը կարող է ինչ¬որ բան անել:
Մ. Նահանգները պատրաստ չէ ընդունելու, որ թեւակոխել է մի ժամանակաշրջան, որի ընթացքում Ռուսաստանի հետ մրցակցությունը որոշիչ գործոն է դառնալու իր արտաքին քաղաքականության համար: Իր ներքին տրամաբանությունը դեռեւս սեւեռված չէ Ռուսաստանի վրա: Փաստարկներ կան, որ Մ. Նահանգների շահերից չի բխում ավարտել ուկրաինական ճգնաժամը: Ինչո՞ւ: Որովհետեւ թույլ տալով, որ Ռուսաստանը խորանա այդ ճահճում, Մ. Նահանգները նպաստելու է Ռուսաստանի թուլացմանը: Բայց Մ. Նահանգները դեռ պատրաստ չէ մտածելու այդ մասին: Հաշվի առնելով Մ. Նահանգների տարածքային անջատվածությունը (հեռավորությունը), ավելի լավ է հետաձգել այդ գաղափարը:
Այնպես որ, բանակցությունները խոստումնալից են: Ռուսները մեզ ցույց տվեցին ճանապարհը, որով աշխարհը դեռեւս պետք է կառավարվի: Եթե որեւէ բան պետք է արվի, ապա համապատասխան համարով պետք է զանգահարել Մ. Նահանգներ:
Geopolitical weekly, 01.04.14, Թարգմ. Հ. Ծ