6 ֆուտբոլիստներ համալրեցին «Ալաշկերտը»
Գարնանը վերսկսվող Հայաստանի ֆուտբոլի առաջնության հանդիպումների նախապատրաստությունը մասնակից թիմերից առաջիններից մեկը սկսեց մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատը»: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արարատցիները Ձորաղբյուրի իրենց մարզաբազայի փոխարեն երեկ առաջին մարզումն անցկացրին «Կիլիկիա» մարզադահլիճում: Այստեղ պարապմունքները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 30-ը, ապա ֆուտբոլիստներին մեկ շաբաթ հանգիստ կտրամադրվի:
Հունվարի սկզբին «Արարատը» մարզումները կշարունակի Ծաղկաձորում, որտեղ հիմնական շեշտը կդրվի ֆուտբոլիստների ֆիզիկական տվյալների բարելավման վրա: Իսկ ահա արտերկրում կազմակերպվելիք 2 հավաքների ընթացքում արդեն հիմնական ուշադրությունը դարձվելու է ֆուտբոլիստների խաղային որակներին, տեխնիկատակտիկական հմտությունների բարելավմանը: Առաջին հավաքը նախատեսվում է անցկացնել Չեռնոգորիայում, 2-րդըՙ Արաբական Միացյալ Էմիրություններում: Այդ հավաքների ժամանակ «Արարատում» փորձաշրջան կանցնեն հիմնականում սերբ ֆուտբոլիստներ, որոնցից լավագույնները կընդգրկվեն թիմում:
Արդեն այժմ «Արարատում» որոշակի փոփոխություններ են կատարվել: Թիմից հեռացել են Հովհաննես Գրիգորյանը, Արսեն Պետրոսյանը, Անդրանիկ Սարգսյանը եւ Գեւորգ Օհանյանը: Մեծ ֆուտբոլին հրաժեշտ է տվել Տիգրան Ղարաբաղցյանը, որը հավանաբար աշխատանքի կանցնի «Արարատ» ակումբում: Թիմի հետ մինչեւ առաջնության ավարտը պայմանագիր է կնքել «Ուլիսի» ավագ Արտակ Անդրիկյանը: Մոտ օրերս «Արարատի» կազմը կհամալրեն եւս 3 տեղացի ֆուտբոլիստներ:
Առաջնության 2-րդ կեսի նախապատրաստությունն է սկսել նաեւ Կապանի «Գանձասարը»: Մարզումներն անցկացվում են Կապանում: Առայժմ դրանց չեն մասնակցում Շոթա Ջիքիան, Գորան Օբրադովիչը, Դեյան Վուկոմանովիչը եւ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որոնք թիմին կմիանան հունվարի սկզբին:
Հիշեցնենք, որ «Գանձասարից» հեռացել են Արթուր Բարսեղյանն ու Արարատ Առաքելյանը: Արթուրն արդեն պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ, իսկ Արարատը ցանկանում է հանդես գալ արտերկրում: «Ալաշկերտի» շարքերը համալրել են նաեւ նախկին արարատցիներ Հովհաննես Գրիգորյանը, Գեւորգ Օհանյանը, Աղվան Հայրապետյանը, «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Հայկ Իշխանյանը եւ «Բանանցից» հեռացած Նարեկ Դավթյանը: