ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Մարտի 14-ին Բեռլինում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի տան խորհրդակցությունների սրահում հանդիպեցին Մաքսային միության երկրների եւ Գերմանիայի առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք ուսումնասիրում են Եվրոպական Միության եւ ապագա Եվրասիական տնտեսական միության միջեւ ձեւավորվելիք հարաբերությունների հեռանկարը: Համաժողովը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը «Եվրասիա ֆորում» ծրագրի շրջանակներում: Հրավիրված էին գերմանացի քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, տնտեսագետներ, վերլուծաբաններ եւ լրատվամիջոցների ղեկավարներ, որոնք հայտնի են Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի մասին իրենց ուսումնասիրություններով: Համաժողովն անցնում էր մի մթնոլորտում, երբ Արեւմուտքի պաշտոնական քաղաքական եւ տեղեկատվական շրջանակները Ռուսաստանին սպառնում էին պատժամիջոցներով, եթե նա չփոխի իր վերաբերմունքը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Նույնիսկ անհանգստություն կար, որ համաժողովը կարող է տապալվել: Սակայն բոլոր հրավիրված մասնակիցները ներկա էին համաժողովում եւ այն դարձավ օրվա ուշագրավ իրադարձություններից մեկը: Համաժողովի բացմանը ելույթ ունեցան Գերմանիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Գրինինը, Բելառուսի դեսպան Անդրեյ Գիրոն եւ Հայաստանի նորանշանակ դեսպան Վահան Հովհաննիսյանը: Գերմանական կողմը ներկայացնող շատ քաղաքագետներ լավ հայտնի են գերմանա-ռուսական հարաբերություններում ունեցած իրենց դերով: Օրինակ Լոթար Դե Մեզիերը «Պետերբուրգյան դիալոգ» համաժողովի գերմանական կոորդինացիոն կոմիտեի նախագահն է, Ալեքսանդր Ռառըՙ գերմանա-ռուսաստանյան համաժողովի հետազոտությունների գծով տնօրենը, Մարտին Հոֆմանըՙ գերմանա-ռուսաստանյան ֆորումի գործադիր տնօրենը, Հանս-Հենինգ Շրյոդերըՙ գերմանական Գիտության եւ քաղաքականության հիմնադրամի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի գծով փորձագետը: Շատ կարեւոր էր Բունդեստագի արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Տյոննեսի ներկայությունը, որը հանդես եկավ ընդարձակ զեկուցմամբ: Կարեւոր էր նաեւ Գետտինգենի համալսարանի պրոֆեսոր Պետեր Շուլցեի ելույթը, որը կանխատեսումներ արեց մոտակա եւ ավելի երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ: Ռուսաստանյան փորձագետները, բացի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից, ներկայացնում էին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը եւ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ամբողջ օրվա ընթացքում հնչեցին բազմաթիվՙ թե՛ նախապատրաստված, թե՛ տեղում վերաշարադրված ելույթներ, որոնց բովանդակությունը փորձենք ստորեւ վերլուծել:
Դրական վերաբերմունքի ակնկալիք Եվրոպական Միությունից Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ
Համաժողովը դեռ ընթանում էր, երբ մի աչքը գցած իրենց պլանշետներին մասնակիցները տեղեկացնում էին առաջին պատժամիջոցների մասին, որոնք ամերիկացիները եւ եվրոպացիները սկսում են կիրառել ռուսաստանյան պաշտոնյաների նկատմամբ: Բայց նույնիսկ այդ լարված մթնոլորտում զգացվում էր, որ հավաքված ռուսաստանցի եւ գերմանացի փորձագետները համարժեք են ընկալում կողմերի տնտեսական եւ աշխարհաքաղաքական կարեւորությունը միմյանց նկատմամբ: Ռուսաստանի արտաքին առեւտրի ծավալը Եվրոպական միության հետ կազմում է 450 միլիարդ եվրո, իսկ ԱՄՆ-ի հետՙ դրա մեկ տասներորդից պակասՙ 45 մլրդ ԱՄՆ դոլար: Գերմանացի վերլուծաբաններից մեկը առաջ էր մղում այն տեսակետը, թե հասկանալի է ԵՄ քաղաքական շրջանակների լռությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ, որովհետեւ Մաքսային միության տարեկան ներքին համախառն արդյունքը երկու տրիլիոն դոլար է, իսկ Եվրոպական Միության նույն ցուցանիշը դրանից ինն անգամ ավել էՙ 18 տրիլիոն դոլար: Վերոհիշյալ ցուցանիշի մեջ գլխավոր ներդրումը Ռուսաստանինն է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այսուհետեւ էլ Եվրոմիությունը պետք է գործ ունենա գլխավորապես Ռուսաստանի, նրա ներուժի եւ նրա շահերի հետ: Ըստ նույն դիրքորոշման, Չինաստանի եւ ԵՄ միջեւ գտնվող Եվրասիական տարածքը գերազանցապես ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում, ինչն էլ հիմք է տալիս Եվրոմիությանը նայել դրան ոչ այնքան իբրեւ տնտեսական նախագծի, որքանՙ աշխարհառազմավարական: Հենց այս պատճառով էլ Եվրոպական Միության տնտեսական եւ քաղաքական հետաքրքրությունները ստիպում են ուշադրությամբ հետեւել հետխորհրդային տարածքում ծավալվող տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, փորձել կանխատեսել դրանց տնտեսական ու քաղաքական հեռանկարը, եւ չլինի թե հանկարծ այս տարածքում ձեւավորվի մի նոր Խորհրդային Միություն կամ որ ավելի բարդՙ նոր Ռուսական կայսրություն:
Ռուսաստանյան փորձագետների գլխավոր խնդիրն ուկրաինական իրադարձությունների նկատմամբ ռուսական պաշտոնական տեսակետի առաջ մղումն էր: Գերմանացի վերլուծաբաններից մեկը հավաստիացրեց, որ Եվրոպայում կարող են ըմբռնումով մոտենալ տարածաշրջանային տնտեսական ալյանս ստեղծելու Եվրասիական պետությունների փորձին: Այո, ըստ նրա, դա տնտեսության ռեգիոնալացման փորձ է եւ այդքանով ոչ միայն դրական, այլեւ նույնիսկ անխուսափելի երեւույթ համաշխարհային տնտեսության զարգացման տրամաբանության տեսանկյունից: Գերմանացի մի քանի զեկուցողներ առաջ էին մղում այն միտքը, որ ուկրաինական իրադարձությունների համապատկերում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները անխուսափելիորեն կվատանան եւ այս «սառեցումը» կտեւի առնվազն մեկ կամ մեկուկես տարի: Դրանից հետո ձեւավորված նոր իրողությունների արդյունքում կրկին կվերանայվեն հարաբերությունների զարգացման եւ ավելի մեծ վստահության հաստատման հնարավորությունները: Հարկ է նշել, որ գերմանացիները, մի կողմից, կարծես լռելյայն ըմբռնում էին հայրենակիցներին միայնակ չթողնելու եւ նրանց սատարելու ռուսաստանկան մասնակիցների ուղերձները, սակայն մյուս կողմից, անշուշտ, զգացնել էր տալիս այն հսկայական ճնշումը, որը գերմանական քաղաքական շրջանակներից գալիս էր նախօրեին Բունդեստագում հնչած հայտնի սպառնալիքների լույսի ներքո: Ռւոսաստանցի քաղաքագետների եւ վերլուծաբանների խնդիրը մեկն էրՙ փորձել թույլ չտալ ռուս-գերմանական եւ, ընդհանրապես, ՌԴ-ԵՄ հարաբերությունների վատթարացման խորացում, ինչպես նաեւ հնարավորինս փարատել Մաքսային միության եւ ապագա Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացների առաջացրած հիմնավորված կամ սին վախերը: Եվ իսկապես, դահլիճում տիրող շահագրգիռ քննարկման եւ դիմացինին հասկանալուն ուղղված բարյացակամ մթնոլորտը այնքան չէր համապատասխանում նույն օրվա երեկոյան արեւմտյան խոշորագույն հեռուստակայանների լրատվական ծրագրերի տագնապահարույց տոնին:
Ռուս-գերմանական քաղաքագիտական միջավայրում հնչած հայկական տեսակետներ
ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը խոսեց ինտեգրացիոն գործընթացներից Հայաստանի ակնկալիքի մասինՙ մասնավորապես կանգ առնելով մեր պայթյունավտանգ տարածաշրջանում առկա մարտահրավերների եւ սպառնալիքների վրա: Մեծ Մերձավոր Արեւելքը, որտեղ հայտնվել է Հայաստանը նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո, վերածվել է անկայունության մի մեծ օջախի, որը սպառնում է ի սպառ ոչնչացնել քրիստոնեության ակունքները եւ տարածաշրջանում ապրող քրիստոնյաներին: Հայաստանի դեսպանը հայտնվեց գերմանացի լրագրողների հետաքրքրության ոլորտում եւ նույնիսկ հրավեր ստացավ հրապարակային ելույթով հանդես գալու Բեռլինի համալսարաններից մեկում:
Իմ ելույթը կառուցված էր վերջին ամիսների սոցիոլոգիական եւ տնտեսագիտական հետազոտությունների, ինչպես նաեւ փորձագիտական միջավայրի դիտարկումների տվյալների վրա: Հայաստանում ապրում է մոտ երեք միլիոն մարդ եւ բոլոր հարցումները հաստատում են, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրասիական տարածքում ինտեգրվելու քաղաքական որոշմանը: Հայաստանյան հասարակությունը վտանգ է զգում Ադրբեջանից ու Թուրքիայից եւ Ռուսաստանի գլխավորությամբ իրականացվող ինտեգրացիոն գործընթացի հետ կապում է իր առավել անվտանգ գոյության հեռանկարը: Սակայն, ես հիշեցրեցի, որ հայերի միայն 30%-ն է ապրում Հայաստանում, իսկ մնացած 70%-ը ցրված է ամբողջ աշխարհում: Ընդ որում, ավելի քան երկու միլիոն հայ ապրում է Ռուսաստանում, մոտ կես միլիոն հայՙ Ուկրաինայում, մոտ մեկ միլիոն հայՙ Եվրոպական Միության երկրներում եւ ավելի քան մեկ միլիոն հայՙ ԱՄՆ-ում: Նրանք բոլորը փորձում են կապ պահպանել Մայր հայրենիքի հետ եւ ուզում են դերակատարություն ունենալ Հայաստանին վերաբերող քաղաքական գործընթացներում: Հայաստանի բնակչության մեծագույն մասը արդյունաբերության զարգացման հեռանկարը բացառապես կապում է Ռուսաստանի հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ վերջին քսան տարիներին միայն Ռուսաստանն է խոշոր ներդրումներ կատարել այս ոլորտում: Միաժամանակ հայաստանյան հասարակությունն իր մեծամասնությամբ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության եվրոպական չափանիշները համարում է նախընտրելի եւ հույս ունի, որ Հայաստանը կզարգանա իր պետական, քաղաքական, իրավական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխան կառուցելու ուղիով: Գիտության եւ կրթության բնագավառներում նույնպես Հայաստանի հասարակությունը կողմնորոշված է դեպի Եվրոպա եւ հույս ունի հաստատվող կապերի միջոցով օգուտներ քաղել այդ բնագավառներում եվրոպական հաջողություններից: Սակայն ամենագլխավորն այն է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը Արեւելյան գործընկերության երկրների շարքում միակն է, որը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերը եւ ռազմաքաղաքական դաշնակիցը, բավականին անկեղծ եւ խորը հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ, ինչի դրսեւորումն է Վիլնյուսում ստորագրված հայտնի հայտարարությունը: Այսպիսով, եվրոպական եւ ռուսաստանյան քաղաքակրթական տարածքների միջեւ առաջացած աշխարհաքաղաքական ճեղքվածքի ամբողջ գծում Հայաստանը միակ երկիրն է, որ կարող է առաջարկել իր ծառայությունները Ռուսաստան-Եվրոպական Միություն համադրվող շահերի եւ համագործակցության համար մի փոքրիկ փորձադաշտ դառնալու գործում: Ես ասացի, որ նույնիսկ այս պահին սրվող առճակատման պայմաններում հայերս չենք կորցնում հույսը, որ մեր երկիրը կարող է լինել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության համադրվող շահերի եւ համագործակցության տարածք: Թե ինչ ձեւ կընդունի այդ տարածքը, ազատ տնտեսական գոտու կամ ազատական առեւտրի նպաստավոր ռեժիմով երկրի, քննարկելիք հարց է, եթե մեծ աշխարհի ուժեղները որոշեն կառուցողական նպատակով օգտագործել նման փորձադաշտը: Մյուս բոլոր դեպքերում հայտնվելը վերոհիշյալ աշխարհաքաղաքական ճեղքվածքում բացի ներքաղաքական առճակատումից, ատելության եւ թշնամանքի բռնկումից, դրանից բխող տնտեսական վիճակի վատթարացումից, եւ ընդհանրապես դժվար կանխատեսելի հեռանկար ունեցող քաոսային վայրիվերումներից բացի ուրիշ ոչինչ չի տալու:
Իմ այս ելույթը համաժողովին մասնակցող թե գերմանացի, թե ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները լսեցին հետաքրքրությամբ եւ արձագանքեցին դրականորեն: Սա մեր երկում այսուհանդերձ պահպանվող քաղաքական հարաբերական կայունության արժանիքն է, ինչը հնարավորություն է տալիս հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ: Ավելի քան պարզ է, որ Հայաստանի բնակչության շատ ստվար մասն ունի դժգոհութուններ գոյություն ունեցող վիճակից եւ քաղաքական շրջանակներն այս կամ այն չափով կոչված են արձագանքելու այդ դժգոհություններին: Բայց ճշմարտություն է նաեւ, որ եթե ընդհանուր կայությունը խաթարվի եւ հանկարծ հաղթի հակասահմանադրական գործընթացներ բռնկելու մոտեցումը, մեր երկրի նկատմամբ արտաքին աշխարհի շահագրգիռ վերաբերմունքն ամբողջովին կվերանա:
Նկար 1. Ռուսաստանի գիտության եւ մշակույթի տուն Բեռլինում