Անօրինական ներգաղթը դարձել է «թիվ 1 խնդիր»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նոյեմբերի 4-ը հայտարարված է Ժողովրդի միասնության օր, սակայն վերջին տարիներին այդ օրը առանձնակի ակտիվությամբ աչքի են ընկնում միայն ռուս ազգայնականները: 2013 թ. նոյեմբերի 4-ը եւս բացառություն չէր: Օրվա իրադարձություններին անդրադարձել են ոչ միայն ռուսական, այլեւ օտարերկրյա լրատվամիջոցները:
Մասնավորապես գերմանական «Դի Վելթ» օրաթերթը գրում է Մոսկվայի Լյուբլինո շրջանում կազմակերպված «ռուսական երթի» մասին: Թերթը նշում է, որ շարֆերով ու դիմակներով դեմքերը ծածկած հարյուրավոր երիտասարդներ շարասյուներ կազմած անցել են սեւ-դեղին-սպիտակ կայսերական դրոշներով: Կազակները երգել են իրենց երգերը: Ցուցարարների մեկ ուրիշ խումբ երթ է կատարել նացիստական «Զիգ հայլ» վանկարկումներով:
Ազգայնական շարժումների ակտիվիստները վերջին տարիներին նման երթեր են կազմակերպում նոյեմբերի 4-ին: Ոստիկանության տվյալներով, այս տարի «ռուսական երթին» մասնակցել է 8 հազար մարդ:
Ըստ «Դի Վելթի», Ռուսաստանում այլատյացությունը բնորոշ է ոչ միայն արմատական խմբավորումների ներկայացուցիչներին, այլեւ բազմաթիվ շարքային քաղաքացիների: Օրինակ, անշարժ կայքի գործակալության մի աշխատակցուհի թերթի թղթակցին ասել է, որ ինքն առաջին անգամ է մասնակցում միջոցառմանը, եւ որ վաղուց «ժամանակն է Ռուսաստանն ազատագրելու զավթիչներից»: Խոսքը ներգաղթյալների մասին է, որոնց շատերը համարում են Ռուսաստանում հանցագործությունների թվի աճի պատճառ:
Հանրային կարծիքի հետազոտման «Լեւադա-կենտրոնի» տվյալներով, ներկայումս «ռուսական երթի» անցկացման գաղափարին հավանություն է տալիս ռուսաստանցիների 40 տոկոսը, եւ սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում»: Երթի հակառակորդների թիվը, ընդհակառակը, նվազել է եւ ներկայումս կազմում է 25 տոկոս:
«Ռուսաստանցի քաղաքական գործիչների ելույթները նպաստում են այն տրամադրությունների տարածմանը, թե օտարերկրացիները, մասնավորապես Կենտրոնական Ասիայից եւ Անդրկովկասից եկածները, զուգորդվում են հանցագործությունների հետ», արձանագրում է գերմանական թերթը:
Ֆրանսիական «Ֆիգարոն» իր հերթին գրում է, որ «ռուսական երթի» մասնակիցները հանդես էին գալիս «Ռուսաստանըՙ ռուսներին» կարգախոսով եւ պահանջում էին արգելել ներգաղթը եւ նույնիսկ «մահապատժի ենթարկել» անօրինական ներգաղթյալներին: Թերթի տվյալներով, «ռուսական երթի» մասնակիցների ընդհանուր թիվն անցել է 10 հազարից: Ընդամենը երեք շաբաթ առաջ Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում մի ադրբեջանցի ներգաղթյալ սպանել էր ռուս երիտասարդի: Միջադեպն այլատյացության ալիք էր բարձրացրել:
Այս տարի «ռուսական երթին» Մոսկվայում մասնակցում էին ազգայնամոլներ, գրող Էդուարդ Լիմոնովին համակրող նացիոնալ-բոլշեւիկներ, նեոնացիզմի համակիրներ, կազակներ եւ Ռուսական կայսրության կարոտախտով տառապողներ: Գերուղղափառների ներկայացուցիչ Իգոր Ուշակովը «Ֆիգարոյի» թղթակցին հայտարարել է. «Մենք ապրում ենք գլոբալացման ժամանակաշրջանում, երբ մարդու անունն աստիճանաբար փոխարինվում է թվերով: Այս երեւույթի նպատակն է ազգային կառավարությունները փոխարինել Նեռին ներկայացնող համաշխարհային նախագահով: Ներգաղթն այդ երեւույթի մասն է»:
Իսկ հեթանոսական ուղղվածություն ունեցող Սլավոնական շարժման ներկայացուցիչ Ալեքսեյը հետեւյալ կանխատեսումն է արել. «Մենք հեռու չենք պատերազմական վիճակից: Նման պայմաններում Պուտինը չի կարողանա երկար դիմանալ»: