ՊԵՐՃ ԹՅՈՒՐԱԲՅԱՆ, Նյու Յորք
Ինչպես մի անհատ կարող է անել անկարելին
Անծանոթ հեռախոսազանգ էր, միջազգային համարով: Կնոջ ձայն էր, Կանադայի Մոնկտոն քաղաքից, Սիլվիա Գասպարյանը: Անմիջապես ներողություն խնդրեց, որ իր հայերենը կատարյալ չէ: Բայց շատ շուտ պարզվեց, որ եւ իր հայերենն էր կատարյալ, եւ իր հայեցի ինքնությունը: Դիպվածով հայտնաբերել էր ինձ, իմացել, որ Ազնավուրի երգերը թարգմանել եմ հայերենի ու հեղինակել մի ալբոմ: Հրավիրում էր ինձ մասնակցելու Մոնկտոնի 5-րդ Հայկական փառատոնին, որն այս տարի նվիրված էր Շառլ Ազնավուրին:
Մոնկտոնը Կանադայի հարավ-արեւելքում է, ծովամերձ Նյու Բրունզվիկումՙ Կանադայի միակ երկլեզու նահանգը: Դա նախկին ֆրանսիական Ակադիան է, որ գոյություն է ունեցել 17-18-րդ դարերում: Տպավորված հնդկացի բնիկների հյուրասիրությամբ ու ազնվությամբ, ֆրանսիացի գաղութարարները տեղանքը անվանել են Ակադիա, նմանեցնելով հունական Ակադիային, որի մասին երգել են անտիկ պոետները: 18-րդ դարի սկզբում Ակադիան անցնում է բրիտանացիներին, նույն դարի երկրորդ կեսին սկսվում է ակադիացիների տեղահանումը: Այսօր այդ նահանգը, 750 000 բնակչությամբ, բաղկացած է անգլիախոսներից ու ֆրանսախոսներից. վերջիններս հայրենադարձած ակադիացիներն են, որոնք իրենց ինքնության հոգեբանությամբ շատ ընդհանուր եզրեր ունեն այն հայերի հետ, որոնք էրգիր են կորցրել:
Սիլվիա Գասպարյանը փոքր տարիքում Լիբանանից տեղափոխվել է Ֆրանսիա եւ այժմ, ավելի քան երկու տասնյակ տարիներ, ամուսնու եւ զավակների հետ ապրում է Մոնկտոնում եւ դասավանդում նույնանուն համալսարանում: 2005 թվականին Սիլվիան մտահղացել է ու կազմակերպել Մոնկտոնի Հայկական փառատոնը, որն իր գործունեությունը ծավալում է երկու տարին մեկ, նպատակ ունենալով հայկական մշակույթը տարածել ու ներկայացնել օտարներին եւՙ բացառապես օտարներին, քանի որ այդ քաղաքում ընդամենը չորս հայ ընտանիք է ապրում: Այն, անշուշտ, կանադական տարբեր մշակութանպաստ հաստատությունների կողմից քաջալերվում է եւ օժանդակվում: Յուրաքանչյուր փառատոն ներկայացնում է հայոց պատմության, մշակույթի տարբեր բնագավառներ, տարբեր շերտեր, եւ այս անգամ նվիրված էր հայ մեծանուն Շառլ Ազնավուրին, ընդգրկելով 7-օրյա հանդիսություններ (հոկտեմբերի 3-10, 2013)ՙ դասախոսություն Ազնավուրի մասին, Ազնավուրը կինոյում, երգչի հրատարակած գրքերի եւ լուսանկարների ցուցահանդես, իր հեղինակած «Մի դռնից մյուսը» գրքի բեմականացումը ու եզրափակիչ մեծարման համերգը քաղաքի ամենաշքեղ ու հեղինակավոր դահլիճում, որին մասնակցելու էին ֆրանս-կանադացի երգիչ-երգչուհիներ:
Փառատոնին մասնակցելու հրավերն ինձ անակնկալի բերեց: Չգիտեի ինչ պատասխանել, ինչ որոշում կայացնել: Իմ ու Սիլվիայի հեռախոսազրույցն ավարտվեց այն պայմանավորվածությամբ, որ ես կուսումնասիրեմ փառատոնի կայքը (www.festivalarmenien.com), կմտածեմ առաջարկի մասին ու երկու-երեք օրվա ընթացքում կհայտնեմ իրենց իմ որոշումը:
Երկմտանքիս պատճառները մի քանիսն էին: Նախ այնՙ որ Սիլվիան շատ ուշ էր տեղեկացել իմ մասին, եւ ինձ մնում էր ընդամենը երկու շաբաթ նախապատրաստվելու համարՙ ե՛ւ երգելու առումով, ե՛ւ հոգեբանորեն: Մանավանդ երբ ուսումնասիրեցի կայքը ու տեսա, որ համերգին մասնակցում են ինձ ծանոթ, ֆրանսիական երգի աշխարհում հայտնի դեմքերՙ Մարի-Ժո Թերիոն եւ Լինա Բուդրոն: Նրանց ներկայությունը ինձ ե՛ւ հրապուրում էր, ե՛ւ սթափեցնում: Շարունակելով երգիչների ցանկըՙ մասնակցում էին եւս երեք հոգիՙ Սանդրա Լը Կուտորը, Միշել Կարպանտիենՙ սիրված ակադացի անուններ, եւ հայազգի Սերժ Պետրոսյանըՙ Մոնրեալից: Բոլորն էլ, փաստորեն, իրենց արվեստին ու արհեստին վարժ, երգով ապրող արվեստագետներ էին, ի տարբերություն ինձ: Իհարկե, ինչ-որ ձեւով, ես եւս միշտ երգի հետ եմՙ ստեղծագործելով, երգերս մերթընդմերթ փոքր շրջանակներում ներկայացնելով կամ հրատարակության պատրաստվող ալբոմների ձայնագրությամբ, բայց այս կարգի երգիչ-երգչուհիների հետ բեմ բարձրանալու հանգամանքը շատ պատասխանատու էր: Բացի այդՙ Մոնկտոնում, ուր չկար հայ համայնք, ո՞ւմ համար էի հայերեն լեզվով Ազնավուր երգելու: Ո՞վ էր ինձ լսելու, երբ Ազնավուրի երգերն իրենց բնօրինակ լեզվով լսելու այդպիսի մեծ ընտրություն կար: Ինչպե՞ս էի հասնելու Մոնկտոն, որտե՞ղ էի իջեւանելուՙ կային նաեւ այսպիսի մտահոգություններ: Թեեւ Սիլվիան ակնարկել էր, որ կհոգան այդ հոգսերը, այնուամենայնիվ ինձ անիրական էր թվում, որ փառատոնից երկու շաբաթ առաջ հնարավոր կլիներ ապահովել ինձ ընդգրկելու համար անհրաժեշտ պայմաններըՙ ճանապարհի, կեցության, նվագակցության:
Համաձայնեցի:
Նյու Յորք – Օտտավա – Մոնկտոն: Սիլվիայի ամուսինըՙ Վարդան Չոլաքյանն էր եկել ինձ դիմավորելու: Վարդանըՙ մասնագիտությամբ մաթեմատիկոս, նույն Մոնկտոնի համալսարանում է դասախոսում: Ժպտերես, խոսունՙ աչքերով ու ասելիքով:
Ճանապարհին զրուցելով ծանոթացանք իրար, եւ անմիջապես երեւաց, որ նա զտարյուն հայ ընտանիքից է սերումՙ իր համար շատ կենսական են իր ազգային արժեքները, որոնք փոխանցում է իր զավակներին, նույնիսկ այդ մենավոր պանդխտության մեջ: Ինչ վերաբերում է իր կնոջ կազմակերպած Հայկական փառատոնին, Վարդանը փոքր-ինչ կրավորական մոտեցում ուներ, որովհետեւ այն, ինչ Սիլվիան է անումՙ իր համար չափից ավելի անիրական է թվում, չի պատկերացնում, թե ինչպես է դա արվում, եւ ինչու է անում: Բնականաբար, նման վիթխարի նախաձեռնությունների հետեւում, երբ պատասխանատվությունը հիմնականում մի հոգու վրա է, տվյալ դեպքումՙ Սիլվիայի անելիքները բազմաթիվ են, բազմաթիվ են նաեւ ձախողման վտանգներըՙ բարոյական, նյութական, որոնց ծանրությունը դարձյալ դու ինքդ ես կրում:
… Ինձ տեղավորեցին մի գողտրիկ պանդոկումՙ «Քնած Գեղեցկուհին», որտեղ երեք օր գիշերեցի:
Երկու-երեք ժամ անց, երեկոյան, Սիլվիան եկավ, որ գնանք փորձի: Մեզ էին սպասում նվագախումբը, Ջեսի Մեայի ղեկավարությամբ, ինչպես նաեւ «Ակադիայի պատանի երգիչներ» համույթը, որոնց հետ եզրափակիչ համերգի բոլոր մասնակիցները կատարելու էին «Ավե Մարիա» երգը: Այնտեղ էր նաեւ Անժել Բերտենը, գեղարվեստական ղեկավարը, որ մեծ փորձ ունեցող արվեստագետ է, շատ հմուտՙ իր մասնագիտության մեջ, եղել է աշխարհի բոլոր ծագերում, շատ հայտնի երգիչ-երգչուհիների հետ: Այնքան տպավորիչ ու հուզումնալից էր ինձ համար այնտեղ մեզ սպասող դեռատի երգչուհիների ներկայությունը, իրենց կիրթ, վայելուչ պահվածքով, որը, կարծես, ավելի ու ավելի հազվագյուտ երեւույթ է դարձել աշխարհում: Նվագախմբի հինգ երաժիշտներն արդեն պատրաստել ու սերտել էին մեր երգերը, փորձը սահուն անցավ, մեզ վստահություն ու լավատեսություն հաղորդելով հաջորդ օրվա համերգի համար:
Գիշերը, պանդոկում, ինչպես անում եմ սովորաբար տանը, միացրի հեռուստացույցը, որ ինձ օրորի, ու ես, վերջապես, ավելի քան 24-ժամյա անքնությունից հետո կարողանամ քնել: Քիչ անց դուռս թակեցին: Կից սենյակի կենվորն էր, խնդրում էր, որ ձայնը իջեցնեմ: Ներողություն խնդրեցի ասելով, որ արդեն իջեցրել եմ: Շատ անհարմար զգացի, որ իմ քնելու սովորույթներին գերի, խանգարել եմ նրա քունը: Հետո պառկած, կեսքուն-կեսարթուն, մտքիս մեջ պտտվող օրվա դեմքերն ու տպավորությունները, հաջորդ օրվա մտահոգություններսՙ ելույթիս մասին, առաջին անգամ մեծաքանակ օտար հանդիսատեսին հայերեն լեզվով Ազնավուր ներկայացնելու մասին – կարծեմ, այնուամենայնիվ, կարողացա մեկ թե երկու ժամ քնել:
Կեսօրվա կողմ Սիլվիան եկավ ու գնացինք Կապիտոլի դահլիճը, որտեղ երեկոյան ժամը 8-ին լինելու էր համերգը: Կրկին փորձ, բարձրախոսների ու լուսարձակների կարգավորում, բեմախորքի էկրանին գունային ու պատկերային խաղերի ձեւավորումՙ Անժել Բերտենի ցուցումներով: Ես համերգներ ունեցել եմ տարբեր առիթներով, տարբեր քաղաքներում, մեծ կամ փոքր դահլիճներում, մասնագիտացված տեխնիկական ու երաժշտական աշխատակազմի առկայությամբ, բայց երբեք չէի եղել մի իրավիճակում, երբ ամեն ինչ նախապատրաստվում էր նման մանրակրկիտ ճշգրտությամբՙ յուրաքանչյուր երգչի ձայնին համապատասխան ընտրված անվանակիր միկրոֆոններից մինչեւ բեմահարդարման 15 հոգուց բաղկացած անձնակազմի եռուզեռըՙ լավագույնս ապահովելու համար ձայն, լույս, պատկեր, բեմական մուտք ու ելք:
Երեկոյան դահլիճը բերնեբերան լեցուն էր: Լեցուն էր ոչ միայն քանակով, այլեւ էությամբ: Հանդիսատեսը գիտեր, թե ուր է եկել եւ ինչու է եկել, գիտեր, թե Ազնավուրյան աշխարհում – որի մասին առաջինը պատմեց Մարի-Ժո Թերիոն «Ինքնակենսագրություն» երգով – ուր է գնալու եւ մանավանդՙ ուր կուզենար գնալ: Հաջորդը իմ ելույթն էր: Ներկայացաՙ ասելով, որ հայ եմՙ ինչպես Ազնավուրը: Ասացի, որ ըստ Աստվածաշնչի մեկնության, ըստ էությանՙ բոլորս նույն տեղից ենք սկսվում, ուստի իրենք նույնպես հայ են: Բայց շատ քչերը գիտեն հայերի մասին ու նրանց երկրի: Թեեւ շնորհիվ Ազնավուրի համաշխարհային փառքի, գոնե վերջերս, երբ հարցնում են մեր ազգության մասին եւ երբ ասում ենքՙ հայ ենք, պատասխանը լինում էՙ ինչպես Ազնավո՞ւրը: Ասացի, որ երգելու եմ մի լեզվով, որը իրենց անծանոթ է, բայց, ինչ փույթՙ այդ երգը իրենք լավ կճանաչեն: Եվ սկսեցի հայերենՙ «Տարեք ինձ այնտեղ» – անմիջապես զգացի, որ մենք միասին ենք գնում այնտեղ, որ ես իրենց եմ տանում, իրենքՙ ինձ, 90-ամյա Ազնավուրըՙ մեզ:
«Acadienouvelle» օրաթերթում հաջորդ օրը եղան դրվատանքի խոսքեր փառատոնի, համերգի, մասնակիցների, ելույթների մասին: Առանց նպատակ ունենալու մասնավորեցնել, այնուամենանիվ, կուզենայի մեջբերել այն հատվածները, որտեղ խոսվում է Ազնավուրի երգերի հայերեն կատարման մասին, գուցե նաեւ այն պատճառով, որ դրանց մեջ գտա իմ մինչմոնկտոնյան մտորումների պատասխանըՙ եթե չկա հայ համայնք, ո՞ւմ համար էի հայերեն լեզվով Ազնավուր երգելու, եւ ո՞վ էր ինձ լսելու, երբ Ազնավուրի երգերն իրենց բնօրինակ լեզվով լսելու այդպիսի մեծ ընտրություն կար:
«/…/ Հատկապես հիշատակման է արժանի Տարեք ինձ այնտեղ երգը հայերեն, որից փշաքաղվեցի … Երեկոյի ընթացքում հատկապես աչքի ընկան Պերճ Թյուրաբյանի հայերեն լեզվով Ազնավուրի երգերի կատարումները)
Համերգը շարունակվեց եւ իրար հաջորդելով երգեցին բոլոր այն երգիչները, որոնց անունները նշել եմ վերեւում, հանդիսատեսի մասնակցությամբ ու ծափողջյունների ներքո: Մի առանձին օվացիայի արժանացավ համերգը եզրափակող «Ավե Մարիա» երգը մենակատարների ու երգչախմբի կատարմամբ: Եվ վերջապես, դահլիճի տեղատարափ ծափերի տակ, իր փակման խոսքն ասաց Սիլվիա Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, որոնք անշահախնդիր, բարեսիրական հիմունքով մասնակցել էին փառատոնին, եւ այն փոքրիկ քաղաքի մեծ ու մեծաքանակ հանդիսատեսին, որ եկել էր մասնակցելու եւ նվիրաբերելու իր ակադիական սերն ու ոգին հայ ոգու հանդեսին:
Եվս մի միջադեպ, որ անկեղծ գնահատականն է այդ երեկոյի: Համերգից հետո, ինչպես ընդունված է, լինելու էր հավաքույթ: Հյուրասիրության գնալուց առաջ մտել էի պանդոկ: Միջանցքում դեմս դուրս եկավ այն հարեւանս, որի քունը խանգարել էի մի օր առաջ: Արդեն հետաքրքրվել-իմացել էի, որ Օսլոյից հրավիրված դասախոս է: Դանդաղեցրի քայլս, մտածելով, որ պատեհ է մի անգամ եւս ներողություն խնդրելու աղմկելու համար: Բայց ինձ տեսնելով, նա ինքը ժպտալով արագ մոտեցավ ինձ ու ասաց. «Ես ներկա էի համերգին, հրաշալի էր, հպարտ եմ, որ ձեր հարեւանն եմ, շնորհակալություն»:
Այդ գիշեր, ինչպես նաեւ հաջորդ օրը, հավաքվեցինք բոլոր մասնակիցներով նշելու փառատոնի ակներեւ հաջողությունը եւ արժեւորելու այն աննկարագրելի աշխատանքը, որ անում է Սիլվիա Գասպարյանըՙ լիբանանցի, փարիզցի, մոնկտոնցի հայուհին, որը իր տեսլականը ունի ու այն իրականություն դարձնելու տաղանդՙ հանուն հայ մտքի, ոգու հարատեւման:
Ավելացնեմ նաեւ, որ Սիլվիան փոքր տարիքում պարի կրթություն է ստացել եւ անգամ երազել է պարուհի դառնալ, բայց փոխարենը դարձել է լեզվաբան: Նույն փառատոնի օրերին, բացի կազմակերպչական աշխատանքից, նա նաեւ իր պարելու արվեստն է ընծայել այդ յոթնօրյա հանդեսներին: Փառատոնի բացման օրը, տասը պարող- պարուհիներով ներկայացրել էին Ազնավուրի բանաստեղծություններով, մեղեդիներով ու կյանքի դրվագներով ներշնչված պարային մի բեմադրություն, որի մասին նույն «Acadienouvelle»-ը գնահատանքի ջերմ խոսքեր էր գրել մի առանձին հոդվածով:
Ահա այսպիսին էին Մոնկտոնի Հայկական փառատոնի օրերը, իմ օրերը, որոնք, ջերմ էին, ի՜նչ լավ է, որ եղան: Ջերմ էր աշնանային Մոնկտոնն իր հյուսիսային գեղեցկությամբ: Ջերմ էին հավաքույթներըՙ լի երգով, նվագով, պարով, առատՙ կերուխումով: Անսկիզբ ու անվերջ էր Ազնավուրի երգերի շարանը, որոնք հնչում էին այդ օրերին բոլոր մասնակիցների շուրթերից: Հուզիչ էին Ակադիայի ժողովրդական երգերը, որ գիտեին ու մի մարդու պես երգում էին բոլորը: Նախանձելի էր մարդկանց կապը իրենց ակունքների հետ: Հուզիչ էր տեսնել ոգեղեն աշխարհների մերձեցումը, եւ այս ամենի մեջ Սիլվիայինՙ ժպտերես, լավատես, ոգեշունչՙ հայ մարդուն ու աշխարհը իրար բերելու, արժեքները մի քիչ ավելի ճանաչելի դարձնելու, մշակույթները պահելու-պահպանելու կամավոր ստանձնած իր առաքելությամբ:
Ի վերջո, այս ամենը ի մի բերելով, կարող եմ ասել, որ ամենակարեւոր բանը, որ հասկացա, այն է, որ երբեմն մի անհատ, մեն մի անհատ, կարող է անել անկարելին: