Ապստամբներն առեւանգել են միանձնուհիների
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նավի Պիլլայը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ստացել է ապացույցներ, որ Սիրիայի բարձրագույն ղեկավարությունը (ներառյալ նախագահ Բաշար Ասադը) մեղսակից է պատերազմական հանցագործությունների եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Թե կոնկրետ որ հանցագործությունների մասին է խոսքը, ՄԱԿ-ի պաշտոնյան չի մանրամասնել: Պիլլայը չի պատմել նաեւ ապացույցների մասին: Նա միայն ասել է, որ փաստաթղթերը իր չհրկիզվող պահարանում են եւ կհրապարակվեն դատարանում:
Ավելի վաղ նախագահ Ասադին եւ նրա շրջապատին արդեն ամբաստանել էին պատերազմական հանցագործությունների մեջ: Այսպես, 2013-ի սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել էր, թե հավաքել է Ասադի եւ նրա վարչակարգի հանցավորությունն ապացուցող ավելի քան 200 հազար էջ փաստաթղթեր: Ամերիկացիներն այսօր եւս պնդում են, թե հավաքված փաստերի քանակն ու որակը հնարավորություն կտան Ասադի դատավարությունը դարձնելու պատմության մեջ առավել հիմնավորվածներից ու թափանցիկներից մեկը:
Ինչ վերաբերում է բուն Սիրիայի դեպքերին, դեկտեմբերի լույս 3-ի գիշերը հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը Մաալուլա քաղաքի Սուրբ Ֆեկլա հույն ուղղափառ վանք ներխուժած իսլամիստ գրոհայինները պատանդ են վերցրել 12 միանձնուհիների (որոնցից մեկը վանքի մայրապետն է): Այդ տեղեկությունը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է Դամասկոսում Հռոմի պապի նվիրակ Մարիո Զենարին, վկայակոչելով Անտիոքի ուղղափառ եկեղեցու հայտարարությունը:
Տեղական SANA գործակալությունը հաղորդում է, որ «Ալ Ղաիդայի» հետ կապված գրոհայինները խժդժություններ են արել ոչ միայն կանանց մենաստանում, այլեւ մերձակա մի քանի եկեղեցիներում: Վերջին տեղեկությունների համաձայն, գրոհայինները միանձնուհիներին տարել են Դամասկոսից 80 կմ հեռու գտնվող Յաբրուդ քաղաք:
Մաալուլայի բնակիչները պահպանել են նախաարաբական սիրիական մշակույթը: Դա միակ քաղաքն է, ուր մինչեւ օրս խոսում են արամեերենի բարբառներից մեկով:
Պատանդառությունը համընկավ քաղաքի վրա կառավարական զորքերի ձեռնարկած հարձակմանը: Մաալուլան սեպտեմբերից սիրիացի ապստամբների ձեռքին է: Ապստամբների չափավորական, արեւմտամետ մասին միավորող «Սիրիական ազատ բանակը» քաղաքի նկատմամբ կարողացավ վերահսկողություն հաստատել իսլամիստ արմատականների «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման օգնությամբ, որը կապված է «Ալ Ղաիդայի» հետ: Քրիստոնյա բնակչության վրա իսլամիստների հարձակումների հետեւանքով քաղաքը լքել է մոտ 3 հազար մարդ: Փախստականների մեծ մասը հաստատվել է Դամասկոսի քրիստոնեական թաղամասում, ոմանք էլ գնացել են Լիբանան կամ պատսպարվել Սիրիայի ուրիշ մասերում գտնվող քրիստոնեական վանքերում: Մաալուլայում մնացել էին Սուրբ Ֆեկլա վանքի ընդամենը 40 միանձնուհիներ, որոնք հոգում էին տեղացի որբերի մասին: Քաղաքում կան նաեւ մահմեդական բնակիչներ: