Այսօրՙ ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում (Բաղրամյան 24ա) տեղի կունենա «Արդյունաբերական զարգացումը Սեւծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից եւ Հայաստանից» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի նպատակն էՙ նախանշել մասնակից երկրների արդյունաբերական զարգացման հիմնական ժամանակաշրջանները` արդյունաբերության զարգացման սկզբից` 19-րդ դարի երկրորդ կեսից մինչեւ 20-րդ դարի վերջը եւ 21-րդ դարի սկիզբը: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Բացման արարողությանը հրավիրված են ՀՀ-ում Հունաստանի եւ Ռումինիայի դեսպանները, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, գիտական հասարակությունը:
Ցուցահանդեսում ներկայացված են հիմնական արդյունաբերական ճյուղերը, ենթակառուցվածքները, էներգետիկ աղբյուրները, արդյունաբերական զարգացման ազդեցությունը քաղաքային կենտրոնների զարգացման վրա եւ արդյունաբերական ժառանգությունը:
Ցուցահանդեսը իրականացվում է սեւծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի` «Արդյունաբերական զարգացումը Սեւծովյան տարածաշրջանում. օրինակներ Հունաստանից, Ռումինիայից եւ Հայաստանից» (IEBSA) նախագծի շրջանակներում: Նախագծի մասնակիցներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Սալոնիկի Գիտության կենտրոնը եւ տեխնոլոգիայի թանգարանը Հունաստանից, Գալացի համալսարանը Ռումինիայից: