Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ թերակղզու կարգավիճակի որոշման վերաբերյալ թերակղզում հանրաքվե կանցկավի այս տարվա մայիսի 30-ին: Ուկրաինական վերջին իրադարձություններից հետո, ինչպես գիտենք, Ղրիմում չեն ճանաչում Մայդանից իշխանություն տեղափոխվածների կառավարությանը եւ ցանկանում են առանձին որոշել իրենց երկրամասի կարգավիճակը: Հարկ է նկատել, որ Կիեւի նոր իշխանությունները որեւէ կերպ հիմնավորված չեն արձագանքել Աքյսոնովի այս հայտարարությանը. Կիեւը ոչ թույլատրել է Ղրիմին` կարգավիճակը որոշող հանրաքվե անցկացնել, ոչ էլ արգելել է. դատելով իրադարձությունների ընթացքից ու բովանդակությունից, չի էլ կարող արգելել, գոնե այս պահին:
Ղրիմը
Սա նշանակում է, որ առայժմ Ղրիմի հանրաքվեի անցկացման համար որեւէ խոչընդոտ չկա: Ներկա պահին Ղրիմում ձեւավորվել է Կիեւյան նոր իշխանություններին զուգահեռ նոր իշխանություն, որն ունի տեղի ոչ սակավամարդ ռուս, կամ ռուսախոս համայնքի աջակցությունն ու վստահությունը, որն էլ իր հերթին արդեն իսկ Ղրիմում ստեղծել է Կիեւի հրամաններին չենթարկվող ոստիկանություն, զինված ուժեր, ազգային անվտանգության ծառայություն: Նորաստեղծ երկրամասային իշխանությունը ռուսական Սեւծովյան նավատորմի օժանդակությամբ (ըստ որոշ աղբյուրների էլ` անմիջական մասնակցությամբ) վերահսկում է դեպի Ղրիմ եւ Ղրիմից բոլոր ելքերն ու մուտքերը, թերակզղու բոլոր ռազմական ստորաբաժանումները. այսօր Ղրիմը փաստացի անկախ կարգավիճակ ունի` առնվազն Ուկրաինայից: Կառավարության ղեկավար Աքսյոնովն արդեն իսկ խնդրել է Մոսկվայից` “թերակղզում կարգուկանոնի հաստատման ու ֆինանսական հարցերում” իրենց օգնություն ցուցաբերել: Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ ինքը չի միջամտելու Ուկրաինայի ներքին գործերին, բայց` «մենք պաշտպանելու ենք այնտեղ բնակվող ազգությամբ ռուս, կամ ռուսախոս բնակչության իրավունքները», հայտարարել է անձամբ Պուտինը` ուշագրավ ընդգծումով` «Մենք չենք դիտարկում Ղրիմը ՌԴ-ին միացնելու հարցը»:
Բայց մենք արդեն իսկ գիտենք ՌԴ վարչապետ Մեդվեդեւի որոշման մասին, ըստ որի Կերչի վրայով Ռուսաստանն ու Ղրիմը կապող նոր կամրջի շինարարություն է մեկնարկում, սրան զուգահեռ, ըստ որոշ` այդ թվում ռուսական աղբյուրների` “Այս օրերին Ղրիմում ակտիվորեն բաժանվում են ՌԴ քաղաքացիությունը հաստատող կարմիր անձնագրեր”:
Այս պահին գոնե կարելի է եզրակացնել, Ղրիմի նոր կառավարության նպատակն ամենեւին էլ անկախ Ղրիմի Հանրապետության հռչակումը չէ, այդ պարագայում Աքսյոնովը օգնություն չէր խնդրի Մոսկվայից: Հետեւաբար Ղրիմի իշխանության նպատակը նվազագույնը ռուսական տարրի պահպանումն է Ուկրաինայում, ընդ որում սեփական ինքնավարության ավելի լայն կարգավիճակով, կամ էլ առհասարակ Ռուսաստանին միանալը: Վերջին զարգացումը, չնայած Մոսկվան այս պահին գոնե չի ցանկանում, բայց նա ցանկանում է պաշտպանել Ուկրաինայում ազգությամբ ռուսների եւ ռուսախոսների իրավունքները, իսկ վերջիններիս իրավունքն է սեփական ճակատագրի մասին որոշում կայացնելը: Ըստ ամենայնի, սակայն, Ղրիմը դե յուրե դուրս չի գալու Ուկրաինայի կազմից, Սեւծովյան նավատորմն էլ` Ղրիմից: Հնարավոր է, որ Ղրիմը` մայիսյան հանրաքվեի արդյունքում ավելի լայն ինքնավարության կարգավիճակ ստանա, մասնավորաբար սեփական ուժային գերատեսչություններով, որոնք չեն ենթարկվի Կիեւի հրահանգներին, բայց այս ամենը` առանց խախտելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ ռուսական ռազմաբազան կլինի ղրիմցիների իրավունքի իրացման երաշխավորը: Իսկ, եթե Կիեւը չճանաչի այդ հանրաքվեի արդյունքները, ապա դրանով թերակղզին ավելի կմոտեցնի Մոսկվային, իսկ Պուտինն արդեն իսկ ունի Դաշնային խորհրդի արտոնությունը` «մտցնել ռուսական զորքը ուկրաինական տարածք` պաշտպանելու տեղի ազգությամբ ռուսների եւ ռուսախոսների իրավունքները», նաեւ Ղրիմում ապրող ՌԴ քաղաքացիների իրավունքները, ովքեր պարտադիր չէ, որ ազգությամբ ռուս կամ ռուսախոս լինեն:
Չի բացառվում, որ Ռուսաստանը միակողմանի ճանաչի Ղրիմի անկախությունը, ինչը, ընդունենք, կդիտարկվի որպես ծայրահեղ քայլ Մոսկվայի կողմից, եւ Ղրիմն ամբողջովին կնմանեցնի…մեր Ղարաբաղին չէ, այլ Աբխազիային եւ Հարավային Օսիային:
Ղարաբաղը
Հիմա, որքանո՞վ է նման Ղրիմը մեր Ղարաբաղին, ինչպես նմանեցնում են հայաստանցի որոշ վերլուծաբաններ: Եվ, ինչը ոչ պակաս կարեւոր է, որքանո՞վ է Հայաստանը նման Ռուսաստանին եւ Ուկրաինան` Ադրբեջանին: Ու վերջապեսՙ «ղրիմյան» Թուրքիան` «ղարաբաղյան» Թուրքիային:
Վերջից սկսենք: Եթե Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիան աներկբա պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ապա Ղրիմի վերաբերյալ եւս Անկարան հանդես է եկել` Ուկրաինայի տարածքային ամբողջականության սատարման տեսանկյունից: Ավելին, եթե Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիան հայտարարում է, թե` “Ադրբեջանի խնդիրը մեր խնդիրն է”, ապա Ղրիմի վերաբերյալ Անկարայից լսեցինք` “մենք առաջինը կգանք օգնության Ղրիմում ապրող մեր եղբայր թաթարներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի”: Նկատենք, որ նաեւ Թուրքիայի` ներգրավվելու պատրաստակամության պատճառով ռուսները հազիվ թե ընթանան Ղրիմն անկախացնելու ճանապարհով, որովհետեւ թուրքական բանակը եւս, մեղմ ասած, դեմ չէ «պաշտպանելու թերակղզում ապրող ազգությամբ թուրքերի, կամ թյուրքախոսների իրավունքները», իսկ Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ պետություն է:
Այսինքն, թուրքական մասով եզրակացնենք, որ Անկարան գրեթե նույն դիրքորոշումն ունի` Ղարաբաղում ու Ղրիմում:
Բայց, Ուկրաինան, անշուշտ, Ադրբեջան չէ: Մանավանդ այսօրվա Ուկրաինան: Պաշտոնական Կիեւի դիրքորոշում այսօր գոյություն չունի, որովհետեւ պաշտոնական Կիեւ գոյություն չունի: Զուգահեռաբար մենք գործ ունենք ամուր իշխանական լծակներով ու ռեսուրսով Բաքվի հետ, ով, ի տարբերություն այսօրվա Կիեւի, ունակ է սեփական քաղաքացիների շրջանում մեկ միասնական մոտեցում, թեկուզ ստիպելով, սերմանել:
Ուրեմն Ուկրաինան բոլորովին Ադրբեջան չէ:
Ղրիմն էլ, Ղարաբաղ չէ: Նախ, ի տարբերություն Ադրբեջանական ՍՍՀ-ին ապօրինի որոշմամբ բռնակցված ԼՂԻՄ-ի, Ղրիմը պարզապես նվիրվել է Ուկրաինային: Ապա, ի տարբերություն իրենց կեցության կերպի, կարգավիճակի դեմ պարբերաբար, եթե ոչ մշտապես, բողոքող ղարաբաղցիների, Ղրիմի բնակչությունը երբեք չի վիճարկել Ուկրաինայի կազմում իր` Ինքնավար Հանրապետության կարգավիճակը: Հաջորդը, եթե Սովետական Միության փլուզմանը զուգընթաց Սովետական Միության կազմում գտնվող ԼՂԻՄ-ը, առաջնորդվելով բացառապես սովետական օրենքներով, իրացրեց իր ազատ ինքնորոշման իրավունքը, առանց մտնելու անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, ապա Ղրիմի ԻՀ-ն մտավ Ուկրաինայի Հանրապետության կազմ, ու այժմ, դե յուրե, այնտեղ է:
Հետեւաբար, այն, ինչը այս օրերին տեղի է ունենում Ղրիմում, ազգերի ինքնորոշման իրավունքի տիրույթում չէ, Ուկրաինայի Սահմանադրությունն էլ չի արտոնում իր կազմում գտնվող Ինքնավար Հանրապետություններին իրենց ուզած ժամին ու կարգով կարգավիճակի որոշման հանրաքվե անցկացնել, ուրեմն Ղրիմին հանրաքվե անցկացնելու իրավունք ոչ ոք չի տվել, անգամ եթե Ղրիմի բնակիչների մոտ նոր է հասունացել ինքնորոշման պահանջը:
Հետեւաբար, եթե մենք զուգահեռներ ենք տանում Ղրիմի ու Ղարաբաղի միջեւ` նույնականացնելով այս երկու խնդիրները (որոնցից` ղրիմյանը նոր է ձեռք բերել` «խնդիր» կարգավիճակը), ապա մենք ընդունում ենք, որ ինչպես Ղրիմը, այնպես էլ Ղարաբաղը եղել են համապատասխանաբար անկախ Ուկրաինայի, ու անկախ Ադրբբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ ինչպես Ղրիմը, այնպես էլ Ղարաբաղը կարող են համապատասխանաբար Ուկրաիայի ու Ադրբեջանի կազմերից դուրս գալ բացառապես ուկրաինական ու ադրբեջանական օրենսդրության, Սահմանադրության նորմերին համապատասխան:
Ղարաբաղի պարագայում` սա այսպես չէ, հետեւաբար այն ինչ «ղ»-ով է սկսվումՙ դեռ Ղարաբաղ չէ:
Դասերը
Այնուամենայնիվ, Ղրիմի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները կարող են ուսանելի լինել մեզ համար: Օրինակ, պարզվում է, որ եթե մի երկրում վտանգված են այլ երկրի քաղաքացիները, համերկրացիները, ապա վերջինս իրավունք ունի` ռազմական ներխուժում իրականացնել առաջին երկիր` պաշտպանելու իր համերկրացիների ու քաղաքացիների իրավունքները: Սա նշանակում է, որ Հայաստանը, եթե հայ-ադրբեջանական սահմանին էլի մահվան ելքով միջադեպ լինի, իրավունք ունի զորք մտցնել Ադրբեջան` պաշտպանելու, ինչպես ադրբեջանական աղբյուրներն են ասում` “Ադրբեջանում բնակվող 30 հազար ազգությամբ հայերի կյանքը”: Սա նաեւ նշանակում է, որ Հայաստանը լրիվ իրավունք է ունեցել` զորք մտցնել դե յուրե սովետական Ադրբեջանի տարածք` պաշտպանելու Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայերի ու հայախոսների իրավունքները:
Բացի սրանից, եթե կարելի է Ղրիմի բնակչությանը սեփական կարգավիճակի որոշման համար միայն թերակղզու տարածքում հանրաքվե անցկացնել եւ պարտադրել Կիեւին` այդ հանրաքվեի արդյունքը, անգամ, երբ Ուկրաինայի Սահմանադրությունը նման իրավունք Ղրիմին չի տալիս, ապա Ղարաբաղի բնակչությունը լրիվ իրավունք ունի` պաշտոնական Բաքվին պարտադրել իր կարգավիճակի որոշման համար` արդեն իսկ կայացրած հանրաքվեի արդյունքը, մանավանդ որ այն ժամանակ ղարաբաղցիները ոչ մի կերպ չեն շրջանցել գործող` սովետական օրենսդրությունը:
Այնուամենայնիվ, Ուկրաինայում, կոնկրետ` Ղրիմում, իրադարձությունները զարգանում են խիստ անկանխատեսելի ու կայծակնային արագությամբ, ու չի բացառվում, որ մայիսի 25-ին ոչինչ էլ չլինի, չի բացառվում, որ այն, ինչը լինելու է, մինչեւ մայիսի 25-ը լինի:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այն վաղուց արդեն անկախ ու կայացած պետություն է, ու եթե պետք է այն համեմատել, ապաՙ վաղուց արդեն անկախ ու կայացած պետությունների հետ: Այս առումով Ղարաբաղը համեմատելի չէ անգամ այսօրվա Ուկրաինայի հետ, էլ ուր մնաց նրա առանձին մաս` Ղրիմի Ինքնավար Հանրապետության: