Նոյեմբերի 30-ին Գլենդեյլի (Կալիֆոռնիա) «Լոս Հոլիվուդ» հյուրանոցի «Ռեյ Դոլբի» պարահանդեսային շքեղ դահլիճում կայանալիք Հայ դատի կոմիտեի տարեկան ճաշկերույթի ժամանակ «Ժառանգություն» մրցանակը շնորհվելու է ճանաչված ձեռնարկատեր, դաստիարակ եւ Ամերիկայի արեւմտյան շրջանի Հայ ազգային կոմիտեի ակտիվ անդամներից Մանաս Պուճիկյանին: Ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ բարձրագույն այդ մրցանակը նրան է շնորհվում 30 տարվա անբասիր աշխատանքի եւ բարեգործությունների համար: Նա Հայ դատի անխոնջ ջատագովներից է եղել եւ շարունակում է իր նվիրական աշխատանքները ինչպես ամերիկյան կառավարական, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում:
Պուճիկյանը ծնվել է Քեսաբում (Սիրիա) 1932-ին: 1954-ին ծնողների եւ նրանց մյուս չորս զավակների հետ Մանասը տեղափոխվել է Մ. Նահանգներ, որտեղ նա ինժեներ-մեխանիկի մասնագիտություն է ձեռք բերել Կալիֆոռնիայի պետհամալսարանից, ապա ուսումը շարունակել է Հարավային Կալիֆոռնիա համալսարանում եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում: Ներկայումս նա իր տիկնոջՙ Դոնալիի հետ ապրում է Տորանսում: 1983-ից նա մեկ անգամից ավելի ընտրվել է Հայ դատի ազգային վարչության անդամ եւ 400 հազար դոլար խոշոր նվիրատվությամբ օժանդակել կոմիտեի ձայնը լսելի դարձնելու աշխատանքներին:
«Մանաս Պուճիկյանը լիուլի արժանի է այդ մրցանակին: Նա գործին նվիրված առաջնորդ է, եւ մենք երախտապարտ ենք նրան», նշել է այս առթիվ Հայ դատի (արեւմտյան շրջանի) տնօրենների վարչության համանախագահ Նորա Հովսեփյանը:
Նկար 1. Մանաս Պուճիկյանը Հայ դատի նախագահ Քեն Խաչիկյանի, վարչության համանախագահ Քրիս Գուլջյանի եւ վարչության անդամ Րաֆֆի Համբարյանի հետ: