Ամեն դեկտեմբերին, կարելի է ասել` ողջ ամիսը Նոր տարվա առեւտուրը դառնում է հայ ժողովրդի գլխավոր օրակարգը: Թե ինչ են խոսում վիրտուալ տարածքում` Ուկրաինային տրվելիք ռուսական 15 միլիարդից, կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դեմ բողոքելուց, թե մի այլ «ակտուալ» թեմայից, ողջ հայությունը դեռ դեկտեմբերի սկզբին մի ականջով է հետեւում` ողջ էությամբ ընկղմվելով մի այլ ակտուալ իրականության մեջ: Առնում է, կուտակում է, տեսակավորում է, խոթում սառնարանի ծակուծուկերը, սառնարանը լցվելիս` կախում է պատշգամբից` դրսի մինուս ջերմաստիճանն այս տարի Աստված տվել-չի խնայել:
Ու ամեն տարի է այսպես: Մարդն ինչ հոգեպահուստ ունի` տալիս է ուտելիքի, չեղած դեպքում` պարտք է վերցնում, գնում խանութից խանութ, փնտրում ամենաէժանն ու միաժամանակ ամենից որակովը (թեեւ ինքն էլ գիտե, որ այդպես չի լինում): Ու սովորաբար ծայրը ծայրին հասցնողների, ամիսը մի 100 հազար ծախսողների համար էն 150-200 հազարը մի հրաշքով, պարտքով թե առանց պարտքի` մի տեղից գտնվում է, որ ուտելիքը սարի պես տուն տանի, սարքի-լցնի Նոր տարվա սեղանին, ու արդեն Նոր տարու երրորդ-չորրորդ օրն ափսոսալով թափի: Բայց էս ապրելու ձեւը, Նոր տարի անելու էս հայկական կերպը (թե` տարվա մեջ էդ մի սրտալի տոնը կա), հայերս կամք ու համարձակություն չենք գտնում մեր մեջ փոխելու:
Ու միջին վիճակագրական հայը մի ցանկությամբ է տոգորվում միայն` մի կերպ հայթայթած 150-200 հազարը արդյունավետ ծախսի, ամենաօպտիմալ գնումներով: Ու մրցակցության մեջ են մտնում նա ու մեր սուպերմարկետները. առաջինն ուզում է որքան հնարավոր է շատ ապրանք տանել իր 150 հազարով, երկրորդն ամեն ինչ անում է` հնարավորինս քիչ ապրանք տալու նրա 150 հազարի դիմաց: Այդ քրտնաջան պայքարն, անշուշտ, ավարտվում է սուպերմարկետների հաղթանակով, քանի որ վերջիններս, երբ փողոցային առեւտրին խաղից դուրս էին բերում ու խոսում էին մրցակցության ապահովումից, գների իջեցումից` «քաղաքակիրթն» էլ հետը փաթեթավորելով, բնականաբար, հակառակը, գների մենաշնորհներ ստեղծեցին ու մրցակցություն բառն անգամ մոռացվեց. ինչ մրցակցություն, երբ փոքր խանութներից շատերը չդիմացան, գյուղացին խաղից դուրս է, ո՞ւմ հետ մրցակցեն: Մնում է, որ իրար հետ մրցակցեն` միմյանց ջգրու ապրանքի գին գցեն ընդամենը, իսկ նույն գյուղացուց ապրանքն առնելիս միասնական բարձր գներ սահմանեն: Հարկեր, այո, նրանք մուծում են պետությանը, բայց մուծում են էլի մեր` հասարակ հարկատուի գրպանից: Մի երկու օրինակով ինքներդ համոզվեք: Ասենք` տավարի միսը (մի քիչ ոսկրոտը) «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարակից մսի պասաժից կարելի է ձեռք բերել 1800-2100 դրամով, իսկ ահա սուպերմարկետներում այդ նույն միսն արժե 2500-2800 դրամ:
Այսինքն` մեր սուպերմարկետները 1500 դրամով միսն ընդունելով վաճառքի, ոչ թե իրենց շահույթից են պետության հարկ վճարում, այլ բարձր գներ սահմանելով` էլի մեր գրպանը մտնում, բա ո՞ւր մնաց մրցակցության արդյունք ցածր գինը: Կամ 1 կգ կոտրած ընկույզը ես «ֆիրդուսնոցի» մոտ կանգնած ու ոստիկաններին խաբս տվող օշականցի կնոջից 5 հազար դրամով եմ գնում, «Երեւան-Սիթիում» 6 հազար դրամից ավել արժե: Հիմա ի՞նչ մրցակցություն եւ ի՞նչ էժանություն եղավ, որով համոզում էին գնորդին, «քաղաքակիրթ» առեւտրի խոստումն էլ պոչից կպցնում: «Քաղաքակիրթ» ձեւով միայն ավելի շատ կլպվելն է ստացվում` փաթեթավորված ու մեր սեփական կամքով: Ու ասենք, որ ամեն անգամ, երբ սուպերմարկետից 10 հազար դրամի «քաղաքակիրթ» առեւտուր ես անում, իմացիր, որ այդ գումարի 3 հազարը օդին ես վճարել: Եթե հաշվես` դա ամսական պատկառելի գումար է կազմում, ու կպարզվի, որ սուպերմարկետային առեւտուրը մարդու բյուջեն անհիմն թեթեւացնում է ամսական մի 25-30 հազար դրամով` անորակ, չհիմնավորված թանկ եւ մենաշնորհային գներ ունեցող ապրանքներ առաջարկելով: Հետո էլ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ են պայքարում (գուցե ճիշտ էլ անում են), բայց աշխատող երեւանցիների բյուջեների մի քսան-երեսուն տոկոսը սուպերմարկետներն են պետության թողտվությամբ անհիմն թալանում, այ, սրա դեմ է պետք պայքարել, կոշտ վերահսկողություն սահմանել եւ հիմնովին փոխել դրվածքը: Պատկերացրեք` դեկտեմբերին, երբ ամեն միջին վիճակագրական հայ 150-200 հազար դրամ է թողնում սուպերմարկետներում, ինչքան անիմաստ «օդի հարկ» է թողնում ու հարստացնում մեր օլիգարխներին:
Ու նաեւ` Նոր տարվա մոտենալու հետ մեր սուպերմարկետները կորցնում են չափ ու սահման` գների բարձրացման, անորակ ապրանքը սաղացնելու եւ մեզ հիմարացնելու առումով. 400 դրամի սահմանում գտնվող մեկ լիտր կաթը եթե մինչեւ վերջ էլ խմես` կաթի համ չես առնի, այս ամառ 100 դրամ արժեցող սեւ սալորը չիր դառնալուց հետո, որքան էլ տարօրինակ է` էլի 3-3,5 հազար արժե էն անբերք տարիների պես: Ձուն, որի ավելցուկից մի պահ խանութները չգիտեին ինչ անեին, արհեստականորեն դեֆիցիտ սարքելուց հետո հիմա հատը 80-90 դրամից չի իջնում: Միրգը համեմատաբար էժան է, բայց նայած` որը եւ որտեղ. արդեն ապրանքային տեսքը կորցրած մանդարինի վրա գրում են` ակցիա, ու դնում 300-350 դրամ, որ հենց առողջ ու թարմ մանդարինի գինը պիտի լիներ, քանի որ մանդարին արտահանող երկրներում այս տարի դրա բերքը նույնպես շատ է, եւ մանդարինը շան ոտի հետ գնում է: Բայց դե մերոնք ուրիշ են` քարից հաց քամող, իսկ լավ մանդարինը 500-800 դրամ է: Կորոլյոկի չիրն այս տարի մի 500 դրամով թանկ է, թե ինչու` պարզ չէ, երբ եւ այս միրգն էլ էր սեզոնին շատ, եւ բավական էժան էր: Այժմ մոտ 800 դրամ արժեցող բանանը վերջին օրերին կրկնապատիկ գին է ունենում, մերոնք այդպես էլ չսովորեցին քանակի եւ ոչ թե թանկության վրա վաստակել: Խոզի բուդը, որը միջին հայ ընտանիքի Նոր տարվա երջանկությունն է, այս պահին 2,5 հազար դրամից է սկսվում կիլոգրամը, հայտնի չէ, թե ինչ կլինի դրա գինը դեկտեմբերի 25-ից հետո:
Նոր տարվա սեղանի հաշվարկ անելը մոդայիկ է մեր ԶԼՄ-ների համար, մենք էլ մերն անենք. եթե ընկուզեղենի երեք տեսակից մեկական կիլոգրամ գնի ընտանիքը /ընկույզ` 6 հազար, նուշ 7000, պնդուկ կամ տխիլ` միջինը` 4 հազար դրամ, արդեն 17 հազար դրամ: Մի 4 կիլոգրամ տավարի միս` 10 հազար դրամ, երկու հավ` 5 հազար դրամ, տեղական հավի կիլոգրամը 1500-2000 դրամ է: Մի 5 հազար դրամ կպահանջվի գոնե 2 ձուկ գնելու համար: Խոզի բուդը մի 20 հազար դրամ կարժենա, կոնֆետեղենն ու ջրերը` նույնպես մի այդքան: Սալաթներ, թխվածք, պանրի տեսականի ու կարագ, այլ մանրմունր բաներ` էլի մի 20 հազար: Ամենաթանկն, իհարկե, խմիչքն է, որի վրա ըստ նախասիրությունների մի 40 հազար ծախսվում է, եւ տուփով շոկոլադեղենը, որով հայերը սիրում են միմյանց տները գնալիս իրար պատիվ տալ: Արդեն թակում ենք 200 հազար դրամի դռները: Մենք, իհարկե, չհաշվեցինք միջինից ավելի բարձր կենսամակարդակ ունեցողների` թանկարժեք թառափների եւ սաղմոնների, սեւ եւ կարմիր ձկնկիթների հանդեպ հազարավոր դոլարներ արժեցող սերը, զանազան թանկարժեք աղանդերային ձեռքբերումների նրանց ծախսերը, իսկ օլիգարխների` միմյանց զարմացնելուն ուղղված ապխտած թանկարժեքությունների տեղադրումներն իրենց 10-մետրանոց սեղանների թանգարանային ձեւավորում հիշեցնող սարքուկարգին` մեզ չեն վերաբերում:
Իսկ ահա աղքատության նվազագույն շեմից ներքեւ գտնվող եւ բավական ստվար թիվ կազմող ընտանիքների ծախսերը կախված են միայն ու միայն նրանց հնարավորությունից, ու ոչ երբեք` ցանկություններից:
Հ. Գ. – Խանութներում սկսված ամանորյա աժիոտաժն ինձ հունից հանում է: Մարդիկ որ սկսում են պիտանի ու անպիտան ամեն բան հիմիկվանից հավաքելՙ ոնց որ փախեփախի պատրաստվելիս լինեն: Ու դա վիրուսի պես բան էՙ վարակիչ: Բա էն քաղքենիական անիմաստ փողթափոցին… որսի միս, մի քանի հարյուր դոլարանոց ձուկ, մի քանի հազար դոլարանոց գրող ու ցավ…
Անհանգստության ու անկատարության զգացումն է պատում ինձ ողջ Նոր տարում, հատկապես երբ տարբեր չտեսական ու քաղքենիական սեղանների մոտ եմ հայտնվում. իմ ճանաչած բոլոր աղքատ մարդիկ մտովի հանգիստ չեն տալիս ինձ ողջ Նոր տարվա ընթացքում, ու միշտ մտածում եմՙ ինչքան պիտի ներսից դատարկված լինի ազգը, որ դրսի աղքատության ֆոնին տոննայով թանկարժեք զահրումար փորը լցնի, զկռտա ու մնացած օրն անցկացնի ոսկեզօծ զուգարանում…