Հումքային ռեսուրսներից, հատկապես էներգետիկ ռեսուրսներից զուրկ Հայաստանի համար էներգախնայողությունը շարունակում է մնալ օրախնդիր թեմա: Էներգախնայողության ազգային ծրագիրը կառավարությունն ընդունել է դեռեւս 2007-ին, որը, ինչպես նախկինում առիթներ ունեցել ենք անդրադառնալու, շարունակում է մնալ թղթի վրա: Սակայն այնպես չէ, որ այս ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում:
2010-ից Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մեր երկրում իրականացվում է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը»: էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորում, վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող օրենսդրական դաշտի բարելավում, վերականգնվող էներգետիկայի գործող ընկերություններին եւ նախագծող կազմակերպություններին օժանդակության ցուցաբերում, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին իրազեկում` սրանք են ծրագրի հիմնական ուղղությունները:
Իմանալու համար, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել անցած երեք տարիների ընթացքում, դիմեցինք ծրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանին : Նրա ներկայացմամբՙ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նպատակով IFC-ն աշխատանքներ է իրականացրել երեք հայկական բանկերի հետ:
«Ամերիաբանկի» հետ իրականացվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորման ծրագիրը: Մասնավորապես, տրամադրվել է խորհրդատվություն եւ 15 մլն դոլարի վարկ ֆինանսավորելու փոքր հէկերի շինարարությունը: 2 տարվա ընթացքում բանկն ամբողջությամբ տեղաբաշխել է վարկերը` ֆինանսավորելով 12 փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարություն`40 ՄգՎ-ից ավելի ընդհանուր հզորությամբ, 124,9 ԳՎտ/ժ տարեկան արտադրությամբ եւ 49,964 տոննա CO2 արտանետումների տարեկան կրճատմամբ:
«էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկի հետ համագործակցությունը փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն է` արդյունաբերության էներգախնայողության ոլորտում: 30 մլն դոլար վարկ եւ խորհրդատվական ծառայությունների արդյունքում 7 ծրագիր է ֆինանսավորել այստեղ, որի հետեւանքով տարեկան կտրվածքով էներգախնայողությունը կազմել է 8,339 ՄգՎ:
Երրորդը «Բիբլոս» բանկն է, որի միջոցով IFC-ն իրականացրեց բնակարանային ոլորտի էներգախնայողության ծրագիրՙ այդ նպատակի համար տրամադրելով 5 մլն դոլար: Այստեղ բնակարանների նորոգման համար տրվող վարկի առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի էներգախնայողության ուղղությամբ, եւ բազմաթիվ բնակարաններ են այդպես նորոգվել, իսկ իրականացրած էներգաարդյունավետության բարձրացմանը ուղղված միջոցառումների շնորհիվ խնայվել է շուրջ 15 միլիոն դրամ (40 հազար դոլար):
«Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» իրազեկման միջոցառումներից մեր զրուցակիցը նշեց էներգախնայողության ցուցահանդեսները (expo) 2011-ին եւ 2012-ին, որոնց ժամանակ լավ ներկայացված էին այս ոլորտի տեղական արտադրողներն ու ներմուծողները: Տիգրան Փարվանյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կշարունակվի եւս մեկ տարի, հայկական երկու բանկի հետ էլ քննարկվում են նոր ծրագրերը: Վերջում էլ համոզմունք հայտնեց, որ ծրագիրն անպայման իր դրական արդյունքները կունենա մեր երկրի էներգետիկայի եւ արդյունաբերության մեջ: