Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան:
«Սիրո կամուրջ»-ը Հայաստանում մյուզիքլը` թատերական արվեստի յուրահատուկ այս ճյուղը, զարգացնելու փորձ է: Նախաձեռնողներն են` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը եւ «Արտ Թիմ» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նախագծի գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Նախագիծն իրականացնելու նպատակով ընկերությունը տրամադրել է 200 միլիոն դրամ:
Նախագծի շուրջ միավորվել էին ոչ միայն հատուկ քաստինգի միջոցով ընտրված երիտասարդ կատարողներ, այլեւ տաղանդավոր եւ պրոֆեսիոնալ ստեղծագործական խումբ: «Սիրո կամուրջ» մյուզիքլի ռեժիսորն է Վահան Բադալյանը: Երաժշտության հեղինակներն են Արմեն Մարտիրոսյանը, Արա Թորոսյանը, Քրիստ Մանարյանը եւ Էմմա Ասատրյանը: Խոսքերի հեղինակներն են Էմմա Ասատրյանը, Անիտա Հախվերդյանը, Գրիգոր Կոկչյանը, Քրիստ Մանարյանը: Գործիքավորումը վստահվել է Արա Թորոսյանին եւ Մարտին Միրզոյանին: Նկարիչն է Դավիթ Մինասյանը: Պարերի բեմադրման համար Երեւան է հրավիրվել հանրահայտ բալետմեյստեր, բազմաթիվ հեղինակավոր մյուզիքլների բեմադրող-ռեժիսոր եւ պարուսույց Վալերի Արխիպովը:
Մյուզիքլը հանդիսատեսին է ներկայացվել բացառապես կենդանի կատարմամբ: