Ըստ «Թայմ» հանդեսի, Տարվա մարդ է ճանաչվել Հռոմի Ֆրանցիսկ պապը: Նա գահակալում է մեկ տարուց պակաս, բայց արդեն հասցրել է աշխարհում բարելավել Կաթոլիկ եկեղեցու նկարագիրը: Մասնավորապես կտրուկ փոխվել է պապական ոճը, որն այժմ զերծ է շքեղությունից:
Պապն ասում է, որ ինքը կուզենար տեսնել «աղքատ եկեղեցի աղքատների համար»:
Հանդեսի գլխավոր խմբագիր Նենսի Գիբսը արձանագրում է, որ նոր պապը կարճ ժամանակամիջոցում արժանացավ աշխարհի մարդկանցՙ երիտասարդների եւ ծերերի, հավատացյալների եւ ցինիկների ուշադրությանը:
77-ամյա Խորխե Մարիո Բերտոլին գահակալությունից առաջ Բուենոս Այրեսի կարդինալն էր: Իր պապական անունն ընտրել է ի պատիվ 12-13-րդ դդ. կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկ Ասիզցու: Պապի խոսքերով, այդ սուրբը «աղքատության եւ խաղաղության մարմնավորում է»:
Պապը մտադիր է անցկացնել եկեղեցական բարեփոխումներ: «Թայմի» պատմության մեջ նա Տարվա մարդ ճանաչված երրորդ պապն է: 1962-ին այդ պատվին արժանացել էր Հովհաննես ԻԳ պապը, 1994-ինՙ Հովհաննես-Պողոս Բ-ն:
Այս տարի 2-րդ տեղում է ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Անցյալ տարի «Թայմը» երկրորդ անգամ Տարվա մարդ էր ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, իսկ 2007-ինՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: