ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Դիտարկումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի նախօրեին
Հայաստանը սպասում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին: Այս այցը տեղի կունենա մի ժամանակ, երբ մեր երկիրն ընդգրկված է միջազգային բուռն եւ արագ զարգացող գործընթացներում, երբ մեր աչքի առաջ Հարավային Կովկասը կրկին սկսում է կարեւոր դեր զբաղեցնել տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հաշվարկներում: Անշուշտ, այդ այցի գլխավոր թեման Հայաստանի անդամակցության հեռանկարն է Մաքսային միությանը եւ 2015 թվականի հունվարի 1-ին հռչակվելիք Եվրասիական տնտեսական միությանը: Իր այդ մտադրությամբ Հայաստանը սատարել է տարածաշրջանային տնտեսական միավորում ձեւավորելու նախագահ Պուտինի ծրագրին եւ դրանով էապես մեծացրել դաշնակցի եւ գործընկերոջ իր դերը պաշտոնական Մոսկվայի համար: Մենք իրավունք ունենք ակնկալելու ավելի մեծ ուշադրություն Ռուսաստանի եւ նրա մերձավոր դաշնակիցների կողմից մեր տնտեսության զարգացման ցավոտ հարցերում: Այս վերլուծականում փորձենք ձեւակերպել այն առաջնահերթ խնդիրները, որոնք վերջին ամիսների քաղաքական-հասարակական քննարկումներում ձեւակերպվել են իբրեւ առաջնահերթություններ հայ-ռուսական օրակարգում:
Նոր ներդրումների խնդիրը Մաքսային միության մեջ լինելու պարագայում
Վերջերս մեր անցկացրած հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ հայաստանյան հասարակության մեծ մասը միայն Ռուսաստանի հետ է կապում Հայաստանի արդյունաբերության զարգացման հնարավորությունը: Այստեղ գործում է երկու փաստարկ, մեկըՙ պատմական, մյուսըՙ արդիական: Մեր հասարակությունը չի մոռացել խորհրդային ժամանակները, երբ Հայաստանը ինդուստրիալ հանրապետություն էր, որի արդյունաբերական հզորությունները գործարկվում էին շնորհիվ մեկ, հսկայական միասնական օրգանիզմի: Կարծում եմՙ Հայաստանում բոլորը լավ հասկանում են, որ վերադարձը Խորհրդային Միությանը բազմաթիվ պատճառներով անհնար է, ոչ էլ ցանկալի: Կարծում ենք նաեւ, որ Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի եւ դաժանությունների ժամանակները մեր օրերում Մաքսային միության պարագայում հիշեցնելը ավելի շատ քաղաքական քարոզչության բնույթ ունի եւ նպատակ ունի վախեցնել մեր հասարակությանը մռայլ ու դժնդակ հեռանկարներով: Նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական միությանը վերաբերող իր հոդվածներից մեկում դիպուկ նկատել է. «Ով չի ափսոսում Խորհրդային Միության փլուզման կապակցությամբ, նա սիրտ չունի: Բայց ով ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունըՙ գլուխ չունի»: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը դեռ չի մոռացել երաշխավորված աշխատավարձերի եւ կայուն աշխատատեղերի ժամանակները: Եվ, ինչպես ասում են, չի հրաժարվում այն հույսից, որ զարգացած արդյունաբերական համակարգ Հայաստանը երբեւէ ապագայում դեռ կրկին կարող է ունենալ: Վերջին քսանամյակի ապաարդյունաբերացման (դեինդուստիալիզացիայի) հետեւանքով մեր երկրի արդյունաբերական ներուժն էապես նվազել է: Սակայն նոր ժամանակներին համահունչ արդյունաբերական հզորությունների գործարկման հնարավորությունը եվրասիական ընդհանուր շուկայի պայմաններում տեսականորեն դեռ հնարավոր է: Մյուս կողմից, արդյունաբերության հզորացման հնարավորությունները մեր հասարակությունը Ռուսաստանի հետ կապում է այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում մեր երկրում կատարված ուղիղ ներդրումների ծավալով, ինչն ուղղակի ազդեցություն ունի մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Ուրեմն կարելի է մտածել, որ տնտեսական ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակներում մեր փոքրիկ երկրին կարող է բաժին հասնել աշխատանքի գլոբալ բաժանման գործընթացում:
Վերջին ամիսներին հայ եւ ռուսաստանցի փորձագետները սկսել են խոսել տնտեսական զարգացման եւ Հայաստանի արդիականացման մի այնպիսի հավակնոտ, բայց տնտեսագիտորեն ճշգրիտ հիմնավորված ծրագրի ստեղծման մասին, որով հայաստանյան շահագրգռված հասարակական-քաղաքական շրջանակները կձեւակերպեին իրենց գլոբալ ակնկալիքը ապագա Եվրասիական տնտեսական միությունից: Հատկապես ռուս փորձագետները, որոնք վերջին երկու ամսում տարբեր առիթներով հայաստանյան հարթակներից իրենց տեսակետները ձեւակերպելու հնարավորություն ունեցան, հորդորում էին մեր քաղաքագետներին, տնտեսագետներին, հասարակագետներին, համագործակցելով իշխանական եւ ընդհանրապես քաղաքական շրջանակաների հետ, երկրում սկսել մի արդյունավետ բանավեճ, որի արդյունքում կարող էր ծնվել այդ ծրագիրը: Ճիշտն ասած, ես շատ լրագրողներից եմ լսել այն միտքը, թե ծավալվող եվրասիական ինտեգրման գործընթացներում դեռ չի բավականացնում կառուցողական եռանդը: Ի՞նչը կարող է հայտնի տնտեսական դժվարություններին դիմագրավող մեր հասարակության տարբեր շրջանակներին լավատեսական լիցք հաղորդել եւ դրականորեն տրամադրել դեպի Հայաստանի եվրասիական հեռանկարի կոնկրետ մանրամասները: Այս հարցը հանգուցային է, եւ նրանից է կախված վերոհիշյալ գործընթացին քաղաքացիական հասարակության լայն շրջանակների տեւական աջակցությունն ապահովելը:
Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ խոշոր տնտեսական կենտրոններում ես հաճախ եմ լսել այն միտքը, թե օրեցօր հզորացող ռուսական բիզնեսն իրականում փող ունի եւ փնտրում է ապահով ներդրումներ կատարելու հնարավորություններ: Վերջին մեկ տարում Հայաստանում եղած ռուս քաղաքագետներն ու տնտեսագետները միաբերան պնդում են, որ իր շահն ու ակնկալիքը կառուցողական դաշտում հստակ ձեւակերպած Հայաստանը միշտ ականջալուր լինելու հնարավորություն ունի պաշտոնական Մոսկվայի կողմից: Մնում է սպասել, որ ՌԴ նախագահի այցը Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական վերնախավերին կհամակի լավատեսությամբ եւ կտրամադրի դեպի կառուցողական համագործակցություն:
Աբխազական երկաթուղու վերագործարկումն ու տրանսպորտի զարգացումը
Հայաստանցի տնտեսագետները հայտարարեցին, որ Մաքսային միության եւ ապագա Եվրասիական տնտեսական միության զարգացման պարագայում մեծանում է աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունը: Սա, փաստորեն, մի ազդակ է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանություններին Վրաստանի, անպայմանորեն նաեւ Աբխազիայի հետ սկսելու բարդ ու բազմակողմ բանակցությունների գործընթաց այս հարցը լուծելու համար: Բոլորն են հասկանում, որ ավելի քան 20-ամյա ընդմիջումից հետո երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գերբարդ խնդիր է եւ շատ պաշտոնյաների այդ բարդությունը ուղղակի վախեցնում է: Սակայն բոլորն էլ արդեն հասկանում են, որ առանց աբխազական երկաթուղու գործարկման Հայաստանի պատկանելությունը եվրասիական միասնական տնտեսական տարածքին որոշակի իմաստով լինելու է խորհրդանշական: Այստեղ մենք գալիս ենք հայ-վրացական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցին: Եվ իսկապես, նույնիսկ իմանալով, որ Վրաստանը տեսանելի հեռանկարում չի հրաժարվելու Եվրոպական միության հետ ինտեգրվելու հետեւողական գործընթացից, եւ հասկանալով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ Վրաստանի համագործակցությունը սերտացնելու հեռանկարը հնարավոր է միայն փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի գիտակցության եւ վրացական տնտեսության մեջ էական ներդրումներ կատարելու դեպքում, այս գործին, շուտ թե ուշ, պետք է ձեռնամուխ լինել: Կհամաձայնեք ինձ հետ, հարգելի ընթերցող, որ ուժեղ տնտեսություն ունեցող երկրները կամ զարգացման իրական հեռանկար տեսնող երկրները, պետք է որ չվախենան համարձակորեն բացել տրանսպորտային հաղորդակցության բոլոր ուղիները: Ուրեմն, աբխազական երկաթուղու վերագործարկմանն ուղղված բազմակողմ բանակցությունները կնշանակեն, որ այլամերժության ու թշնամանքի իրենց դարն ապրած տրամադրություններին փոխարինելու են գալիս զարգացման ու բարեկեցության բարձրացման ծրագրերը: Բարեբախտաբար, Վրաստանից ստացվում են թույլ, բայց առաջին ազդանշանները, որ նման հետաքրքրություն եւ սպասելիք այնտեղ կան:
Հարավկովկասյան երկաթուղիները պատրաստվում են մեծածավալ ներդրում կատարել մեր երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Կարեւորագույն հարցը ներդրող գտնելն է Իրան-Հայաստան երկաթուղագծի շինարարությունը վերջապես սկսելու համար: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը տարիներ առաջ խանգարեց այս ծրագրի իրականացմանը: Բայց եթե մենք եւ Ռուսաստանը լրջորեն տրամադրված ենք Հյուսիս-Հարավ առանցքով բոլոր չօգտագործված հնարավորությունները այժմ գործի դնելու, պետք է շարունակենք փնտրել ներդնողներ: Լավատեսություն ներշնչող նորություններից մեկը Իրանի հանդեպ արգելամիջոցների աստիճանական վերացման հեռանկարն է: Համոզված եղեք, որ զգալի ազատ տարադրամային ռեսուրսներ ունեցող Իրանը դառնալու է Ռուսաստանի խոշոր եւ ցանկալի տնտեսական գործընկերներից մեկը: Բնական կլինի ակնկալելը, որ մեր բիզնեսը այս խոշոր համագործակցության մեջ կարող է ունենալ իր մասնաբաժինը: Նաեւ դրա համար է պետք Ռուսաստանի օգնությամբ հետեւողականորեն զարգացնել մեր տրանսպորտային ենթակառուցվածքները:
Միասնական գիտական եւ հումանիտար տարածքից ակնկալիքը
Վերոհիշյալ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակությունը գիտության զարգացման հարցում մեծամասնությամբ ապավինում է ոչ թե Ռուսաստանին, այլ Եվրոպական միությանը: Այստեղ քիչ զարմանալու բան կա, եթե նկատի ունենանք, որ անցած տարիների ընթացքում ԱՊՀ շրջանակներում ընդունված համագործակցության մասին բազմաթիվ համաձայնագրերն ու պայմանագրերը կրել են ձեւական բնույթ եւ, ըստ էության, չեն հանգեցրել հետխորհրդային տարածքում միասնական գիտական եւ մշակութային տարածքի ձեւավորմանը: Սրա պատճառները բազմաթիվ են, որոնցից ամենագլխավորը ֆինանսական միջոցների անբավարարությունն է եղել: Բայց հիմա, հատկապես վերջին երկու ամիսներին, Ռուսաստանում սկսել են մտածել եւ խոսել ոչ միայն արդյունաբերական միասնական քաղաքականության, այլեւ գիտության զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման ու դրանցում Մաքսային միության անդամ երկրների ներուժն օգտագործելու մասին: Սա լուրջ սպասելիք է առաջացնում: Սա նշանակում է, որ մենք կարող ենք հույս ունենալ Ռուսաստանի գիտնականների հետ համագործակցությունը զարգացնելու եւ Ռուսաստանի համար ռազմավարական կարեւորություն ներկայացնող գիտական ճյուղերի ֆինանսավորումից ստանալ մեր մասնաբաժինը: Ընդհանրապես ինտեգրացիոն գործընթացներում խոսելով ֆինանսների, աշխատուժի եւ ապրանքների ազատ տեղաշարժի մասինՙ չգիտես ինչու, մոռանում են խոսել գիտելիքների ու գաղափարների ազատ տեղաշարժի մասին: Այնինչ եվրոպական ինտեգրացիայի ամբողջ գործընթացում հենց այս վերջինը խաղացել է կարեւորագույն դեր: Արժե, որ եվրասիական ինտեգրացիայի ծավալման ասպարեզում եվրոպական փորձից փոխառնվեր նաեւ այս մեկը: Չէ՞ որ Եվրոպական միությունն ուժեղ եւ ընդօրինակելի է նաեւ այն պատճառով, որ ունի հզոր գիտություն, զարգացող մշակույթ, այս ասպարեզում ընդօրինակելի չափանիշներ:
Այս դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի սպասելիքը հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացումից եւ խորացումից շատ մեծ է: Սա նշանակում է նաեւ, որ եկել է ժամանակը աշխուժացնելու գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտի իրական համագործակցությունը Ռուսաստանի եւ ՄՄ մյուս անդամների հետ: Մեր հարգված քաղաքագետներից մեկը շատ դիպուկ նկատել է, որ եվրասիական ինտեգրման հիմքում կարող էր դրվել անդամ երկրների ժողովուրդների ավանդական ինքնության ու ազգային արժեքների պահպանությունն ու այդ արժեքների նկատմամբ փոխադարձ հարգանքը: Կամաց-կամաց մենք մոտենում ենք այն հիմնարար խնդրին, որ ոչ մի պրագմատիկ տնտեսական շահ ինքնըստինքյան հաջողությամբ չի արտահայտվի, քանի հիմքում չկան մնայուն եւ բոլորի կողմից հարգված արժեքներ: Այդ արժեքային համակարգերը շուտ թե ուշ պետք է մշակվեն: Դա համագործակցող երկրների մտավորականների խնդիրն է, եւ այդ խնդրի լուծմանը մասնակցությունը կարող է գործնականում մեծացնել մտավորականների հարգը հասարակություններում: