Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը, որն «Իմպուլսի» կազմում 22 գոլ էր խփել, ամենայն հավանականությամբ հաջորդ տարի կրկին հանդես կգա հայկական ակումբներից մեկում:
Գյոզալյանին այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ-ի» կազմումՙ անցկացնելով ընդամենը 6 խաղ, չխփելով ոչ մի գոլ: Գյոզալյանն այս տարվա հուլիսին էր 6 ամսով պայմանագիր կնքել բելառուսական ակումբի հետ:
«Ինչպես երեւում է, մեր թիմի կամ ընդհանրապես բելառուսական ֆուտբոլի խաղաոճն այնքան էլ չի համապատասխանում Գյոզալյանին, ուստի լավ կլինի, որպեսզի նա իր ուժերը փորձի մեկ այլ առաջնությունում: Շնորհակալություն ենք հայտնում Նորայրին աշխատանքի նկատմամբ բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար, մարզական հետագա հաջողություններ ենք մաղթում ֆուտբոլիստին», նշված է ակումբի պաշտոնական կայքում:
Նորայր Գյոզալյանն իրոք ռմբարկուի հատկանիշներով օժտված ֆուտբոլիստ է, ինչը նա ապացուցեց «Իմպուլսում» խաղալիս: Սակայն ակումբի լուծարումից հետո Գյոզալյանը որոշեց ուժերը փորձել արտերկրում, ինչը նրա մոտ ակնհայտորեն չստացվեց: Ճիշտ կլինի, որ ֆուտբոլիստը վերադառնա Հայաստան: Նման արդյունավետ ֆուտբոլիստների կարիք հայկական ակումբները շատ են զգում: Որոշ ժամանակ հանդես գալով Հայաստանում, կրկին վերագտնելով իր խաղը, Նորայր Գյոզալյանը հետագայում հնարավորություն կունենա դարձյալ մեկնելու արտերկիր: