Վ. Ն. ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն
ՀՀ ԳԱԱ համակարգում մեխանիկայի ոլորտում հետազոտությունները սկիզբ են առել ակադեմիայի հինադրման օրից: Սկզբից մաթեմատիկայի եւ մեխանիկայի սեկտորում, ապաՙ Շինարարական նյութերի եւ կոնստրուկցիաների ինստիտուտում (1945-1955), իսկ 1955 թ.ՙ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտում: 1971 թ. ստեղծվեց Մեխանիկայի ինստիտուտը, որի առաջին տնօրենը դարձավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Ա. Համբարձումյանը:
Ինստիտուտը ճանաչված գիտական կենտրոն է, ուր կատարվում են տեսական եւ փորձարարական հիմնարար հետազոտություններ մեխանիկայի տարբեր ոլորտներում: Այստեղ ձեւավորվել են մեխանիկայի երկու ինքնուրույն գիտական հզոր դպրոցներ Հայաստանում մեխանիկայի դպրոցի հիմնադիրներ, ակադեմիկոսներ Ն. Հարությունյանի եւ Ս. Համբարձումյանի գլխավորությամբ: Կան լուրջ նվաճումներ նոր գիտական ուղղությունների ստեղծման եւ զարգացման գործում:
Ն. Հարությունյանի կողմից մշակվել է ժառանգական հատկություններով օժտված ծերացող նյութերից պատրաստված մարմինների սողքի տեսությանը, որն այնուհետեւ իր իսկ կողմից ընդհանրացվել եւ զարգացվել է ժառանգականորեն անհամասեռ ծերացող մարմինների համար: Ստեղծվել են այդպիսի մարմինների գծային եւ ոչ գծային սողքի տեսությունները, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում աճող մարմինների մեխանիկայի գիտական ուղղությունը, որոնք նոր խոսք եւ էական ներդրում են համաշխարային մեխանիկայի ասպարեզում:
Կատարվել են հիմնարար հետազոտություններ առաձգականության մաթեմատիկական տեսության բնագավառում: Այստեղ իրականացվել են երկրաչափական տարբեր տեսքի ընդլայնական կտրվածքներով, մասնավորապես պոլիգոնալ ընդլայնական կտրվածքներով, ձողերի ոլորման եւ ծռման խնդիրների համապարփակ հետազոտություններ, որոնց արդյունքները արտացոլվել են մեքենաշինական կառուցվածքների ամրության հաշվարկների վերաբերյալ տեղեկագրում: Էապես զարգացվել են դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի դասական եւ ոչ դասական կոնտակտային ու խառը եզրային խնդիրների, ինչպես նաեւ ստրինգերների եւ բարակապատ ներդրակների ու դեֆորմացվող հոծ մարմինների կոնտակտային փոխազդեցության հարցերի վերաբերյալ գիտական ուղղությունները:
Լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչների փոխազդեցության խնդիրներում հետազոտվել են քայքայման մեխանիկայի հարցեր: Մշակվել են կոնտակտային ու խառը եզրային խնդիրների արդյունավետ լուծման վերլուծական եւ թվային վերլուծական մաթեմատիկական մեթոդներ (Ն. Հարությունյան, Բ. Աբրահամյան, Մ. Մանուկյան, Ա. Բաբլոյան, Վ. Տոնոյան, Ս. Մխիթարյան, Է. Գրիգորյան, Ա. Մկրտչյան, Վ. Մակարյան, Վ. Հակոբյան, Կ. Աղայան, Ա. Սահակյան, Լ. Շեկյան եւ ուրիշներ):
Ուսումնասիրվել են բաղադրյալ մարմինների լարվածային վիճակի առանձնահատկությունները եւ ստացվել թերլարվածության պայմանները միացումների գագաթներում: Այս աշխատանքը, որպես գիտական հայտնագործություն, գրանցվել է ՍՍՀՄ պետական գրանցման մատյանում (1971-ին), եւ նրա հեղինակ Կ. Չոբանյանը ստացել է թիվ 102 դիպլոմը (ՀՍՍՀ-ում առաջինը):
Ս. Համբարձումյանի կողմից մշակվել են անիզոտրոպ շերտավոր թաղանթների ընդհանուր եւ սալերի ու թաղանթների ճշգրտված տեսությունները: Նրա կողմից առաջարկվել է միկրոբեւեռ առաձգականության կիրառական տեսության նոր տարբերակ, որի հիման վրա կատարվել են մի շարք կարեւոր հետազոտություններ նանոչափսեր ունեցող սարքերի ամրության եւ տատանումների վերաբերյալ: Ստացվել են ձգմանը եւ սեղմմանը տարբեր ձեւով դիմադրող նյութերի առաձգականության տեսության հիմնական հավասարումները եւ լուծվել մի շարք կարեւոր խնդիրներ (Ս. Համբարձումյան, Ար. Խաչատրյան): Ինստիտուտում ստեղծվել է նաեւ բարակապատ մարմինների մագնիսաառաձգականության տեսությունը (Ս. Համբարձումյան, Գ. Բաղդասարյան, Մ. Բելուբեկյան): Ս. Համբարձումյանի աշխատանքները շերտավոր անիզոտրոպ թաղանթների տեսության, բարակապատ մարմինների մագնիսաառաձգականության տեսության, տարամոդուլ առաձգականության տեսության եւ միկրոբեւեռ առաձգականության տեսության բնագավառներում լայնորեն հայտնի են եւ հանդիսանում են էական ներդրում համաշխարհային գիտության մեջ:
Մշակվել են գլանաձեւ թաղանթների ստատիկական եւ դինամիկական հաշվարկի մեթոդներ, ուսումնասիրվել տատանումների եւ կայունության հարցերը: Հաստատվել է թաղանթում ֆլատերային տատանումների հնարավորությունը կրիտիկական արագություններից փոքր արագությունների դեպքում: Դիտարկվել են համասեռ եւ անհամասեռ անիզոտրոպ հատկություններով օժտված նյութից պատրաստված հաստատուն կամ փոփոխական հաստության սալերի ու թաղանթների ստատիկայի եւ դինամիկայի բազմաթիվ խնդիրներ: Ուսումնասիրվել են կոմպոզիցիոն նյութերից պատրաստված սալերի եւ թաղանթների օպտիմիզացման հարցերը (Գ. Բաղդասարյան, Վ. Գնունի, Լ. Մովսիսյան, Ռ.Կիրակոսյան եւ ուրիշներ):
Առաջարկվել է փոփոխական հաստության սալերի եւ թաղանթների հաշվարկի ճշգրտված մոդել (Ռ. Կիրակոսյան):
Կարեւոր արդյունքներ են ստացվել տարբեր ֆիզիկական հատկություններ ունեցող դեֆորմացվող պինդ մարմիններում էլեկտրամագնիսաառաձգական ալիքների տարածման խնդիրներում: Էական արդյունք է ստացվել պիեզոակտիվ առաձգական միջավայրերի դասակարգման հարցում, որը հնարավորություն է տվել հետազոտել պիեզոառաձգական գծային եւ ոչ գծային ալիքների տարածման առանձնահատկությունները (Ա. Բագդոեւ, Զ. Դանոյան, Կ. Ղազարյան, Ա. Ավետիսյան եւ ուրիշներ): Էական արդյունքներ են ստացվել շերտավոր պյեզոակտիվ եւ մագնիսապես ակտիվ միջավայրերում էլեկտրաառաձգական եւ մագնիսաառաձգական գծային եւ ոչ գծային ալիքների վարքի հատազոտման խնդիրներում, ինչպես քվազիստատիկ այնպես էլ լրիվ- դինամիկ դրվածքներով: (Գ. Ե. Բաղդասարյան, Մ.Վ. Բելուբեկյան, Ա. Գ. Բագդոեւ, Զ.Ն. Դանոյան, Կ. Բ. Ղազարյան, Ա. Ս. Ավետիսյան եւ ուրիշներ):
Կատարվում են հետազոտություններ տիեզերական վերելակի կառուցվածքի ամրության եւ դինամիկայի խնդիրների վերաբերյալ: (Համբարձումյան Ս. Ա., Բելուբեկյան Մ. Վ., Ղազարյան Կ.Բ.)
Լ. Աղալովյանը կառուցել է անիզոտրոպ սալերի եւ թաղանթների ասիմպտոտիկ տեսությունը: Գտնված է լարումների թենզորի եւ տեղափոխման վեկտորի բաղադրիչների համար միանգամայն նոր ասիմպտոտիկա, որը հնարավորություն է ընձեռել լուծելու բարակ մարմինների համար բազմաթիվ խնդիրներ, որոնց համար կիրառելի չեն Կիրխհոֆ-Լյավի վարկածները (Լ. Աղալովյան, Ռ. Գեւորգյան, Ալ. Խաչատրյան, Մ. Աղալովյան եւ ուրիշներ):
Ասիմպտոտիկ մեթոդի այն տարբերակը, որն իր զարգացումն է գտել Հայաստանում, հատկապես արդյունավետ եղավ բարակ մարմինների (հեծաններ, ձողեր, սալեր, թաղանթներ) տարածական դրվածքով դինամիկական խնդիրների լուծման, էլեկտրամագնիսա-առաձգականության, կապակցված եւ ոչ կապակցված ջերմաառաձգականության տեսություններով կիրառական նշանակության կարեւոր խնդիրների լուծման ասպարեզներում: Մեթոդն արդյունավետ եղավ նաեւ սեյսմակայուն շինարարության, մասնավորապես, կառուցվածքների վրա սեյսմիկ ազդեցությունների նվազեցման հնարավոր ուղիների առաջադրման հարցերում, երկրագնդի լիտոսֆերային սալերի լարվածադեֆորմացիոն վիճակների որոշման, ըստ ժամանակի նրանց փոփոխման մոնիտորինգի եւ երկրաշարժերի հնարավոր կանխագուշակման հույժ կարեւոր բնագավառներում (Լ. Աղալովյան, Ռ. Գեւորգյան, Ա. Խաչատրյան, Մ. Աղալովյան, Լ. Ղուլղազարյան եւ ուրիշներ):
Կատարվել են հետազոտություններ պլաստիկության տեսության շրջանակներում (Մ. Զադոյան, Ռ. Կիրակոսյան եւ ուրիշներ):
Կատարվել են փորձարարական հետազոտություններ բետոնի, կոմպոզիտ նյութերի, մետաղների, գետնահողերի ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման նպատակով: Ստեղծվել են փորձարարական սարքեր, մշակվել նյութերի առաձգականության, սողքի, երկարատեւ ամրության առանձնահատկությունների բացահայտման մեթոդներ: Մշակվել են բետոնե սեղմվող եւ երկաթբետոնե ծռվող տարրերի օպտիմալ նախագծման նոր մոտեցումներ: Կազմվել են գետնահողերի ամրության որոշման ՀՀ 178-99 պետական ստանդարտները: Բացահայտվել են ամրանավորված պոլիմերային կոմպոզիտ նյութերի մեխանիկական հատկությունների փոփոխման նոր, կարեւոր կիրառական նշանակություն ունեցող, օրինաչափություններ: Նախագծվել եւ պատրաստվել են տարբեր նշանակության ածխեպլաստե կոնստրուկցիոն տարրեր: Ուսումնասիրվել են հոծ միջավայրերի մեջ բարակ մարմինների ներթափանցման, ինչպես նաեւ արագ պտտվող ռոտորների թրթռասողքի հարցերը: (Կ. Ս.Կարապետյան, Ս. Մեսչյան, Մ. Մարտիրոսյան, Ն. Սարգսյան, Ա. Սիմոնյան, Կ. Ա.Կարապետյան, Հ. Շեկյան, Ա. Վանցյան եւ ուրիշներ):
Խորհրդային տարիներին ինստիտուտը սերտ կապեր է ունեցել խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի հետ եւ նրա պատվերով իրականացրել բազմաթիվ հետազոտություններ եւ հաշվարկներ:
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը այսօր եւս շարունակում է պահպանել իր բարձր գիտական միջազգային վարկանիշը: Այդ են վկայում ինստիտուտի աշխատակիցների պարբերաբար մասնակցությունը միջազգային տարբեր դրամաշնորհներով կատարվող նախագծերի կատարմանը, գիտական հոդվածների եւ գրքերի հրատարակումը արտասահմանում, վերջին տարիներին կազմակերպված բազմաթիվ գիտաժողովները, որոնց նկատմամբ հետաքրքրությունը միջազգային հանրության կողմից միջոցառումից միջոցառում աճում է:
Կիրառական ուսումնասիրությունների ասպարեզում այսօր նույնպես ինստիտուտը հաջողություններ է գրանցում: Վերջերս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի եւ Ռուսաստանի Դաշնության միացյալ ինքնաթիռաշինական կորպորացիայի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում, Մեխանիկայի ինստիտուտը Մոսկվա քաղաքի «Աերոկոմպոզիտ» գործարանի հետ ստորագրեց պայմանագիր, ինքնաթիռաշինարարության ասպարեզում մեծ կարեւորություն ունեցող մետաղ-կոմպոզիտ միացությունների հոգնածային ամրության հաշվարկի մեթոդոլոգիական հիմքեր ստեղծելու նպատակով:
Լինելով մեխանիկայի ասպարեզում հանրապետության առաջնային կենտրոնըՙ ինստիտուտը չի կարող անմասն մնալ այս ոլորտի կրթական գործընթացից: Ինստիտուտում միշտ գործել է ասպիրանտուրան, իսկ վերջին տարիներին կազմակերպվել է նաեւ մագիստրոսական ուսուցումը: Ինստիտուտի շատ գիտաշխատողներ դասավանդում են հանրապետության տարբեր բուհերում, հանդես են գալիս որպես պետական քննական հանձնաժողովների նախագահներ եւ անդամներ, տարբեր բուհերի ուսանողներ իրենց գիտական պրակտիկան անցնում են ինստիտուտում: