«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ «գենդեր» եզրույթը օրենքից հանելու մասին բազմիցս խոսվեց, ինչպես նաեւ փոփոխություն կատարվեց, բայց` մասնակի:
Այդ ընթացքում սկսվեց շարժում` ոտքի ելան «Համահայկական ծնողական կոմիտեն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ այլք ու մինչեւ այժմ պայքարում են:
Թե ի՞նչ է թաքնված այդ եզրույթի ենթատեքստում, շատերը չգիտեն: Օրերս տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցեցին ինչպես քաղաքական գործիչներ, այնպես էլ 40-ից ավելի հասարակական կազմակերպություններ ու մտահոգ անձինք:
Ազգային արժեհամակարգ. անցյալը, ներկան ու ապագան, ահա այս խորագիրն էր կրում համաժողովը:
«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը նախ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած խժդժություններին. «ԱՄՆ դեսպանատունը եւ մի շարք կառույցներ մոտ մեկ շաբաթ առաջ համատեղ հայտարարությամբ իրենց վճռականությունը հայտնեցին այս հարցի շուրջը, իսկ ես ցանկանում եմ հիշեցնել այդ միջազգային կառույցներին, որ իրենք Հայաստանում ընդամենը հյուր են եւ իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին»:
Անդրադառնալով մայիսի 20-ին ընդունված օրենքինՙ Ա. Բոշյանը ներկայացրեց մի քանի վիճահարույց կետեր, որոնց լայն հանրությունը տեղյակ չէ. «Նախՙ սա մի խայտառակ օրենք է, որը պարտադրում է պետբյուջեի հաշվին այլասերվածություն տարածել Հայաստանում, եւ մենք հարկեր ենք վճարում, որ այլասերումը տարածվի: Երկրորդ` մենք պաշտոնական հարցում ուղարկեցինք նախարարություններին, եւ պարզվեց, որ մինչեւ ընդունվելը 5 նախարարությունների կողմից այս օրենքը մերժվել է, հատկապես կտրուկ մերժել է արդարադատության նախարարությունը, իսկ թե ինչպիսի՞ հիմնավորում է տվել կառավարությունը այս օրենքը կյանքի կոչելուն, մեջբերեմ. «Եվրոպական ինտեգրման գործընթացը, եվրոպական լիարժեք ինտեգրումն անկասկած թե՛ օրենսդրական, թե՛ գործադիր իշխանության մակարդակներով գենդերային հավասարության առաջմղման գործընթացի խթանումն է»:
Բոշյանը մանրամասնեց նաեւ, թե ի՞նչ է սպասվում այդ օրենքի ընդունումից հետո` այլ երկրների օրինակով. «Գենդերային օրենքից հետո ընդունվում են միասեռական ամուսնությունների օրինականացումը, յուվենալ արդարադատությունը, կրթական համակարգում սեռական դաստիարակության անվան տակ այլասերման քարոզչության ապահովումը: Հիմա մեջբերեմ եվրոպական սեքսուալ կրթության ստանդարտներիՙ պաշտոնական փաստաթղթից մի դրույթ, թե ի՞նչ է սովորեցվում 4-6 տարեկան երեխաներին. «Սեփական սեռական օրգանների մանրամասն ծանոթություն, մաստուրբացիա, գենդերային ինքնության ամրապնդում եւ կողմնորոշում, սեքսի մասին զրույցներ»: Սա պաշտոնական փաստաթղթի այն մասն է, որն ուղղված է 4-6 տարեկան երեխաների կրթությանը: Ահա սա է ուղղված մեր երեխաների դեմ»:
Ի դեպ, «Համահայկական ծնողական կոմիտեն» ուսումնասիրել է նաեւ սոցիալական նախարարության աշխատանքը գենդերի օրենքի վրա, նշեց Ա. Բոշյանը. «Ուսումնասիրելուց հետո պարզեցինք, որ Ղրղզստանի 2008 թվականին ընդունած օրենքը, մեղմ ասած, շատ նման է Հայաստանիՙ 2013 թ. ընդունված օրենքին: Ավելին, կարող ենք ասել, որ մեկը մյուսի թարգմանությունն է, տարբերությունը 7,5 տոկոս է: Հայաստանում օրենքի վրա աշխատանքը տեւել է 3 տարի, եւ ահա այդ երեք տարվա արդյունքը: Ես թարգմանեցի Ղրղզստանի օրենքը, այդ քրտնաջան աշխատանքը ինձնից խլեց եւս երեք, բայց` ժամ: Ի դեպ, տարեկան տեքստի մշակման վրա, ըստ պաշտոնական տվյալների, ծախսվել է 3 միլիոն դրամ»: Ա. Բոշյանը ցավով փաստեց, որ օրենքում կա հինգ հոդված, որոնք արգելում են գործող մշակույթը, մասնավորապես մեր մշակույթը ու տղամարդու եւ կնոջ տարբերությունը ընդգծող երեւույթը համարում են կարծրատիպ, այդ կարծրատիպերի գովազդումը եթերում խստիվ արգելվում է: Կորցնում ենք մեր մշակույթը, քանի որ օրենքը իր հինգ կետերով արգելում է ավանդական մշակույթը եւ պարտադրում է հանրահռչակել «գենդերային մշակույթ», որը ենթադրում է գեյ շքերթներ եւ այլն:
«Կառավարությունը պնդում է, որ այս օրենքը պետք է Հայաստանին, քանի որ ԱՊՀ երկրները եւս ընդունել են, որը եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն, Ալբանիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը ընդունել են հակառակ օրենքներ` ընդդեմ գենդերի»,- ասաց Ա. Բոշյանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Նախ մենք սկսեցինք հասկանալ, թե ի՞նչ են նշանակում «գենդեր» եւ «գենդերային հավասարություն» հասկացությունները, եզրույթները: ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հանձնակատարը ձեւակերպել է այլ իմաստով, եւ ոչ այն կերպ, ինչպես մեզ է հրամցվում: Գենդերի իմաստը ՄԱԿ-ի կողմից տրված է հետեւյալ կերպ. «Գենդերային ինքնությունը վերաբերում է յուրաքանչյուրի ներքին եւ անհատական զգացմանը, որը կարող է համընկնել կամ չհամընկնել ծննդյան պահին արձանագրված սեռի հետ, այդ թվումՙ սեփական մարմնի ինքնազգացմանը, որը ազատ ընտրության դեպքում կարող է ներառել տեսքի կամ ձեւի փոփոխությունները` դեղորայքի, վիրաբուժության կամ այլ միջոցներով, եւ գենդերի այլ դրսեւորումներով, այդ թվումՙ հագուստի, խոսքի, պահվածքի միջոցով: Ինչո՞ւ է Հայաստանում ներկայացվում որպես սոցիալական փոխհարաբերություն կանանց եւ տղամարդկանց միջեւ: Մենք պահանջում ենք, որ չեղյալ հայտարարվի այս օրենքը, կամ փոփոխություն կատարվի»:
Ա. Սարգսյանը ցավով նշեց, որ այս եզրույթով դուռ է բացվում մյուս օրենքների համար` խտրականության դեմ եւ յուվենալ արդարադատության, որոնք վտանգավոր են մեր ազգային արժեհամակարգի համար. «Մենք դիմեցինք ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին` առաջարկելով վերանայել եւ օրենքը մաքրել «գենդեր» եզրույթից եւ ձեւակերպել հայերեն լեզվով: Սակայն պարզվեցՙ այնպիսի ջատագովներ կան այդ եզրույթի` թե՛ ներսում, թե՛ դրսում, որ միանգամից մեծ բանակ ձեւավորեցին եւ աղմուկ բարձրացրին: Գործը հասավ նրան, որ միջազգային կառույցները սկսեցին միջամտել, վերջին ակորդը եղավ, որ ՄԱԿ-ի գրասենյակը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի դեսպանությունը հատուկ հայտարարությամբ հանդես եկան ի պաշտպանություն ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հայտարարության»:
Մանրամասնենք, թե ինչ է նշանակում յուվենալ արդարադատություն. եթե ծնողի ինչ-որ քայլ երեխայի կարծիքով իր իրավունքների սահմանափակում է, ապա երեխան կարող է զանգահարել ոստիկանություն կամ համապատասխան մարմինների, որպեսզի իր իրավունքները վերականգնվեն: Ըստ օրենքիՙ համապատասխան մարմինները իրավունք ունեն այդ երեխային վերցնելու այդ ընտանիքից` հանձնել մանկատուն կամ մի այլ ընտանիքի, որն իրենց կարծիքով պարկեշտ է: Դրանք բացահայտ ռազմավարական քայլեր ենՙ քայքայելու հայ ընտանիքը, օջախը ներսից:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, թե ինչ վտանգներ են սպառնում ազգին, մեր արժեքներին, եթե կիրառվի «գենդերի» օրենքը. «Եթե ժողովուրդը չունի իր ընդհանուր հետաքրքրությունների առանցքը, չունի իր արժեհամակարգի նկատմամբ գիտակցություն, նվիրվածություն, չի կարող ազգ կոչվել, կլինի ամբոխ: Մենք այսօր ցանկանում ենք ասել, որ երեկ մենք ազգ էինք, իսկ այսօր չենք ցանկանում ամբոխի վերածվել, այլ պահենք հազարամյակներից եկող ազգային արժեհամակարգը, մեր ազգային դեմքը, դիմագիծը: Ինչքան էլ դրսից փորձեն մեզ աղավաղել, եթե մենք կարողանանք ազգային գիտակցությամբ վահանակալվել, ոչ ոք մեզ չի կարող որեւէ կերպ վնաս հասցնել: Ես կարծում եմՙ մեր հիմնական խնդիրն է, որ մենք կորցրել ենք մեր ազգային գիտակցությունը, պատկանելության նկատմամբ ունեցած նվիրաբերումը եւ ամենակարեւորըՙ մեր ազգային արժեքների սրբության գիտակցությունը, որովհետեւ ազգային արժեքը պատահականորեն հայտնված երեւույթ չէ, այլ անցնում է հազարամյակների մաղով եւ զտվելուց հետո է փոխանցվում սերունդներին», եւ ավելացրեց. «Մենք, դժբախտաբար, ինչ-ինչ երեւույթների տուրք տալով, այս արժեքներից ենք երես թեքում: Եթե պետությունը միատարր է, ապա պետք է իր արմատները արմատավորի իր ազգային հողի վրա: Ես մեծ գնահատանքով եմ նայում արեւմտյան արժեքներին, սակայն կան արժեքներ, որոնք չափազանցության մեջ ոչ թե ծառայում են հօգուտ ժողովրդի, այլ նպաստում են հավաքականության պառակտմանը»:
Տեր Կոմիտասը, անդրադառնալով յուվենալ արդարադատության նպատակին, ասաց. «Իբր թե երեխաներին ազատություն տալու անվան տակ ընտանիքում ցանականում են քաոս ձեւավորել, քանի որ այդ տարիքում երեխան չի կարողանա ինքը զատորոշելՙ ո՞րն է հօգուտ ընտանիք հասկացության, եւ ո՞րն է հօգուտ իր մանկական կամայականությունների: Հնարավորություն տալով երեխայինՙ իր կամայակայությունները պարտադրելու ընտանիքին, միայն ընտանիքն են քանդում, ուրիշ ոչինչ»:
Տեր Կոմիտասը շատ հակիրճ տվեց նաեւ բոլորիս հարցերի պատասխանը, ինչո՞ւ է այսօր մեր երկրի վիճակն այսպես, եւ ո՞վքեր են մեղավորները. «Մենք սիրում ենք քարկոծել մեր կառավարությանը: Սակայն ովքեր են այսօր մեր կառավարության ներկայացուցիչները` մեր եղբայրը, որդին, ազգականը: Սա նշանակում է, ինչպես մենք երեկ դաստիարակել ենք նրանց, դրա արդյունքներն ենք քաղում, քանի որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Այսօր պետք է մեր զավակներին դաստիարակենք այնպես, որ վաղը պաշտոնի անցնելուց հետո ազգային տականք չդառնան»:
Համաժողովի վերջում մասնակիցները համախմբվեցին հետեւյալ գաղափարների շուրջը, որ արժեհամակարգը ազգի հարատեւման, աշխարհընկալման, բարոյական եւ գեղագիտական պահանջներին համապատասխան` դարերով մշակված, հասարակական կյանքը եւ վարքը կարգավորող խոր եւ անբեկանելի պատկերացումների ու պայմանավորվածությունների միագումարն է:
Ազգը զարգացող օրգանիզմ է: Հայ ազգի հարատեւումն ապահովել են հետեւյալ գործոնները. լեզուն, մշակույթը, հավատքը, պատմական հիշողությունը, ինքնագիտակցությունը, հոգեկերտվածքը, ավանդույթները, սովորույթները եւ այլն: Ազգի ինքնության պահպանման անհրաժեշտ գործոնները կրողն ու սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Հետեւաբարՙ ընտանիքը ազգի, հասարակության, պետության կորիզն է: Ազգային արժեհամակարգի հրամայականն է` ժողովրդի անվտանգ, ապահով ու երջանիկ կյանքի ապահովումը սեփական հողում, ինչը ներառում է հոգեւոր, մտավոր ու գործնական ներդաշնակությամբ արտահայտված խաղաղ եւ արգասաբեր հարատեւություն, երբ մարդն ապրում է սեփական հողի վրա ընտանիքի, գերդաստանի, սոցիալական միջավայրի, պետության սահմանած կարգուկանոնի եւ սահմանադրական նորմերի հետ համերաշխ: Ազգային արժեհամակարգն ազգի հարատեւման հիմնասյունն է, որի համակցված ենթահամակարգերն են` ընտանիքը` իր ավանդույթներով, պետության ու պաշտպանության ենթահամակարգը` իր ավանդույթներով, մշակույթը, կրթությունն ու գիտությունը` իրենց բաղադրիչներով:
Հանդիպման ընթացքում Գեւորգ սրբազանը կարդաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը, եղան նաեւ այլ ելույթներ: