Այս խորագրով սեպտեմբերի 23-ին Հարտֆորդ համալսարանի (Կոնեկտիկուտ) հրեական ուսումնասիրությունների Գրինբերկ կենտրոնում բացված ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2014 թ. ապրիլի 1-ը, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Այս առաջին ցուցահանդեսը, որը հավակնում է շարունակական լինելՙ ուսանողական շրջանակներին ծանոթացնելու, թե ինչ է ցեղասպանությունը եւ ինչու է տեղի ունենում, նվիրված է հիմնականում անխոնջ ցեղասպանագետ Իսրայել Չառնիի կյանքին ու գործունեությանը: Ցուցադրված են լուսանկարներ 20-րդ դարի երեք ամենահայտնի ցեղասպանություններից, որոնք Չառնին ուսումնասիրել է: Դրանք ենՙ 1915-1923 թթ. Հայոց, 1933-45 թթ. Հրեական եւ 1994 թ. Ռուանդական ցեղասպանությունները:
Ռուանդայից լուսանկարներ եւ ցուցանմուշներ տրամադրել է հայտնի դաստիարակ եւ Գրինբերկ կենտրոնի ցեղասպանության գծով հատուկ խորհրդատու Ջո Օլզաքին: Եղեռնից փրկվածների հետնորդ Հարի Ֆորդ համալսարանի պրոֆ. Մարի Ֆիրկատյանը ներկայացրել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները պատկերող լուսանկարներ, իսկ Գրինբերկ կենտրոնի Լեհաստանում գործող Սոբիբոր վավերագրական ծրագրի աշխատակիցները ցուցահանդեսին մասնակցել են Սոբիբոր եւ Մայդանեկ համակենտրոնացման ճամբարների վերաբերյալ լուսանկարներով: Հրատարակվել է գրքույկՙ լուսանկարների բացատրություններով եւ Չառնիի կենսագրական տվյալներով:
Իսրայել Չառնին ծնվել է 1931-ին Բրուքլինում: 1973 թվից ապրում է Իսրայելում: 1957-ին ավարտել է Ռոչեստեր համալսարանի (Մ. Նահանգներ) կլինիկական հոգեբանության բաժինը: Մեծապես մտահոգել է նրան Ադոլֆ Այխմանի դատավարությունը 1961 թ.: Իր իսկ խոստովանությամբՙ 1965-ին մղձավանջային երազի հետեւանքով ինքը իրեն հարց է տվել, թե ինչպե՞ս են (գերմանացիները) այդքան վայրագությամբ վարվել իր ժողովրդի հետ, եւ այդ օրվանից նվիրվել է ցեղասպանության խնդիրներին: Նա այժմ այդ բնագավառի ամենաճանաչված հեղինակություններից է եւ հիմնադիրը Երուսաղեմում գործող Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի:
Ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված են, որ համալսարանի տարածքում գործող ցուցահանդեսը հնարավորություն կտա պատմության, հոգեբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության եւ կառավարման ֆակուլտետների ուսանողներինՙ լայն քննարկումներ ծավալելու ցեղասպանության թեմայի շուրջը: