Վաշինգտոնում գործող ԱՄՆ դաշնային օկրուգային դատարանը բավարարել է երկու ամերիկացիներիՙ կառավարությանը եւ ԱԱԳ-ին ներկայացրած հայցը: Պատասխանողներից պահանջվում է դադարեցնել հայցվորների հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Դատարանի կարծիքով, հեռախոսազրույցներին առնչվող տեղեկությունների հավաքման ծրագիրը հակասում է ԱՄՆ սահմանադրության 4-րդ ուղղմանը, որն ամերիկացիներին պաշտպանում է չհիմնավորված խուզարկություններից: «Դժվար է պատկերացնել ավելի անկանոն եւ կամայական միջամտություն, քան փաստորեն յուրաքանչյուր քաղաքացու հեռախոսազրույցների տվյալների սիստեմատիկ եւ բարձր տեխնոլոգիական հավաքումը», հայտարարել է դատավորը:
Դատավճռի կատարումը հետաձգված է մինչեւ կառավարության գանգատարկման քննությունը, քանի որ հարցը ազգային անվտանգության շահերի մասին է:
Պատասխանողների խոսքերով, ծրագիրը թույլ չի տալիս հետեւել զրույցների բովանդակությանը, այլ միայն ամրագրում է բաժանորդների համարները, զրույցների ժամկետն ու տեւողությունը: Սակայն դատավորը կասկածում է ծրագրի արդյունավետությանը, քանի որ կառավարությունը չի նշել որեւէ դեպք, երբ տվյալների հավաքումն օգնել է ահաբեկչության կանխմանը: Նրա կարծիքով, պատասխանողները պարտավոր են ապացուցել, որ ծրագրի արդյունավետությունը գերազանցում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը:
ԱՄՆ դաշնային դատարանը առաջին անգամ է կասկածի տակ առնում ամերիկացիների հեռախոսազրույցների տվյալների հավաքման ծրագրի սահմանադրականությունը: Ավելի վաղ Հետախուզության գործերի դաշնային դատարանը, գործերը դռնփակ քննելովՙ 15 անգամ հաստատել էր հիշյալ ծրագրի օրինականությունը, գրում է «Վաշինգտոն փոստ» թերթը:
2013-ի հունիսին հայց ներկայացրած երկու ամերիկացիները Verizon Communication հեռախոսային ընկերության բաժանորդներ են, որը ԱԱԳ-ին տեղեկություններ էր հաղորդել իր բաժանորդների հեռախոսազրույցների վերաբերյալ: