ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան եւ նրա արդյունքների վերլուծությունը մի առիթ են կրկին քննարկելու հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների վիճակը, խնդիրները եւ հեռանկարները:
Հայերն ու վրացիները շատ լավ գիտեն, որ մեր երկկողմ հարաբերությունները դարերի ընթացքում զարգացել ու ամրացել են երկու հնագույն տեղաբնիկ ժողովուրդների միմյանց գերազանց ճանաչելու, միմյանց հետ համագործակցելու ու մրցակցելու, արտաքին վտանգներին դիմակայելու պահին միմյանց նկատմամբ զգայուն վերաբերմունք դրսեւորելու հնագույն ավանդույթների արդյունքում: Բայց ամեն սերունդ անցած դարերի ընթացքում ձեւավորել է երկկողմ հարաբերությունների սեփական խորհրդանիշները, ազգային շահի եւ փոխընդունելի կեցվածքի սեփական չափորոշիչները, ինչու չէ, նաեւ լավի ու վատի, ճշտի ու սխալի սեփական, միմյանց հասկանալի պատկերացումները: Հայ-վրացական գերզգայուն եւ ժամանակի քննությունը բռնած բարեկամական հարաբերությունների գլխավոր խորհրդանիշը դարերի ընթացքում Թիֆլիս-Թբիլիսի քաղաքն է եղել: Վրացական հեղինակների համաձայն, Ռուսական կայսրության մեջ մտնելու պահին Թիֆլիսի բնակչության 75%-ը կազմել են հայերը: Հայերի թիվը 19-րդ դարի կեսին 47% էր, իսկ 19-20-րդ դարերի սահմանագծինՙ 36%, եւ հայերն այդ ժամանակ էլ ամենամեծ ազգային համայնքն էին Վրաստանի բազմազգ մայրաքաղաքում: Ավելորդ չէ մեկ անգամ էլ հիշեցնելը, որ բազմահազարամյա հարեւանության ընթացքում հայերը եւ վրացիները միմյանց հետ պատերազմել են միայն երկու անգամ: Մեկը Ք.Հ. 1-ին դարում, մյուսըՙ 1918 թվականին: Այնինչ օտար նվաճողների դեմ համատեղ պայքարի, միմյանց հետ սերտորեն համագործակցելով պետականաստեղծ գործունեություն ծավալելու օրինակներ մեր երկու ժողովուրդների համատեղ պատմությունն ինչքան ասես ունի:
Եվ, այսուհանդերձ, երկու ինքնիշխան պետությունների հարեւանության մերօրյա պատմությունը այսօր համագործակցության նոր դրսեւորումների եւ մեր օրերի քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ տրանսֆորմացիաների պայմաններում նորովի իմաստավորելու կարիք ունի:
Վստահություն շատ հին հարեւանների միջեւ
Մեր քաղաքագետները պնդում են, որ Վրաստանը բռնել է արեւմտականացման ուղին դեռեւս նախագահ Շեւարդնաձեի կառավարման շրջանում: Նախագահ Սահակաշվիլու կառավարման տասնամյակը, կարծես, հաջորդ շատ տասնամյակների համար կանխորոշել է դեպի Արեւմուտք Վրաստանի շարժվելու ուղին: Վրաստանը չի պատրաստվում շեղվել այդ ուղուց, սակայն ցանկանում է ավելի բազմազան եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, նախ եւ առաջ, տնտեսական շահի ակնկալիքով: Վրացական տրամադրությունները լավ իմացողները պնդում են, որ այնտեղ կան քաղաքական շրջանակներ, որոնք ամենատարբեր շարժառիթներով վախեցնում են հասարակությանը հայերից ու Հայաստանից սպառնացող վտանգներովՙ նկատի ունենալով Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշինքը: Այլ կերպ ասածՙ փորձում են սերմանել անվստահություն եւ ուղղորդել Վրաստանը դեպի մյուսՙ «ավելի վստահելի» հարեւաններՙ Ադրբեջան, ինչու չէ, նաեւ Թուրքիա: Այս դատողությունների հիմքում ձեռնածություններն են զանազան փաստերով եւ պատմության կամայական մեկնաբանություններով:
Այնինչ վերջին քսանամյակի պատմության դասերը բոլորովին այլ բան են սովորեցնում: Այո, Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր ռազմավարական գործընկերն է մեր տարածաշրջանում եւ դա մեր ազգային անվտանգության ամենաէական խարիսխներից մեկն է: Բայց, 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ, չնայած ահռելի տնտեսական վնասին, որ կրեց Հայաստանը եւ որը այդպես էլ որեւէ մեկը մեզ չփոխհատուցեց, մենք գործնականում ապացուցեցինք, թե որքան կարեւոր է մեզ համար ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-վրացական հարաբերությունների կայունությունը: Ոչինչ, որ այն ժամանակվա վրացական իշխանությունները անարձագանք թողեցին Հայաստանի անկեղծ առաջարկըՙ միջնորդելու ռուս-վրացական հարաբերությունները փակուղուց դուրս բերելու գործում: Այնպես որ Վրաստանի քաղաքական ու հասարակական գործիչների ժամանակակից սերունդը պետք է որ արժանիորեն գնահատի դժվարագույն պայմաններում Վրաստանի նկատմամբ մեր պետության հավասարակշռված ու անկեղծ վերաբերմունքը:
Վրացահայությունը, որ զգալիորեն պակասել է վերջին քսանամյակի ընթացքում, մեր հարեւան երկրի լավագույն գիտակներից մեկի դիպուկ վկայությամբ, խարսխված է չորս կրող սյուների վրա: Առաջինը ջավախահայությունն է, որն ուղղակի դատապարտված է հայ-վրացական հարաբերությունների զարգացման օգտին աշխատող բնական կամուրջ լինելու: Երկրորդըՙ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն է, որը Վրաստանի օրենսդրական դաշտի կատարելագործման ձգտման արդյունքում ազատ գործելու նոր ու կարեւոր հնարավորություններ է ստացել: Երրորդըՙ Թբիլիսիի հայ հասարակական-մշակութային կառույցների ամբողջությունն է, որոնք հիմնված են Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Գեւորգ Բաշինջաղյանի ու մեր ազգային մշակույթի շատ այլ մեծերի ձեւավորած ավանդույթների վրա: Եվ վերջապես չորրորդըՙ հայ քաղաքական ու վերջերս ավելի ստվարացած հասարակական գործիչների ամբողջությունն է, որոնք կոչված են վրացական քաղաքական դաշտում ներկայացնելու եւ պաշտպանելու հայության իրավունքները եւ առաջ մղելու համայնքի շահերը: Այս սյուների նորմալ կենսագործունեությունը ամբողջության մեջ վրացահայության գոյության եւ զարգացման գլխավոր պայմանն է:
Հիմա, կարելի՞ է արդյոք բավարար համարել լոկ հայապահպանությամբ մտահոգ գործունեությունը հարեւան Վրաստանում: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի վրացահայերը չդառնան փակ, ինքնամփոփ եւ անընդհատ փոքրացող համայնք: Ի՞նչ խթաններ են անհրաժեշտ, որպեսզի վրացահայությունը ոչ թե թուլորեն ասիմիլացվի Վրաստանում, ինչպես որ անցյալում բազմիցս պատահել է, այլ լիարժեքորեն ինտեգրվի ժամանակակից վրացական հասարակության մեջՙ պահպանելով իր ուրույն դիմագիծը եւ հնարավորություն ունենալով լիարժեքորեն զարգանալ եւ բարգավաճել: Հարկ է նշել, որ վրացական պատմության տարբեր ժամանակաշրջաններում հայերը ոչ միայն կարեւոր համայնք են եղել այնտեղ, այլեւ եղել են, բառիս բուն իմաստով, պետականակերտ ազգ: Այդպես է եղել եւ Վախթանգ Գորգասալի, եւ Թամար թագուհու. եւ Դավիթ Շինարարի ժամանակ: Այդպես է եղել նաեւ ուշ միջնադարում: Այդպես է եղել եւ խորհրդային ժամանակներում: Այս վերջին պարագայում հայերի ներկայացուցչությունը վրացական իշխանության մարմիններում պայմանավորված է եղել վրացահայության թվովՙ որոշակիորեն ռեգլամենտավորված եւ լիմիտավորված:
Մեր օրերի Վրաստանը բռնել է եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհը: Ուրեմն կարեւոր է, որ վրացահայությունն իր քաղաքական ներկայությունը երկրում կառուցի եվրոպական չափանիշների եւ սկզբունքների վրա: Ուրեմն, ջավախահայությունն իր սոցիալ-մշակութային պահանջները ձեւակերպելիս պետք է կարողանա տեղավորվել ազգային փոքրամասնությունների մասին եվրոպական կոնվենցիաների պահանջների մեջ: Նման մոտեցումը չի կարող հասկանալի եւ ընդունելի չլինել Թբիլիսիի իշխանությունների եւ վրացական հասարակության կողմից: Հանած տաքգլուխ արմատական ազգայնականներին, մյուսները չեն կարող չհասկանալ, որ սա է քաղաքակիրթ չափանիշներով կուտակված հարցերը լուծելու փոխադարձաբար ընդունելի ճանապարհը: Կրկնում եմ, Ջավախքի եւ Թբիլիսիի հայերն իրենց ազգային, մշակութային եւ կրոնական պահանջները բավարարելու համար ունեն երկու ճանապարհՙ կամ դառնալ փակ եւ իր ներքին խնդիրներով զբաղված համայնք, ինչը նրանց երբեք անցյալում բնորոշ չի եղել, եւ կամ զարգանալ ու ինտեգրվել վրացական հասարակության մեջ: Երբ ասում եմ ինտեգրվել, նկատի ունեմ նաեւ լիարժեք մասնակցությունը Վրաստանի քաղաքական կյանքին: Անցել են այն ժամանակները, երբ համայնքային փոքրամասնությունները քաղաքական իշխանության վերարտադրության լուռ սպասավորներն էին: Վերջին վրացական ընտրությունները ցույց տվեցին, որ Վրաստանը կարող է ունենալ երկբեւեռ կամ մի քանի բեւեռ ունեցող բազմակուսակցական համակարգ, եւ կարեւոր է, որ վրացահայերը վրացիների համար հասկանալի եւ ընդունելի, նրանց չզիջող մակարդակով ներկա լինեն այդ բեւեռներում: Ասածիս վրա շատ զարմանալ պետք չէ: Մենք Հայաստանում մեր եզդի եւ այլ փոքրամասնություններից սկսել ենք ակնկալել ոչ միայն պարզ լոյալություն Հայաստան-Հայրենիքին, այլեւ մասնակցություն քաղաքական կյանքին հիմնական քաղաքական կուսակցություններից որեւէ մեկում: Նույնը Վրաստանում է: Մենք չենք կարող ուղղորդել վրացահայ քաղաքական գործիչներին: Ոչ էլ դրա ցանկությունը կա: Բայց մենք կարող ենք վրացահայ քաղաքական գործիչներից ակնկալել, որ նրանք բնական կամուրջ հանդիսանան Վրաստանի եւ Հայաստանի բազմերանգ քաղաքական դաշտերի միջեւ: Սա ինքնին արժեքավոր ներդրում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Համագործակցության նոր դրսեւորումներ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահի հետ իր հանդիպման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա: Բնական է ենթադրել, որ Հայաստանի եւ Վրաստանի պետական կառավարման մարմինները պետք է փնտրեն մինչ այժմ չօգտագործված հնարավորություններ մեծացնելու երկկողմ առեւտրատնտեսական կապերի ծավալները, կատարելագործելու դրան նպաստող ենթակառուցվածքները: Վրաստանի լավագույն գիտակներից մեկը մեր երկրում, «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանն ինձ շատ հետաքրքրված պատմում էր, թե ինչպես կարելի է, օրինակ, կատարելագործել մաքսային վարչարարությունը, տարանցիկ բեռների համարՙ երկու երկրների սահմանագլխին թողնելով միայն մեկ ստուգման գործընթացՙ այժմ գործող երկուսի փոխարեն: Վրաստանը նման մաքսային ռեժիմ ունի Թուրքիայի հետ եւ երկկողմ բեռնափոխադրումների ծավալները նաեւ դրա շնորհիվ անընդհատ մեծանում են: Նա պատմում է, թե որքան ժամանակ կարելի է խնայել դրա շնորհիվ եւ որքան նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչին նպատակաուղղված է Արեւմուտքի աջակցությունը Հայաստանին մաքսային վարչարարության ոլորտում:
Բնական է ենթադրել, որ երկկողմ համագործակցության չօգտագործված ներուժ պետք է փնտրել գիտության, մշակույթի, հումանիտար ոլորտներում: Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի, գիտական կենտրոնների, բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսների ստեղծած համագործակցության հարթակները կարող են նպաստել երկու երկրների միջեւ մեկ միասնական գիտամշակութային դաշտ ձեւավորելու գաղափարին: Այս օրինակները բերում եմ, քանի որ այդ ոլորտներում մեր միջազգային վարկանիշները շատ ավելի բարձր են, քան վրացականները, հետեւաբար կարող են հետաքրքրական լինել նրանց համար: Բնական է սպասել, որ երկու երկրների քաղաքական իշխանությունները կանաչ լույս վառեն համագործակցության այդ ոլորտների համար, որովհետեւ դա է հնարավոր եւս մեկ ներդրումը մեր տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար: