ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրատվության բաժնի աշխատակից
«Ազգ» օրաթերթի նոյեմբերի 28-ի համարում հրապարակված «Ամեն մարդ մի քիչ ճարտարագետ պետք է լինի» հոդվածից ստացած առաջին տպավորությունը դրա ժամանակավրեպ լինելն էր. հոդվածագրի (Արմենուհի Դեմիրճյան) ինչի՛ն է պետք եղել ջուր պղտորել այն ժամանակ, երբ Վանաձորի երկուՙ պետական մանկավարժական ինստիտուտի եւ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի (պոլիտեխնիկ) միավորմամբ համալսարան կազմավորելու խնդիրը հրապարակումից օրեր առաջ արդեն իսկ հանգուցալուծված էր. մասնավորապես արդեն հայտնի էր, որ Վանաձորում համալսարան կհիմնվի, սակայն ոչ այդ երկու բուհերի միավորմամբ: Չափազանցության ոլորտից են հոդվածագրի որոշ բնութագրումները, ըստ որոնցՙ «Վանաձորը մեծ ալեկոծումների մեջ է հայտնվել», «Մանկավարժական եւ ճարտարագիտական բուհերը միավորելու անակնկալ լուրը ափերից հանել է ողջ քաղաքը» եւ այլն: Հոդվածագիրը, վանաձորաբնակ չլինելով, մեղմ ասած, չափազանցրել է: Նախՙ որ խոսում է ներկա ժամանակով, մինչդեռ «ալեկոծվողները», ինչպես արդեն նշեցինք, ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ ուսանողներ ու աշխատակիցներն էին, որոնք հոդվածի հրապարակումից օրեր առաջ արդեն հանդարտված էին մի պարզ պատճառով. «ալեկոծման» համար այլեւս առիթ ու պատճառ չկար: Ինչ վերաբերում է նոյեմբերի 13-ի «հանրահավաքին», ապա այն ընդամենը եղել է բողոքի փոքրիկ ցույցՙ չգիտես ինչու կազմակերպված Լոռու մարզպետարանի դիմաց, թեպետ, ըստ հոդվածի տրամաբանության եւ հոդվածագրի տրամադրության, կարծես պետք է կազմակերպված լիներ մանկավարժական ինստիտուտի դիմաց:
Մենք հոդվածագրի անկողմնակալությունը եւ բոլորովին անտեղի պաթետիզմը կասկածի տակ ենք դնում ոչ թե այն պատճառով, որ նա, Երեւանից հասնելով Վանաձոր, իրադարձությունների ընդհանուր համատեքստից դուրս մեկ-երկու ավելորդ դիտարկում է արել, մեկ-երկու մարդու կարծիք է արձանագրել, այլ այն պատճառով, որ նա զարմանալիորեն մոռացել է լսել նաեւ «հակառակ» կողմինՙ պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներին կամ աշխատակիցներին, առավել եւսՙ այդ բուհի ռեկտորին: Իսկ հանդիպելը միանգամայն օգտակար կլիներ հոդվածագրին, որովհետեւ այդ դեպքում նա դյուրությամբ կպարզեր, որ մանկավարժականցիները բնավ էլ «գյուլլա չեն գցել» հիշյալ մասնաճյուղի հետ միավորվելու համար, քանի որ այդ դեպքում մասնաճյուղն ուղղակի բեռ կդառնար մանկավարժականի ուսերինՙ հավելյալ կերպով ծագեցնելով լրացուցիչ խնդիրներ:
Հոդվածում քանիցս իր բանասիրական կրթությունը մատնանշող հեղինակը, չգիտես ինչու, այնքան անփույթ է այլոց աշխատանքը բնութագրելիս, որ նրա գրիչը շատ հեշտ գրում է. «Չէի ցանկանա թեթեւ կրթությամբ շեղել տարիների ձեռքբերումներս»: Այս խոսքն իբր ՀՊՃՀ ուսանող է ասում, բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա ու՛ր մնաց բանասերի եւ մանավանդ լրագրողի պարկեշտ գրիչըՙ այդպիսի որակում թույլ չտալու ո՛չ պետական մանկավարժական ինստիտուտի, որտեղ, ի դեպ, ճակատագրի բերումով մեկ-երկու տարի աշխատել է նաեւ հոդվածագիրն ինքը, ո՛չ էլ, առավել եւս, դեռեւս անգո համալսարանի հասցեին:
Իբրեւ վերջաբան հավաստիացնենք «ալեկոծ» այս խնդրի մասին հուզաթաթավ ակնարկ գրած հեղինակին, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բոլորովին ուրախ չէին եւ չեն ՀՊՃՀ մասնաճյուղի հետ միավորվելու հեռանկարից: Եվ փառք Աստծո:
ՀԳ.: Հոդվածագրի նախընտրած ժանրըՙ ակնարկը, որոշակի յուրօրինակություններով հանդերձ ենթադրում էր փաստերի լիակատար վավերականություն, ինչը նույնպես չի ապահովվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղիՙ այդ քաղաքում իբր թե առաջին բուհը լինելու «փաստին». վերջինս բացվելու օրվանից (չենք ասումՙ հիմնադրվելու) միշտ ունեցել է սոսկ մասնաճյուղի, սակայն երբեք առանձին բուհի կարգավիճակ: