Խ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի միջուկային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու
Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղամասի ընտրության, նախագծման եւ շինարարության նախնական փուլի աշխատանքները սկսվել են 1968-1972 թվականներին: Շատ կարեւոր է այժմ նշել, որ տվյալ ժամանակաշրջանում, կայանի հնարավոր տեղակայման համար նկատի էին առնվում նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները, բարեբախտաբար ատոմային կայանը կառուցվեց Հայաստանում: Բարեբախտաբար, քանի որ ինչպես հետագայում ցույց տվեց ժամանակը, տվյալ կառույցը Հայաստանի Հանրապետության համար դարձավ ոչ միայն էներգետիկ անկախության ապահովման, այլ նաեւ գիտատեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ այդ ուղղությամբ միջազգային համագործակցության ապահովման միջոց: Ատոմակայանի շահագործումը կարեւորվում է նաեւ այդ բնագավառի մասնագետների, ինժեներատեխնիկական անձնակազմի գործունեության եւ մասնագիտական որակավորման անընդհատ կատարելագործման անհրաժեշտությամբ եւ դրանով իսկ ժամանակակից ատոմային տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների Հայաստանում առկայությամբ: Ատոմակայանի ապահով շահագործման անհրաժեշտությունը Հայաստանը դարձնում է ատոմային տեխնոլոգիա ունեցող տերություն, ինչը առանձնակի կարեւորություն է ստանում մերօրյա միջազգային հարաբերություններում, երկրին անմիջականորեն տալով այլ կարգավիճակ, որին ձգտում են Հայաստանից շատ ավելի մեծ տարածք եւ բնակչություն ունեցող երկրներ: Բավական է նշել Իրանիՙ վերջին տարիների ատոմային էներգիայի օգտագործմանն ուղղված ջանքերը առանց այդ հարցի քաղաքական կողմին անդրադառնալու: Հայաստանի Հանրապետությունն այդ տեխնոլոգիան ունի, արդեն երկար տարիներ օգտագործում է, եւ սա այն ասպարեզն է, որի զարգացումը կնպաստի երկրի տնտեսական եւ տեխնոլոգիական առաջընթացին, մանավանդ եթե հաշվի առնենք էներգակիրների բացակայությունը, դրանց առաջընթաց տեմպերով թանկացումը, երկրի աշխարհաքաղաքական դիրքն ու տարածաշրջանային հնարավոր զարգացումները:
2012 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, աշխարհում շահագործվող ատոմային կայանների թիվը 435 է, շինարարության եւ պլանավորման փուլում են եւս 82 կայաններ: 2006 թվականին Ճապոնիայում արտադրված էլեկտրաէներգիայի 31%-ը բաժին է ընկնում ատոմային էլեկտրակայաններին: Ճապոնիայում հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան կազմում է տարեկան ամբողջի 8,3%, իսկ այսպես կոչված «նոր էներգիայի» աղբյուրներիՙ արեւի եւ հողմակայանների միջոցով արտադրվող էլեկտրաէներգիան 0,6% է, ածխի այրման միջոցով ստացվող էներգիայի բաժինը 25,7% է: Այսօր աշխարհում մեծ արձագանք գտած էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրներիՙ քամու եւ արեւային էներգիայի միջոցով արտադրվող էլեկտրական էներգիայի տեսակարար կշիռը չի գերազանցում ընդհանուր արտադրվող էներգիայի 0,6-0,8%-ը:Այս տվյալները հստակորեն ցույց են տալիս, որ էկոլոգիապես մաքուր եւ այսպես կոչված վերականգնվող էներգիայի աղբյուրները ի վիճակի չեն ապահովել զարգացող տնտեսության եւ աճող բնակչության էլեկտրաէներգիայի պահանջների գեթ 1%-ը, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում:
Մասնավորապես Հայաստանում առկա են բավարար արեւային օրեր, սակայն արեւի ֆոտոէլեկտրիկ սարքավորումների այսօրվա գները չեն կարող լինել տնտեսապես շահավետ մոտակա ժամանակահատվածում նույնիսկ սեփական տների համար էլեկտրականության արտադրության համար: Հայաստանում տեսականորեն հողմային կայանների ներուժը բարձր է գնահատվել, բայց նպատակահարմար վայրերի մեծ մասը հասանելի չէ ճանապարհներին եւ էլեկտրական ցանցերին, ինչի հետեւանքով մեծ ներդրումներ են պահանջվում, եւ դրանք չեն կարող լինել տնտեսապես շահավետ: Միաժամանակ հողմային էլեկտրակայանների գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մեղմ ասած, անվնաս չէ, այն բացասական է ազդում շրջակայքի բուսականության եւ կենդանական աշխարհի վրա: Վերջին ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանում գեոթերմալ հզորությունների ներուժը լավագույն դեպքում տարեկան մոտ 75 ՄՎտ է:
Վերը նշված եվ այս բնագավառում առկա այլ տվյալները հստակորեն ցույց են տալիս, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի զարգացած երկրներում էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում ատոմային էներգիան այլընտրանք չունի, քանի որ մնացած էկոլոգիապես մաքուր, վերականգնվող աղբյուրների հնարավորությունները խիստ սահմանափակ են: Հայաստանի դեպքում առանձնակի նշանակություն են ստանում նավթի, գազի եւ քարածխի պաշարների բացակայությունը եւ այդ էներգակիրների անընդհատ թանկացումը: Ինչպես ատոմային կայանների, այնպես էլ բոլոր տեսակի բնական եւ տեխնոլոգիական վտանգների սպառնալիքի եւ դրանց ռիսկի գնահատման ու դիմակայման հարցերում շատ կարեւոր է բնակչության տեղեկացված լինելը այդ երեւույթներին եւ դրանց հնարավոր հետեւանքների մասին օբյեկտիվ պատկերացումներ ունենալը: Այս առումով հետաքրքրական է նշել հայկական ատոմակայանի գործունեության ժամանակահատվածում ռադիոնուկլիդների արտանետումների վերաբերյալ տվյալները, որոնք գրանցվել են 1978-2012թթ.: Այդ ժամանակահատվածում գրանցված արտանետումների տարեկան միջին քանակը 2,0-2,8 Գեգաբեքերել է, երբ տարեկան թույլատրելի նորման 203 Գեգաբեքերել է, իսկ 1999-2011թթ., ընթացքում արտանետումները չնչին ենՙ 0,1-0,4 սահմաններում: Հայկական ատոմակայանի գործունեության արդյունքում, նրա հարակից տարածքի հողածածկույթում, ստորգետնյա եւ մակերեւութային ջրերում եւ բուսականության մեջ ռադիոակտիվ իզոտոպներ չեն գրանցվել: Առավել հետաքրքրական է, որ 2012թ. մոնիտորինգի տվյալներով հայկական ատոմակայանի եւ նրա հարակից տարածքի (3-6 կմ) հողածածկույթի մեջ Cs-137-ի պարունակությունը 2,5-2,94 Բեքերել/կգ է, իսկ Երեւանումՙ 3,4 Բեքերել/կգ: Այս բոլոր տվյալներով հանդերձ պետք է ընդունել, որ ատոմային կայանների շահագործման հարցում թիվ մեկ խնդիր է անվտանգության ապահովումը եւ դրա համար անհրաժեշտ անընդհատ վերահսկողության եւ կարգավորման իրականացումը, ինչը նույնպես ժամանակակից տեխնոլոգիա է պահանջում, եւ դրա առկայությունը երկրում ունի առանձնահատուկ նշանակություն: Հայաստանում ատոմային էներգիայի անվտանգ շահագործման համար առկա են բոլոր անհրաժեշտ կարգավորող կառուցվածքային, մասնագիտական եւ տեխնոլոգիական պայմանները, որոնք բնորոշ են ատոմային էներգիա արտադրող զարգացած երկրներին:
1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո, որի մագնիտուդան M=6,9 (մագնիտուդան երկրաշարժի էմպիրիկ եղանակով ստացվող էներգետիկ բնութագիրն է), հայկական ատոմակայանից 150 կմ շառավղով տարածքում ուժեղ M>6 երկրաշարժեր չեն գրանցվել: Նույն ժամանակահատվածում Ճապոնիայում գրանցվել են M>6 մագնիտուդով 16 երկրաշարժեր: Այս եւ հետագայում սեյսմիկ վտանգի հետ կապված այլ տվյալները բացարձակապես նպատակ չունեն ստորադասելու կամ թուլացնելու հնարավոր սեյսմիկ ռիսկի ազդեցության հնարավորությունը ատոմակայանի վրա: Իրականում նպատակը հակառակն էՙ օգտագործել ժամանակակից բոլոր հնարավոր մոտեցումները սեյսմիկ վտանգի ճիշտ գնահատման եւ այդ վտանգից պաշտպանվածությունն ապահովելու համար: Այս տեսակետից խիստ ուսանելի է 2007թ. հուլիսի 16-ին Ճապոնիայում տեղի ունեցած M=6,8 երկրաշարժի ազդեցության ուսումնասիրությունը Կաշիվազակի-Կարիվա ատոմակայանի վրա, որն ունի 7 շահագործվող ատոմային կայանք (բլոկ) եւ գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ընդամենը 16 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ժամանակ գործող չորս կայանքները բարեհաջող անջատվել են ինքնանջատման ավտոմատ համակարգերի միջոցով, որոնք գործում են ցնցման արագացման նախագծային արժեքի գերազանցման դեպքում: Մնացած երեք կայանքները այդ պահին չեն գործել: Իսկ կայանքի կառույցի հիմքում գրանցված ցնցման առավելագույն արագացումը գերազանցել է նախագծային սահմանային արժեքը 2,5 անգամ, կազմելով 0,68 G (սմ/վրկ2): Համեմատության համար Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ղուկասյանում գրանցված առավելագույն արագացումը, որը գտնվում էր էպիկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, կազմում է 0,18 G (սմ/վրկ2): Հայկական ատոմակայանի տարածքում նույն երկրաշարժի ժամանակ գրանցվել է 0,03G արագացում, երբ հայկական կայանքների այդ ժամանակվա նախագծային առավելագույն արագացումը ընդունված էր 0,2G: Չնայած երկրաշարժը զգալիորեն գերազանցել է սեյսմիկ անվտանգության նախագծային սահմանը, ատոմային կայանքները գործել են ապահով: Այս օրինակը ցույց է տալիս, որ ատոմային կայանների նախագծման եւ շահագործման միջազգայնորեն ընդունված պահանջների ճշգրիտ կատարման եւ դրանց սահմանված կարգով վերահսկման դեպքում բոլոր տիպի հնարավոր ռիսկերը կարելի է մինիմիզացնել:
Հայկական ատոմակայանի սեյսմակայունության եւ սեյսմիկ վտանգի գնահատմանն ուղղված հսկայական ծավալի աշխատանքներ են կատարվել կայանի նախագծման ժամանակներից մինչեւ այսօր: Կատարված աշխատանքների հանրագումարը կարելի է համարել Սպիտակի երկրաշարժի փաստացի «զրոյական» ազդեցությունը կայանքների եւ դրանց աշխատանքն ապահովող կարեւոր համակարգերի եւ կոմպոնենտների գործունեության վրա: 1993 թվականից, Հայաստանիՙ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անդամ դառնալուց հետո, այդ աշխատանքներն իրականացվում են միջազգային նորմերին եւ պահանջներին համապատասխան, ԱԷՄԳ-ի գործուն մասնակցությամբ: Հայաստանում, ատոմակայանի եւ միջուկային անվտանգության ոլորտի հարցերի կարգավորման եւ վերահսկման աշխատանքներն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, որի կազմավորման քսան տարին լրանում է այս տարի: Միայն սեյսմիկ վտանգի գնահատման եւ սեյսմիկ անվտանգության բարձրացման հարցերով վերջին տարիներին Հայաստան են գործուղվել ԱԷՄԳ-ի բազմաթիվ փորձագիտական խմբեր, որոնց ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան դիտողություններով եւ առաջարկություններով հրապարակվել են առանձին զեկույցներով: Մասնավորապես վերջին զեկույցը վերաբերում է 2009-2011թթ., «Նորատոմ» կոնսորցիումի կողմից իրականացված «Հայկական ատոմակայանի նոր կայանքի կառուցման տարածքի սեյսմիկ վտանգի գնահատում» ծավալուն աշխատանքին, որը արժանացել է բարձր գնահատականի: Այս ասպարեզում կատարված եւ ընթացիկ աշխատանքների արդյունքում մեծ ծավալի գիտատեխնիկական եւ կիրառական նյութի առկայությունը, այդ նյութի անընդհատ կատարելագործումը նպաստում է երկրի զարգացմանը, առաջնային տեխնոլոգիաների տիրապետմանն ու դրանց կիրառմանը:
Ամփոփելով շարադրվածը կարելի է հանգել հետեւյալ եզրակացությունների:
Էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչպես աշխարհում այնպես էլ Հայաստանում չի կարող բավարարել էլեկտրաէներգիայի պահանջը: Աշխարհում այն կազմում է արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի 0,7%-ը:
Ատոմային էլեկտրակայանների շահագործումը խիստ կարեւոր է Հայաստանի համար, ինչպես էներգետիկ անկախության, այնպես էլ երկրի համար գիտատեխնիկական առաջընթացի, ատոմային տեխնոլոգիաների կիրառման եվ դրանց անվտանգ շահագործման հարցի կարեւորության տեսակետից:
Ատոմային կայանների շահագործման դեպքում անվտանգության խնդիրները ունեն առաջնային նշանակություն, այդ թվումՙ սեյսմիկ վտանգի գնահատումը եւ սեյսմակայունության խնդիրները: Սակայն դրանց ճիշտ գնահատման եւ համապատասխան տեխնոլոգիաների ճշգրիտ կիրառման դեպքում կարելի է ապահովել անվտանգ շահագործում, միաժամանակ ապահովելով երկրի տեխնոլոգիական առաջընթացը:
Ելնելով Հայաստանում էներգակիրների բացակայությունից, երկրի աշխարհաքաղաքական դիրքից եւ հաշվի առնելով ատոմային կայանի շահագործման փորձի, դրա համար անհրաժեշտ կարգավորող եւ կառուցվածքային անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը, դժվար է պատկերացնել երկրի հետագա զարգացումը առանց ատոմային էներգետիկայի: