Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ, նույնանուն խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ մեր հեռատեսազրույցին երեքշաբթիՙ մարտի 11-ին հաջորդեց Շվեյցարիայի արդարադատության նախարարությանՙ Փերինչեքի գործով Ստրասբուրգի Մարդու իրավունքների միջազգային դատարանի ( ՄԻԵԴ ) ստորին պալատի դեկտեմբերի 17-ի վճիռը վերին պալատում գանգատարկելու որոշումը։ Այն, ինչ օրեր առաջ ծանուցում էր շվեյցարական մամուլը, թե «Հայերի հույսը արդարադատության նախարար Սիմոնետտա Սոմմարուգան է», արդարացավ, սակայն, ինչպես «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մարտի 11-ի համարում մեր գործընկերներն են կարծիք հայտնում, հաջողության հասնելու հնարավորությունները դեռ հստակ չենՙ եթե Շվեյցարիայի դիմումն ընդունվի, ապա այն վերանայելու վճիռ են կայացնելու վերին պալատի 5 դատավորներ։ Հիշեցնենք, որ ստորին պալատի Փերինչեքին արդարացնող վճիռը միանշակ չի ընդունվել, 7 դատավորներից երկուսը դեմ են եղել։ Շվեյցարացի մեր գործընկերների անվրեպ աշխատանքի շնորհիվ տեղի հանրությունն իրազեկ է, որ ոչ այնքան իրավաբանական պատճառաբանություններն են գերակշռում, որքան քաղաքական խնդիրները։ Շվեյցարարական թերթերի հրապարակումները հիմք ունենալովՙ ստորեւ մեր զրույցը հայկական շահերի ակտիվ պաշտպան Սարգիս Շահինյանի հետ։
– Ի՞նչ է նշանակում Շվեյցարիայի բողոքարկումը Ձեզ համար։
– Սա կնշանակե, որ այն բոլոր քայլերը, որ առնվեցան այս շաբաթներու ընթացքին, իզուր չեղան։ Պետք չէ հանգստանալ, այլ միշտ հետապնդել, որ բողոքարկումը բերե պետք եղած արդյունքը։ Որովհետեւ եթե բողոքարկումը տկար լինի, 5 դատավորներից բաղկացած հանձնախումբը, որ առժամյա պետք է բողոքարկման զուտ ընթացակարգային եւ բովանդակային տեսակետեն որոշում կայացնեՙ ընդունել, թե ոչ, կարող է հանգիստ մերժել։ Եթե վերին պալատը հաստատի Փերինչեքի հայցի իրավացիությունը, Շվեյցարիայի քրեական օրենսգրքի հակաժխտող օրենքն այլեւս չի կարող կիրառվել։ Շատ կարեւոր է, թե Շվեյցարիան ինչպես է ձեւակերպելու իր գանգատարկումը։ Հաջողությունը պայմանավորված է իրավաբանական ամուր հիմնավորմամբ։ Սա արդեն «դեմքը չկորցնելու» խնդիր է։ Քանի որոշեցին բողոքարկել, պիտի աշխատեն նաեւ ձեւակերպումն ամուր հիմնավորել։
– 2013-ի դեկտեմբերին արդարադատության նախկին նախարար Բլոխերը ողջունել էր ՄԻԵԴ որոշումը, քանի որ ժամանակին դեմ էր եղել խտրականության օրենքին։ Ի՞նչ եք կարծումՙ հնարավո՞ր է, որ օրենքը Շվեյցարիայում վերանայվի, մեղմանա, քանի որ երկրի քաղաքական նպատակները Թուրքիայի հետ մերձեցման կարեւորությունն են ընդգծում։ Այդ է վկայում արտգործնախարարության կեցվածքը, որ նվազ հավանական էր համարում, թե վճռաբեկ գանգատը հաջողություն կունենա։ Կենտրոնական Եվրոպայում միայն Շվեյցարիան ունի այսպիսի պատժիչ օրենք, որ փրկում է Եվրոպայի դեմքը, բայց որի շուրջը, դատելով շվեյցարական գերմանագիր թերթերի հրապարակումներից, լուրջ բանավեճ է ծավալվում։ Սա պիտի նկատել քաղաքական մի քանի գործիչների կարծի՞ք, թե՞ հասարակությունը պատրաստ է քննարկել օրենքը մեղմացնելու հանգամանքները։
– Հիշեցնենք, որ տեխնիկապես Սլովակիան էլ ընդունած է, քրեորեն պատժելի արարք է նկատում։ Այս ամենը Բլոխերի նախարարության ժամանակվանից էր սկսվելՙ 2006-ի հոկտեմբեր 4-ին Բլոխերը հենց Անկարայում ասել էր, որ «Քրեական օրենսգրքի այս 261-րդ հոդվածը փորացավ է իր համար», եւ իր կարծիքով, օրենքը ոչ թե պիտի վերանայել, այլՙ ոչնչացնել։ Երբ դեկտեմբերի 17-ին Ստրասբուրգի որոշումը հրապարակվեց, ինքը, իրենց կուսակցությունըՙ Շվայցերիշե ֆոլքս փարթայն (SVP շվեյցարական ժողովրդային կուսակցություն), անմիջապես արտահայտվեցին, որ իրենք ամեն ինչ պիտի անեն, որ այս օրենքը կա՛մ մեղմացվի, կա՛մ ոչնչացվի։ Մղիչ ուժը հենց այս պոպուլիստական կուսակցությունն է, որն արդեն մի քանի տարի է, ինչ հանրության վրա բավական ծանր իշխում էՙ օտարատյացության, անհանդուրժողականության գետնի վրա։ Ի դեպ, մարտի 11-ին 129 դեմ, 55 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանը մերժեց հիշյալ կուսակցությանՙ օրենքը վերանայելու առաջարկըՙ զեկուցող Ֆրայզինգերը բերեց հենց Փերինչեքի օրինակը։ Եթե այսօր հարց տրվեր հանրությանՙ արդյոք ուզո՞ւմ եք, որ այս օրենքը վերանայվի, չեմ կարող վստահ պնդել,թե հանրությունը նույն ձեւով պիտի պատասխանե, ինչպես 1994-ի սեպտեմբերին, երբ հիշյալ օրենքը հանրաքվեի էր դրված։ Շվեյցարիայում բոլոր օրենքները հանրաքվեի են դրվում, եթե գոնե 50 հազար ստորագրություն է հավաքվումՙ օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում։ Ժամանակին քվեարկողների 55 տոկոսը կողմ էին օրենքին։ Իրականությունն այն է, որ Կենտրոնական Եվրոպայի բոլոր երկրներում, ասենքՙ «Շվեյցարիանՙ շվեյցարացիներու», «Ֆրանսիանՙ ֆրանսիացիներու», այս տեսակ լոզունգների վրա հիմնված քաղաքական մոտեցումը սկսած է դառնալ սարսափելի մակերեսային, եւ այդ տեսակետից վախ կա նաեւ, որ այս տեսակ պատժիչ օրենքը հնարավոր է վերանայվի կամ վերանա։Սակայն այս օրենքի հիմքը իր բացարձակ ուժի մեջ է, ժխտողականությունը կմնա օտարատյացության մի շարժիչ, որը շարունակվում է դատարանների եւ գերագույն դատարանների կողմից դիտվել որպես անձի մարդկային արժանապատվության վիրավորում։ Եվ քանի որ մարդկային արժանապատվությունը սահմանադրական կարեւորագույն պաշտպանված իրավունքներից առաջինն է, չի կարելի այդքան դյուրությամբ այն ոչնչացնել։
– Մարդու իրավունք եւ մարդկանց իրավունքներ։Երբ հարցը Հայոց ցեղասպանության ժխտմանն է վերաբերում, մարդկանց իրավունքներն են ոտնահարվում, քանի որ ցեղասպանության ճշտված մեկնաբանությունը կաՙ ոճրագործություն ընդդեմ մարդկության։ Սակայն դառնանք շվեյցարական մամուլինՙ մեր հպանցիկ հայացքովՙ թեեւ այն ավելի պասիվ գտնվեց խնդրի հանդեպ, քան նախորդ տարիներին, այդուհանդերձ բավարար չափով տեղեկություններ կարելի է ստանալ Շվեյցարիա-Թուրքիա հարաբերությունների մերձեցմամբ պայմանավորված փոփոխությունների մասին։ Նկատի ունենք այն, որ Ձեր վերը հիշատակված Վալլիզ կանտոնի կրթության նախարար Օսկար Ֆրայզինգերը (Oskar Freysinger), քաջատեղյակ լինելով խնդրինՙ 2003-ին կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին, իսկ այժմ առաջարկում է դպրոցական ծրագրից հանել Հայոց ցեղասպանության մասին նյութըՙ պատճառաբանելով, թե պատմաբաններն էլ միակարծիք չենՙ եղե՞լ է, թե՞ չի եղել, դրանով հարաբերականացնելով Հայոց ցեղասպանության փաստացիությունը։ Շվեյցարացիներն ինչպե՞ս են արձագանքում քաղաքական այսպիսի գործիչների կտրուկ շրջադարձին։
– Հրապարակումների էլեկտրոնային տարբերակի տակ շարվող մեկնաբանություններին հետեւելով կարելի է գնահատել, որ բացարձակ մեծամասնությունը խստորեն դատապարտում է Ֆրայզինգերի այստեսակ արտահայտություններըՙ հիշելով, որ նա բարձրագույն վարժարանի դասատու էր մինչեւ իր կանտոնի մեջ նախարար դառնալը։Երբ Ժան Կլոդ Վոդրոյի պոստուլատի քվեարկության ժամանակ գործի անցած էինք, տեսնվեցանք իրենց կուսակցության եւ անձամբ իր հետ։ Ասեմ, որ բոլոր քաղաքական գործիչների մեջ ինքն ամենից դյուրինն էր, քանի որ հենց ինքն ինձ ասացՙ Հայոց ցեղասպանությունը այնքան մեծ ճանաչում ունի համաշխարհային հանրության մեջ, որ դարձած է արդեն մշակույթի առարկաՙ անգամ մանկական գրականության մեջ է տեղ գտել, նույնիսկ կոմիքսների ձեւով կա։ Ինքը տվավ նմուշները, շատերի մասին տեղյակ էլ չէի, իրենից լսեցի։ Այսինքնՙ ուզում եմ ասելՙ կարելի չէ քաղաքական հասուն վերանայում տեսնել այս դիրքորոշումների մեջ, այլՙ ավելի շուտ զուտ քաղաքական օպորտունիզմ, քանի որ հասարակությունը թուլացած է իր պատճառաբանության լրջության տեսակետեն։ Այսօր դյուրին է մարդկանց շեղել իրենց սկզբունքներից, ավելիՙ քան 10-15 տարի առաջ, եւ սա վտանգավոր է, քանի որ մարդկանց միտքը մանիպուլյացիայի է ենթարկում։ Ամփոփելովՙ նշեմ, որ այսօր մեծ վտանգ կա, որ հակաժխտողական 261-րդ հոդվածը, որը հիմնված է հակառասիստական շարժիչի վրա,հնարավոր է վերանայվի։ Այսօր, ողջ Եվրոպայում օտարատյացական ալիք է նկատվումՙ հակասեմական, հակահայկական։ Հրանտ Դինքի սպանությունից առաջ եւ հետո, այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, ինչ որ մանավանդ Դողու Փերինչեքին շրջապատող քրեական ուժերը ստեղծեցին թե Թուրքիո մեջ եւ թե դուրսը, տարածելով այն տեսակ ատելություն, որ նույնիսկ ավելի վտանգավոր է, քան ժամանակին երիտթուրքերի արածը։ Քանի որ խնդիրը միայն ժխտողականության մակարդակի վրա չէ, այլ ոճիրը հարաբերական դարձնելու, ինչպես Ֆրայզինգերն «Այդինլիք» օրաթերթին է ասելՙ չգիտեմ, թե հայերի բնորոշած ցեղասպանությունը միակողմանի՞ եղավ, թե՞ երկու կողմից։
– Հարաբերականացնել եւ փաստականությունը հարցականի տակ դնել։
– Որ ավելի վտանգավոր է, քան «սեւ- սպիտակ» ժխտողականությունը, երբ ասում է, թե ընդհանրապես տեղի չի ունեցել։
– Մեզ սատարող ուժը հենց Եվրոպայի հասարակությունը պիտի լինի, որովհետեւ մեր հաղթանակը այն ժամանակ կլինի, երբ մեր ձայնին նրանց ձայնն էլ միանա։ Շվեյցարացի լրագրողները դեռեւս 2013-ի հոկտեմբերին, երբ լուսաբանում էին Բուրկհալթեր-Դավութօղլու հանդիպումը, շատ ուշագրավ փաստեր հրապարակեցինՙ մասնավորապես լույս սփռեցին, թե Ժնեւի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շինարարությունը, որ ըստ պայմանավորվածության պիտի բացվեր մինչ 2015-ը, ինչու չի իրականանում։ Թուրքիայի արտգործնախարարի խնդրանքով չի սկսվում, քանի որ խոչընդոտում է Թուրքիայի ռազմավարական համագործակցությանը։ Թուրքիայի հետ առեւտրատնտեսական տարեկան շրջանառությունը 3 միլիարդ ֆրանկ է կազմում, այժմ խոսքը Անկարա-Բեռն քաղաքական հետաքրքրությունների մասին է։ Թուրքիան ի տարբերություն Շվեյցարիայի G-20 երկրների ցանկում է, 2015-ին ստանձնելու է դրա նախագահությունը։ Շվեյցարիան հույս է տածում, թե Անկարայից կստանա G-20 ֆինանսների նախարարների հանդիպման հրավերը։ Լրագրողները ջրի երես են հանում բացասական երեւույթները, ոչ թե պաշտպանում, թե սա իրենց երկրի «շահերից» է բխում։ Մնում էՙ հասարկությունը ճիշտ կողմնորոշվի։ Բարոյականությունը խեղված չէ, իրենց քաղաքական գործիչներին պաշտպանելու փորձ չկա։ Ընդհակառակըՙ առավել հետաքրքրական բացահայտումներ էլ կան։ 2014-ին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիան, որ պիտի աշխատի թուլացնել Հարավային Կովկասում առկա հակամարտությունը, չի կարող առանց տարածաշրջանային ուժ հանդիսացող Թուրքիայի իր դերակատարումն իրականացնել։ Հունվարին Շվեյցարիայի նախագահ եւ արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը թուրք մի պրոֆեսորի նշանակել է հակաիսլամական խտրականության հարցերով հանձնակատար, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում թուրք դեսպանին հակամարտությունների կոորդինատոր է կարգել, որ զբաղվելու ԼՂ հարցով։
– Հարցը մի քանի գործոններից է բաղկացած։ Ճնշումը «տակից» է գալիս։ Շվեյցարիացի թղթակիցը հարց է տալիսՙ արդյոք կարելի՞ է հանդուրժել կառավարության այս տեսակ քաղաքականությունը, որ մինչեւ այսօր համաշխարհային մակարդակով որպես մարդու իրավունքների պաշտպան էր հանդես գալիս, նույնիսկ միջնորդՙ հատկապես երկկողմ այնպիսի հակամարտության մեջ, ինչպիսին Թուրքիա- Հայաստան, Հայաստան- Ադրբեջանն է։ Սա ցույց է տալիս, թե այստեղի պրոֆեսիոնալ լրագրողները շատ արթուն են։ Սակայն պետք է տեսնել նաեւ, որ վերջին ամիսների ընթացքում այնքան բան է պատահել, իսկ մանավանդ թղթակիցների հետ մեր հանդիպումներն այդքան չեն բազմացել, որքան պիտի ակնկալվեր։ Մեր շահերից է բխումՙ ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքական գործիչների հետ պիտի նստենք, խոսենք, փաստարկները մեջտեղ բերենք։
– Հակառասիստական օրենքի պաշտպանությամբ հանդես եկող Շվեյցարիա-Հայաստան պառլամենտական խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերի (Ueli Leuenberger) խոսքերովՙ «չբողոքարկելը աջ ազգայնականների եւ ռասիստների առջեւ դռներ կբացի»։ Մե՞ծ է խորհրդարանում օրենքը պաշտպանող պատգամավորների թիվը, հույս կա՞ կարծելու, որ թույլ չեն տա օրենքը վերանայվիՙ մեղմանա կամ վերանա։
– Սա միմիայն մեզանից է կախյալ։ Խորհրդարանում հանդիպում ունենք զանազան խորհրդարանական ուժերի հետ։ Սա մի գործ է, որ միմիայն հայտարարություններով չի լինի, ամենօրյա գործ է, մենք պիտի ստեղծենք այդ դաշտը, որ մարդիկ կարողանան համոզվել, որ կարելի չէ սկզբունքները փոխել։
– Մի կողմից աշխարհում անընդհատ հնչում էՙ ցեղասպանությունները պիտի կանխարգելել, մյուս կողմիցՙ Եվրոպայի սրտում Հայոց ցեղասպանությունը հարաբերականացնելով, ժխտելով ու պատժիչ գործառույթը չեզոքացնելով ի չիք է դառնում հենց կանխարգելելը։ Միայն մեր հարցը չէ, աշխարհը պիտի տագնապի։
– Հենց դա է։ Հակառակ որ Ստրասբուրգի վճիռը շատ հստակ փորձեց հենց այդ կետը բռնելՙ մրցակցություն ստեղծել ցեղասպանությունների միջեւՙ ասելով, թե հրեաների դեմ կատարվածը չի կարելի ժխտել, քանի որ Նյուրնբերգյան դատավարությամբ մեկընդմիշտ դատապարտված է։ Խնդիրն այն է, որ մեր Նյուրնբերգը տեղի ունեցավ Թուրքիայում Նյուրնբերգից տարիներ առաջ, մենք չկարողացանք պետք եղածին պես ներկայացնել դա եւ շարունակում ենք մոռանալ։
– Ձեր ընկերակցության ակտիվ աշխատանքն ու հատկապես Ձեր անունը միշտ հիշատակվում է տեղական մամուլի մեջ եղած հրապարակումներում։ Ընդհանրապես հայության մասին ի՞նչ կասեքՙ Հայաստանում, թե սփյուռքում կա՞ իրազեկ հայություն, որ արժանապատիվ հարց հարուցելու եւ այն հետապնդելու պատրաստակամություն ունի։ Եթե չկաՙ ո՞ր կողմն է թերանում, ի՞նչ պիտի անենք մինչեւ մարտի 17-ը։
– Մինչեւ մարտի 17-ը այլեւս անելիք չունենք, անհամեստ ձեւով ասեմ, որ այն, ինչ կարելի էր անել, գոնե Շվեյցարիայի մակարդակով, արվել է։ Ճնշումները կազմակերպվեցան հատուկ օղակների օժանդակության միջոցով, առաջին հերթին նշեմ, որ մեր ընկերակցության եւ Տորոնտոյի Զորյան ինստիտուտի համախոհությունը դարձավ այս խնդրի մեջ գերիշխող մտավորական ուժը, որին միացավ նաեւ Հայ դատը (ՀՅԴ¬խմբ.)ՙ կազմակերպվածՙ Հարավային Ամերիկայից մինչեւ Կանադա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Միջին Արեւելք, Ավստրալիա։ Բոլոր հանդիպումները, որ տեղի ունեցան Շվեյցարիայի դեսպանների հետ, իհարկե Հայ դատին կպարտինք, բայց միեւնույն ժամանակ զուտ իրավաբանական գետնի վրա բարձրագույն պրոֆեսիոնալ մակարդակի գործունեություն տարվեց։ Նկատի ունեմ դեկտեմբեր 17-ի վճռի մասնագիտական բարձրորակ վերլուծումը։ Կային նաեւ այլ օղակներ, որոնց մասին այս պահուս չեմ կարող արտահայտվել, բայց քանի որ ամբողջ ուժերը կոորդինացնող միավորները Տորոնտոն եւ Բեռնն են, կարող եմ ասել, մոտ ձեւով գիտեմՙ ինչ է կատարվում։
Գանք Հայաստանիՙ այս խնդրի հետ կապված պետք եղած ճնշում բանեցնելու, ուշադրություն գրավելու, հասարակությունը ոտքի հանելու պատրաստակամությանը։ ՀՀ կառավարությունը մինչեւ այսօր գերին դարձած էր եւ որոշ չափով ալ մնաց ցյուրիխյան արձանագրություններին եւ դրա հետեւանքներին։ ՀՀ կառավարությունը մինչեւ մեկ տարի առաջ պասիվ ձեւով դեռ հավատում էր, որ այդ գործի միջնորդը պիտի շարունակեր Շվեյցարիան լինել։ Մինչդեռ արդեն արձանագրությունների միջոցին Շվեյցարիայի թուրքամետ քաղաքականություն վարելը հստակ ձեւով զգացվում էր, եւ մենք բոլոր մակարդակներով առաջին օրվանից սկսյալ, նախագահին, ԱԳՆ-ին փաստեցինք, բայց իրենք չուզեցին ուղղությունը փոխել։ Հասանք անցյալ տարվա նոյեմբեր- դեկտեմբերի այդ որոշմանՙ ինչպես հիշատակեցիք, Հելսինկի 40+ ծրագրի հակամարտությունների կարգավորման համակարգող ընտրվեցավ Վիեննայի թուրք դեսպանը եւ նրա կողքինՙ էլի մի թուրքՙ հակաիսլամական խնդիրների կարգավորմամբ զբաղվող։ Հոն Հայաստանը բարդ իրավիճակի առջեւ կանգնեց, սկսավ տարբեր ձեւով արտահայտվիլ Շվեյցարիայի ԱԳՆ- ի առջեւ։ Հենց այնպես չէր, որ Շվեյցարիայի արտգործնախարարության պետքարտուղար Իվ Ռոսիեն հունվար 27-ին ստիպված եղավ հապճեպ Երեւան գնալ։Բովանդակության մասին չեմ կրնար բան ասել, չնայած կրնամ երեւակայել, թե որ նյութի մասին խոսվեցավ։ Հոն նույնիսկ ՀՀ կառավարությունը շատ մեղմ գտնվեցավ եւ միմիայն մեկ ամիս առաջ սկսանք զգալ տարբեր դիրքորոշումՙ նույնիսկ գործունյա, ինչ որ սակայն Փերինչեքի խնդրի հետ կապված Ստրասբուրգի մեջ բացարձակապես անհայտ էր։ Այսքան տարիներու ընթացքին, հակառակ որ անձամբ խնդրեցի Ստրասբուրգում ՀՀ դեսպանին, որ ինքը հետեւեր այդ «պրոցեդուրային», ստացա շատ պասիվ պատասխան։ Ասես խնդիրն իրենց չէր հետաքրքրում, եւ սա ունեցավ իր կտրուկ հետեւանքներըՙ քիթերնիս առջեւ Թուրքիան այն տեսակ խաղ խաղաց, որ իրավունքն առավ Փերինչեքի գործով հանդես գալ որպես 3-րդ միջնորդ, եւ եթե ուշադրությամբ ՄԻԵԴ-ի այդ վճիռը կարդացվի, կհասկացվի, որ Թուրքիո ազդեցությունը սարսափելի կարեւոր եղավ, իսկ մեզ համարՙ ջախջախիչ։ Այս խնդրի վերաբերյալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական գետնի վրա իրավունք չունեինք պասիվ լինելու։
– Թեպետ ՀՀ ԱԳՆ արդեն ողջունել է Շվեյցարիայի արդարադատության նախարարության որոշումը, բայց օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիրն իրենից հեռացրեց։
– Խնդրեմ։ Եվ պետք է այստեղ շուն¬կատու չխաղանք. կամ Հայաստանի Հանրապետությունը մեկընդմիշտ կորոշե, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներու վերացման խնդիրը իր արտաքին քաղաքականության մաս կկազմե, կամՙ… Չեմ ասում, թե դա ճիշտ է, կամ սխալ, բայց եթե դա է որոշումը, ապա պիտի հետեւողական լինի։ Մինչդեռ հետեւողական չէ։ Մանավանդ որ գրեթե 1 տարի է մնացել ցեղասպանության100-ամյա տարելիցին, բացեիբաց պիտի ասեմՙ ալեկոծ ծովի մեջ ենք գտնվում, չգիտենքՙ ինչ պիտի ուզենք աշխարհից ու Թուրքիայից 2015-ի ապրիլի 24-ին, մեր նպատակները բացարձակ հստակ չեն։ Շեշտում եմՙ այսօր փոխվեցավ խնդիրըՙ ուրիշ գիտակցություն կաՙ թե՛ նախագահականում, թե՛ կառավարության մեջ, ուղղակի ուշացանք։ Գանք հասարակությանՙ առաջին հերթին հայաստանյան լրատվամիջոցներին, հեռուստատեսությանը։ Բացարձակ պասիվություն։ Ուղղակի ոտքի ելան մարդիկ այն ժամանակ, երբ երկու հոգիՙ Ֆրանսիայի «Նուվել դ’Արմենիի» թղթակից Սեդա Մավյանը եւ Փարիզի Չոբանյան հաստատության հիմնադիր Վարուժան Սիրապյանը 10 օր առաջ Ֆրանսիայում ի նպաստ բողոքարկման սկսած ստորագրահավաքը հրապարակայնացրին հայաստանյան զանազան հեռուստատեսային միջոցներով։Դրա շնորհիվ 15 օրվա ընթացքին ստորագրություններու թիվը քառապատիկ դարձավՙ ընդամենը12 հազար, որ անշուշտ լուրջ թիվ է, բայց այս տեսակ խնդրի համար դարձյալ նվազ է։ Մեր հասարակական կազմակերպություններն ընդհանուր առմամբ մեկը մյուսից զատ են աշխատում, իրենց էգոն են առաջ տանում, միասնական համեստ աշխատանքը չկա։ Գլխավոր գործը պիտի լիներ զանազան լեզուներով կոչը թարգմանելը։ Թարգմանությունները, երեւակայեցեք, 1,5 ամիս վերջը իրականացան. ժամանակի կորուստ։
– Ձեր մտահոգությունը պայմանավորված է համակարգված աշխատանքի բացակայությա՞մբ։
– Այո։ Սա ցույց կուտա, որ մենք պատրաստ չենք մեր իրավունքները պաշտպանելու։ Բայց ինչ որ պատահեցավ այս վերջին 15 օրվա ընթացքին, ցույց կուտա, որ մեր ոգին չէ մեռած, եւ եթե խելոք ձեւով մեր ուժերի վրա կարողանանք կենտրոնանալ եւ միավորվիլ դեպի նպատակը, կարող ենք նշանակալի արդյունքների հասնիլ։ Եթե բոլոր ուժեղ միավորները իսկապես համաձայն լինեին առաջին րոպեից մի ուղղությամբ աշխատելու, այսօր այս խոչընդոտների առջեւ չպիտի հասնեինք։ Սակայն պիտի հիշեմ նաեւ շատ դրական քայլեր, որ տեղի ունեցան։ Երկու կաթողիկոսներըՙ Գարեգին Բ եւ Արամ Ա անմիջապես արձագանքեցին մեր դիմումին եւ Շվեյցարիայի նախագահին, որ միաժամանակ նաեւ երկրի արտգործնախարարն է, նամակ ուղարկեցին, գործածեցին իրենց բոլոր միջոցներըՙ հանդիպումների ժամանակ, նամակով, եկեղեցական համաշխարհային խորհրդի միջնորդությունը գործածելով։ Բայց ինչու՞ սպասել վերջին վայրկյանին, քանի՞ անգամ կարելի է այսպես աշխատիլ։ Սպասենք մինչեւ կյանքի փորձառությունը մեզ ցուցունե, քանի՞ վտանգ պիտի լինի մեր ճակատագրի հետ կապվածՙ թե՛ եղեռնի խնդիրը մեզ հիշեցուց, թ՛ե Սուրիո խնդիրը մեզ հիշեցուց, Փերինչեքի խնդիրը մեզ հիշեցուց։Արդյոք կարելի՞ չէ նախապես նստիլ խորհիլ իրողությունից առա՛ջ, ոչ թե հետո։ Առաջին անգամ չէ, որ նկատելի են մեր տկարությունները։ Սակայն հիշեցնեմ ինձ համար մի շատ կարեւոր խորհրդանշական բան։ Աբրահամ- Շտիգլից բռնցքամարտի վերջին մրցամարտը մի շատ կարեւոր բան ցույց տվավ. Արթուրը մինչեւ 12-րդ ռաունդ միավորներով հետ էր մնացել, բայց վերջինին նա բոլոր ուժերը հավաքեց եւ կարողացավ հակառակորդին ծունկի բերել։
– Ուզու՞մ եք ասել, որ սա մեր բնավորությունն է։
– Ոչ մի մարտ չի վերջանում մինչեւ վերջնական ավարտը։ Իրավունք չունինք մինչեւ մեր վերջին ուժը չգործածածՙ խնդիրը թողնելու,մեր ձեռքից եկած որեւէ հնարավորություն իրավունք չունինք բաց թողնելու, եւ դա առաջին հերթին մեր անձնական արժանապատվությունը պաշտպանող խնդիր է, հետոՙ ազգային խնդիր։Իրավունք չունինք պարտվելու, նույնիսկ եթե Շվեյցարիան չբողոքարկեր, մեր ճակատագիրը վերջացած չէ, մենք մեր ճիշտը առջեւ պիտի տանինք, միեւնույն էՙ որ միջոցով, չպիտի շեղվինք։ Սա անցյալի հետ կապված խնդիր չէ, այլՙ առաջիկայի, մեր կյանքի, ապագայի խնդիր է, ամենօրյա պայքարի։ Սա պիտի մեզ համար դաս ըլլա, որ եւս մեկ անգամ ճակատագրի առջեւ բաժանված չներկայանանք։ Ուժը ուրիշից չպիտի գա, ուժը մեզնից է բխում։ Եթե մենք չկարողանանք մեր մեջ գտնել այդ ուժը, ուրիշից իրավունք չունինք սպասելու։