Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԻՆՍԿՈՒՄ

20/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Եվրասիական ինտեգրում. տեղեկատվական մարտահրավերներ

Դեկտեմբերի 12-ին եւ 13-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ «Եվրասիական ինտեգրում. Տեղեկատվական մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին լրատվամիջոցների ղեկավարներ, քաղաքագետներ եւ քաղաքական վերլուծաբաններ, քաղտեխնոլոգներ եւ հայտնի լրագրող-վերլուծաբաններ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Հայաստանից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Վերակառուցման փուլ ապրող «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության եւ «Մոսկովսկիե նովոստի» թերթի նախաձեռնությամբ գումարված այս համաժողովում կազմակերպիչներին հաջողվել էր միատեղել եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ աշխատող գործնականում բոլոր հայտնի դեմքերին: Ուշագրավ էր նաեւ, որ իր ոլորտում տարվա խոշորագույն միջոցառում դարձած այս գիտաժողովի «ուղեղային գրոհներին» ակտիվորեն մասնակցում էին նաեւ Ուկրաինայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք չնայած հայտարարում էին, որ իրենց երկրները չեն պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը, սակայն հետաքրքրված են ընթացող գործընթացներով եւ գաղափարների գեներացման գործում պատրաստ են բերել իրենց կառուցողական մասնակցությունը: Մտքերի փոխանակությունն ընթացավ երեք փուլով: Առաջին փուլում քննարկվեցին եվրասիական տեղեկատվական դաշտի հիմնախնդիրները, երկրորդ փուլումՙ եվրասիական ինտեգրման զարգացումը ԶԼՄ-ների եւ հասարակության աչքերով, երրորդ փուլումՙ եվրասիական ինտեգրման ընկալումը հասարակական գիտակցության մեջ. եվրասիական նախագծի ազգային առանձնահատկությունները ԶԼՄ-ների հայելում: Այս վերլուծականի նպատակը ոչ այնքան վերաշարադրելն է կայացած «ուղեղային գրոհների» ընթացքը, որքան առկա խնդիրների վերլուծությունը, որովհետեւ, ինչպես պարզվեց, ապագա Եվրասիական տնտեսական միության կերտմանը մասնակցող պետությունների կառավարություններին խորհրդատվական ծառայություններ մատուցող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները բավական տարբերվող հայացքներ ունեն եվրասիական ինտեգրման գալիք նպատակների եւ խնդիրների հարցում: Թվարկելով այդ խնդիրները եւ տարբեր երկրների համար առաջնահերթություններըՙ համոզվեցի, որ 2014 թվականը անխուսափելիորեն դառնալու է առնվազն մի քանի նման հավաքների տարի, որտեղ, լավատեսական հաշվարկներով, հնարավոր է լինելու գծագրել ապագա Եվրասիական տնտեսական միության գլոբալ զարգացման ուղղությունները, դրանք միության անդամ պետությունների հասարակություններին հասկանալի եւ ընդունելի դարձնելու համար:

Ազգային ինքնիշխանության հիմնախնդիրը եւ օգուտներ ընդհանուր շուկայից

Կարեւոր հարցերից մեկը ձեւակերպվում է այսպես. ի՞նչ է ապագա Եվրասիական միությունը: Սահմանափակո՞ւմ է արդյոք անդամ պետությունների ինքնիշխանությունը եւ ի՞նչ կարգի օգուտներով է փորձում փոխհատուցել: Քննարկման մասնակիցներից մեկի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրված «ազգային ինքնիշխանության փոխարեն կոլեկտիվ ինքնիշխանություն» հասկացությունը շատերի համար դժվարամարս էր եւ հետագա բացատրությունների ու պարզաբանումների կարիք ունեցող: Մի կողմից կա Եվրոպական միության փորձը, որի ամբողջ զարգացումը եվրոպական ինքնագիտակցության հետեւողական ձեւավորման հիման վրա կոլեկտիվ ինքնիշխանության եւ կոլեկտիվ քաղաքական պատասխանատվության ձեւավորման գործընթաց է: Մյուս կողմից, սակայն, կոլեկտիվ ինքնիշխանություն ասելով, անպայմանորեն նկատի ունենք ազգային ինքնիշխանության որոշակի սահմանափակման հեռանկարը, ինչի արդյունքում ձեւավորվող ընդհանուր շուկան հաջողություն ունենալու համար պետք է որ ենթադրի նոր ինքնագիտակցություն եւ նոր ընդհանուր պատասխանատվություն: Սա շատ բարդ խոսակցության սկիզբն է եւ ոչ միայն Հայաստանի համար: Օրինակՙ ղազախ վերլուծաբանները նիստերն ընդմիջող զրույցներում փորձում էին գտնել կոնսենսուսային լուծումներ Ղազախստանի բազմավեկտոր արտաքին քաղաքական ուղեգծի եւ եվրասիական ինտեգրման արդյունքում ձեւավորվելիք կոլեկտիվ ինքնիշխանության հասկացության միատեղման համար: Եթե նույնիսկ իբրեւ ընդհանուր հռչակված նպատակ այս վերջինը կարող է գոյության իրավունք ունենալ, ապա մանրամասնելիս եւ կոնկրետացնելիս ի հայտ են գալիս բազմաթիվ քաղաքական, աշխարհայացքային եւ գաղափարական բնույթի դժվարություններ: Այդ դժվարությունները հարթելու համար անհրաժեշտ է գնալ ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավվող հասարակությունների միջեւ բաց, պարզ եւ բոլորին հասկանալի երկխոսության «ինչ ենք տալիս եւ ինչ ենք ստանում» սկզբունքով:

Գիտաժողովի նիստերից մեկի նախագահողը պարզ ասաց, որ Հայաստանի համար, օրինակ, եվրասիական ինտեգրման հիմքում ընկած է անվտանգային գործոնը, որովհետեւ այդ տարածքում է Հայաստանը լուծում իր ազգային անվտանգության ապահովման գլխավոր խնդիրը: Ղրղզստանի համար եվրասիական ինտեգրումը տնտեսական գլոբալ նախագիծ է, եւ այդ երկիրն ինքն է թակում Մաքսային միության դռներըՙ իր քաղաքացիների տնտեսական կենսամակարդակի բարձրացման գերբարդ խնդիրը լուծելու համար:

Առայժմ որեւէ մեկը չի քննարկում Եվրասիական միությունում ընդհանուր տարադրամ մցնելու հարցը: Այն թողնված է ավելի հեռանկարային ժամանակների համար, երբ ձեւավորվելիք ընդհանուր շուկան այդ խնդիրը բնականոն կերպով կհասունացնի: Պարզ է, որ բոլորի հայացքները հառնում են Ուկրաինային, որտեղ այսօր դրամատիկ, հաճախ իռացիոնալ արժեքային բախումներում լուծվում է այդ երկրի ուր գնալու հարցը: Հատկապես Ռուսաստանը եւ Բելառուսը չեն կորցնում հույսը, որ արեւելյան սլավոն-եղբայրական Ուկրաինան կգա ամբողջացնելու տարածաշրջանային առեւտրատնտեսական նախագիծը, ինչպիսին այսօր հառնում է Մաքսային միությունը:

Գիտաժողովի մասնակիցները հետաքրքրությամբ մեկնաբանում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, ըստ որի եվրասիական ինտեգրման եւ եվրոպական ինտեգրման գործընթացների միջեւ հակասություն չկա: Այդ քաղաքական հայտարարությունը ոգեւորեց արեւելաեվրոպական երկրները ներկայացնող մասնակիցներին, ներառյալ Բելառուսի ներկայացուցիչներին, որովհետեւ բոլոր այդ հասարակություններում այդ երկու գործընթացների միմյանց հակադրման եւ միմյանց բացառող մոտեցումների սպառնալիքը մտահոգում է շատերին: Ներկաներից ոմանք, որոնք ուշադրությամբ հետեւում էին այդ ելույթին հաջորդող լրահոսի տեղեկություններին, հետաքրքրությամբ արձանագրում էին, որ անմիջապես ի հայտ եկան առաջարկություններ: Եվրասիական ինտեգրման գործընթացի միտումները կանխատեսել փորձող գալիք հավաքներին կազմակերիչներից ոմանք հնարավոր են համարում մասնակից դարձնել Գերմանայիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի գործընկերներին: Սա շատ հետաքրքրական միտում է, որն իրականություն դառնալու դեպքում իսկապես կարող է հանել անիմաստ եւ շատ ջանք խլող լարվածություններ:

Քննարկվող հարցերի շարքում առանձնապես հետաքրքրական էր եւս մեկը: Կդառնա՞ արդյոք Մաքսային միությունը տնտեսական զարգացման եւ մարդկանց կենսամակարդակի բարձրացման այնպիսի հզոր խթան, որը ձեւավորվելիք ընդհանուր շուկան կդարձնի գրավիչ եւ ամբողջովին ընդունելի ինտեգրման գործընթացին մասնակցող հասարակությունների համար: Այլ կերպ ասածՙ վերջին տարիներին Մաքսային միության մեջ արձանագրված առեւտրի եւ տնտեսության բուռն աճի ցուցանիշները կարո՞ղ են նույնքան դրական եւ գրավիչ լինել հաջորդ տարիներին, ինչը լուրջ խթան կհանդիսանա արժեքային նոր մոտեցումների ձեւավորման համար:

Արժեքային համակարգի ձեւավորման խնդիրը որպես առաջնահերթություն

Ձեւավորման փուլում գտնվող եվրասիական ընդհանուր շուկան առայժմ հիմնված է ընդհանուր տնտեսական տարածքից ստացվող օգուտների մասին գաղափար դառնող դատողությունների հիման վրա: Վերոհիշյալ գիտաժողովի կազմակերպիչները ակնկալում էին ներկաների թարմ գաղափարները եւ նոր մոտեցումներն այն մասին, թե կդառնա՞ն արդյոք եվրասիական ընդհանրության մասին շահագրգիռ ինտելեկտուալների գաղափարները նոր ընդհանրացնող եւ համախմբող գաղափարախոսության հիմք: Ճիշտն ասած, Մինսկի գիտաժողովը այդ հարցը չլուծեց, որովհետեւ, չնայած հայտարարված նպատակին, այդպես էլ ամփոփիչ գաղափարների չհանգեցրեց: Ռուսաստանցի, բայց ավելի շատ ղազախստանցի եւ բելառուս մասնակիցների, նաեւ ուկրաինացիների եւ Ղրղզստանի ներկայացուցչի ելույթները լուսաբանում էին այն առանձնահատկությունները, որոնք կան համագործակցող պետությունների իշխանական եւ ինտելեկտուալ վերնախավերի շրջանում եւ վերաբերում են ավելի շատ այն խոչընդոտներին եւ օբյեկտիվ առանձնահատկություններին, որոնք առայժմ հաղթահարված չեն եւ խանգարում են ինտեգրման գաղափարախոսական հենքի ձեւավորմանը: Մոսկվացի շատ ճանաչված վերլուծաբաններից մեկը կեսկատակ-կես-լուրջ ասաց, որ այն գաղափարախոսական կարծրատիպերը եւ հասկացությունները, որոնք ստացել են գիտակցության մեջ ամրապնդված առասպելների (միֆերի) տեսք, հուշում են, որ կարելի է լրջորեն ստեղծել այլ կարծրատիպեր եւ առասպելներ, որոնք կծառայեն ինտեգրման նպատակին: Այստեղ նախ եւ առաջ նա նկատի ուներ Ուկրաինայի օրինակը, որտեղ քաղաքական պայքարը իշխանության համար սկսեց հենվել իռացիոնալ առասպելների վրա, թե իբր ուկրաինացի ժողովուրդը չի ուզում լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետեւ իրեն համարում է Եվրոպայի մաս եւ եվրոպական արժեքների կրող, եւ սա այն դեպքում, երբ Եվրոպական միության մաս դառնալու հրավեր չի եղել եւ տեսանելի ապագայում չի լինելու: Սակայն Եվրոպական միության գրավիչ կերպարն իր բոլոր իրական եւ թվացյալ առավելություններով միանգամայն բավարար է դարձնում, որ հանուն իր հռչակած արժեքների մարդիկ դուրս գան բարիկադների վրա: Եվրասիական գաղափարախոսության ստեղծագործական զարգացման անհրաժեշտությունն արդեն իսկ զգացվում է: Ճիշտ է, որ ավելի քան 140 տարվա պատմություն ունեցող եվրասիականությունը հետխորհրդային տարածքում ինտելեկտուալ շրջանակներում տարածվելով եւ մեկնաբանվելովՙ ընդունվել է շատերի կողմից: Սա նախ եւ առաջ տափաստանի եւ անտառի ընդհանրության, սլավոնականության եւ թյուրքականության համակեցության գաղափարախոսությունն է, որի ամենահայտնի գաղափարախոսը Լեւ Գումիլյովն էր: Սակայն պատմականորեն ձեւավորված այդ գաղափարախոսությունը մշակման եւ հղկման, լրացման եւ մանրամասնելու կարիք ունի, մանավանդ եթե ուզում է, որ դրա կրողը դառնան ոչ միայն արեւելասլավոնական ու թյուրքական, այլեւ մյուս պետությունները: Այս հարցի լուծումը կնպաստի ավելի խոշոր գաղափարախոսական համադրույթի մշակմանը, որն օբյեկտիվորեն հառնելու է ինտեգրացիոն գործընթացի ծավալման այն պահին, երբ հարց կծագի, թե արդյոք ապագա Եվրասիական միությունը ծրագրո՞ւմ է դառնալ ռազմաքաղաքական դաշինք, որն իշխում է հետխորհրդային տարածքում: Սա մոտակա մի քանի տարիների քննարկման հարց է: Առայժմ գաղափարախոսության վերածվելու համար հիմք հանդիսացող ընդհանրացնող գաղափարն այն է, որ Եվրոպական միության եւ ասիական-խաղաղօվիանոսյան տնտեսական համագործակցության միջեւ ընկած տարածքն ունի ընդհանրացնող շահեր եւ մոտեցումներ հանուն սեփական լիարժեք գոյության:

Ազգային առանձնահատկությունների հանգամանքը ինտեգրման գործընթացում

Ներկաները հետաքրքրությամբ էին լսում վիճակագրության եւ հետազոտությունների վրա կառուցված իմ տեղեկությունները, որ հայաստանյան հասարակությունը պայմանականորեն բաժանված է երեք մեծ խմբի: Առաջին խմբում Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ ինտեգրումն ըստ ամենայնի զարգացնելու կողմնակիցներն են, որոնց, նույնպես պայմանականորեն, կարելի է եվրասիացիներ անվանել: Երկորդ խմբում եվրոպականության համոզված կողմնակիցներն են, որոնք գտնում են, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրող է եւ եվրոպական քաղաքակրթության մաս: Նրանց հայացքներն ուղղված են Արեւմուտքիՙ մասնավորապես Եվրոպայի կողմը: Եվ վերջապես երրորդ խմբում նրանք են, ովքեր համոզված են, որ Հայաստանը ոչ Եվրոպա է, ոչ Եվրասիա եւ ոչ էլ մեծ Մերձավոր Արեւելք: Այս գաղափարի կողմնակիցները համոզված են, որ Հայաստանն ուրույն քաղաքակրթություն է կամ գուցե սուբքաղաքակրթություն, որտեղ խաչվում են վերոհիշյալ բոլոր արժեքները եւ հազարամյակների ընթացքում դրանք ստեղծել են մի ուրույն, ավելին, ինքնուրույն աշխարհայացքային արժեմահամակարգ: Ահա թե ինչու հայ հասարակությունում իշխող գաղափարների մեջ ժամանակակից, արդի հնչողություն ունեցող կոնսենսուսի փորձ է այն քաղաքական հայտարարությունը, որ Հայաստանը կլինի ապագա Եվրասիական տնտեսական միության ամենաեվրոպական անդամը: Տարբեր երկրների վերլուծաբանների շրջանում մեր այս մոտեցումներն ընդունվում են հետաքրքրությամբ, որովհետեւ նրանք այստեղ ոչ թե օտարման միտում են տեսնում, այլ, ընդհակառակը, եվրոպական արժեհամակարգի հետ մերձեցման եւ համագործակցության եւս մեկ հարթակ: Մինսկում անցած միջազգային համաժողովը ցույց տվեց, որ թե ազգային հարթակներում, թե ընդհանուր եվրասիական գաղափարական քննարկումներում 2014 թվականին ծով անելիք կա, եթե Եվրասիական միության ջատագովները ցանկանում են հաստատուն եւ անշրջելի դարձնեն ինտեգրացիոն գործընթացը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական