ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Մինչեւ մայիսի 25-ին կայանալիք ընտրությունները եւ դրանցից հետո էլ ազդեցության համար պայքարը դեռ շարունակվելու է
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, անկանխատեսելի իրողությունների շարքից է այն պարզ դիտարկմամբ, որ փաստացի իշխանություն դարձած բազմագլուխ ու բազմաձայն ընդդիմությունը ինքն էլ դեռ չի հասկանում ինչը երբ եւ ինչպես պետք է անել, տարբեր մանր-մունր վարչարարներն էլ ավելի խառն են դարձնում իրավիճակը:
Եվրոմայդանական իրողության մեկնարկային իրավիճակում, երբ Ուկրաինայի նախագահը որոշեց դադարի վիճակում պահել Եվրոպական միության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացն ու «պոչ խաղացնել» Եվրոմիության եւ Ռուսաստանի արանքում, քչերի համար կարող էր պատկերացնելի լինել, որ Եվրո կոչված Մայդանը արագորեն կվերաճի ուղղակի մեյդանի, որտեղ այլեւս կմոռանան խոսել եվրոպական ուղղության նախընտրելիության մասին:
Փաստացի տեղի ունեցավ հենց դա, երբ եվրոպական ինտեգրումից խուսանավելու ուկրաինական իշխանությունների փորձերը գլխից մեծ ոսկորի նման մնացին նույն այդ իշխանավորների կոկորդում` Մայդանում ավերածությունների, ապա նաեւ սպանությունների պատճառով այլեւս անշրջելի դարձնելով տեղի ունեցող գործընթացները: Մեծաթիվ զոհերի պարագան, առանց դատական ու որեւէ այլ կարգի իրավական հիմքի անգամ, իշխանությունից զրկեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` մոլորակի տարբեր տերությունների կողմից անընդունելի հանցանք գործածի որակմամբ:
Թեեւ այդպես էլ հստակ չէ, որ անասելի շքեղության առանձնատունն աշխարհին ի ցույց թողած Վիկտոր Յանուկովիչը որտեղ է ապաստան գտել, սակայն ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության մատուցմամբ` իրեն Ուկրաինայի նախագահ զգացող Յանուկովիչը ապաստան է խնդրել Ռուսաստանից, իր արարքն էլ բացատրել, թե դիմել է ՌԴ իշխանություններին ապահովելու իր անձնական անվտանգությունը, որպեսզի խուսափի «ծայրահեղականների գործողություններից»: Յանուկովիչը շարունակում է պնդել, թե օրինական չէ ուկրաինական խորհրդարանի` իրեն իշխանությունից զրկող որոշումը: Մինչդեռ Ուկրաինայի խորհրդարանն արդեն իսկ հավանություն է տվել Յանուկովիչին դատական պատասխանատվության ենթարկելու օրինագծին` այն էլ Հաագայի միջազգային դատարան դիմելու տարբերակով:
Գերագույն Ռադայի ընդունած որոշմամբ, Հաագայի միջազգային դատարանի իրավասությանն է թողնվում պատասխանատվության կանչել բոլոր նրանց, որ մասնակից կամ կազմակերպիչ եւ կամ ղեկավար են եղել գրեթե երեք ամիս տեւող ցույցերի մասնակիցների դեմ ուժի գործադրմանը: Հնարավոր է, որ Հաագայի դատարանի առաջ կանգնի ոչ միայն Յանուկովիչը, այլեւ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկինն ու ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն:
Մինչ այդ, իհարկե, փետրվարի 21-ին հավաքվեցին մեծ ու փոքր, ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի արտգործնախարարների եւ Ռուսաստանի ներկայացուցիչների, եւ հանդիպեցին Ուկրաինայի նախագահի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ, բանակցեցին ու մի թուղթ ստորագրեցին, թե երկու օրվա ընթացքում, որոշ քայլերով, կվերադառնան 2004թ. Սահմանադրությանը, հետո կձեւավորեն կոալիցիոն կառավարություն, տարեվերջին` դեկտեմբերին էլ կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Արտակարգ դրություն չի հայտարարվի, հետեւաբար զորք չի մտցվի Մայդան, ընդդիմադիրներն էլ պիտի հանձնեին իրենց ձեռքին եղած զենքերը: Յանուկովիչն էլ երեւի հույսն այս համաձայնագրի վրա էր դրել, քանի որ Ռուսաստանից ապաստան խնդրելու իր հիմնավորման մեջ հիշատակել է, թե այդ համաձայնությունը դրժեցին ընդդիմադիրները:
Այդուհանդերձ, ձՁեռքբերված այս պայմանավորվածությունը ողջունել էինցին ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք փետրվարի 22-ին տեղի ունեցած իրենց հեռախոսազրույցում կարեւորել էին այդ համաձայնագրի իրականացումը: Ողջունեցին, բայց դրանից ուկրաինական իրականությունը չփոխվեց, կամ փոխվեց` այն էլ Մայդանում երկու կողմից դեռեւս շարունակվող կրակոցների պայմաններում:
Արտահերթ նախագահական ընտրություններ
Ներկա դրությամբ, դեռ հստակ չհասկանալով, թե ով ինչ է ուզում եւ ուր է գնում, Ուկրաինայում արդեն անցել են արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է նույն Գերագույն Ռադայի մակարդակով` փետրվարի 22-ին, երբ մեկ այլ որոշմամբ ճանաչվեց Յանուկովիչի պաշտոնանկություն, որը հիմք դարձավ արտահերթ ընտրություններ նշանակելու համար: Մինչեւ մարտի վերջ թեկնածուները պետք է առաջադրվեն` մասնակցելու մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին:
Թեեւ անհայտ տեղում թաքնված Յանուկովիչը, արդեն Ռուսաստանում ապատստսանելու հեռանկարով, դեռ իրեն նախագահ է զգում` փորձելով հակառակվել ինչպես խորհդրդարանի ընդունած որոշմանը, այնպես էլ հայտարարելով Եվրոմիության հետ բանակցելու պատրաստակամության մասին, ակնհայտ է, որ ոչ Ուկրաինայում, ոչ էլ առավել եւս Եվրոմիությունում Յանուկովիչի հետ ոչ մեկն այլեւս ոչ մի բան չունի քննարկելու: Եվ քանի որ մինչեւ արտահերթ նախագահական ընտրությունների մասին որոշումը ուկրաինական խորհրդարանը նաեւ որոշել էր 2004թ. սահմանադրությանը վերադառնալու, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցերը` առանց նախագահի որեւէ տեսակի մասնակցության, ակնհայտ է, որ ընտրություններին պատրաստվելու փուլն հետդարձի որեւէ ճանապարհ չունի:
Թե ինչ ելք կունենան հապճեպ, հընթացս կազմակերպվող ընտրությունները, որոնց մասնակցում են հիմնականում նրանք, ովքեր հեռացրել են Յանուկովիչին, դեռ ժամանկակը ցույց կտա: Իսկ մինչ այդ հետաքրքրական կլինի դիտարկել նախկինում իրար կողքի պայքարողների միջեւ արդեն սկսված ընտրապայքարը, որը հաստատապես առիթ է դառնալու այնպիսի հայտարարությունների, որոնք նույն եվրոմայդան ասվածի մասին դեռ նորանոր բացահայտումներ կանեն:
Արդեն իսկ ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու ցանկության մասին հայտնել են «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, հավանական թեկնածուների շարքում է ուկրաինական Հինգերորդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Պյոտր Պարոշենկոն, Արսենի Յացենյուկը, որ ղեկավարում է խորհրդարանական «Բատկիվշչինա» կուսակցությունը, «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:
Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածության առումով ավելի ստույգ տեղեկություններ ավելի ուշ կլինեն, քանի որ Տիմոշենկոն առողջությունը վերականգնելու խնդիր ունի, եւ անկախ ամեն ինչից ուղղակի ֆիզիկապես հնարավոր է չկարողանա մասնակցել ընտրական պայքարի: Եվ որքան էլ Տիմոշենկոն համարվում է մեծ աջակցության ներուժ ունեցող թեկնածու, ավելի հավանական է, որ նա պայքարի վարչապետի աթոռի համար, քանի որ Ուկրաինան վերադառնում է խորհրդարանական ղեկավարման տարբերակին:
Բոլոր պարագաներում Ուկրաինան հայտարարված ընտրություններով փորձելու է լուծել ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու խնդիրը, թեեւ փետրվարի 20-ի արյունալի դեպքերն իրենց թարմությամբ նպաստելու են այդ ճգնաժամի տեւական դառնալուն: Հստակ է նաեւ, որ թեեւ ուկրաինական արտաքին քաղաքականության դեպի Ռուսաստան «ծռված» վեկտորը կրկին թեքվում է դեպի Եվրոպա, այդուհանդերձ, որեւէ փաստաթղթային կամ ավելի շոշափելի զարգացում չի կարող լինել ոչ մի ուղղությամբ, քանի դեռ նախընտրական շրջան է:
Մայդանը Ղրիմում, եւ ոչ միայն
Ուկրաինայի տառացիորեն բազմաթիվ ու խեղդող խնդիրները քիչ են, գնալով ուժգնանում են խոսակցությունները, թեժանում կրքերը «ղրիմյան Մայդանում»: Ղրիմը, որ գերազանցապես ռուսաբնակ է, ավելինՙ կարող է լինել Յանուկովիչի թաքստոցի ամենահավանական տեղը, հնարավոր է բարձրաձայնի Ուկրաինայից անջատվելու, անկախանալու, կամ ինչ չափով անկախանալու մասին` նույն մայիսի 25-ին անցկացնելով հանրահավաք:
Իսկ մինչ այդ Ղրիմում թեեւ չեն խոսում անջատվելու մասինարդեն իսկ , սակայն արդեն իսկ բողոքում են Ուկրաինայի նոր իշխանությունների դեմ, Ռուսաստանի դրոշ ծածանում: Կիեւում կրքերը կարծես հանդարտվում են, փորձում են նախապատրաստվել ընտրությունների, բայց մայդանական իրավիճակը հիմա էլ զարգացում կարող է ունենալ Ղրիմում:
Ռուսաստանյան մամուլի ներկայացմամբ` այսօր` փետրվարի 28-ին Ղրիմ կայցելի Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը: Ավելին, Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու համերկրացիների հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ, գտնվելով Ղրիմում, ճիշտ նույն աբխազական ու հարավօսական սցենարի նմանությամբ, հայտարարել է, թե ռուսների նկատմամբ որեւէ ուժային քայլի դեպքում կհետեւեն պաշտպանական գործողություններ:
Առավել խնդրահարույց է, որ միայն Ղրիմը չէ, որ կարող է անջատվել: Ուկրաինայի ապագան համադաշնության տարբերակով տեսնելու կողմնակիցները կարծես թե քիչ չեն: Մյուս կողմից, Ուկրաինայի տարբեր ռեգիոններում կարծիքների անհամատեղելիությունը նորություն չէ, ու քանի որ մինչ այս չի հանգեցրել երկրի մասնատման, կարելի է ենթադրել, որ այսուհետեւ էլ Արեւելյան կամ Արեւմտյան կամ Հարավային ու Հյուսիսային Ուկրաինա ունենալու հեռանկարը իրատեսական չէ:
Հենց Ուկրաինայում դժվար է տեսնել երկրի տարածքի վերջնական աղճատման ռեալ հիմքեր, եթե բացառենք, որ դրսից որոշ ուժեր կարող են հետաքրքրություն ունենալ իրավիճակի նման զարգացման հարցում: Բոլոր պարագաներում, Յանուկովիչի արդեն գոյություն չունեցող իշխանության պահպանման համար նման իրավիճակ էլ չի կարող ստեղծվել, քանի որ Ուկրաինայի արդեն նախկին նախագահի կողմնակիցներ որպես այդպիսիք չկան:
Առատաձեռն Եվրոմիություն
Մայիսի 25-ին ընտրությունները կավարտվեն, եւ Ուկրաինան կունենա նոր նախագահ, կձեւավորի նոր կառավարություն: Այդ ժամանակ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու ուկրաինական բարեփոխումներինՙ 20 միլիարդ եվրո գումարով, որի մասին փետրվարի 23-ի երեկոյան հայտարարեց Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը: Այս գումարն Ուկրաինան կստանա ոչ միայն ապահովելու բարեփոխումները, այլեւ կարող է տրամադրվել անհապաղ` կասեցնելու Ուկրաինայի դեֆոլթը:
Փաստացիՙ Եվրոպական միությունը համաձայնել է նման գումարով աջակցել Ուկրաինային` ապահովելու լավագույն տնտեսական պայմաններ, որոնք հիմք կստեղծեն Եվրոմիության հետ Ուկրաինայի ասոցիացման համաձայնագրի ստորագրման համար: Այսինքն` կարելի է ասել, որ բացառիկ իրավիճակում Եվրոմիությունը պատրաստակամ է արագ կերպով եւ մեծ գումար տրամադրել Ուկրաինան բերելու այնպիսի մի վիճակի, որի պարագայում Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը չի լինի միայն թղթաբանություն:
Ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի նոր իշխանությունները կստորագրեն Ասոցիացման համաձայնագիրը, հատկապես, որ Եվրոմիության կողմից էլ համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնվել: Եվ քանի որ վերացվել է, ըստ էության, Եվրոմիության համար այդ գործընթացն առաջ տանելու հիմնական խոչընդոտը, որ Տիմոշենկոյի ձերբակալված վիճակն էր, ու դեռեւս հստակ չէ ներկա իշխանավորների լեգիտիմության հարցը, այդուհանդերձ, նոր ձեւավորվելիք իշխանություններին դեռ սպասում է քննարկում` կապված Ասոցիացման համաձայնագրի հետ:
20 միլիարդ եվրոն զգալի գումար է, այն էլ ոչ տարիների կտրվածքով, այլ անհապաղ տրամադրելու պայմաններում, սակայն եվրոպական այսօրինակ առատաձեռնությունը ուշացած արձագանք է, դանդաղ շարժվելու հետեւանք, մի գին, որ վճարելուց հետո գուցե Եվրոմիությունում համապատասխան հետեւություններ արվեն, թե ինչու ուկրիանական դեպքերը զարգացան արյունոտ սցենարով, եւ նոր միայն հետեւեց «կանխիկով» հարցը լուծելու մոտեցումը:
Մեկ բան ակնհայտ է. ազդեցության համար կռվում դեռ ոչ մի բան ավարտված չէ, եւ ավարտված չի լինի նաեւ մայիսի 25-ի նախագահական արտահերթ ընտրություններից հետո: