Տարին ավարտվում է այնպեսՙ ինչպես սկսվել էր. բուռն, շատ բուռն: Սկիզբը, հասկանալի է, նախընտրական էր, բայց մանավանդՙ հետընտրական: Եվս մեկ անգամ իշխանությունն օգտագործեց իր վարչական, նյութական, նաեւ ապահով ու նախատեսելի լինելու ռեսուրսները եւ հաղթանակ տարավ: Մինչդեռ նախագահական գահի մյուս հավակնորդը անսպասելիորեն բարձրացավ դժգոհության ալիքների վրաՙ առանց սըրֆինգի մասնագետ լինելու եւ, բնականաբար, ի վերջո տապալվեցՙ անճարության մատնելով իր բազմահազար հետեւորդներին: Հետեւեց հուսահատության ալիքը, որը, այնուամենայնիվ, տվեց իր պտուղներըՙ վատ եւ լավ: Վատըՙ հայրենիքից փախուստ տալու, հեռանալու, արտագաղթելու նոր մղումն էր, որ դեռ շարունակվում էՙ ավելի ահագնացած, իսկ լավըՙ ծնունդն էր, նոր թափով, հասարակական-քաղաքական աշխույժ խմբերի, որոնք տարբեր առիթներով իրենց կամքը սկսեցին դրսեւորել, երբեմն տպավորիչ հաջողությամբ:
Դեռեւս դժվար է ասելՙ նախագահական ընտրություններում արեւմտյան դաստիարակություն ու կողմնորոշում ունեցող հավակնորդի ձախողությունը պայմանավորվա՞ծ էր Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցի հանգուցալուծման հետ: Սակայն տարեվերջյան զարգացումները եւ հատկապես Մաքսային միությանը միանալու պաշտոնական Երեւանի հայտը, ինչպես նաեւ տարբեր համատեքստում, բայց միեւնույնՙ ռուսական ուղղությունից կախվածության իմաստով բազմանշանակՙ այսպես կոչված Գազային պայմանագրի ստորագրումը ուժեղացնում են այն պնդումները, թե մեր երկիրը վերջ է դրել արտաքին փոխլրացման քաղաքականությանը եւ ընտրել ռուսական ուղին, մանավանդ հեռանկարում երեւացող Եվրասիական միության ֆոնին:
Անշուշտ հասկանալի է բոլորիս. Ռուսաստանը ռազմաքաղաքական եւ առեւտրատնտեսական իր հզորանքի մեջՙ այժմ նպատակադրված է ամրապնդելու իր ներկայությունը եվրոպական եւ ասիական ուղղություններում, նաեւ մեր տարածաշրջանումՙ դեռեւս մտահոգիչ անորոշությունների հեռանկարով: Եվ անշուշտ, կարելի է այս հարցում եւս առարկել ու քննադատել մեր երկրի իշխանությունների գործելաոճը, որը թափանցիկ չեղավ եւ չէ՛, եւ բազմաթիվ խնդիրներ ու հարցականներ դեռեւս մնում են անորոշության շղարշի հետեւում:
Սակայն հայկական ո՞ր իշխանությունը, հաշվի առնելով տարածաշրջանային իրականություններն ու պատմական մեր փորձառությունը, կարող էր այլ կերպ ընդունել, դիմագրավել նման լուրջ մարտահրավերները: Հետնյալ թվով այսօր անշուշտ կարելի է մեղադրել իշխանությանը ճկունության պակասի, պատեհ առիթները չօգտագործելու մեջ: Բայց միայն ա՞յս իշխանությանը, թե՞ մեր հաջորդական բոլո՛ր իշխանություններին, որոնց սխալների հանրագումար պարտքերի առաջ ենք կանգնած այսօր:
Պահը իսկապես լուրջ է, պահանջվում է լրջախոհություն ու խորաթափանցություն: Բայց ամեն բանից առաջՙ պահանջվում է վստահություն, փոխադա՛րձ վստահություն. իշխանությունը ժողովրդին ու քաղաքացուն, եւ ժողովուրդն ու քաղաքացինՙ իշխանությանը: Դրա համար անհրաժեշտ է աշխատել թափանցիկ եւ խիստ անկեղծ, նույնիսկ սեփական սխալներն ու բացթողումները բոլորից առաջ խոստովանելու գնով: Միայն այդ պարագայում կարելի է գոյացնել վստահության կապիտալ, բարոյական դրամագլուխ, առանց որի անհնար է միասնական ջանքերով հաղթահարել խոչընդոտները, դժվարությունները, մարտահրավերները:
Նոր տարվա սեմին մաղթում ենք բոլորին ու բոլորիս վստահություն, փոխադա՛րձ վստահություն: