Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ որպես ՆԱՏՕ-ական կառույցի աշխարհաքաղաքական կամուրջ ներկայանալովՙ Թուրքիան այնքան է բարելավել իր տնտեսական եւ միջազգային կերպարը, որ օսմանյան փառասիրական ձգտումները դարձյալ գլուխ են բարձրացրել երկրում: Վարչապետի եւ արտգործնախարարի երկու բարձրագույն պաշտոններ վստահվել են համապատասխանորեն Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Ահմեդ Դավութօղլուին: Հակառակ հայերի ցեղասպանության եւ Բալկաններից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա ձգվող արյունահեղությունների վերաբերյալ գոյություն ունեցող փաստերին, վերջինս որպես դիվանագետ սկսել էր կարոտախտի դրսեւորումներով ուրվագծել Օսմանյան կայսրությունը, որտեղ հպատակ ազգությունները ապրում էին «եղբայրական սիրո» եւ «ներդաշնակության» մթնոլորտում:
Բարգավաճող տնտեսության եւ Իսրայելի հետ դարբնված գերիշխանության դինամիկայով լիցքավորվածՙ Անկարան հույսեր էր փայփայում, որ տարածաշրջանը կվերաձեւավորի համապատասխան իր երազանքներին: Դավութօղլուն հպարտորեն հրապարակ էր նետել հարեւանների հետ «զրոյական» խնդիրներ ունենալու իր նոր քաղաքականությունը, որն իրականում նշանակում էր ստիպել հարեւաններինՙ ՆԱՏՕ-ի ուժերի հովանու ներքո ընդունել այդ քաղաքականությունը:
Վերջին տասնամյակում իշխանության ղեկն իր ձեռքում պահած Էրդողանի «չափավոր» իսլամիստական կուսակցությունը ստիպված էր սանձել իր ներքին եւ արտաքին քաղաքականության փառասիրությունները, հասկանալով, որ իրենց ուժերից վեր գործ են բռնել:
Հակառակ տնտեսության նվաճումներինՙ ներքին քաղաքականությունը դեմ առավ որոշ խոչընդոտների, ինչպես ցույց տվեցին Գեզի պուրակի ցույցերը: Էրդողանը խելացի գտնվեց ի չիք դարձնելու հնարավոր մեկ այլ խնդիրՙ քրդական հարցը, որը կարող էր տապալել իր իշխանությունը, եթե միանար որպես բնապահպանական շարժում սկսված զանգվածային ընդվզումներին, որոնք հետագայում տարածվեցին ամբողջ երկրով մեկ: Քրդերը սովորաբար որեւէ քայլի չէին դիմումՙ սպասելով PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ Էրդողանի կառավարության անցկացրած բանակցությունների արդյունքներին:
Ներկայումս Էրդողանի անձնական ու իր երկրի փառասիրությունները խստագույն քննության են ենթարկվում: Անձամբ ինքըՙ Էրդողանը, պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, նպատակ ունենալով զբաղեցնել իր երբեմնի դաշնակից Աբդուլլահ Գյուլի պաշտոնը: Նա արդեն իսկ հրապարակել է բարեփոխումների իր փաթեթը, որը նախագահական աթոռի հաջող հայտ ներկայացնելու համար կոչ է անում ստեղծել ներքին կոալիցիաներ: Հարեւանների հետ «զրոյական խնդիրներ» ունենալու նրա արտաքին քաղաքականությունը ամբողջովին ձախողված կարելի է համարել, քանի որ Անկարան, չարաշահելով իր դիրքը, միջամտել է յուրաքանչյուր հարեւանի ներքին գործերին:
Սեպտեմբերի 30-ին հրապարակված Էրդողանի բարեփոխումների փաթեթը ընդհանուր դժգոհություն առաջացրեց: Այն չէր բավարարում քրդական սպասելիքները: Քրդերն ամբողջական անկախության իրենց պայքարը սկսել են 30 տարի առաջ: Այդ անկախությունը նշանակում է Թուրքիայի մասնատումը, մի բան, որ աշխարհի հզորները թույլ չեն տա: Եվ Օջալանը գիտակցում է դա: Ինչ վերաբերում է մշակութային ինքնորոշման խնդրին, որը նշանակում էր առաջին հերթին քրդերեն լեզվի օգտագործմանը, ապա Էրդողանի ծրագիրը միայն արջի ծառայություն էր մատուցում, քանի որ թույլատրում է դասավանդել համայնքի լեզվով միայն մասնավոր դպրոցներում, որտեղ շատ քիչ քրդերի երեխաներ ի վիճակի կլինեն հաճախելու: Ահաբեկչական օրենքները դեռեւս ուժի մեջ են: Դրանք 40 հազար քրդերի կյանք են խլել: Նոր սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ընտրական արգելապատնեշի իջեցումը նույնպես չի բավարարում քրդերին, քանի որ նրանք գիտակցում են, որ եթե նույնիսկ առանձին շրջաններում պաշտպանություն վայելեն, ապա համազգային մակարդակով չեն կարողանա բավարար քվեներ ստանալ:
Քրդերը դժգոհ են նաեւ Թուրքիայի տարածքից PKK-ի զինված մարտիկների դուրսբերման համաձայնության առնչությամբ: Զինված մարտիկները միակ երաշխիքն էին զիջումներ կորզելու կառավարությունից: Նրանք դժգոհում են, որ իշխանությունները չեն կատարում խոստացված բարեփոխումները:
Թուրքիայի բնակչությունը 75 միլիոն է, որի 20 միլիոնը քրդեր են, մյուս 20 միլիոնըՙ ալավիներ, որոնց կրոնական իրավունքները ամբողջովին ոտնահարված են: Ալավիների էթնիկական ինքնասիրությունը զարթոնք է ապրել հատկապես հարեւան Սիրիայում, որտեղ երկրի ալավի առաջնորդներն այժմ կյանքի եւ մահվան պայքար են մղում:
Էրդողանի սուննի վարչակազմը ամբողջովին անտեսել է ալավիների ձգտումները, դրանով իսկ ժամացույցով գործող ռումբ զետեղելով բարեփոխումների իր ծրագրի տակ: Մինչ Սիրիական եկեղեցուն խոստացվել է վերադարձնել որոշ սրբավայրեր, Հեյբելի կղզու հունական ճեմարանը դեռեւս փակ է մնում եւ Հունաստանի հետ որոշ փոխանակումների պայմանավորվածության տակ է գտնվում: Թուրքիան պահանջում է, որ ճեմարանի բացման դիմաց հունական կողմը Աթենքում երկու մզկիթ բաց անի:
Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը գլխավոր հովիվն է 300 միլիոն հավատացյալների, բայց Թուրքիան մերժում է ճանաչել նրա տիտղոսը: Եթե ճեմարանը փակ մնա, ոչ մի հոգեւորական չի կարողանալու նախապատրաստվել փոխարինելու տարիքն առած կրոնավորներին կամ պատրիարքին:
Նույնը կարելի է ասել նաեւ հայկական ճեմարանի մասին: Թուրքերը ծուղակ են լարել պայման դնելով, որ ոչ մի օտարածին (Թուրքիայից դուրս ծնված) չի կարող դառնալ հույների կամ հայերի պատրիարքը: Համապատասխան ճեմարանների փակ մնալու պայմաններում դա նշանակում է դրանց ոչնչացումը:
Այս օրերին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մանրազնին քննարկման է ենթարկվում, քանի որ խոստումների եւ նախադրյալների մեծ մասը չի իրականացվել: Թուրքիան Իսրայելի առաջատար դաշնակիցն էր, որը նրան արեւմտյան երկրների անվերապահ աջակցությունն էր ապահովում, բայց Անկարան, արաբական եւ մահմեդական զանգվածների կարեկցանքը սիրաշահելու մղումներով, շատ առաջ գնաց «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ եւ լարվածություն ստեղծեց իսրայելա-թուրքական հարաբերություններում, որը մինչեւ օրս շարունակվում է:
Էրդողանի արկածախնդրությունը Եգիպտոսում հակադարձ ազդեցություն ունեցավ: Մինչ Թուրքիան պաշտպանում էր «Մահմեդական եղբայրներ» խմբակցությանը, Սաուդյան Արաբիան եւ Ծոցի էմիրությունները պաշտպանում էին զինվորական կառավարությանըՙ քաղաքականապես եւ տնտեսապես: Եվ դա արաբական երկրների վրդովմունքն առաջ բերեց: Նրանք կշտամբեցին սուննիների աշխարհը առաջնորդելու Էրդողանի նկրտումները:
Մյուս կողմիցՙ ոչ մի հեռանկար չկա լուծելու Կիպրոսի ճգնաժամը: Այդ երկրում շատ լավ տեղաբաշխված են թուրքական զավթողական բանակային ուժերը, եւ շարունակվում է կղզին անատոլիական գյուղացիներով բնակեցնելու գործընթացը:
Սիրիական պատերազմում ընդգրկվելը պատճառ դարձավ, որ փախստականների մի մեծ հոսք թափանցի թուրքական տարածքներ եւ զարկ տա քրդական ինքնավարության շարժմանը:
Էրդողանի վարչակազմը անշուշտ գիտակցում է, որ Իսրայելի հետ դաշնակցությունը նշանակում է ոչ միայն արեւմտյան երկրների աջակցություն, այլեւ Միջերկրականի ափերին հայտնաբերված բնական գազի պաշարների օգտագործում: Թուրքիան կախված է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգառեսուրսներից, եւ նախքան Իսրայելը պայմանագիր կկնքի Կիպրոսի հետ, Թուրքիան պարտավոր է հարթել իր հարաբերությունները հրեական պետության հետ, որպեսզի հնարավոր լինի օգտվելու «կարկանդակի իր բաժնից» եւ զրկելու Կիպրոսին իր տնտեսությունը բարելավելու հնարավորությունից:
Անկարան նաեւ, ի հեճուկս ՆԱՏՕ-ի, Պեկինի հետ է բանակցություններ վարում օդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ: Երկու տարի առաջ Էրդողանը Չինաստանի կառավարությանը մեղադրում էր ույգուր փոքրամասնության ցեղասպանության մեջ: Այսօր նա ձեռք է մեկնում պայմանագիր կնքելու ռազմական ոլորտի հարցերի շուրջը:
Այս ամենի ֆոնին Հայաստանի հետ կնքված չարաբաստիկ արձանագրությունները մնում են սառեցված վիճակում, եւ հույս չկա, որ դրանք վերարծարծվեն, չնայած Մ. Նահանգներում հավատարմագրված նախկին դեսպաններից մեկն ակնարկել է, որ Թուրքիան պետք է վերահաստատի իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե ցանկանում է բարելավել իր հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Մինչեւ օրս Էրդողանի «կախարդական փայտիկը» կարողացել է գլուխ հանել ներքին եւ միջազգային թնջուկներից: Մնում է, որ նա կարողանա իր քաղաքականությամբ հաղթահարել ներկայի մարտահրավերները:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.