ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Վստահեցնում է Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Գայանե Մելիք-Անդրեասյանը :
1923-ին մալարիայի եւ այլ մակաբուծային հիվանդությունների ուսումնասիրման եւ դրանց դեմ պայքարի կազմակերպման նպատակով Հայաստանում ստեղծվել էր Տրոպիկական ինստիտուտը, որը 1971 թվականից անվանվում է Առողջապահության նախարարության Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ: Տարիների ընթացքում ինստիտուտի կողմից իրականացված աշխատանքներն ունեն իրենց զգալի դերը եւ նշանակությունը մեր հանրապետությունում հիվանդացության մակարդակի իջեցման կամ իսպառ վերացման այնպիսի վարակիչ հիվանդությունների, ինչպեսՙ մալարիան, բծավոր տիֆը, դիֆտերիան, կապույտ հազը, կարմրուկը, աղիքային վարակները (որովայնային տիֆ, պարատիֆեր, դիզենտերիա, սալմոնելոզներ), հելմինթոզներ, վիրուսային հեպատիտներ եւ այլն: Հիմնադրման 90-ամյակի առիթով, երեկ ինստիտուտում կազմակերպվել էր «Համաճարակաբանության արդիական հարցերը» խորագրով գիտաժողով, որտեղ քննարկվել են համաճարակաբանության ներկայիս հիմնախնդիրները:
«Վարակիչ հիվանդությունները բժշկության այն ոլորտն են, որտեղ գրեթե յուրաքանչյուր օր մենք կարող ենք իրազեկվել նոր հայտնագործությունների մասին: Դա, իհարկե, պայմանավորված է գիտության առաջընթացով, մասնավորապես, տարբեր ախտորոշիչ մեթոդների զարգացմամբ, որի շնորհիվ այսօր հայտնաբերվում են վարակների նոր հարուցիչներ»,-մեզ հետ զրույցում ասում է ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Գայանե Մելիք-Անդրեասյանը: Նրա խոսքերով, չնայած բժշկության մեջ այսօր առկա են բավականին մեծ նվաճումներՙ վարակների ախտորոշման, բուժման, կանխարգելման տեսանկյունից, սակայն դեռեւս կան բազմաթիվ դժվարություններ ու խնդիրներ այդ առումով: «20-րդ դարի վերջը բնորոշվում է մոտ 40 նոր վարակների նկարագրությամբ»,- փաստում է տիկին Մելիք-Անդրեասյանը:
Ներկա պայմաններում տարբեր տեսակի վարակների տարածման հավանականությունն ավելի է մեծացել, քանի որ մարդկանց տեղաշարժվելը հեշտացել է: Եվ եթե նակինում կային վարակներ, որոնք բնորոշ էին միայն կոնկրետ մի երկրամասին, ապա այսօր, տիկին Մելիք-Անդրեասյանի խոսքերով, դրանք կարող են հեշտությամբ հասնել այլ մայրցամաքներ, ուստի վարակների տարածումը կանխարգելելու նպատակով ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերը աշխատում են համագործակցվածՙ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո. «Եթե աշխարհի որեւէ կետում մի վարակ է ի հայտ եկել, ապա մենք Հայաստանում ունենք հնարավորություն տեղեկանալու հայտնաբերված այդ նոր վարակի մասին: Իրազեկվում ենք բոլոր այն հարցերին, թե ինչպես կարելի է այդ վարակների դեմ պայքարել»:
Վարակների կանխարգելման համար խիստ կարեւորվում է պատվաստումների իրականացումը: Դոկտոր Մելիք-Անդրեասյանի ներկայացմամբՙ բոլոր այն վարակները, որոնք ունեն պատվաստանյութ, համարվում են կառավարվող վարակներ: Ազգաբնակչության համապատասխան տարիքային խմբերի զանգվածային պատվաստումների շնորհիվ, որոնք իրականացվում են իմունականխարգելման ազգային ծրագրերի միջոցով, այդ թվում եւ մեր երկրում, հնարավոր է դառնում այդ վարակների իջեցումը կամ իսպառ վերացումը. «Օրինակՙ ներկայումս աշխարհում բնական ծաղիկի դեմ պատվաստում չի իրականացվում, քանզի այդ վարակը վերացել է: 1996 թվականից Հայաստանում չի գրանցվել պոլիոմիելիտի դեպք, սակայն քանի որ աշխարհում կան երկրներ, որտեղ դեռեւս հիվանդությունը վերացած չէ, մեզ մոտ իրականացվում է այդ վարակի դեմ պատվաստումը»: Տիկին Մելիք-Անդրեասյանի խոսքերովՙ պատվաստումների շնորհիվ Հայաստանում չեն գրանցվում կարմրուկի տեղական դեպքերը, եւ երկիրը զերծ մնաց նաեւ վերջերս հարեւան Վրաստանում բռնկված կարմրուկից. «Այդ օրերին Հայաստանում հայտնաբերվածը բերովի դեպքեր էին: Վրաստանի բռնկման արդյունքները ցույց տվեցին, որ մեզ մոտ այդ իմունականխարգելումը բավարար չափով է կատարվել: Այսինքնՙ խոցելի բնակչությունը ունի իմունիտետ տվյալ վարակի հանդեպ: Դա շատ մեծ աշխատանքի շնորհիվ է լինում, մեծ աչալրջություն է պահանջում»: 1999-ից սկսած էլ Հայաստանում երեխաները պատվաստվում են հեպատիտ Բ-ի դեմ: «Պատվաստումների իրականացման արդյունքում մենք այսօր 0-14 տարեկանների մոտ չունենք հեպատիտ Բ-ի սուր դեպքեր: Դա շատ կարեւոր է, քանի որ վարակումը մանկական հասակում առավել վտանգավոր է քրոնիկ հեպատիտ Բ-ի զարգացման համար»,- ասում է Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Անրադառնալով այսպես կոչված արյունային ուղիով փոխանցվող վարակներին, մասնավորապես հեպատիտներին, տիկին Մելիք-Անդրեասյանը նշում էՙ չնայած հեպատիտ Բ-ի եւ Ց-ի տարածվածության առումով Հայաստանը գտնվում է ցածր եւ միջին վարակվածության տարածաշրջանների սահմանում, այդուհանդերձ, հեպատիտներով վարակվելուց զերծ մնալու համար անհրաժեշտ է դիմել միայն պաշտոնապես արտոնագրված բուժծառայությանը եւ արտոնագրված գեղեցկության կենտրոններ, ուտեղ իրականացվում է գործիքների պատշաճ ախտահանումը:
«Տվյալ հիվանդությունների դեմ պայքարի առումով խիստ կարեւոր է պայքարը թմրանյութերի օգտագործման դեմ, ինչպես նաեւ սեռական ուղիով տարածման կանխումը, քանզի հեպատիտները փոխանցվում են նաեւ սեռական ուղիով»,- փաստում է Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Հակահամաճարակային ծառայության մեծ ջանքերի շնորհիվ 2011-ին մեր երկիրը հավաստագիր է ստացելՙ մալարիայից ազատ գոտի լինելու համար:
Ինչ վերաբերում է գրիպի հիմնախնդրին, ապա, տիկին Մելիք-Անդրեասյանի ներկայացմամբ, հիվանդանալուց հետո իմունիտետը կայուն է, բայց տվյալ տեսակի վիրուսի հանդեպ. «Իսկ գրիպի վիրուսը ենթարկվում է մուտացիոն փոփոխությունների, եւ երբ ի հայտ է գալիս նոր տարատեսակ, մարդը վարակվում է, եւ հնարավոր է վարակի լայն տարածումը: Առավել վտանգավոր են այն տարատեսակները, որոնք կարող են փոխանցվել մարդուց մարդուն»
Մասնագետի խոսքերովՙ աշխարհին նոր մարտահրավեր են նետել մանրէների հակաբիոտիկակայուն շտամները. «Հակաբիոտիկները շատ մեծ հայտնագործություն էին: Հակաբիոտիկների շնորհիվ մարդկությունը ստացավ հնարավորությունՙ պայքարելու բակտերիալ վարակների դեմ, սակայն տարբեր գործոնների պատճառով հակաբիոտիկների անկանոն օգտագործումը, չարաշահումը եւ այլն, բերեց նրան, որ մանրէների մեջ ձեւավորվեց կայունություն դեղորայքի նկատմամբ: Այսօր կան մանրէներ, որոնք կայուն են բավականին թվով հակաբիոտիկների նկատմամբ: Ամբողջ աշխարհում սա շատ լուրջ խնդիր է եւ ուշադրության կենտրոնում է: Հայաստանում իրականացվում են ծավալուն հետազոտություններ հակաբիոտիկների նկատմամբ մանրէների զգայնության որոշման վերաբերյալ»: