Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել են 48716 օտարման գործարքներ, որոնց 74,3 տոկոսը առքուվաճառքներինն է: Նախորդ 2012-ի համեմատ օտարման գործարքների քանակը նվազել է 3,6 տոկոսով: Ինչպե՞ս են փոխվել բնակարանների եւ անհատական տների գները Երեւանում ու մարզերում, ի՞նչ է տեղի ունեցել հողի շուկայում, որքանով են ավելացել հիպոթեկային վարկավորման ցուցանիշները:
Երեւանում բնակարանների եւ անհատական տների գների փոքր աճ
Բնականաբար, անշարժ գույքի գործարքների մեծ մասն արձանագրվում է բնակարանների նկատմամբ եւ Երեւանում: Այսպես` օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում 14677 առքուվաճառքի գործարքների 60,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2013-ին աճել է 6,9 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 5,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) 2012թ. | Միջին գները (դրամ) 2013թ. |
Կենտրոն | 411900 | 427000 |
Արաբկիր | 341300 | 355100 |
Քանաքեռ-Զեյթուն | 268900 | 281900 |
Նոր-Նորք | 232300 | 249800 |
Ավան | 241600 | 258400 |
Էրեբունի | 237700 | 248100 |
Շենգավիթ | 237900 | 253900 |
Դավթաշեն | 261800 | 273500 |
Աջափնյակ | 229300 | 246600 |
Մալաթիա-Սեբաստիա | 227000 | 239500 |
Նուբարաշեն | 141100 | 150900 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-մարաշից) | 257300 | 271300 |
2013-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 5052 գործարք, որից 1362-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 4,4 տոկոսով:
Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ին 2012-ի համեմատ մայրաքաղաքում աճել են 3,9 տոկոսով : Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) 2012թ. | Միջին գները (դրամ) 2013թ. |
Կենտրոն | 463600 | 475300 |
Արաբկիր | 370200 | 388200 |
Քանաքեռ-Զեյթուն | 280800 | 294300 |
Նորք-Մարաշ | 306900 | 318400 |
Ավան | 258600 | 270000 |
Էրեբունի | 227300 | 238900 |
Շենգավիթ | 244700 | 254400 |
Դավթաշեն | 263200 | 275300 |
Աջափնյակ | 239300 | 249200 |
Մալաթիա-Սեբաստիա | 226900 | 237400 |
Նուբարաշեն | 145000 | 150000 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 257100 | 285900 |
Երեւանից դուրս ամենաթանկ տներ ու բնակարաններ ունեցող քաղաքների առաջին եռյակն անփոփոխ է
Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2013-ին վաճառվել են 4611 բնակարաններ, որոնց քանակը 2012-ի համեմատ աճել է 6,6 տոկոսով, իսկ միջին գները` 4,3 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2013-ին եղել են Ծաղկաձորում , որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 154 հազար հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 120 հազար դրամ, Իջեւանը` 117 հազար դրամ, Աշտարակը եւ Մասիսը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
Մարզերում անցյալ տարի վաճառվել են 3690 անհատական տներ` 4,1 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ: Միջինացված` 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների միջին գները մարզերում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 3,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 156 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 136 հազար դրամ, Նոր Հաճնը եւ Գորիսըՙ 129 հազար դրամ, Իջեւանը 122 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հիպոթեկային վարկավորումն ավելացել է ավելի քան 25 տոկոսով
Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ին 2012-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 7,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 91,7 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 12,2 տոկոսով:
2013-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1895 գործարքներ, որից 1305-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,7 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2012-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 25,7 տոկոսով, ընդ որում Երեւանում` 36,1 տոկոսով, իսկ մարզերում` 7,5 տոկոսով:
Շուկայի աշխուժացում, բայց փոքր տեմպերով
Այսպիսով, ի՞նչ միտումներ են գրանցվել 2013-ին անշարժ գույքի շուկայում: Նախեւառաջ, դա գների որոշակի, բայց դեռեւս փոքր աճն է տարեկան կտրվածքով , ինչը կարելի է գնահատել որպես ճգնաժամին հաջորդած խորը անկումից հետո անշարժ գույքի շուկայի վերականգնման եւ զարգացման նշան: Հայտնի է որ անշարժ գույքի շուկայի գնային պատկերը միայն դրամային արտահայտությամբ ամբողջական պատկերը չի տալիս, քանի որ այստեղ գործարքներն հիմնականում իրականացվում են դոլարով: Ուստի հարկ է նկատի ունենալ նաեւ դրամ-դոլար փոխարժեքը:
Այս տարվա հունվարին դոլար-դրամ փոխարժեքը կազմել է 406,67 դրամ 1 դոլարի դիմաց, իսկ տարվա ընթացքում, որոշ վայրիվերումներից հետո, դեկտեմբերին դարձել է 405,32 դրամ: Այսինքն, տարվա ընթացքում փոխարժեքի տատանումը անգամ 1 տոկոս չի կազմել, հետեւաբար անշարժ գույքի գների փոփոխությունը տարեկան կտրվածքով նույնպես էապես չի տարբերվում դոլարով գների փոփոխություններից:
Հաջորդըՙ ավելացել է գործարքների քանակը, ինչը նույնպես շուկայի աշխուժացման ցուցիչ է: Անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին վկայող եւս մեկ երեւույթ է հիպոթեկային գործարքների ավելացումը: Այդուհանդերձ, անշարժ գույքի գների փոքր աճը փաստում է, որ աշխուժացման տեմպերը դեռեւս մեծ չեն: Հավանական է, որ այս տարի դրանք ավելանան, եթե սկսվեն իրագործվել նախատեսված պետական մի քանի խոշոր քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերը եւ ընդհանուր տնտեսական ակտիվության տեմպը գոնե չնվազի:
Այս տարվա հունվարին` առանց էական փոփոխությունների
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է նաեւ 2014-ի հունվարի շուկայի վերլուծության տվյալները: Համաձայն դրանց, բոլոր, այդ թվում օտարման գործարքների քանակը 2013-ի հունվարի նկատմամբ որոշ չափով ավելացել է, իսկ դեկտեմբերի նկատմամբ` նվազել: Նույն պատկերն է նաեւ Երեւանում բնակարանների եւ մարզերում բնակարանների եւ անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակի պարագայում, որոնք ավելացել են նախորդ տարվա հունվարի համեմատ: Աննշան չափով նվազել են մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքները: Բնակարանների գները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում աննշան աճ են արձանագրել, իսկ անհատական տներինը` մնացել անփոփոխ նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատ: Հունվարն ընդհանրապես տնտեսական ակտիվության առումով ամենաաննպաստ ամիսն է, բայց այս հունվարին ցուցանիշների բարելավում կա անցյալ տարվա հունվարի նկատմամբ: Հավանական է, որ առաջիկա ամիսներին այդ միտումը շարունակվի: